Բանաստեղծություն կամ պատմվածք գրելը, գրական երկ ստեղծելը դեռ քիչ է գրող, առավել ևս` գեղագետ լինելու համար: Անգամ թե ոսկի էլ դառնան խոսքերդ` փրկություն չէ: Կան Հատկանիշներ, որոնցով եթե օժտված չէ ստեղծագործողը, ուրեմն, նրա քարը «թողարած» հաշվիր: Այդ ի՞նչ արժեքներ են, որ բառը բառ են դարձնում, միտքը` միտք, զգացումը` զգացում, ասվածը` ասված, չասվածը` չասված, մարդուն` անհատ ու անհատականություն. դրանք միանգամից թվարկելն, իհարկե, դժվար է, շատ են, բայց որ նրանց շարքում առանձնահատուկ տեղ ունեն Նվիրումը եւ Վաղվա ցավը, անվիճելի է: Իսկ Վաղը քո կողքի տղան ու աղջիկն են, երիտասարդները, որոնց ամեն մի քայլով հաստատվում է նաև քո ներկայությունը: Քայլը նշան է, ինչպես, ասենք, Պիկասոյի մոտ` ամեն գիծ ու վրձնահարված:
Գրում եմ այս տողերը, և արյանս հիշողության մեջ վերուվարում է հանրահայտ մի պատկեր, որն իր հումորախառն շաղախի մեջ մեծ իմաստություն է ամփոփում.
«Հանկարծակի դատարկվել էր Քարինգը: Իր կնոջ հետ գյուղում մենակ մնացած կույր ծերունին մի գիշեր արթնանում է քնից, հարցնում կույր կնոջը.
— Սալոմե, կարո՞ղ է ես ու դու մեռել ենք, էն աշխարհում ենք արդեն, բայց մենք չգիտենք:
— Չէ,- վեր է թռչում կինը,- էդ ինչե՞ր ես դուրս տալիս, Անդրե, վախեցա:
— Բա որ չենք մեռել, ինչո՞ւ այսքան ժամանակ է` փողոցից մեզ չի հասնում երիտասարդների ձայնը:
— Այ մարդ, էլի խելքդ թռցրի՞ր… Նախ` ջահելները կռիվ են մեկնել: Երկրորդ` որ մեռած լինեինք, գոնե մի սգացող չէր լինի՞, ախր լացի ձեն էլ չի գալիս… Կույր ենք, հո խուլ էլ չե՞նք:
Իսկ գիշերը Քարինգում շարունակում էր երկարել ավելի, քան, սովորաբար, երկար են լինում անաստղ գիշերները»:
Կյանքի օրենքն է` չե՞ս տեսնում բարձրացող ծիլը, ուրեմն` արհամարհում ես այն հողը, որի վրա կանգնած ես, ուրեմն` ոչ թե ճանապարհ ես գնում, այլ ոտնատակում, տրորում, կոխկրտում ես նախնիներիդ արյամբ ու Մեծ երազով շնչող եզերքը: Ինքդ քո ճամփի վրա դառնում ես արգելափակոց:
Ազնվությունը, Նվիրումը, Վաղվա հոգսը, Խիզախումը, Սիրո համար դողը ազգային հարստություն են, արժեքներ, որ գուցե ավելի թանկ են, քան գրչի արարածը, որովհետև գրվածը միայն կարդացվում է, ստեղծողի մեջ ամբարվածը` նաև տեսնվում: Չմոռանանք, որ ընթերցողը` որպես տեսանող, անմրցակից է:
Ես այսքանն ասում եմ «Գրեթերթ»-ի առումով: Խոստովանենք, Գուրգեն Խանջյանը մեծ բան է արել: Նրա արձակը մեր իրականության ամենահետաքրքիր նորույթներից է: Ուրախալի է տեսնել երևույթի խանջյանական զարգացումը նաև երիտասարդական մի թերթում, որը հինգ տարվա ընթացքում կարողացավ գրական-բարոյական թմրեցումների մեջ ճեղքում կատարել, դանդաղ մոտեցող լեթարգիական նինջը վանել, փոխել երևույթի մեկնակետերը, սթափություն բերել մեր իրականությանը, երիտասարդ, խիզախ, անպայման համարձակ ու ինքնատիպ, շատ հաճախ նաև` իրարամերժ անհատականություններ ձևավորել:
Նորն ինքն է իր համար ճանապարհ բացում, բառը շարժման մեջ է դնում տարածքը, օդը, հայացքը, միտքը, հեռուն: Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Սիմոնյան, Կարեն Անտաշյան, Արամ Պաչյան, Վահրամ Դանիելյան, Հասմիկ Հակոբյան, Հայկ Համբարձումյան, Տաթև Խուրշուդյան, Աշոտ Գաբրիելյան, Անահիտ Հայրապետյան, Թոնդրակ, Աննա Դավթյան… Անուններ, որ մեզ ազատում են կարծրատիպերից, հարթախոսություններից, հերթապահ ու «գրականացված» պահերից, նոր ծնունդներով իմաստավորում լույսի մայրությունը: Եվ այս ամենը` շնորհիվ «Գրեթերթ»-ի: Եվ այս ամենը` շնորհիվ խանջյանական սխրանքի: Եվ այս ամենը` շնորհիվ մեր տաղանդավոր երիտասարդության: Ուրեմն, պետք չէ շրջվել` տեսնելու, թե մեր ետևից եկողներ կա՞ն, արդյոք (չէ՞ որ մեր գոյությունը պայմանավորված է նրանցով), պետք չէ, քանի որ նրանց ճանապարհը քաջ տեսանելի է, նրանք ոչ միայն գալիս են կրնկակոխ, այլև շատ հաճախ մեզանից առաջ են անցնում: Եվ փառք Աստծո, որ այդպես է: Եթե ժամանակը մեռած չէ, ուրեմն, այն առաջնորդվում է Նորով:
«Գրեթերթ» և… 5: Այսօր 5-ը հոբելյան չէ սոսկ, այլ թիվ է, որ, ինչպես ասում են, թերթի անցած ճանապարհի գնահատականն է ներկայացնում` գերազանց, իսկ գալիք դարեր կազմավորող «զրոները» դեռ կայցելեն ժամանակի մեջ` իմաստավոր, հույժ գեղեցիկ, բարձրարվեստ… Թող այդպես լինի:
…Եվ վերջում` մի խորհուրդ. ոչ մի «խորհուրդ չի ընդունում» «Գրեթերթ»-ը: