Ասում եմ` հիմա ես քանի՞ տարեկան եմ: Նայում է` ոտքից գլուխ չափում, թե` 25: Ի՞նչ եմ աշխատում: Թե բա` ինչ ուզում ես, մենակ ոչ ժուռնալիստ ու սոցիոլոգ: Ասում եմ` կլինի՞ տաքսիստ: Ինչի՞ տաքսիստ: Ասում եմ` մանկուց երազել եմ: Թե` կլինի, բայց հիշիր, որ MT ես ծխում: Պիտի կարողանաս հիմնավորել բոլոր առավելությունները: Օրինակ ի՞նչ առավելություն: Ասում է` ո՞նց ինչ. որակը, գինը, դիզայնը: Նայում եմ տուփին: Դիզայնի մասին կարող եմ միայն ասել, որ վրան MT է գրված: Ասում է` այ ապրես. ուրեմն կասես, որ իրենց գովազդային քաղաքականությունը կառուցված է անվան` բրենդի վրա. ջոկի՞ր: Ամաչեցի ասեմ` չէ: Բայց ասում եմ` մի փոքր հարց կա: Թե` մի քաշվիր, ասա: Ախր չեմ ծխում: Սենյակում ով կար ինձ աչքի տակով թարս նայեց: Կյանքումս էդպես ամաչած չկայի: Վաբշե՞: Հա, վաբշե: Էդ կապ չունի. էդ ես ու դու գիտենք, իրանք էլ հո չգիտեն: Հետո տուփը բացում է ու պարզում սիգարետը: Առ, փորձիր. պարտադիր չի ղուլաբ տաս, ուղղակի համին ծանոթացիր: Մի երկու ծուխ քաշեցի. ծխի համ էր գալիս: Վատը չի, ասեցի, որ ամոթով չմնամ: Էլի որ: Ուրեմն հենց մտնենք կսկսես գովալ: Հարյուր տարվա ընկերս էր, չէի կարող մերժել: «Լավ, տղերք հիմա խնդրում եմ բոլորիդ ուշադրությունը»,- բարձր ասաց ընկերս ու սենյակում բոլորը նրան նայեցին: «Ուրեմն հիշեք, որ իրար չեք ճանաչում, ինձ էլ չեք ճանաչում, չմոռանաք ձեր տարիքն ու մասնագիտությունը, չմոռանաք, թե ինչ եք ծխում: Պա՞րզ է»: Բոլորս թե` հա, ի՞նչ կա պարզ չլինելու: Մտնում ենք կողքի սենյակ. սեղանին բարձրախոսներ են դրված, անկյուններում տեսախցիկներ: Պատերին հայելիներ են. ընկերս զգուշացրել է մեզ, որ հայելիների հետևում արտասահմանցիք են նստած, հարցման կազմակերպիչները: Սենյակ ենք մտնում լուռ ու կենտրոնացած: Մահվան գնացողները ողջունում են ձեզ: Ընկերս, թե` խնդրում եմ փակցնել ձեր անունները: Բոլորս մի մարդու պես փակցնում ենք կրծքներիս սեղանին դրված բեյջերը, որոնց վրա գրված են մեր անուները: Հետո ընկերս ներկայանում է մեզ, տեղեկացնում, որ հարցումն ինքն է անցկացնելու, որ այն, ինչ կասվի կմնա այս չորս պատերի մեջ (էդ պահին ծնկներս սկսում են դողալ), հետո առաջարկում է մեզ ներկայանալ: Կողքիս նստած չաղ տղան կիսաձայն ասում է. «Թուլցի ապե. դժվարը առաջին անգամն ա»: Խորը շունչ եմ քաշում: Դողացող ձեռքով լցնում եմ բաժակս սեղանին դրված ջերմուկով, մտքիս մեջ կրկնում եմ իմ լեգենդը, բայց ինչ-որ բան դուրս չի գալիս, չեմ կարողանում որոշել, թե ինչը. էն, որ տաքսիստ եմ ու մեքենա վարել չգիտե՞մ, թե՞ էն, որ ծխում եմ, բայց չեմ ծխում: Բայց որ հերթը ինձ հասավ սոխակ կտրեցի: Կողքիս չաղը բոթում է, թե հերիք է, բայց ես էլի շարունակում եմ, նկարագրում եմ, թե ոնց եմ մեքենա վարում, թե որ փողոցներն են դժվարանցանելի, թե ինչ վատ է, երբ փողոցի մեջտեղում սվեչեքը թրջում են, մեջն էլ երեք կըլենտ, մեկը մեկից կնիկ ու մեկը մեկից հաբռգած: Չէ կյանք չի տաքսիստի կյանքը: Ո՞նց սկսեցիք ծխել. ընկերս իբր թեման փոխում է: Ասում եմ` ոնց, ոնց, որ դու էլ տաքսիստ լինեիր, ամբողջ օրը կողքդ ծխեին, դու էլ կծխեիր. որ ծխից չէ, դարդից հաստատ կծխեիր: Ընկերս թաշկինակով վզի քրտինքն է մաքրում, ասում է, իսկ ի՞նչ էիք սկզբում ծխում: Քո հերն եմ անիծել, բա դա հարց ա՞, բա ես հիմա ի՞նչ պատասխանեմ: Է՜, ասում եմ, տո ինչ չեմ ծխել: Էն չիբուխից մինչև, տո մինչև, մինչև MT: Անդերը գազով էլ քշում եմ, ամեն վայրկյան կարամ տրքեմ: Կըլենտն էլ մեջը: Էն էլ կնիկ: Իսկ ինչի՞ հենց այդ սիգարետը: Վայ ես քեզ մարդ ասողի: Դե ասում եմ, ոնց ասեմ, ինքը ոչ էնքան թունդ ա, որ ռուլի վրա խեղդի, ոչ էլ էնքան թուլ, որ ըսկի շուշեն էլ չիջցնես: Համն էլ մի տեսակ, մի տեսակ… ու էդտեղ լռվեցի. կաշառակեր մենթի պես երեք մատս եմ տրորում ու առաստաղին նայում, իբր ուզում եմ բնորոշիչ բառ գտնել: Փափուկ ա էթում` հուշեց դիմացս նստած քյառթուն: Երևի կռահել էր վիճակս: Ես շնորհակալությամբ նայեցի նրան ու ասեցի` ինձնից երկար ես ապրելու: Ինքն էլ ժպտաց, բայց տխուր ժպիտով, թե` իմ կյանքով աբրողը` դժվար ախպեր, բայց մերսի: Չարժի իմ ախպեր. բա պտի իրար հասնենք, մի բուռ ազգ ենք… «Իսկ դիզայնը, ի՞նչ կասեք դիզայնի մասին»,- ընդհատեց մեր լուռ երկխոսությունը ընկերս: Վայ քեզ ընկեր ասողի: Յուռտդ չբլի, ես շատ գիտեմ դիզայնն ինչ է. սիգարետ ա ծխում ենք էլի: Դիզա՞յնս որն է: Բայց դե հո էդպես չե՞ս ասի: Ամոթ է: Արտասահմանցիք են նայում: Ասում եմ, զաթի ինչ անում ա էդ դիզայնն ա անում: Բա հենց դրա համար ենք ծխում: Ձև ենք բռնում: Էդ էլ նայած կըլենտ: Եթե թանգնոց ա, բառդաչոկից Սիգարոն եմ հանում (լավ է հենց էդ պահին անունը հիշեցի), թե քծիպի մեկն ա (մարդ կա հենց նստում ա, թէ չէ, ասում ա` շոտչիկդ միացրու), չիբուխ եմ ծխում ու շուշեն չեմ իջցնում: Թող խեդվեն: Ընկերս անհանգստանում է, ասում է, իսկ MT -ի դիզայնը ձեզ ինչո՞վ է հրապուրում: Ո՞նց թե ինչով. որովհետև վրան MT ա գրված: Այսինքն, հուշում է ընկերս, ձեզ գրավում է բրենդը: Ու՞մ չի գրավի բրենդին (չենք խմել, անունն էլ հո գիտենք), մանվանդ որ թունդ ա լինում, հետն էլ մի հատ քաշում ես: Համ էլ էրկու բան կա որ հարգում եմ (դե պարզ ա` ծնողից բացի) մեկ մեռսեդեռսը, մեկ էլ TT –ն: Մեկը մաշնեքի թագավորն ա, մեկն էլ պիստալետների: Ընկերս, կարմրում է, ասում է, իսկ առողջությանը չի վնասու՞մ ձեր սիգարետը: Վնասում ա: Բայց ոչ սիգարետը: Ղուլաբն ա վնասում: Ինչ անում ա էդ ղուլաբն ա անում: Էդտեղ ընկերս խոսքն ուրիշին տվեց ու բոլորը շունչ քաշեցին: Ես հիշեցի, որ մեքենայի մեջ գազի բալոն դնելը 800 դոլար է նստում (մի տաքսիստ էր ասել) ու որոշեցի առիթի դեպքում էդ էլ ասել, որ վարորդ լինելուս ոչ ոք չկասկածի: Էդ ժամանակ դիմացիս քյառթուն պատմում էր, թե ոնց էր «Մարլբորոն» իր կոկորդը քերում ու ոնց պատահեց, որ ինքը անցավ LD-ի: Դեպքը պատահեց այսպես… բայց ինքը ավելի լավ կպատմի:
-Ուրեմս, մի օր տենս առիթ էր էլի, ոնց որ մեր լավ ախպոր հարմար ախպոր քեֆն էր, տենս ծնունդի պես, էլի: Մեկ է էս աներձագիս տղեն էլ էր էլի ընդե, բան ունի էս Չերեմուշկա մի հատ տոշկա ունի:
-Ու տեսավ, որ ծխում եք,- միջամտեց ընկերս:
-Ախպե դե ծխելը որն ա, նես փստցնում էինք էլի. լավ թութուն կար, Հոկտեմբերյանից (էդտեղ բոլորը ծիծաղեցին, իբր` հա, Հոկտեմբերյանինն ուրիշ ա), էս աներձագս էլ ընգերոջ հետ էր, ընգերը ո՞րն ա, ոնց որ հացընգերոջ պես էլի…
Մի խոսքով մեր սութի քյառթուն մոտ կես ժամ նկարագրեց, թե ոնց էին քեֆի մասնակիցները իրեն համոզում, որ «Մարլբորոից» անցնի LD-ին ու ընթացքում բոլորս մոտիկից ծանոթացանք քեֆի բոլոր մասնակիցների հետ, տեղեկացանք, թե ով ինչ օբեկտ ունի, ինչ մաշնայ ա քշում, հարգված ինչ ախպեր ունի, որքանով է կնիկը բարոյական. մի խոսքով էդ տղան իսկական Ջեյմս Բոնդ էր: Իհարկե հայկական առանձնահատկություններով: Որ երկիր էլ դրան գցես, մի շաբաթից էդ երկրի մասին ամեն ինչ կիմանաս: Զարմանում եմ մերոնք ո՞նց մինչև էսօր խելքի չեն ընկել, որ քյառթուներին պետք է հավաքագրել ԱԱՆ մարմիններում և ոչ թե ՆԳՆ: Հետո քննարկեցինք ամերիկյան ու եվրոպական թութունների տարբերությունները, մտորեցինք, թե ինչ կանեինք, եթե մեր սիրած սիգարետը հանկարծ սկսեր արտադրել ասենք Ռուսաստանը: Ահավոր էր պատկերացնել, որ մի օր արթնանում ես ու պարզում, որ ասենք CAMEL-ը կիրգիզներն են արտադրում: Հետո խոսք գնաց ուկրաինական ապրանքների մասին (բնականաբար ոչ մեկս էլ չգիտեինք, թե Ուկրաինան ինչ է արտադրում, բայց երևի էդ օտարերկրացիների մեջ ուկրաինացի էլ է եղել ու էդ հարցը մտցրել են), գովեցինք իրենց սալն ու գորիլկան և միհամուռ հանգեցինք այն եզրակացությանը, որ Ուկրաինայի ամենահաջող արտադրանքը իրենց նանարներն են` Վիագրան բոլորիս օրինակ: Վերջում մեզ նվերներ տվեցին, տղամարդու դեզոդորանտներ, իսկ ես բոլորին առաջարկեցի տաքսիովս տուն ուղեկցել ու ասացի, որ չնայած 800 դոլարով գազ եմ դրել, բայց մաշնես մաշնայ ա: Օփել: Օփելին ոչ մի բան չի հասնի: Որ դուրս եկանք սկզբում ընկերս ուզում էր ինձ ծեծել, բայց սիրտը առա ու վերջում խոստացավ ինձ էլի հրավիրել էսպիսի հարցումների: Երբ հորեղբորս տղան դեզոդորանտները տեսավ, ասավ` առնում եմ, ասավ` ինձ ամեն շաբաթ սրանցից բեր (դախլա ուներ) քեզ հազար դրամ տամ: Մտածեցի` կպել ա: Եղբորս ու ընկերներիս էլ միացրի. մյուս անգամ հինգ հոգով գնացինք: Կեսը մենք էինք: Էն մյուս կեսն էլ էլի նույն տղերքն էին` չաղը, քյառթուն, տարեց տղամարդը խռպոտ ձայնով: Պարզվեց սրանք էլ են ընտանիք: Էդ օրվանից մեր ընտանիքների միջև մրցակցություն սկսվեց: Եթե մենք մի բան էինք ասում նրանք ասում էին հակառակը, մենք էլ ամեն կերպ նրանց էինք խայտառակում: Օրինակ, երբ քննարկում էինք չիփսերը նրանք ասացին, որ սնկովին ոչ մի չիպս չի հասնի, մենք էլ իհարկե պնդեցինք, որ սնկովը թափելու բան է, տեղով թույն է: Շոկոլադների թեմային նվիրված քննարկման ժամանակ նրանք պաշտպանում էին սալիկներով շոկոլադները, իսկ մենք քաշովը, նրանք պնդում էին, որ լավագույնը Ալպեն Գոլդն է, իսկ մենք ասում էինք, որ Ալպեն Գոլդն ուղղակի կղանք է և Նեստլե Կլասսիկից էնկողմ սկսվում է նիրվանան: Լուծվող սուրճի թեման բախման կուլմինացիան էր. մենք հատիկավոր սուրճի կողմնակիցն էինք, իսկ նրանք մեզ «ախմախ» անվանեցին և ասացին, որ յուրաքանչյուր բանական արարած աշխարհ է գալիս լուծվող սուրճ խմելու համար: Դրանից հետո մեր ընտանիքները որոշեցին, որ միասին նույն խմբերին չեն մասնակցելու: Մենք, իտալական մաֆիոզիների նման, բաժանեցինք քաղաքը երկու ընտանիքների միջև և նոր եռանդով գործի լծվեցինք: Դեզոդորանտների բիզնեսը ծաղկում էր, բայց ես որոշեցի ավելիին հասնել: «Իսկ ի՞նչ է պետք, որ ես էլ սոցիոլոգ դառնամ»,- հարցրի մի օր ընկերոջս: Նա ասաց, որ դրա համար կրթությոն է պետք և ես մեկ շաբաթ անց ներկայացրի նրան բարձրագույն կրթության դիպլոմս: Նա չհարցրեց, թե ումից եմ առել, որովհետև նույն մարդուց ինքն էլ էր առել: Հիմա ես երրորդ կարգի սոցիոլոգ եմ: Երբ ընկերոջս հարցրի, թե ինչ է դա նշանակում, նա ասաց, որ այդ հարցին կկարողանամ պատասխանել միայն, երբ դառնամ երկրորդ կարգի սոցիոլոգ: Այդպես շարունակ, աճում ես ու աճում, վերջ չկա կատարելագործմանը ու որքան առաջ ես գնում, այնքան ավելի խորն ես գիտակցում, թե ինչքան բան դեռ չգիտես և վերջում ստիպված ես լինում խոստովանել, որ գիտես միայն այն, որ ոչինչ չգիտես: Աշխատանքիս զուգահեռ դասախոսություններ եմ կարդում տնտեսագիտական համալսարանում հետևյալ թեմաներով. «Խառը սուրճ. իմացոթյուն և սպասարկում», «Շոկոլադ սալիկներով. իմացություն և սպառում», «Աղացած սուրճ և համաշխարհային շուկա», «Սնկով չիպս. նոր հայացք հին ապրանքին»: Դիպլոմային աշխատանք եմ գրում «Չիտոսից մինչև Լորենց. պարզապես չի՞պս, թե՞ մշակութաբանական իրողություն» թեմայով: Աշխատավայրից էլ ընդհանուր առմամբ գոհ եմ, եթե հաշվի չառնենք, որ զուգարանին գրված է «Չօգտագործել»: Շեֆն ինձ թարս է նայում, կարծում է թե աչքս իր տեղի վրա է: Ճիշտ էլ կարծում է: Օտարերկրացի մասնագետների մեծ մասն արդեն իմ կողմն է: Շուտով արդեն բոլոր հարցումները ես կանկացնեմ և բնականաբար բոլոր դեզոդորանտներն իմ ձեռքով կանցնեն: Մրցակից ընտանիքն ուղղակի կպայթի նախանձից: Այդ ժամանակ ես նրանց առաջարկ կանեմ, որից չեն կարողանա հրաժարվել: Նրանք ստիպված կլինեն միանալ իմ ընտանիքին: Մի քանի ամիս հետո էլ խորհրդարանական ընտրություններն են: Սոցիոլոգիական հարցում է՞ պետք. քանի՞ տոկոս եք ուզում: Մատչելի գներ, արագ սպասարկում, զեղջային ճկուն համակարգ, անժամկետ և անտոկոս սոցիոլոգիական վարկեր: Իսկ երբ բոլոր քաղաքական գործիչները մեր ձեռքում լինեն, մի քանի օբյեկտը մեզ չի խանգարի. մանավանդ, որ դեզոդորանտները մեզ վրա ոչ մի լումա չեն նստում: Պարզ է, որ կհարստանանք: Հետո էլ նախագահական ընտրություններն են: Ինձանից լավ տղա պիտի լինի՞ նախագահ: Եթե ինձանից լավ տղա է, թող ապացուցի, թող ցույց տա ինչքանով է ինձանից լավ. մի քիչ էլ թող ինձ հետ կիսվի: Մենք էլ պարտքի տակ չենք մնա: Փաստորեն մի տարուց միլիոներ եմ: Մարդու գլուխն էդ մտքերից պտտվում է: Բան չմնաց հա: Համ էլ ուզում եմ առանձին սոց հարցման խումբ բացեմ: Ուզում եմ ընտանեկան հարցումներ անցկացնեմ (բնականաբար վճարովի): Դրա շնորհիվ տանն ընտանիքի ամեն անդամ կտեղեկանա, թե ընտանիքում քանի տոկոս հեղինակություն ունի: Հարցման մասնակիցները կարող են չնշել իրենց անունները, իսկ հարցերը հենց իրենք պետք է մշակեն: Կանանցից մեկը առաջրկեց ամուսնու համար հետևյալ հարցը. «Ու՞մ հետ է ամուսինը քնում, որ կին բավարարելը մոռացել է` Գայանի՞, ներքևի հարևան Հեղնարի՞, թե՞ քարտուղարուհու, էն ներկած մազերով զզվանքի»: Իհարկե նման հարցումները կարող են ներքաշել ընտանեկան վեճերի մեջ, բայց կարգին փող կբերեն: Բան չմնաց ժողովուրդ ջան: Մի տարի հա: Հեսա նախագահ դառնամ, տեսեք ձեզ ոնց եմ պահելու: Մենակ հիմա էս մեր շեֆի տակը փորեմ, մնացածը տեխնիկայի հարց է: Մի բուռ ազգ ենք: Իրարով եղեք: Հարցումներին ու ընտրություններին էլ մասնակցեք: Անունս հիմա չեմ ուզում տամ, թե չէ ընտրություններից առաջ կարղ է ինձ վերացնեն, բայց ընտրությունները որ գան նկարից ինձ կճանաչեք. սենց սիմպո տղա եմ, բույ բուսաթով, աջ թշիս խալ կա, էս ձախ աչքս էլ մի քիչ կկոցեմ, որ հաստատ ճանաչեք: Ազգանունս չեմ կարա ասեմ, բայց անունս Ժոռա է: Էդքանից հետո որ ինձ չճանաչեք, ամոթ ձեզ: Դե լավ մնացեք: Մինչև ընտրություններ: Ժոռիկը ձեզ հետ է: