…Հայաստանից մի քանի օրից հեռանում է մի մտավորական: Հեռանում է` երեխաների ու թոռների հետ: Տունը վաճառել է, տարիների ընթացքում հավաքած գրադարանը մաս-մաս բաժանում է մտերիմներին, գրքերը հատկապես նվիրական են նրա համար, անբաժանելի ընկերներ, որ ուղեկցել են տասնյակ տարիներ… Նվիրական մասունքները մասամբ էլ ինձ վստահվեցին. Հայերենի արմատական բառարան` հատորներ, Ժամանակակից հայերենի բառարան, Ռուս-հայերեն դարձվածքաբանական բառարան, Մեծարենց, Դանիել Վարուժան, Վահրամ Փափազյան` հատորներ, Բակունց` հատորներ, Վիլյամ Սարոյան` հատորներ, արտասահմանյան գրականություն` մատենաշար,…..
Գիշերը գրքերը լուռ տեղափոխվեցին մեր տուն, նրանց լռությունն այնքան ծանր էր, կարծես երբևէ բարձրաձայն խոսել են հետս:
…Կեսգիշերն անց նստել էի հատակին շար ընկած գրքերի կողքին ու… միայն անորոշության գայլին էի տեսնում, որ լուռ ներկայությամբ հոշոտում է մարդուն:
Գիշերն անցավ գայլի հետ նստած, ոչ ես խոսեցի, ոչ` ինքը:
…Լույսը բացվելու հետ այգի գնացի, քաղաքից դուրս, գյուղ: Այստեղ պապս ծիրանենիներ է տնկել: Պապը չկա: Ծիրանենիներն այս տարի առաջին բերքն են տվել: Ընկույզաչափ ծիրանները հազիվ մի աման լինեն. մատղաշ, նուրբ, դեղնավուն, տաք… Ձեռքի հպումից նեղանում են…
…Հողի տաքությունը հասնում է ոսկորներիդ:
Անէություն:
Չգիտեմ որտեղից, երևի երկնքից հայտնված գյուղացու ձայնը ինձ հետ բերեց… «Էս ո՞վ է ջուրս կտրել»…. Դեմ դիմաց կանգնած փոքրամարմին մարդու երեսն այնքան արևախանձ էր` կարմիր կտավի նման, չարացած նայում էր ինձ:
Ես էլ ակամա մոռացա բարևել, ինչպես ինքը. «Ջրվորն այս ժամին ջուրն ինձ է տվել, պապի՛, տե՛ս այգիս չորացել է, ջուր չի մտնում, դրա համար էլ քո առուն հիմա փակ է»:
Երբ նա անհանգիստ շարժումներով խոր գրպանից հանեց հեռախոսն ու սկսեց զանգել ջրվորին, ես տեսա հին, բայց շատ մաքուր լվացված, արդուկված վերնաշապիկ, «աշխատանքային» շալվար, մաշվածության վերջին աստիճանի հասած կոշիկներ… Ջրվորի հետ խոսակցությունն անցավ սպառնալիքներով, ուժգին սպառնալիքներով: Բարեբախտաբար «կռիվն» ինձ հետ չշարունակվեց:
Հետո հարևաններից իմացա, որ նա գյուղի «կռվարարն է», ամեն օր ջրի համար կռիվ է տալիս: Արդյունքում` գյուղի կիսաչոր այգիների արանքում, նրա այգին օազիսի է նման: Ծառերը փթթում են, բերքն առատ է, հողը փափուկ, կուշտ: … Հիշեցի «Մենավոր ընկուզենին», հողի ջերմությունը չափող Ռազմիկին, նրա` պանիր սարքող հնազանդ կնոջը, գերանդի անող էրեխեքին, հիշեցի Գանձասարը, …
…Գայլի հետ անցկացրած ժամերին կուտակված արցունքներն էլ որտե՞ղ պահեի:
Եթե ասեի էդ մարդուն, թե ինչքան թանկ է նա ինձ համար` իր դրոշակի նման կարմիր կատաղած երեսով… Չհասցրեցի, ավելի ճիշտ, մտքովս չանցավ… Չտեսա էլ, թե ոնց անհետացավ, ոնց հայտնվել էր…
Եթե ես ունենայի էդ մարդու գոնե ձայնային տվյալները, հիմա բղավոցով կասեի` էս ո՞վ է փակել … ջուրս, խեղդվում եմ…. էլ չեմ շարունակում, որովհետև շարունակությունը նման է մենաթատրոն հիշեցնող հանրահավաքի: