գիր…
Սարմատ կամ
փետրվարի 28
Հովոյի ծննդյան օրը:
Եռաբլուր:
Եռագույն քամի:
Մարտական Խաչ:
Հետմահու:
Հովոյի հայրը ցավից գլորվեց շիրմաբլրից ցած:
Դեռ գերեզմաններ են փորվում:
Պատերազմի տարում՝ Հովոյի ծննդյան հաջորդ օրը նահանջ տարվա ամսաթիվն է:
Հովոն չնահանջեց:
Հովոն զոհվեց:
Զոհվեցին նաև նահանջողները:
Տարին:
Մուշը Հովոյի ընկերն է:
Հիմա էլ, երբ Հովոն զոհվել է պատերազմում:
Ապրիլյան պատերազմին էլ էին միասին:
Միասին էին, երբ կորցրեց մի ականջի լսողությունը:
Դեռ պատերազմը չէր դադարել, երբ ասում էր՝ Հովոյի մահը կուլ չի գնում:
Դեռ պատերազմը չէր դադարել, երբ Մենակը խնդրում էր, որ իրեն վերցնեն հետները:
Ասում էր՝ չէ, ախպեր:
Հովոյի մահը կուլ չի գնում:
— Ոտքի վրա, էս բաժակով խմենք Հովհաննեսի ողջ կենացն ու շնորհավորենք ծնունդը,- Մուշի հոպարն էր այս տխուր տոնի հրամանատարը:
Եռաբլուրի աստիճանների մոտ, ուր համերգ եղավ հունվարի 28-ին, Ամալյան Դավոն արցունքն աչքերին երգում էր՝ շնորհակալ եմ. նրանից քիչ հեռու որդու շիրիմն է:
Եռաբլուրի աստիճանների մոտ բոլորը սպասում էին Մուշին, որ բերի Հովոյի Մարտական խաչն, ու մոտենան շիրիմին: Աղասն ու Վահագն ավելի շուտ էին տեղ հասել: Մենակը զանգեց իր ընկեր Աղասին, ասեց՝ ուր եք, ասեց՝ տղերքի մոտ ենք: Մենակը նայեց շուրջը, չտեսավ Աղասին.
— Ես էլ եմ տղերքի մոտ, սպասում ենք Մուշը Հովոյի խաչը բերի:
— Մենք վերևն ենք, ցավդ տանեմ… տղերքի մոտ:
Մենակը հասկացավ, որ Աղասն ու Վահագը տղերքի մոտ են: Եռագույն քամու ծփանքի տակ թիկնած անուն ազգանունների, տարեթվերի, ամփոփած ժամանակի, հերքված ժամանակի մոտ: Աղասենք տղերքի մոտ են: Աղասին «Գրեթերթի» առաջին համարը պիտի տամ՝ 44 գիր ճակատից: Մուշը հասավ: Բոլորը քայլեցին: Սևանը դեռ չի հարմարվել պրոթեզին: Ոտքը Ջրականում թողնելուց հետո, երբ Երևան եկան, հրամանատարը մարզակոշիկներ բերեց տղերքին: Հովոն հաշվեց, ասեց.
— Կամանդիր, մե հադըմ ավել ես բերե:
— Ինչ ես խոսում, Սարմատ. հատ-հատ հաշվել, բոլորիդ բերել եմ:
— Չէ, լավ չես հաշվե, մե հադըմ ավել է. մե հադըմ ձախ թայ:
Առաջինը քրքջացել էր Սևանը՝ հոսպիտալից նոր դուրս գրված, կտրվածքի վիրահատության վերքը դեռ հում, առանց պրոթեզի:
Մարտական խաչը հանձնելուց առաջ Տեր հայրն ինչ-որ բաներ ասեց:
Մարտական խաչը հանձնելուց առաջ հրամանատարն ինչ-որ բաներ ասեց:
Հովոյի տղեն ամուր բռնել էր մեդալի տուփը ու չէր խոսում ոչինչ:
Եռագույն քամին մի պահ շոյեց Մուշի՝ ավտոմատի փոկից կոպտացած վիզը, կռացավ, համբուրեց Հովոյի տղու ճակատը, բայց չլացեց: Համենայն դեպս՝ ոչ ոք չտեսավ նրա արցունքները:
Ծննդյան տոնի հոգեհացին Մենակն ու Արծրուն ջանը գնացին Վանի մեքենայով: Սպասասրահում Ճգնավորը ինքնահատուկ զուսպ կատաղությամբ բացատրում էր, որ ինքը պատրաստվում է հաջորդ պատերազմին: Սեղանի շուրջ բոլորն էին, բացի Հովոյից: Հենց էդ պահն էր ֆիքսում, երբ Մուշին հարցրեց.
— Հիշո՞ւմ ես, Մենակ անունով ֆիդայու մասին որ պատմում էիր:
— Հա, ոնց չէ:
— Ի՞նչ տեղեկություն ունես իր մասին. մի պատմություն եմ պատմում, Մենակի կերպարը մեջն ա:
— Ինչքան գիտեմ՝ անունն Արմենակ ա եղել, ախպեր. մի գիրք ունեմ տանը, կնայեմ, կասեմ:
— Եղավ, կսպասեմ:
— Կամ ֆոտո կանեմ կուղարկեմ վայբերով. համ էլ կապի մեջ կլինենք:
— Սիրով, Մուշ ջան:
Մուշը ոտքի կանգնեց ու խմեց աշխարհի ամենակարճատև ծննդյան տոնի վերջին բաժակը.
— Ամեն զինվորական կերազի Մարտական խաչ կրել իր կրծքին, բայց մենք երբեք չենք երազել մեր ընկերոջ մարտական խաչը շնորհավորել այսպես, էս տարբերակով:
Աղասն էլ ֆեյսբուքում ֆոտո էր դրել.
Ստացած Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանը Հովոյի կրծքին չի շողա: Այն կշողա Հովոյին հիշողների սրտերում: Հովոյի հրամանատարը նրա հայացքի ներքո այն հանձնում է որդուն:
10.03.2021