հատված վերջաբանից
***
Հանդիսատեսը թող տեսնի իր օտարումն ինքն իրենից, երբ Սասունցի Դավթի ձիու քամակը մտած այլաբանության կողքով կանցնի, կմտնի երկաթուղային կայարան, տոմսերով ու առանց տոմսերի կնստի, կսպասի ընթացքին: Ընթացքը սկսում է էկրանից, ուր Մենակի դեմքն է՝ երկար, անխնամ մազերով ու մորուքով: Քիչ անց եթե ոչ բոլորը, ապա գոնե ոմանք կհասկանան, որ Մենակը վարսավիրանոցում է: Ոմանցից եթե ոչ բոլորը, ապա գոնե ոմանք կհասկանան, որ Մենակը քիչ հետո սգահան կլինի: Եվ այսպես. տեսարան առաջին: Վարսավիրանոց: Մենակը նստած է հայելու դիմաց և նայում է հայելու մեջ ապրող ընթերցողին: Ընթերցողը՝ իրեն: Վարսավիրը ինչ-որ բաներ է խոսում պատերազմի մասին։ Մենակը ծոցագրպանից համարակալված ծրարներ է հանում, դնում սեղանին: Վարսավիրը, ուշադրություն չդարձնելով այդ ոչ այնքան վարսավիրանոցային կամ սգահանային գործողությանը, կշարունակի թուք ու ցավ ցփնելով պատրաստվել: Խուզին: Եթե խոշոր պլանով տեսնենք Մենակի անտառածածկ դեմքը, կհասկանանք, կկռահենք, կզգանք, կազդարարենք, որ այնտեղ ֆոսֆորային ռումբ չի ընկել՝ խաբողի մազը ֆազը։ Բայց Մենակը վերցնում է սանրը, սկսում սանրել մորուքը: Վարսավիրը մի պահ հապաղում է: Քիչ հետո պաղում: Այս պարզունակ բառախաղից հետո էլ Մենակը դժվարությամբ էր սանրում մորուքը: Ով ասես՝ մեջը չկա: Ինչ ասես՝ չկա: Ֆոսֆորային ռումբ էլ կա, ճիշտն ասած: Չպայթած: Մենակը սանրը դնում է սեղանի ծրարներին և նայում ձախ ափի մեջ պահած ռումբը: Աջով բռնում է մարտագլխիկից, ձախով՝ պարկուճից, փորձում բացել: Վարսավիրն, իհարկե, չի կռահում, թե ինչն ինչոց է և ինչու: Հակառակ դեպքում՝ լեղաճաք կլիներ՝ խաբողի մազը ֆազը: Իմանալով մի քիչ ֆոսֆորային ռումբի աշխատանքային մեխանիզմը՝ այնուամենայնիվ, Մենակը որոշեց շարունակել փորձը: Բացվեց: Ֆոսֆորը լցրեց բռի մեջ: Վարսավիրանոցը լուսավորվեց: Վարսավիրը շարունակում էր թուք ու ցավ ցփնելով խոսել Աստծո դատաստանի մասին: Հավաքվեցին անկայծ ոռիկներ արևմուտքից, արևելքից, հյուսիսից ու հարավից: Նրանք Մենակից կայծ էին խնդրում: Մենակը բաժանեց: Կայծոռիկները ցրվեցին աշխարհով մեկ: Մենակը շարունակեց սանրել մորուքը: Անհայտ կորածները հայտնվեցին, մասունքներ, որոնք նախկինում քնած զինվոր էին եղել կամ արթուն, հարձակվող գրոհային կամ նահանջող, մոբ կամ կամավոր, յուրային կամ թշնամի: Մենակը Աստծո պես, առանց խտրականության, նրանց լցրեց ծրարների մեջ: Շարունակեց սանրել: Վարսավիրը, խոսելուց թե սպասելուց հոգնած, քնել էր՝ թուքն ու ցավը ցածի շրթից կախ…
***
Սափրած սուգը խնամքով հավաքեց, մինչև վերջին մազը, լցրեց փոքրիկ աճյունասափորի մեջ: Վեր կացավ: Նայեց իրեն հայելու միջից նայող ընթերցողին, լի ծրարները դրեց ծոցագրպանը: Ճակատին ամրացրեց երրորդ աչքը: Դուրս գալուց դանդաղ հրելով՝ դուրս հանեց անվավոր սեղանը, որին շախմատի խաղադաշտ է՝ խնամքով դասավորած խաղաքարերով: Տեսավ, որ մի զինվոր պակաս է: Երևի կորել է, մտածեց: Հրեց սեղանը մայթերով, ճանապարհներով՝ հողոտ ու ասֆալտապատ՝ շարունակ մտածելով՝ որտեղ կորավ իմ զինվորը բայց: Քայլեց այդպես 44 օր՝ Երևանից մինչև Ջրական՝ ամենուր հարցնելով՝ ուր է իմ զինվորը, ամենուր և ամենքին: 2020 թ. նոյեմբերի ութի լույս իննի գիշերը վերադարձավ՝ առանց գտնելու իր զինվորին, չնայած, որ բոլոր նրան ճանաչողներն ասում էին, որ Մենակը չի վերադարձել պատերազմից, դեռ էնտեղ է: Վերադարձավ Երևան, շարունակեց անվավոր սեղանը հրելով, բայց արդեն լուռ՝ հարցնել՝ ուր է իմ զինվորը, քայլեց, քայլեց, հասավ Սասունցի Դավթի երկաթուղային կայարան, որտեղ դոկութատրոն հարթակում ուր որ է պիտի սկսեր կամ արդեն սկսել է «Էնդշպիլ» ներկայացումը: Մտավ դահլիճ՝ ինքն իրեն հարցնելով՝ ուր է իմ զինվորը: Մոտեցավ առաջին հանդիսատեսին, գրպանից հանեց աճյունասափորը, դրեց բացակայող զինվորի հենակետում ու հենց նրանով՝ իր գտնված զինվորով առաջին քայլը արեց՝ սպասելով պատասխան քայլին, որից հետո կտա 1-ին համարի ծրարն ու կանցնի հաջորդին, այսպես այնքան, մինչև կավարտվի Ներկայացումը, որի վերջում գուցե բոլորը կամ գուցե ոմանք կհասկանան, որ խաղում են բացառապես ցինկե աճյունասափորներով…
***
Կայարանը դանդաղ ու տխուր ցնցվեց: Քիչ հետո կշարժվի: Կհեռանա: Հեռացավ:
15.11.2021 թ.
Երևան