— Դեբյուտ՝ սկզբնախաղ, միտտենշպիլ՝ միջնախաղ, էնդշպիլ՝ վերջնախաղ,- ուժեղ հեռացողի պինդ աչքերով բացատրեց Արոնյան Լևոնը: Խաղն ընդհատվեց երրորդ քայլով ու շարունակվեց զրույցով։ Երկար զրուցեցին շախմատի մասին։ Միայն շախմատի: Չխոսեցին ոչ ներքին, ոչ էլ արտաքին քաղաքականությունից, երջանկությունից ու դժբախտությունից: Նրանք զրուցեցին առաջնագծում իրար կորցրած, հետո իրար գտած եղբայրների նման, որոնք նորից պիտի բաժանվեին՝ դեպի կյանքի տարբեր առաջադրանքներ։ Հրաժեշտից հետո Տիգրան Պետրոսյանի դափնեկիր կիսանդրու մոտ Մենակը երկար նստեց ու նայեց հեռացող մարդուն՝ եղբորը պատերազմ ճանապարհողի նման: Լևը երկրից հեռացավ հայրենիքի այն ցավով, որը չի ցուցադրվում հարցազրույցների կամ ֆեյսբուքյան հրապարակումների մեջ: Եվ սա նախապես մշակված՝ անջատում հանուն փրկության միտտենշպիլը չէր հաստատ: Մենակը մնաց մենակ. դիմացը վերադասավորված խաղաքարերով ռազմադաշտ, ներսում՝ իր դեռևս միակ ու առաջին շախմատային դասախոսությունը: Մենակը գնաց Իլիկ: Խմելու: Խմած շախմատ խաղալու: Գրելու:

***
— Էնդշպիլն անխուսափելի է, սերս,- հաջորդ օրը միջօրեի խումհարի մեջ մրմնջաց Մենակը, երբ հիշեց Աշխարհի մեկուսացումը։ Մարդիկ քայլում էին, քայլում ու ընկնում-մեռնում: Կային, իհարկե դեպքեր, երբ արդեն ընկած մարդիկ էին մեռնում: Կային մարդիկ, որ չէին ծնվում պարզապես. օրինակ՝ Մենակի որդիներից մեկը. Մենակը որոշել էր նրա անունը Մեն դնել, Արարատյան դիցաբանության հիշողությամբ: Բայց որդին չծնվեց: Այսինքն՝ լույս աշխարհ եկավ մութ աչքերով, նոր-նոր սաղմնային վիճակից դուրս եկած: Մենակը վերցրեց նրան, դրեց ցելոֆանե տոպրակի մեջ, տարավ հիվանդանոց, տվեց բժիշկներին, որ ուսումնասիրեն ու հասկանան նորահայտ վիրուսի ազդեցությունը հղիների վրա: Մենակն ուսումնասիրեց նրան՝ որդուն, երկար մատներից հասկացավ, որ աշխարհը հենց նոր կորցրեց կույր շախմատի անկրկնելի չեմպիոնին: Մենակը հիշեց իր հորինած օրորոցայինը ու մանտրայի պես կրկնում էր հիվանդանոց գնալու ճանապարհին.
Մի՛ քնիր, որդիս. փակիր աչքերդ, որ հանգստանա մարմինդ հոգնած, միտքդ անդադրում, բայց երբեք, երբեք, երբեք մի՛ քնիր:
Մի՛ քնիր, որդիս:
Աշխարհն ուզում էր մենակ մնալ ընդամենը: Կյանքի լուծումները հեռավարվեցին՝ աշխատանք ու ուսում, սեր ու սեքս, դատավարություն ու ներկայացում՝ Կապիտուլյացիա վերնագրով: Էլ ինչ… հա, շախմատի օլիմպիադա, օրինակ, որը բոյկոտեց շախմատային գերտերության հզոր հավաքականը՝ որձին բնորոշ ձգությամբ չհանդուրժելով երկակի չափորոշիչներն ու անազնվությունը։ Հենց այս օլիմպիադան իր մեջ կրած շախմատային վիրտուալ տիրույթի հավելվածը՝ chess.com-ը ընկավ Մենակի աչքով:
— Ո՞նց ունենամ սրանից հեռախոսիս մեջ, Ջեր:
Ջերին՝ Ջերեջյան Էդգարը, առաջինն էր իմանում ու կիրառում բոլոր հին ու թարմ նորությունները, որոնք վերաբերում էին թվային տեխնոլոգիաներին:
— Տու հեռախոսդ, ապեր:
Տվեց։ Սպասեց։ Լսեց.
— Մեմըրիդ ֆուլ ա, ախպե, էփլիքեշընի տեղ չկա. ի՞նչ ջնջեմ։
Լսածից հասկացավ միայն «ախպե»-ն ու «ջնջելը»։
— Ֆեյսբուքս, ախպե։
— Օքայ, իմ կտրուկ ախպեր։
Մենակն ավելի արագ ու հեշտությամբ АГС կքանդեր, կմաքրեր, կհավաքեր ու մի ցինկ էլ կհասցներ կրակել, քան էն, ինչ արեց Ջերին:
— Էս ա. քո անունը գրե՞մ, թե՞ նիքնեյմ:
— Նիքնեյմ ի՞նչ ա:
— Դե կակ բը երկրորդ անուն:
— Չէ, իմը:
— Օքայ, իմ ֆունդամենտալիստ ախպեր: Չէղավ:
— Խի՞ ապեր:
— Կա արդեն քո անունով լիքը գրանցված:
Ո՞նց՝ մտածեց ֆունդամենտալիստը, աշխարհում լիքը Մենակ մարդ կա՞:
— Նայեմ հլը:
— Նայի հլը:
Նայեց:
— Բա ի՞նչ անենք:
— Ինչ-որ բան պիտի ավելացնենք:
— Ի՞նչ:
— Դե չգիտեմ, ասենք, Մենակ-մենակ, կարելի ա:
— Չէ, է, հո չասիր դու էլ:
— Բա ի՞նչ:
— Մեն Մենակ գոնե:
— Դե արի՝ ManMenak գրենք, որ համ էլ բան ըլնի, էլի,- աշխարհի ամենաբաց ժպիտով ժպտաց ու բացեց Մենակի համար մի նոր աշխարհ, որի այբուբենը Մենակն ավելի շուտ էր սովորել, քան իր մայրենի լեզվինը:
Այս իրադարձությունից 44 օր հետո, հունվարի 28-ին, Մենակը որոշեց հանրագիր դնել իր խաղացած պարտիաների լավագույն հաղթանակների սքրինշոթերով՝ հետևյալ գրառմամբ.
— Իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ ձեզ, պարտություններս ինքս կխնամեմ:
Երկար ընտրեց. աշխատեց դրոշների բազմազանությունն ապահովել, բայց գերակշռում էին երկու, երեք առավելագույնը չորս դրոշ: Ինչքան էլ հոգնած լիներ, խմած, տխուր, մի խոսքով՝ շախմատի համար անբարեբեր վիճակում, հենց ծրագրի ինքնորոնման ժամանակ հայտնվում էին վերոնշյալ դրոշները, միանգամից զգաստանում էր, ոնց որ հենակետում: Էս փաստը նրան և ուրախացնում, և տխրեցնում էր, քանի որ խաղերը մեծ մասամբ ավարտվում էին նրա հաղթանակով, բայց կար մի այլ, չբարձրաձայնվող խոստովանություն, որից նա ցնդվում էր. Մենակին միշտ թշնամի էր պետք: Մենակն ապրող է, երբ թշնամի ունի:
Շախմատը դարձավ Մենակի հետպատերազմյան խորը դատարկության, ամենայնի նկատմամբ անտարբերության ու մոլուցքի իրական թերապիան: Պարտվելիս կատաղում էր. պոստերում ձեռքերը ցրտահարվել, ճաքել, հոգու պես վերքոտվել էին, իսկ հեռախոսով խաղալիս մատների արագ ճկունություն էր պետք: Ավելի արագ, քան ԱԹՍ-ներ կառավարող պլանշետների դեպքում: Հետո հասկացավ, որ իր հեռախոսը դանդաղ է աշխատում, քանի որ պարտությունների ճնշող մեծամասնությունը ժամանակի սպառումից էր: Դրան էլ սովորեց: Վարկանիշը գնալով բարձրանում էր: Այսպիսի կրքով Մենակը գիշերներ էր լուսացնում մեկ էլ իր վաղեմի սիրուն վերջերս հանդիպելուց հետո. վաղեմի սեր. Մենակը ցնդել ա, հորս արև: Ինչե՞ր ա խոսում.
— Գրկում եմ քեզ, արևս: — Թանկս: — Միակս: — Մենուհիս: — Սիրտ: — Սիրուն ջան:
Վաղեմի սերը իմացել էր, որ Մենակը պատերազմ է գնացել ու տառապանքից երեխա ունեցել: Տղա:
Պատերազմից հետո նրանք հանդիպեցին: Պատահական: Փողոցում: Գրկեցին իրար: Էնքան, ինչքան չէին գրկել իրենց ապրած տարիների ընթացքում: Ու պոռթկում եղավ, որն ամեն պարտիայում վերածվում էր կրքի զզվելի խտացման, հետո մաքրվում, զուլալվում լացի հետ: Այդպես լինում էր ինքնաձիգ փողի հետ՝ երկար, անդադար կրակելուց հետո, խոնավ ու ժանգոտ, տանջանքով մաքրելիս… էհ: Մենակ: Ինչ դարձրեց քեզ պատերազմը: Ու դու դեռ սպասում ես հաջորդին:
Մենակը հիշեց հետախուզության սպա Ներսոյին: Մեծ նահանջի ճանապարհին էր, նայեց երկար Մենակի դեմքին, մեռնել-ապրելու ուղու վրա: Մենակը շարասյան ոչ ետևում էր, ոչ էլ առջևում: Մեջտեղները: Ժամանակ առ ժամանակ պտտվում, ետ էր նայում. զորքն ասես մաշված աորտայով հոսող էրիթրոցիտների շղթա լիներ, որ թթվածինը թոքերից հասցրել էր տեղ ու ածխաթթվի բեռով կքված՝ հեռանում էր սրտի՞ց, ուղեղի՞ց, վերջույթների՞ց, մաշկի՞ց, լյարդի՞ց, աղիների՞ց, միզասեռական օրգանների՞ց, ողնաշարի՞ց… չգիտեր, դա իր իմանալիքը չէր: Զորքը, զինվորը մի անելիք ունեն. տեղ հասցնել թթվածինը, վերցնել ածխաթթուն ու ոչնչանալով՝ վերադառնալ ելման կետ. այնտեղ, քիչ հեռվում, տնքացող փայծաղն է՝ նոր էրիթրոցիտների խմբաքանակը փայփայող: Վերևի ոլորանում, խփված ուրալից աջ, կարելի էր խցիկը դնել: Ուժեղ կադր կլինի. զորքը մտնում է ուրալի մեջ, անվերջ, անվերջ, և ուրալը տեղավորում է բոլորին, հին հայկական հեքիաթի եկեղեցու նման, ուր մարդիկ մտնում էին, մտնում, բայց եկեղեցին, փոքր եկեղեցին չէր լցվում, քանի որ նրանք՝ մարդիկ, դառնում էին աղավնիներ ու պատուհանից ճախրում վեր: Ներսոն զգաց Մենակի հայացքը.
— Եկել ես կինո նկարե՞ս, թե՞ կռվես:
— Ուզում ես ճիշտն իմանա՞ս:
— Հա բա:
— Էկել եմ ախպորս տղուն գտնեմ. պատերազմի առաջին օրվանից լուր չկա:
— Որտե՞ղ էր:
— Թալիշ:
— Թալիշն իրանց ձեռն ա հիմա:
— Գիտեմ:
— Բարին Աստծուց, ախպեր:
— Շնորհակալ եմ:
— Կինո որ նկարես, ճիշտը կպատմես մարդկանց:
— Անպայման:
Մենակը հենց էդ պահին հստակ որոշեց, որ կամ ոչինչ չի պատմի, կամ միայն ճշմարտությունը: Հետո նա կհասկանա, որ ինքը, որ բնույթով խաղաղասեր Մենակ է, կամավոր հայտնվեց առաջնագծում, որ հետո պատմի Աստծո մասին, որի մոտ հիմա իր բոլոր եղբայրների բոլոր կորած տղերքն են աղավնացած: Ամիսներ անց Ներսոն գտել էր Մենակի հեռախոսահամարն ու զանգել.
— Ալո՞:
— Լսում եմ:
— Ախպե՞ր:
— Հա ջան: Ո՞վ ա:
— Ներսոն ա, ախպեր, Ջաբրաիլ, կռվի տեղը որ տեսանք իրար:
Թանգոն, ուրեմն, Ներսոյի մասին էր ասում.
— Ախպե՜ր, պոստում եմ, իջնեմ, կգամ կտենամ քեզ:
Էն գալն ա, որ պիտի գա:
— Ի՞նչ կա, Թանգս, ո՞նց ես, ախպեր:
— Լավ, մեռնեմ ջանիդ, մեր աֆիցերներից մեկը քո համարն էր ուզում, տվել եմ, ուզում ա զանգի, խոսա հետդ:
— Լավ ես արել: Ե՞րբ խմենք:
— Պոստից իջնեմ գամ:
Էն գալն ա, որ պիտի գա: Թանգի հետ էր Մենակը, երբ հեռվից երևաց խափանված ուրալը, որը ֆիլմում պիտի դառնար եկեղեցի: Գլխավերևներով սվվաց գնդակը: Պառկեցին.
— Ո՞ր կողմից էր, Թանգ:
— Գյա չեմ մանում: Հլը սպասի, չհելնես:
Փետրվարի 17-ց հետո ձյունը եկավ, հապճեպ. թափթված ու արագահալ, էն կարճ նամակների նման, որ գրելուց մի քանի վայրկյան հետո ջնջվում են: Գիպսե դագաղների վերածվեցին մի պահ փողոցներն, ու Մենակը գնաց քնելու: Երազում դեռ պառկած էր հողին, ձեռքին Թանգի СВД-ն էր. իր РПК-ն Թանգի մոտ էր: Չէր հիշում՝ ինչի համար էին փոխել զենքերը. նույն պահին հիշեց՝ թշնամու դիրքերից մի քանի հարյուր մետր հեռու պառկած, որ դեռ Նախիջևանի սահմանին, պոստ պահելուց, Ռուստամը իրեն դիպուկահարի դասեր էր տալիս, ինքն էլ տետրի մեջ գրում էր: Տետրը հետը բերել էր առաջնագիծ, բայց մյուս իրերի, սաղավարտի, զրահաբաճկոնի ու իր առաջին զենքի հետ վառվեց Ուրալի մեջ: РПК-ն հետո ձեռքն ընկավ, երբ արկակոծման տակ վազում էր ու գոռում.
— Զենք տվեք, զե՜նք:
«Զենք տվեք, զենք»-ը դեռ երկար ժամանակ գոռալու է քնի մեջ, ընկնավորի նման:
— Հը՞, Թանգ:
— Չեմ ջոկում որտեղից ա. սպասի ստեղ առաջանամ:
— Մենակ չես գնա, իրար հետ ենք:
— Գյա մեշկս պահի, խոմ չենք հելե պռագուլկի:
Մենակը դիրքավորվեց: Ավելի փորձառու Թանգը կռացած քայլեց առաջ՝ ստուգելու համար փոքր թմբի թիկունքը: Մենակը օպտիկական նշանոցով հետևում էր նրան: Հետո թումբը: Աջ ու ձախը:
— Չկրակես հանկարծ,- գոռաց Թանգը:
Նահանջող զորքը նույն բեռով քայլում էր: Ոչ ոք չգիտի՝ լսե՞լ են նրանք կրակոցը, թե՞ չէ: Ներսոն ու էլի երկու հոգի ընդառաջ էին գալիս, որ անփորձ, տեղանքին անծանոթ մոբն ու կամավորները չմոլորվեն: Դեռ չեն հասել:
Կորպուսի հրամանատարին կոչումի բարձրացում է սպասվում՝ պարտությունից հետո. չնայած՝ օպերատոր Սուրոն համոզված է, որ ո՛չ առաջին պատերազմի հաղթանակն էր հաղթանակ, ո՛չ էլ երկրորդի պարտությունն է պարտություն: Մենք ապրել ու շարունակում ենք ապրել միանվագ տրվող բազմազավակ ստի մեջ:
Փետրվարի 17-ից հետո Մենակն արթնացավ՝ կիսատ թողնելով իր բոլոր երազները:
Երկնքից սեր էր թափվում՝ ինքնաջինջ նամակների նման. ով հասցրեց՝ կարդաց: Վառարանի ծուխն արագացնում էր նամակների մահը: Ոչ ոք երջանիկ չէր: Ոչ ոք դժբախտ չէր: Ամեն ինչ պաղ ու հանդարտ, հանգիստ ու անշարժ էր: Հաղթողն ու պարտվողը չեն գիտակցել իրական կորուստը: Երկուստեք կորուստները: Տղե՞րքը: Զոհված տղե՞րքը: Չէ. միակ գտնողները նրանք են:
— Հիշո՞ւմ ես, Սերս, տարիներ, շատ տարիներ առաջ քեզ ասացի՝ չեմ ուզում կորցնել քեզ:
— Հիշում եմ:
— Հիշո՞ւմ ես՝ ինչ պատասխանեցիր:
— Չէ, կյանք:
— Դու ինձ չես գտել, ո՞նց կարող ես կորցնել:
— Ե՞ս եմ ասել:
— Դու: Քո սպիտակ ակնագնդերի մեջ խրված սև բբերով:
Մենակը խառնեց շախմատի քարերը: Մանր են: Կոպիտ թաթերի մեջ առավ: Երկու բուռ: Սև ու սպիտակ բբեր:
— Շախմատն իմ առաջին սերն է:
— Գնա սիրուդ ետևից:
— Չէ: Արդեն սխալ կա: Այսինքն՝ սխալը բառի կիրառումն էր:
— Չեմ հասկանում:
— Ես էլ:
Մնաս բարով, իմ վաղեմի սեր: Ծնունդդ շնորհավոր,- Մենակը ջնջեց հեռախոսից իր վաղեմի սիրուն՝ chess.com-ի փոխարեն:
Շարունակեց մնալ Մեն Մենակ:

***
Իր առաջին սիրուն Մենակն ամենամաքուր սիրով է տանջել: Դասավորում էր խաղաքարերը, երկար նայում, ուղղում միլիմետր համաչափությամբ ու արգելում որևէ մեկին դիպչել՝ եղբորը, քրոջը, ընկերներին, հորը: Կարող էին վերցնել ամեն ինչ, ինչ ուներ, բացի շախմատից: Շախմատը Մենակի կիրքն էր, զզվելի կիրքը, աստվածային կիրքը, որի պոռթկումներից հրաշքներ են ծնվել ու մոռացվել՝ երկնքից թափվող սիրո նման: Չկար վավերագրող: Չէ՛, կար վավերագրող, չկար վավերագրումը: Այդ տարիներին էր թե ավելի հետո, Մենակը հայտնվեց համակարգային ցուգցվանգների մեջ: Բազմիցս: Ով, երբ, ոնց պիտի նրան մղեր ոչ-ոքիի համոզմունքից դեպի հաղթանակ: Նա նախ հաղթում էր հեշտությամբ իր բոլոր հասակակիցներին: Ժամերով նայում էր բոլոր այն պարտիաները, որոնք խաղացվում էին առաջին հետպատերազմյա հաղթանակի թմրության մեջ: Հարևան որսորդ Հրաչը համոզված էր, որ Մենը մտքում վերլուծում է բոլոր պարտիաները, որոնք խաղում էին Գագիկը, Գառնիկը, Սերոբը, Հովիկը, Վահիկը, Ալբերտը: Սա գյուղի շախմատային թիմի կորիզն էր, բոլորն էլ Մենակի հոպարներն էին:
— Գագիկը հերըս ա:
— Գիտեմ:
— Բա գրել ես՝ բոլորը Մենակի հոպարներն են:
— Բայց հետո գրել էի՝ ներառյալ հայրը:
— Բայց հետո ջնջեցիր գրածդ ներառյալ հայրը:
— Հա:
— Խի՞:
— Որ էս դիալոգը գրեի:
— Գիժ ե՞ս դու, ախպերս:
— Չէ: Պարզապես գիրք եմ գրում:
— Ներսոյի ասածը չմոռանաս:
— Ո՞րը: Ֆիլմ նկարե՞լը:
— Չէ:
— Բա՞:
— Ճիշտը պատմելը:
— Չեմ մոռանա:
— Դե կպի գործերիդ:
Այս անսպասելի երկխոսությունից առաջ գրված հիշողությունները սկզբնախաղի ծուղակների պես հայտնի, բայց անսպասելի հայտնություններով կլանում էին Մենակին, երբ նա խմում էր հարբելու չափ ու հերքում ներկան: Եվ այդ օրը, 2016 թվականի ապրիլի 2-ից ուղիղ հինգ տարի հետո, վերցրեց հեռախոսը, հավաքեց մուտքի բանալի թիվը ու շաղված աչքերով, ժամանակի ընկալումը ջնջված, մատների դանդաղ ու անկանոն ստեղնահարմամբ, մարտահրավեր նետեց աշխարհին: Chess.com-ն էր էդպիսին. խաղ պատահականության սկզբունքով, 1/1, պուլյա, բուլլետ, գնդակ: Ամեն անգամ խաղի այս տարբերակն ընտրելով, որի տարբերանշանին կրակված փամփուշտի գնդակ էր, Մենակը հիշում էր գլխավերևով անցած կրակոցն ու ենթագիտակցորեն կամ չգիտեմ ոնց փորձում վրեժ լուծել, կրակել իր բաժին գնդակը: Սակայն էս անգամ նա կերպարանափոխվել էր. խաղում էր՝ ինչպես չի կարելի շախմատ խաղալ տրամաբանությամբ. նախ հենց սկզբնախաղում գրոհի նետեց միայն զինվորներին, որոնք, բնականաբար, առանց ծանր ու թեթև ֆիգուրների պաշտպանության ոչնչացվեցին պարզապես, առանց որևէ տարածքային, որակական, տեմպային կամ կոմբինացիոն արդյունքի. հասկանալի է, որ պարտությունը լինում էր ժամանակից շուտ: Լինում էին պարտիաներ, երբ Մենակը անտրամաբանական հրամանով առաջ էր նետում իր սպայական կազմը, ծանր հրետանին՝ կողքին պահելով միայն թագուհուն. Մենակը նայում էր էկրանին ու հրճվում, ասես իր ծաղրը, որն արտահայտվում էր հատուկ պարտվելով, ինչ-որ թերապիա լիներ, ցաված հոգու մխիթարանք, այսպես կոչված: Դժվարությամբ վաստակած ռեյտինգային միավորները փոշիանում էին րոպեների ընթացքում, քանի որ խաղը շատ արագ էր ու կարճատև. օրինակ, քայլ անելիս, երբ մի վայրկյան ավելանում էր, Մենակը համեմատում էր դա հերթական պայթյունից հետո ողջ մնալու հետ, ու ոչինչ չէր զգում: Եվրամիության հետ ստորագրված Խորը, համապարփակ համագործակցության պայմանագրի պես խորը, համապարփակ դատարկություն ու անտարբերություն էր միայն ներսում: Շախմատը, որը Արոնյան Լևի թարգմանությամբ նշանակում է Մահ-Մատ Արքային- Շախ/հ/, դարձավ Մենակի ինքնության ուղղակի արտահայտումն ու նկարագիրը: Երբ նա սա հասկացավ, մտածեց մի քիչ: Մի քիչ էլ: Ու որոշեց թողնել խմելը: Թողեց:

***
Շախ՝ մատ: Շախ՝ մատ: Շախ, շախ, շախ, շախ՝ մատ: Մահ արքային: Մահ արքային: Շախմատ: Շախմատ: Շախմատ: Ոչ-ոքի: Շախ: Շախ: Ոչ-ոքի: Շախ: Քայլ: Շախ: Փախուստ: Պատ: Շախ: Դիրքը լավն է: Շախ: Ժամանակ չկա: Շախ: Որակի առավելություն: Շախ: Դիրքային առավելություն: Շախ: Ժամանակն ավարտվում է: Շախ: Երկար ես մտածում: Շախ: Նյութական առավելություն: Շախ: Դրոշակ: Արագացրու: Շախ: Շախ: Շախ: Հավերժական շախ: Այլընտրանք չկա, սերս. մենք անմահ չենք:

***
Հուլիսի 5-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն հասավ 44 համարի ավտոբուսով, Գարեգին Նժդեհ փողոցից, որտեղ արվեստանոցն է, որում՝ հսկա քարեր, որոնք տաշվելով՝ դառնում էին խաչքար, տապանագիրք, առյուծ, հայդուկ, հրեշտակ ու խոյակ։
Խոյակ դարձող երկմետրանոց քարի վրայից գլխիվայր գահավիժելուց հետո Մենակը փոխվել է. աչքերն անընդհատ հոգնած են, գլխացավեր ունի, բացակա է։ Անգամ բուժզննման չգնաց։ Խորհուրդ էին տալիս նկարել գլուխը՝ հասկանալու համար ինչ է կատարվել ներսում, բայց Մենակը ասում էր՝ չէ, մեկ ա, չեք հասկանա։ Փոխարենը գոպրոն ամրացրեց ճակատին՝ որպես երրորդ աչք, ու սկսեց նկարել ամենն, ինչ ապրում էր։
Մրցաշարը շուտով կսկսվի։ Մենակը, կանգնած շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնի արձանի դիմաց, ծխում էր։ Մի ամիս առաջ, հունիսի 1-ին, հենց էստեղ, դրսում, Արոնյան Լևոնի հետ սկսեց իր կյանքի հերթական էքսպերիմենտը։
— Արոնյանի՞։
— Հա։
— Գիժ ե՞ս դու, ախպերս։
— Չէ։ Պարզապես ֆիլմ եմ նկարում։
— Ներսոյի ասածը չմոռանաս։
— Չէ։
— Դեբյուտ՝ սկզբնախաղ, միտտենշպիլ՝ միջնախաղ, էնդշպիլ՝ վերջնախաղ,- ուժեղ հեռացողի պինդ աչքերով բացատրեց Արոնյան Լևը՝ Պետրոսյան Տիգրանի բրոնզե ժպիտի մրցավարությամբ,- e2-e4:
Էքսպերիմենտը սկսելուց յոթ օր անց Մենակը ընկավ քարից. մթագնեց ուղեղը, քնեց, արթնացավ. միտքն էր ցավում, ծունկն ու քունքոսկրը։ Վիզը չկոտրվեց:
Քարից ընկնելուց ինն օր անց մասնակցեց իր կյանքի առաջին մրցաշարին՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան: Ու հաղթեց առաջին պարտիան: Հետո հասկացավ, որ հաջորդող պարտությունները առաջին հաղթանակին կառչած մնալու պատճառով էին։
— Խաղից առաջ պիտի մոռանաս նախկին, ավարտված պարտիան՝ անկախ ելքից, որ կարողանաս հաղթել հիմա,- առաջին դասի ժամանակ բացատրում էր Լևը։ Սահմանադրությանը նվիրված մրցաշարը սկսված է: Չի կարողանում կենտրոնանալ: Պարտություն: Պարտություն: Պարտություն: Պարտություն: Պարտություն: Bye: Տխրում է, որ առանց խաղի միավոր է վաստակում, փորձում է հասկանալ իրեն, իր հերթական մենակությունը։ Քունը տանում է, ու ձգտում չհիասթափվել իր առաջին, վաղեմի ու միակ սիրուց։

***
Երեկ, հուլիսի 5-ին, Շախմատի տանը, 8-ամյա Գաբրիելան ոչ-ոքիից հետո Մենակին խորհուրդ տվեց ուժեղանալ, իսկ Վարազդատը, 22 տարեկան՝ որն է Շախմատի մայր օրենքը հարցին պատասխանեց.
— Սերը։
Այսօր, Շախմատի ակադեմիայում նույն առիթով շարունակվող մրցաշարից առաջ, Մենակը քայլում էր ու դիմում Հորը՝ Կաղ Վկայի նման.
— Հայր, թող քո կամքը լինի։
Քայլում էր ու մտածում՝ կարո՞ղ է ինքը զգալ իրեն որպես հաղթող, ու շարունակում լողալ հաղթող և պարտվող լինելու ջրբաժանում։ Մրցաշարից առաջ Վարազդատ Համբարձումյանը զանգեց, որ ասի՝ ապեր, Աստված մարդու կարոտ է. հնարավոր չի՞ մտնել Աստծո տուն՝ որպես մարդ, կամ մտնել ու խնդրել մարդ դառնալ։ Այս հարցի պատասխանը փնտրելով՝ Մենակը սկսեց մրցաշարն ու առաջին չորս տուրերում պարտվեց։ Զրո միավոր։ Երբ փակեց երրորդ աչքը, հանգստի համար, պարզվեց ինքն էլ է հանգստի՝ bye։ Այսինքն՝ չես խաղում, բայց մեկ միավոր ունես։ Մենակը չգիտի՝ ուրախանա, թե տխրի։ Հիմա սա ի՞նչ է, հաղթանա՞կ, թե՞ պարտություն:
Bye-ից հետո Մենակը երկու անընդմեջ հաղթանակ տարավ։

***
Արոնյան Լևի հետ WhatsApp-ով 17 րոպե 44 վայրկյան խոսելուց հետո Մենակն անջատեց հեռախոսն ու գնաց խոյակի մոտ։ Հասկազարդ հսկա է եղել նրա բնօրինակ նախնին, որի հեռավոր նմանությամբ այժմ արվեստանոցում, երբ բոլորը գնացել են, Մենակը փորագրում է հերթական սեպաձև տաշվածքով հասկը։ Շախմատի վերարթնացումից հետո ամենն, ինչ կատարվում էր Մենակի ներսում ու դրսում, կամ հերթական քայլն էր, կամ հերթական քայլին նախորդող հաշվարկը, կամ հաջորդող կանխատեսում-վերլուծությունը։
— Լև, շախմատը իմ առաջին ու թերևս միակ խաղն է եղել, որը… գիտես, ես ավելի շուտ սովորել եմ բառերը գրել զինվորով ու արքայով, քան գրիչով։
Լևը ժպտաց բաց ու անկեղծ. կախ անկյուններով բերանը, ամուր ծնոտը ու սև բբերի խորքի սպիտակ տխրությունը նրա անցած ճանապարհի, տառապանքների, զոհաբերությունների, սպառված ժամանակների, ցուգցվանգների, պարտությունների ու հաղթանակների ամենակենսագիրն են։
— Ցավը… այսինքն` չէ, ցավը չէ, կիսատությանս անհանդուրժելիությունը գուցե էն է, որ իմ ապրած ժամանակն ու միջավայրը, իմ ապրած հոգսն ու թափառումը, իմ վատնած ուժն ու կիրքը չդարձրին ինձ էն համարձակը, որ կխոսեր իր սովորած առաջին լեզվով։ Ես ոչ թե նմանվեցի շատ ասելիք ունեցող կակազողի, այլ՝ համր խելագարի, որի ձեռքերը կտրվեցին պատերազմից հետո։
Լևը էլ չէր ժպտում։ Հայացքն ու միտքը դիպուկահարի նշանոցի պես կենտրոնացրել էր արքայի ծոծրակին։ Լուռ էր։
— Հիմա, եղբայրս, ես ուզում եմ գոնե կակազել շախմատերեն։
Լևը հայացքը բարձրացրեց. պատուհանից դուրս հուլիսյան զով լուսաբացի դեբյուտն է նախապատրաստվում։ Օվկիանոսը վերադասավորում է խառնած մանր ալիքները, ուղղում կենտրոնացած խաղաղությամբ՝ խորքում զսպելով գրոհի կիրքը։ Մենակը հիմա իր երկրում էր, Լևն իր աշխարհում, որը վաղուց դուրս է եկել 64 վանդակների սահմաններից, գրավել մոլորակի հասարակածային ու միջօրեական գծերի քառանկյունները։
Լևը շրջապատված է վատ քողարկված ծուղակի պես քծնանքով, երբ հաղթող է, ու վատ քողարկված ծուղակի պես բամբասանքով, երբ…
Լևը ժպտաց երեխայի նման։
Լևն ունի պաշտպանության մի տարբերակ միայն՝ դեբյուտից մինչ էնդշպիլ, որի հակախաղը չկա։
Լևն ունի հարձակման մի տարբերակ միայն՝ դեբյուտից մինչ էնդշպիլ, որից պաշտպանություն չկա։
Երկու սկզբնախաղն էլ նույն անվանումն ունեն, ու նրա բոլոր հակառակորդները սարսափել են դրանից։
Անունը։ Չկա աշխարհում մի մարդ, որ չիմանա անունը, ու օրը գոնե 44 անգամ չբարձրաձայնի այն բառը, որով սկսվում ու ավարտվում ու սկսվում է անհաղթահարելին:
Լևը ժպտաց երեխայի նման:
Լևը Մենակ է:
Մեն Մենակ:
Մենակ է բոլոր խաղերի ու մրցաշարերի ժամանակ:
— Ես ուզում եմ կակազել… գոնե կակազել շախմատերեն…,- լսվեց Երևանի արվարձաններից մեկում թաքնված, քարառատ, փոշոտ արվեստանոցի անկյունից, արտագրվող խոյակին փորագրվող հասկանախշերի արանքից, մուրճի ու հատիչի կտկտոցներով հեռագրված՝ Մորզեի այբուբենի պես:
Լևն, իհարկե, կարող էր եղբայրական հեգնանքով պատասխանել.
— Դու կարո՛ղ ես կակազել, այսինքն՝ ի՞նչ կակազ. դու կարող ես խոսե՛լ շախմատերեն, երգե՛լ, պոեմ ու վեպ գրել, նախընտրական ու հետընտրական, հայրենիքի փրկության ու բյուջեի գերակատարման ծրագիր ու նոր սահմանադրություն գրել շախմատերեն…
Սակայն Լևը մենակ է. հակառակորդ արքայի ու թագուհու դիմաց կանգնած՝ չհանձնվող արքայի նման:
— Շախմատի լեզվով՝ դու, ինչ խոսք, կարող ես աղոթել նույնիսկ, բանակներ ղեկավարել ու երկրներ, կարող ես, եղբայր, եթե…
Լևը Մենակ է. հակառակորդի՝ a1 դաշտում կանգնած թագուհու, c3-ում կանգնած արքայի ու h7-ում կանգնած իր զինվորի պես…
Դու կարող ես, եթե…
Դու կարող ես, եթե…
Դու կարող ես:
Այսքանն ասելու, ավելի ճիշտ՝ լռելու փոխարեն Լևը ցածրաձայնեց օվկիանոսին.
— Արքա e1 x e8:
Նորից ժպտաց՝ դեռ չծնված երեխայի նման ու գրկեց իր վաղեմի ու միակ սիրուն:

***
— Արքա e1 x e8-ը անհնար է՝ շախմատի կանոններով. սա նշանակում է, որ սպիտակ արքան խաղի առաջին իսկ քայլով հարվածում է սև արքային՝ առանց շախ և մատ հայտարարելու: Սա այն անհնարին քայլն է, որը դարեր առաջ եղել է պատերազմի ամենաազնիվ ու արդար հանգուցալուծումը՝ առանց անմեղ, անիմաստ զոհերի: Նույն՝ Հայկ նահապետի ժպիտը ժպտալով՝ Մենակը գնաց քնելու:

07.լ.08.07.2021 թ. Երևան

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն