Մի քանի վայրկյանի տարբերությամբ, համացանցում հայտնվեց երկու տեսանյութ. մեկում՝ ահաբեկիչը կտրում էր լրագրողի վիզը, մյուսն այդպես էլ հնարավոր չեղավ դիտել:
Նա չէր մտածում, որ հինգ կամ յոթ տարի անց կամուսնանա՝ համոզված լինելով, որ ճիշտը ամուրի մնալն է: Յոթ կամ ինը տարուց տղա կունենա, չնայած՝ ճիշտը սերունդ չտալն է: Տղան տասնութ կամ քսան տարի հետո շուն կմորթի և որպեսզի փորի ու հանի շան տխուր աչքերն իր բիբերից, հիվանդագին անկշտությամբ կդիտի ցանցում հայտնված մյուս տեսանյութը: Վերջնականապես համոզվելով, որ հոգին դառել է մայրաքաղաքային աղբադաշտը, ուր վերամշակման գործարանի փոխարեն դիակիզարան սարքեցին, կհարբի այն աստիճան, որ կամրջի բազրիքին հենված՝ փսխելուց ինքնասպան կլինի իր կամքից անկախ:
Կոտրվող ապակու զնգոցը սվվաց եղունգների տակով, լափեց դաստակներն ու թպրտալով նախաբազուկներում՝ պայթեց արմունկներից դուրս: Սպասեց լուսակրին, լուսակիրն էլ՝ իրեն: Գունափոխություն: Աշուն: Անցավ փողոցն ավտոմեքենաների հետ զուգընթաց: Նրան տրորում էին, բայց այնքան էր մտացրիվ, որ չէր զգում: Ուսերին հաստ ու մազոտ սպիներ էին առաջացել՝ մի փոր հացի վճարով դագաղակրումից: Ամեն հանգուցյալի հետ, իրենից ինչ-որ բան էր թաքցրել հողում՝ մթության գողացած շշուկի պես: Անցավ արդարադատության սպիտակ շենքի մոտով, որը հիմքից վերակառուցվեց նախկին այրվածի փոխարեն: «Երևի սպիտակ են սարքել, որ հենց կեղտոտվի, շուտ տեսնեն, վառեն ու նորը, մաքուրը կառուցեն»,- մտքում շատախոսելուց վախվորած՝ նայեց կողքով անցնող պարեկապահակայիններին ու ժպտաց՝ ամուր սեղմելով ուսից կախ պայուսակը: Մոտեցավ նստարանին: Երբ շենքը կառուցվում էր, ինքն էլ՝ հոգնել մեռելների հետ ճանապարհ անցնելուց, եկել ու աշխատանք էր խնդրել. տվել էին, աշխատել էր, սովից չէր մեռել: Այդ ժամանակ էլ իմացել էր, որ նախարարի աշխատասենյակը, որքան էլ որ զարմանալի է, փողոցին նայող պատուհան է ունենալու: Իր հիշողությամբ ու քրտնած հաշվարկով, ընտրեց, կողմնորոշվեց ի տես պատուհանի ու նստեց մայթի նստարանին: Այժմ կարող է անտարբեր նայել խաչմերուկ հասած ու վերադարձող պարեկապահակայիններին, քանի որ ոչինչ չի շատախոսում: Անցան: Նայեց նախարարության հաստ, չկրակվող ապակիներով մուտքին. հերթապահը չէր երևում, հավանաբար ներսում է՝ իր սենյակում, ու վստահ, որ ամեն ինչ կարգին է, ոչ մի պատահար չի լինելու: Համացանցով տարբեր նյութեր է նայում, երևի այն, թե ինչպես է մայրը սովորեցնում սեփական դստերը պոկել շան տղու անդամաքոքը, կամ մյուսը: Ժամն աշխատանքային էր կամ ուսումնական: Հատուկենտ երևացող անցորդները կա՛մ ականաջակալներով էին, կա՛մ գլուխները կախ՝ սոցցանցերում, կա՛մ մեռնող կամ հուսահատ: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նստարանին նստած Ուրվականին, ոչ ոք, բացի Ստվերից, որը շտապում է տուն՝ գլխացավից տառապելու պատճառով: Հետևաբար՝ Ստվերը չի կարող օգնել Ուրվականին: Երբեք:
Երբ Ուրվականը համոզվեց, որ պարեկապահակայինները ետ չեն դառնա, բացեց պայուսակը, երկար նայեց ներս, ասես, ինքը չէր դասավորել պարունակությունը: Որոշեց, նախ գործողությունն անել, հետո հանել ցուցապաստառը: Առաջինը հանեց բժշկական սպիրտը, որն արդեն եռում էր եղանակին անսազ տարօրինակ շոգից: Բացեց: Հոտը արմունկով հարվածեց քթանցքներին: Զգաց, որ եթե մի քանի վայրկյան էլ չխմի, կվարանի, կփոշմանի ու կգնա տուն, շարունակելով ապրել այնպես, ինչպես մինչ հիմա: Երկու մեծ կում արեց. ձգեց պարանոցի մկանները, որոնք էլ իրենց հերթին վար քաշեցին ծնոտների կեղտոտ պարկի պես կաշին: Բերանի ճեղքից խռպոտ շունչ սկսեց ներսուդրսել: Շուրթերից ստամոքս տարածված այրուքը հասնում էր պորտին: Մաքրեց արցունքված աչքերն ու զգաց մի քիչ բթություն. եթե քնած ընտանիքը վառված չլիներ արդարադատության հին շենքից տարածված հրդեհից, գուցե երգելու տրամադրություն էլ ունենար: Շիշը տարավ բերանին, ու երեք կումով դատարակեց մնացած կես լիտրն էլ: Ողջ մարմինն էլ իրենը չէր: Եթե գիտությամբ, մասնավորապես կրոնագիտությամբ զբաղված լիներ, հիմա արագ տուն կգնար ու հոգու բռնելիության մասին շատ հիմնավոր, փաստարկված թեզ կգրեր, ոչ թե կաներ այն, ինչ կանի շուտով: Բայց նա տուն չուներ: Տուն չուներ: Չուներ: Դատարկ շիշն աղբամանը նետեց, խորը շունչ քաշեց, ոչինչ չզգացող մատները քսեց իրար: Ուղեղը մթագնել էր, միտքը՝ չէ: Առանց պայուսակի մեջ նայելու ձեռքը սահեցրեց ներս, ընթացքում զննելով շրջապատը: Ամեն ինչ լուռ էր՝ մարդկանց ներկայությունը, մեքենաների անցուդարձը, դիմացի սպիտակ շենքն ու չկրակվող ապակիներով մուտքի հսկիչանոցը, իր հիշողություններն ու նստարանը, որին մայրաքաղաքի անունով էին կոչել: Ձեռքը հանեց պայուսակից: Լուռ էր Տերը, նույն ինքն՝ Աստված: Լուռ էր ցավը, որ հրթիռվեց ցածի` վաղուց անհամբույր շուրթի մեջ: Հասկացավ, որ ավելի քիչ կցավի, եթե շուրթը ձգի. վերին շուրթը ձգեց դեպի դուրս, փակեց աջ աչքը, որ չսխալվի: Իրոք, ձգած, ցավն այդքան սուր չէր, մանավանդ, մի լիտր բժշկական սպիրտն ավելի էր ներծծվում արյան ու աշխարհի մեջ: Պրկեց թելը. ասեղը հասավ բաց աչքին, նայեց մի քանի վայրկյան ու քմծիծաղով սուզվեց: Թելը պտտեց, ինչպես շուլալում են պարկի բերանը, ծակեց ցածի շուրթը այս անգամ ավելի վարպետորեն, համարյա անցավ: Սրան համապատասխան վերին ծակումի ժամանակ հիշեց, ինչպես էր տատը ձգում քրոջ ականջի բլթակը, որ ականջօղի համար ծակելուց չցավի: Ժպիտից՝ դեռ չամրացած կարերը թուլացան ու մի պահ խանգարեցին նրան շարունակել սկսածը: Զգալով, որ աստիճանաբար ցավ է զգում, հաջորդ կարը շատ ավելի արագ ավարտեց՝ սեղմելով կոպերն ու ատամները: Վերջացնելով՝ մի քանի ամուր քարկապ արեց, նախապես ձգելով, պնդելով մյուս երկու կարերը: Բերանը վերածվեց ցորենով լի, պահեստած պարկի, որին ծածանվող, կարմիր ժապավեն էր կապում տատը՝ մախաթով ու կանեփի թելով կարելուց հետո, որ սերմացուն տարբերվի աղունից:
Անձրևի քիչ առաջվա սկսվելը զարգացրեց ենթագիտակից զուգահեռներ: Հոգիս ճպճպում էր մոռացված թանաքի մեջ, որում հորս ոսկորների մոխիրն էր, սրանում պապիս գենը, այստեղ էլ՝ ես: Մի ձեռքով, կարծեմ ձախով, շարունակեցի ամուր սեղմել ճակատս, մյուսով, երևի աջով, մտա ներսս: Հմուտ փորձագետի պես, տրորելով գնահատեցի մածուցիկությունը. դուր եկավ: Ինչ-որ խաղ սկսվեց: Գաղափարի իրականցման, թե մերժման նկատառումով՝ չկարևորվեց: Էականը տեղի ունեցողն էր: Անձրևը դրսից հասնում էր հին ու հնազանդ անկողին ճկլթ, ճկլթ ձայներով: Այն հանգստություն կարող է բերել, եթե ցանկանամ: Արդարադատության նախարարության առաջ բերանը կարածը շարունակում էր նայել նախարարի պատուհանին, աստիճանաբար հասկանալով, որ սաստկացող ցավը բթացնելու համար էլ չի կարող բժշկական 96 տոկոսանոց սպիրտ խմել, չնայած պայուսակում երկրորդ շիշն էլ ուներ, երկրորդ գործողության համար: Արյունն աստիճանաբար լերդանում էր նրա շուրթերին, շարունակում էր հոսել միայն թափանցիկ ավիշը, կուտակվելով նիհար ծնոտի փոսիկի մեջ՝ խղճահարելին զզվելի դարձնելով: Նախարարը չկա ու չկա: Այսինքն, նա խաբվել է. շինարարության ժամանակ լսածը հատուկ հորինված սուտ է եղել: Նախարարի աշխատասենյակը փողոցին նայող պատուհան չունի: Նրան եթե հարցնես, կվստահեցնի, որ նախարար չկա առհասարակ, ինչպես իր երկրում: Բայց դու չես կարող մի քանի հազար կիլոմետր տարածության միջնորդությամբ նրան նման բան հարցնել, երբ բերանդ կարել ես, որպես բողոքի նշան: Ցուցապաստառն անպայման կհանի, ու կպարզի, անխոս, դեռ դրա ժամանակը չի: Հիմա համոզվել է պետք, որ նախարարը տեղում է, զգացմունքային է, բարի, այն անկեղծ ժպիտը, որով բարևում է փողոցում առանց թիկնապահի զբոսնելիս, հանովի-դնովի չէ: Նա միշտ մի քիչ ուրիշ կերպ ժպտում է, երբ իր մոտ, ոգևոր զվարթությամբ պատմում են նախարարի մենակ զբոսնելու մասին, երիտասարդ ընտանիքների հետ հենց փողոցում, մայթին կամ այգում կանգնել զրուցելու մասին: Չէ: Գանգիս աջ մասը հալված մոմի պես չի ենթարկվում ձախ ձեռքիս: Չէ: Աջս դանդաղ հանեցի հոգուցս: Թանաքն իրոք շատ որակով է: Ափս անշտապ պտտեցի՝ ներս ու դուրսը զգալով հոտառությամբ: Սկսեցի վեր հրել ճակատիս ծանրորեն հենված առաստաղը: Աջ ոտքիս նյարդի գլխավոր թպրտոցներն աստիճանաբար մարեցին. էս անգամ էլ կաթվածից խուսափեցի: Շնորհակալ եմ: Գոնչո մռութ տղես ու գեղեցկուհի աղջիկս արդեն քնել են, նախապես համբուրելով աչքերս, քիթս, բերանս՝ թողնելով երջանկությանս մեջ իրենց հրաշալի թուքն ու բերկրանքը: Կինս նեղացած է՝ համոզված, որ ուրիշ կանանց սիրելս՝ իրեն դավաճանել է նշանակում: Երևի, ես վստահում եմ միայն կարեկցանքիս, որի մղմամբ կխնչացնեի բերանփակ Ուրվականին, եթե կողքին լինեի, որ այսպես ստրկորեն չֆսֆսացներ քաղաքային լորձով լի քիթը, դառնար ավելի տրորելի ու վատ. նրան, արդյունքի հասնելու համար նոր գործողություն է պետք, անհապաղ: Քնիս ընթացքում՝ ուղեղիս փուխր անոթների տնքոցը ներծծվել է բարձի մեջ, որի անհարմարությունից ամեն գիշեր հայհոյում եմ կարապներին ու նրանց ատելի փետուրները, չմոռանալով, որ, այնուամենայնիվ, այդ բարձը մարդիկ են կարել, ու ուրիշ մարդիկ էլ ընտրել ու գնել են՝սիրուց, դավաճանության վախից, թե կարեկցանքից ելնելով: Ատում եմ իմ բարձը, որի մեջ կարապի մանկադի փետուրներ են ու գլխացավիս արձագանքը: Մայրաքաղաքի հեռուստաաշտարակը մշուշի մեջ է, տոնական, ամենօրյա վառ լույսերը՝ լղոզված՝ գեղանկարչական հնացած ու արժեքավոր դպրոցներից մեկում վրձնված կտավի պես: Տղերքը լավ կոնյակ են ուղարկել: Ծխելը վաղը կթողնեմ: Անձրևը ձգտում է ձյունի, բառը՝ հայհոյանքի: Չի լինելու ձմեռ: Վերջ: Ճկլթ, ճկլթ: Թարլը թող կանգառ անի, ու ծխի մի հատ, քանի ոլորապտույտից չի թռել ձորը: Ուրվականն ինչ ուզում է թող անի, իր գործն է. սիրում եմ դավաճանությունն ու ատում կարեկցանքը: Թարլն էսքան ժամանակ ինձ հարցրե՞ց ինչ անի. երբեք: Մի երգ ունեմ հորինած, վաղը ծախեմ, տղուս ծնունդին նվեր առնեմ. շան վիզը կտրող դանակ: Լավ երգ է, երբեք չի ավարտվում: Երբեք:
Ցավը գնալով ծավալվեց՝ շոգի պես: Գիտեր, որ ինչ-որ աստիճանի հասնելու է ու խաղաղվի, մոռացվի, ինչպես, այնուամենայնիվ, էլ չի սպանում երեխա որդու մահը, սիրելի կնոջ ինքնասպանությունը և այլն: Բայց չէ: Սա ուրիշ ցավ է: Չի մեղմանում: Զգաց, որ հապաղել չի կարելի: Անցում երկրորդ գործողությանը՝ ավելի կտրուկ ու զորեղ: Արագ բացեց պայուսակը, հանեց սպիրտը, բացեց, դրեց սպիի վերածվող բերանին ու գլուխը ետ գցեց: Սպիրտը ողողեց դեմքը, լցվեց նորածին անցք-վերքերի արանքներն ու մեջը, մրմռացրեց, որից ցավը հասավ կատարելության ու լռեց: Կոկորդ չհասնելով, սպիրտը չռչռալով թափվեց շորերին: Վատնումից զգաստացավ, սահմանափակ ժպիտով աղավաղեց առանց այդ էլ խորշելի դեմքն ու հանեց կոշիկները: Գուլպաները չհանեց, քանի որ չէր հագել: Քրտնած, կեղտոտ մաշկի ու կոշիկի ներաշխարհի շփման հոտը շառավղեց մայրաքաղաքի անունը կրող նստարանը, հետո՝ սպիտակ շենքը, հետո հրապարակը, հետո ողջ մայրաքաղաքն ու մնաց շրջանագծած: Արագ-արագ, նպատակային, սկսեց ոտքերը լվանալ սպիրտով: Դատարկ շիշը դրեց կողքին, պայուսակից հանեց թիզ ու կես լայնությամբ, բռնցքաչափ հաստությամբ, սրնքաչափ երկարությամբ առողջ տախտակը: Դրեց գետնին: Ոտքերը դրեց տախտակին: Հանեց միջին ծանրության մուրջը, նայեց պատուհանին, մուրճին, պատուհանին: Հանեց բարևող ափի երկարությամբ, ճկույթի հաստությամբ մեխը, նայեց պատուհանին, մուրճին, մեխին, պատուհանին, մեխին, ոտքերին, մուրճին, տախտակին, հողին, ասֆալտին, Աստծուն ու կռացավ, մեխի սրությունը հարմարեցրեց ձախ ոտնաթաթի կամարի կենտրոնին, նայեց պատուհանին, չվերադարձող պարեկապահակայիններին, ապակե մուտքին, ոտքին, մեխի գլխին, փակեց աչքերն ու մուրճը թափով իջեցրեց… «Քու դանդալոշ տիրու մերը…»,- կասեր նրա պապը, եթե այդտեղ լիներ կամ չմեռած: Ուրվականի աչքերը կլորացան, գոռոցը կուտակվեց պարանոցի երակների փքման մեջ: Ջնջխված բթամատից համեստորեն հոսում էր արյունը՝ որպես օրենք: Դանդալոշը արագ-արագ շնչելով, պլինչը թափրտելով աջ ու ձախ, որոշ մասն էլ հայրենի հողին, վերագտավ իրեն, արիացավ ավելի, քան իր բոլոր նախնիները միասին, նորից հակվեց մեխին ու մուրճին, աչքերը փակելուց առաջ բացեց և հստակ, հատու հարվածով մեխը մրճեց ոտնաթաթի մեջ. սուրը ծակեց հողագույն մաշկը, անցավ սեղանաձև ոսկորների արանքով՝ կտրելով կապանները, պոռթելով դուրս եկավ կամարի տակից, կիսով չափ մտավ տախտակի մեջ ու սպասեց հաջորդ հարվածին: Երկար չսպասեց: Մուրճի և մեխի ամեն հանդիպումից արյունը ցայտում էր խանդավառված՝ փոխելով աշխարհի միօրինակությունը: Սլացիկ ցավը ազգային զարդանախշեր փորագրեց սրտին: Մեխի առանցքը գրավեց նաև տախտակը, անցավ ասֆալտի միջով ու հասնելով հողին, կանգնեց: Գլխի մակերեսն արդեն կազմալուծված ոսկորների մեջ էր: Արնոտ մուրճը կշպրտի պատուհանին՝ ավելորդ համարելով մյուս ոտքն էլ մեխել: Մեկով կպած է հայրենիքին, հերիք է, մյուսով ճանապարհ պիտի անցնի: Հապաղումը պարտություն է: Ձախ ձեռքն նարագ խոթեց պայուսակը, հանեց մեխն ու ամուր սեղմեց կենտրոնից՝ բթով ու ցուցամատով: Ափի թիկունքը հենեց ծնկին, մեխի ծայրը հպեց կյանքի գծի մեջտեղին. մեխի և կյանքի անկյունն ուղղեց ինչքան հնարավոր էր, բայց ուղիղ անկյուն չստացվեց: Ցավը մի քիչ շատ կլինի, բայց արդեն ապրածի համեմատ, դա քթանցքից մազ պոկելու ցավի պես մի բան կզգացվի, ոչինչ: Հստակ, մտածված, առանց աչքը թարթելու մրճեց: Մեխը խրթոցով թափանցեց չոր ու ճաքճքած մաշկի միջով, թափանցեց միջնամատն ու ցուցամատը սկսած ոսկորների արանքով: Մատները անզգայացան: Մեխը պահելու կարիք էլ չկա: Զարմացավ, մի քիչ էլ ուրախացավ, որ մեջն այդքան արյուն կա դեռ ու չռռում է մայրաքաղաքի անվամբ կնքված նստարանին, ցցերի վերածված ծնկներին ու պետության վրա: Մեխված ձեռքը հենեց նստարանի թիկնակի հաստ ճաղափայտին. դըխկ, ղըռթ, դըխկ, ղըռթ, դըխկ… վերջ, կարելի է մուրճը շպրտել, քանի որ չի կարող աջ ոտնաթաթով աջ ձեռքն էլ մեխել մայրաքաղաքի անունը կրած նստարանին, իսկ ձախն արդեն մեխված է… Կոտրվող ապակու զնգոցը սվվաց եղունգների տակով, լափեց դաստակներն ու թպրտալով նախաբազուկներում՝ պայթեց արմունկներից դուրս: Հսկիչը դուրս թռավ՝ կոճկելով շալվարի կոճակները, տեսավ կատարվածն ու գոռգոռալով ներս վազեց: Մի քանի րոպեում քաղաքը վերակենդանացավ: Մարդիկ, ոստիկաններ, շտապօգնության բրիգադ. հայտնվում էին ամեն տեղից ամեն կերպ ու փորձում հասկանալ նրա արածը: Իսկական ժամանակն է բողոքի ցուցապաստառը հանելու: Բացեց պայուսակը, վստահ՝ ակընկալվող արդյունքից, արձագանքից: Աջ՝ չմեխված ձեռքը մտցրեց մեջն, ինչպես ես՝ հոգուս մեջ: Չօգտագործված երրորդ մեխը ծակեց մատը: Չզգաց: Խառնշտեց: Սարսափեց: Հիասթափվեց: Էլի փնտրեց: Չկա: Չկա: Ինչպես իր տունը, ընտանիքը: Չկա… Ըհը… Չէ, սա չի… Սա է, դա է, դա է, հանիր, արագ, ժամանակն է, հանիր, արագացրու, ապրես, թափ տուր՝ կբացվի ինքն իրեն, բացվեց, չէ պտտի հակառակ, ոչինչ չկա գրված, հակառակ պտտի, հակառակ… ոչինչ չկա գրված՝ հակառակ, մյուս էջը… ոչինչ չկա գրված… Անասո՜ւն, սա պատա՞նք է, թե բողոքի ցուցապաստառ…
Սկսեց լաց լինել՝ նայելով մարդկանց, լուսանկարիչներին, ոստիկաններին, բուժանձնակազմին, որը զգուշորեն նրան պոկեց մայրաքաղաքից, հայրենիքից, պետությունից ու տարավ: Հետագա փորձաքննության մեջ նշված էր, որ մի քանի կաթիլ արյուն հայտնաբերվել էր նաև չկրակվող հաստ ապակիների վրա ու ճաքեր գցել: Արյան գենետիկան չէին հետազոտել՝ համոզված լինելով, որ տեղաբնակինն է:
Երբ բոլորը հեռացել էին, վերքոտ վզով մի շուն վախվորած մոտեցավ ու սկսեց լիզել Ուրվականի չորացող արյունը մայրաքաղաքի, հայրենիքի, պետության վրայից:
Ռադիոծրագիրը կտրուկ ընդհատվեց՝ լուրերի արտահերթ թողարկմամբ.
— Արդարադատության նախարարության շենքի դիմաց, մի քաղաքացի, որպես բողոքի նշան, կարել է բերանն ու ոտքը մեխել հողին: Լուրը ալեկոծել է հասարակությանը, զանգվածային ցույցեր ու անհնազանդության դրսևորումներ են մայրաքաղաքում: Մարդիկ պահանջում են քանդել քաղաքացու բերանի կարերն ու լսել բողոքը: Հետագա զարգացումների մասին անպայման կտեղեկացնենք մեր ունկնդիրներին: Այժմ, մեր եթերում՝ տոնական ռեքվիեմ…
Խելագարված Ուրվականի ինքնասպանությունից հետո ես մնացի Նույն մարդը ու ամբողջովին մենակ: Ծեր ու ճերմակ կատվի փոխարեն, հիմա շուն եմ պահում: Պարանոցի լայն ու խորը սպին փակում եմ վզկապով ու մենք, ամեն երեկո գնում ենք «Թարլի մոտ», միս գնելու, բայց միայն իր համար:
Ես բուսակեր եմ: