նոյեմբերին:
մենք նորից
փնտրում ենք
փողոցը որը գոյություն չունի ..

էդ գրողի տարած փողոցը
որտեղ ամեն մի քայլդ նման է
անտրամաբանական սավառնանքի
դեպի ներքին կայսրությունդ

ուր դարձյալ սկսում ես խորհել
շոկոլադի և էն կարմիր ու
տաք շուրթերի մասին
սրտերի խելահեղ մոլեգին ճիչերի մասին

ձմռանը մայթին անտեսված մահամերձ
կարմիր վարդի մասին
անտոնիոնիի և բերգմանի մասին

վաղվա մասին
մյուս, է՜ն մյուս տարվա մասին
մահվան մասին
քո մասին
փողերի մասին
էն հրեշավոր,
այլանդակ ցուցահանդեսի մասին
նախքան լուսաբացը մերկ ճյուղերից
էս ու էն կողմ թռչող
փոքրիկ թռչունների
առեղծվածային երգի մասին

անհեթեթ մանկության մասին
քամիների մասին
պատուհանների լղոզված
ապակիներից այն կողմ

***
տիեզերքի մասին
լվացքի մեքենան քացու տակ
գցելու մասին
(կյանքիս աղմուկները կրկնապատկելու
համար)
թոշնած ձեռքերի աչքերի աղոթքների ու
տրագիկ խաղաղ ներս փլվող
պատերի մասին ..
առաստաղից անվերջ կաթող
մտքերի
վերածվող
ամայացնող
աստերոիդների
անձրևի
դրանից
պաշտպանվելու մասին…

***
ճախրելով հազարավոր չքնաղ դղյակների
գոյություն չունեցող քաղաքի
կաթնային գույների հանճարեղ երկնքում
իջնելով քիչ ներքև թռչկոտելով և անցնելով
գոյություն չունեցող անթարգման
տանիքները
տարատեսակ ու բազմերանգ կտուրները
ժամացույցավոր հեքիաթային

աշտարակները
սիրունիկ ծուռ ու մուռ ծխնելույզները

մենք փնտրում ենք փողոցը
որը գոյություն չունի .
մենք
հեռանում
ենք
իրարից

իրար
փնտրելու…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն