Արցախում թատրոն չկա, կինո, ակումբ, ստրիպտիզ, փաբ, հազար ու մի բան… Արցախում զվարճանալու վայր չկա:
Սխալվում եք:
Թունդ ընդդիմադիր, նախկին դասախոս Կարեն Գիլունցի դատավարությունն էր: Չգիտեմ ինչ էր ու ոնց էր, բայց իբր Կարեն Գիլունցը հունիսին կնոջ հետ մտել էր համալսարան, ռեկտորը թե պրոռեկտորը ասել է՝ չի կարելի մտնել, ռեմոնտ է գնում: Գիլունցը էստեղ ջղայնացել է, ռեկտորի ու պրոռեկտորի մերերին է քրֆել, մոտ վազած համալսարանական բանվորներին անվանել է ռեկտորի չմոներ: Գիլունցը: Սրանով չի բավարարվել: Բանվորներից ամենատարեցին՝ Գագո ձյաձյային, բասկետբոլի գնդակի պես նետել է գազոններն ու քացու տակ գցել: Գիլունցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Սա ասում եմ վկաների ցուցմունքից, Գիլունցը, իհարկե, հակառակն է ասում՝ քաղաքական ճնշում է, բռնապետություն, կլեպտոկրատիա և այլն:
Ահա դատավորը դխդխկացնում է: Գյուղական գերազանցիկի տեսք ունի: Ակնոցով քիչ նման է Լավրենտի Բերիային: Թուղթը ձեռքն առնելով, պաշտոնական տոնով սկսեց կարդալ սարսափազդու դատական ձևականությունները: Երկար ճառից հետո հրավիրեց վկային:
Մոտ եկավ ապխտած ձկան պես 35-40-ամյա երկարավուն վկան:
— Անուն-ազգանուն, քաղաքացիություն, ազգություն, — գյուղական ինտոնացիայով վրա բերեց դատավորը:
— Ադամյան Խորեն… հայ… Ղարաբաղ…- պատասխանեց գրեթե լացակումած:
— Ի՞նչ էինք անում, երբ Գիլունցը մտավ համալսարան:
— Դե, պարոն դատախազ… — չհասցրեց ասել, դատավորը մրճահարեց:
— Այղ տղաա՞, բա պա՛րոն դատախազն ո՞վ ա,- բերանը ծռեց՝ գյուղական ինտոնացիան ուժգնացնելով: Վկան ձեռքից բաց թողեց ինքնատիրապետումը…
— Դեե…
— Պարոն դատավոր,- հիշեցրեց դատավորը:
— Հա, պարոն դատավոր, անշարժ գույք էինք իջեցնում…
— Այ տղաա, անշյարժ գույքը ոօ՞նց էիք իջեցնում, շենքը իջեցնո՞ւմ էիք,- վրա բերեց դատավորը, այս անգամ հիմարավուն ժպիտով:
Դահլիճը զսպեց փռթկոցը: Դատավորը մուրճով նկատողություն արեց:
— Դե նստարաններ էինք իջեցնում:
Դատավորը խոր շունչ քաշեց ու արտաշնչեց, ընթացքում չզգաստացավ դահլիճը:
— Գիլունցը ծեծե՞լ է ամբաստանյալին:
— Այո:
— Ո՞նց:
— Այ այսպես, սենց ու սենց, ոտքերով, քացու տակ…
Դահլիճը դժվարությամբ սանձեց ծիծաղը:
— Այ տղա, բա ինչո՞ւ ես ձեռքերով ցույց տալիս, ձեռքերո՞վ է քացու տակ գցել,- ասաց դատավորը ու մուրճով կարգավորեց թեթևսոլիկացած դահլիճը: Երկար-բարակ, ոչ, շատ երկար հարցաքննությունից հետո (որովհետև վկան, մեղմ ասած, անադեկվատ էր), դիմեց մնացածին:
— Հարցեր կա՞ն:
Ամբողջ ընթացում դեմքը ձեռքերի մեջ թաղած տուժող Գագո ձյաձյան վեր կացավ ու կատաղած շան պես նայեց Արթուրին… մեկ, երկու, երեք վայրկյան…
— Խորեն, դու տուպո՞յ ես:
— Հանգստացե՛ք,- հիստերիայի մեջ չխչխկացրեց դատավորը:
Դահլիճում շշուկներ տարածվեցին. «Դե հարցեր էր ուզում, մարդը հարց տվեց…»… Նորից փռթկոցներ ու նորից թխթխկոց:
Դատավարության ընթացքում տանջանք, բայց միաժամանակ համբերություն արտահայտող Երևանից հրավիրված հայտնի փաստաբան, նման գործերի մասնագետ Ամալյանը տեսքով կարող էր լացացնել ցանկացածին: Հերիք չէ, որ մարդիկ Ղարաբաղի շրջանների տարբեր բարբառներով էին խոսում, դատավարությանը խանգարում էր փաստաբանի ետևում տեղակայված կիսաբաց պատուհանից լսվող կռազների ու կամազների ղռոցները:
Նա բոլոր զգայարանները պրկել էր ղարաբաղի բարբառը մարսելու համար, ինչը հայելու պես արտահայտվում էր դեմքին: Պետք էր աշխատել արտակարգ պայմաններում:
— Պարոն փաստաբան, դժվարություններ կա՞ն բարբառի ընկալման հարցում:
— Ոօօչ, ո՛չ, շնորհակալություն, պարոն դատավոր…-ասաց ու հետ ընկավ բազկաթոռին:
Փաստաբանական հսկայայական փորձն էր օգնում հասկանալ բարբառը:
Հաջորդը վկան ծնունդով Ղարաբաղի Ծմակ գյուղից էր:
— Դարչինյան Ռափիկ:
— Ազգությունը:
— Ըն.. դեե.. ղարաբաղցի տղա եմ էլի, ամուսնալուծված…,- ձեռքերը տարածեց Ռափիկը:
— Այ տղա, ազգությունդ ղարաբաղցի՞ աա,- թխթխկացրեց դատավորը:
Նորից փրթփրթաց դահլիճը… ավելի շատ ցնցվելով «ամուսնալուծվածի» վրա:
— Ի՞նչ է արել Գիլունցը, վկա Դարչինյան:
— Դե չեմ հիշում…
— Ո՞նց:
— Դեե…
— Ի՞նչ «դե», մի հատ լրջացեք,- վկայի վերաբերմունքից դատավորը բացած բերանը կլորացրեց ու խստացավ:
— Պատերազմ… -, ասաց Ռափիկը
— Ի՞նչ պատերազմ:
— Դե պատերազմը… բանը…
— Բան չեմ հասկանում,- շունչը պահեց դատավորը:
— Պատերազմ բան ա եղել, չեմ հիշում էլի…
— Պատերա՞զմ… 20 տարի առաջ է եղել:
— Հա, դե սենց-նենց… հազար բան է եղել… չեմ հիշում… հիշողություն չկա…
Հաջորդը համալսարանի հավաքարարուհին էր: Աշխատավոր մարդ, սոցիալական ցածր խավից: Դա էին վկայում շորերը, հատկապես՝ էժան ներկով ներկված մազերը:
— Ինչո՞վ է ձեզ խանգարել Գիլունցը:
— Դե հասարակական կարգն է խանգարել…
— Այսինքն…
— Դե մենք աշխատում էինք, նա էլ կռիվ սարքեց:
— Ի՞նչ էիք անում:
— Պոլերն էի լվանում:
— Դրանով ձեզ խանգարե՞ց:
— Այո…
— Հասարակական կարգը՞:
— Այո,- շառագունած դեմքով պատասխանեց հավաքարարուհին, որից այն կողմ ինֆարկտ է լինում (դատավորի հարցերը խլեցին կենսական ուժերը):
— Հաջո՛րդը:
Հաջորդը Հիտլերի բեղով և Չերչիլի կլորավուն դեմքով բանվոր էր, 40-ի ու 45-ի արանքում:
— Անուն-ազգանուն, ազգություն, բնակության վայր, տարիք:
— Հայ, Ղարաբաղ, դե մի 40 էլի, պարոն դատավոր…
Էս անգամ չդխդխկացրեց, հոգնել էր: Թե չէ կասեր՝ ի՞նչ է նշանակում մի 40 էլի: Բայց դահլիճի վրայով թեթև ժպիտ սահեց:
— Ի՞նչ է արել Գիլունցը:
— Մայրական գծով հայհոյել է:
— Ու՞մ:
— Պրոռեկտոր Ջամալյանի վրեն…
— Ջամալյանն ի՞նչ է պատասխանել:
— Ասել է՝ ամոթ չի՞, անցիր գնա:
— Բա Գիլունցը ո՞նց է պատասխանել:
— Ասել է՝ լավ եմ անում, դուք ռեկտորի չմոներն եք: Ու էլի ծնողական մոմենտով ուշունցներ է տվել:
— Է՞լ ում է հայհոյել:
— Ինձ էլ, Գագո ձյաձյային էլ:
— Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել:
— Մոտեցել ենք, որ անջատենք, Գիլունցը նորից ասել է՝ ես քո մերը, ես քո հերը, սենցդ ու նենցդ…
— Հետո՞:
— Գիլունցը չի հանգստանում, վեր ընգած Գագո ձյաձային քացու տակ է գցում:
— Հետո՞:
— Պրոռեկտոր Ջամալյանը մեզ ասում է՝ մոտեցեք ու ոտքի կանգնեցրեք Գագո ձյաձյային:
— Հետո՛:
— Մոտենում եմ, թե Գագո ձյաձյային օգնեմ, նորից վրա է տալիս՝ ձեզ սպանելու եմ, գնացեք այստեղից:
— Հետո՛:
— Վախեցել ենք, էլ ոչ մի բան չենք արել, Գագո ձյաձային վերցրել ենք ու գնացել շենք:
— Հետո՛:
— Դա չի հերիքել Գիլունցին, նորից սկսել է հայհոյել, մորով… բանով…
— Հետո՛:
— Նրա ընկերոջն ենք զանգել, որ գա տանի… էլի չի հանգստացել:
Վերջապես գրոհի անցավ փաստաբանը՝ սիրալիր քաղցր տակտիկայով:
— Դուք Գիլունցին ասել եք մատաղ լինեմ, իսկ նա ձեզ ծանրագույն հայհոյա՞նք է տվել:
— Այո, հայհոյանքները չի էլ դադարեցրել… երբեք… բոլորի առջև:
***
Կարեն Գիլունցի գործը կարճվել է: Այսօր բոլոր վկաները նրան տեսնելով, շրջանցում են, որ հանկարծ կյանքում գրչից ծանր բան չբռնած Կարեն Գիլունցը բասկետբոլի գնդակի պես չնետի գազոններն ու մեր քրֆի: