Զրույց «Անտարես» հրատարակչության տնօրեն ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Մարտիրոսյան, 2012 թ. Երևանը լինելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ համատեքստում ինչպե՞ս եք գնահատում մեր պետության, մեր մայրաքաղաքի, գրաշուկայի ու գրահրատարակչության հնարավորությունները: Մենք պատրա՞ստ ենք այդ իրադարձությանը:
-Մենք պատրաստ չենք, բայց պատրաստման փուլում ենք: Այսօր պետություն-հրատարակիչներ-գրողներ-գրական շուկա հարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան առաջ, և դարձել են էապես ավելի քաղաքակիրթ: Կա ռեալ համագործակցություն, մոտ տասը ցուցահանդեսների և տոնավաճառների ենք մասնակցել միայն այս տարի, որտեղ կային և պետական պաշտոնյաներ, և գրողներ և թարգմանիչներ, և հրատարակիչներ, մի խոսքով` գրական շուկայի բոլոր խաղացողները: Եվ լավ էր, որ այդ մեծ փորձի փոխանակումը տեղի ունեցավ: Ստեղծվել է գրական գործակալի ինստիտուտ: Արդեն կա այդպիսի մի կառույց, որը աշխատում է հայ լավագույն կամ այսպես ասած` վաճառվող գրողների ստեղծագործությունները հանել միջազգային շուկա: Առաջին պայմանագրերն արդեն կան և այդ գործը շարունակական ու տևական է լինելու: Հուսով եմ, որ այդ գործը կզարգանա, և մի քանի տարի անց կունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի գրական գործակալություններ: Հայաստանում տեղի են ունենում գրքի ամենամյա տոնավաճառներ, ինչը ես նույնպես շատ եմ կարևորում:
— Հայաստանում, երբ որ որևէ խոշորամասշտաբ իրադարձություն է լինում, ապա պետությունը գրեթե ամեն ինչ անում է դրանք պատշաճ անցկացնելու համար, սակայն այդ իրադարձության ավարտից հետո` այդ ոլորտը մոռացվում է և պետության արածը դառնում է այսպես ասած` դրվագային ակցիա: Ի՞նչ եք կարծում, նույնը չի սպասվում նաև այս դեպքում:
— Գրքի մայրաքաղաք հռչակվելը օլիմպիական խաղերի պես մի բան է, որին պետք է պատրաստվել` համապատասխան ենթակառուցվածքների ապահովման տեսքով: Գրահրատարակչական լեզվով ասած` մենք պետք է ունենայինք գրական գործակալություններ, շատ գրախանութներ, կոնկրետ գրական ժանրերի վրա մասնագիտացած հրատարակչություններ, որոնք արդեն լուրջ արդյունքներ պետք է արձանագրած լինեին նաև դրսում, և այդ պատրաստվածությամբ դիմավորեինք այդ իրադարձությունն ու հավասարի պես հարաբերվեինք այդ ոլորտում աշխարհի ուժեղների հետ: Կան նախադրյալներ, որոնք կստիպեն, որ այդ ամենը լինի, և դրանցից մեկն էլ այն է, որ նախապատրաստական փուլը երկու տարի է, ինչ անցնում ենք, և այդ հարցում մեզ աջակցում է գերմանական Գյոթեի անվան ինստիտուտը, և այլ կազմակերպություններ, որոնք տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպում և խորհրդատվություններ են իրականացնում:
— Լավ, եկավ 2012-ը, բարեհաջող անցացրինք, ու անցավ, ի՞նչ է մնալու դրանից, կամ մնալու՞ է արդյոք:
— Հենց այդ փորձագետները, ովքեր այսօր օգնում են մեզ, թույլ չեն տա, որ մենք հետ գնանք: Ինչպես այսօր Եվրախորհուրդն է աջակցում, որ մեր պետությունը քայլ առ քայլ գնա դեպի դեմոկրատական ինստիտուտների զարգացումը, այնպես էլ այդ միջազգային կառույցները ապահովելու են գրքի ու գրահրատարակության հետ կապված գործընթացների շարունակականությունը Հայաստանում: Անցյալ տարի աշնանը մի փառատոնի ժամանակ տարբեր երկրների դեսպաններ Խնկո Ապոր անվան գրադարանում կարդում էին հեքիաթներ իրենց մայրենի լեզվով: Ես կարծում եմ, որ այս ավանդույթը շատ լավ կլինի` մենք էլ կիրառենք: Մեր երկրի պաշտոնյաները լավ կլիներ այցելեին գրական-մշակութային հիմնարկներ, դպրոցներ և ցույց տային, որն իրենք կանգնած են գրքի կողքին: Շատ կարևոր է նաև, որ հարկային արտոնություններ տրվեն գրքին: Գիրքը պետք է առանձնացվի որպես հոգևոր-մշակութային արժեք:
— Հայաստանյան շուկայում նկատվում է միտում, որ հրատարակիչները ձգտում են տպագրել ավելի շատ դասագրքեր ու մեթոդական ձեռնարկներ: Մենք անընդհատ խոսում ենք գրքի լավ տպագրությունից, ներկայանալի տեսքից, հարկային արտոնություններից, բայց գրքերի բովանդակությունից քիչ ենք խոսում: Ի՞նչ է անում կոնկրետ «Անտարես» հրատարակչությունն այդ ուղղությամբ:
— Դասագրքերին ու մեթոդական ձեռնարկներին նախապատվություն տալը մեր պայմաններում բնական է, քանզի դրանց տպագրության դեպքում հրատարակիչը վստահ է վաճառքի հարցում: Մյուս կողմից էլ` գրախանութներն ավելի շատ հենց այդ գրքերն են ընդունում վաճառքի: Մենք պետք է կարողանանք հասնել այն բանին, որ մեր արդի գրողները պահանջված լինեն ընթերցողների, հետևաբար` գրախանութների կողմից: «Անտարեսն» այդ առումով մի քանի ծրագրեր է իրականացնում: Նախ` պատրաստվում ենք հրատարակել «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարը, որը ներառելու է հայ և համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունները: Առաջին մի քանի հատորները շատ շուտով լույս կտեսնեն: Մատենաշարը միտված է խթանելու ընթերցասիրությունը մեր երկրում, հատկապես` բարձր դասարանների դպրոցականների ու երիտասարդների շրջանում: Ամեն մի մարդ պետք է կյանք մտնի գիտելիքների անհրաժեշտ պաշարով, գրականության իմացությամբ, որպեսզի այլ երկրներում հայտնվելիս` վստահորեն ի ցույց դնի իր տեղյակությունը տվյալ երկրի գրական արժեքներին: Ես վստահ եմ, եթե մենք ունենանք ընթերցասեր հասարակություն, ապա մի քանի տարի հետո կապրենք բոլորովին այլ պետության մեջ: Մենք պետք է կարողանանք մեր հասարակության մեջ ներարկել այն գիտակցությունը, և ստեղծել այն պայմանները, որ Հայաստանում հաջողության կարելի է հասնել միմիայն կրթվածություն միջոցով` ի տարբերություն այսօր գերիշխող վատ միտումների` խնամի-քավոր-մեջք-տանիք և այլն: Ընթացքի մեջ է նաև «Արձակ» պատմվածքի մրցույթը, որը նախ` մեր գրականության հնարավորությունները ստուգելուն է միտված, իսկ հեռանկարում այն համաշխարհային շուկա դուրս բերելու ծրագիր ունենք: Եվ, ընդհանրապես, «Անտարեսը» ձգտում է Հայաստանում զարգացնել գրող-հրատարակիչ քաղաքակիրթ հարաբերություններ: