Վիրջինիա Վուլֆը դարասկզբի անգլիական վիպասանության աչքի ընկնեղ դեմքերից է: Բավական է ասել, որ «հոգեբանական դպրոցը» նոր կյանք ստացավ հենց նրա վեպերում և իրավացի էր քննադատ Դ. Դեյչեսը, երբ գրում էր, որ «Վուլֆը լոնդոնյան գրական կյանքի կենտրոնն էր»:
Իր ժամանակակիցներից նա հատկապես բարձր էր գնահատում Մարսել Պրուստին: «Ոչինչ չի կարող համեմատվել Պրուստի հետ, որի գրքերի մեջ ես այժմ թաղված եմ… Ես կարծում եմ, որ նա կթողնի իր հետքը իմ վեպերում և կստիպի ավելի քննադատորեն վերաբերվել իմ կողմից գրված յուրաքանչյուր նախադասությանը»: Վուլֆի քննադատական հոդվածներին բնորոշ է որոշ սուբյեկտիվիզմը: Իրականության ռեալիստական պատկերման ամեն մի փորձ նրա կողմից դատապարտվում էր: Պատկերել կյանքը Ջոյսի ոգով, պատկերել մարդուն ընդհանրապես` ահա նրա իդեալը:
«Այն ինչ ես անում եմ հիմա, երևի կարող էր շատ ավելի լավ իրագործվել միայն Ջոյսի կողմից»,- գրում է նա իր օրագրում: Բայց նրա իդեալը Մարսել Պրուստն էր: «Նրա մոտ գերագույն զգայությունը համադրվում է գերագույն համառությամբ: Նա հետապնդում է այս ցնդող երանգները մինչև վերջ: Դա նույնքան ամուր է, որքան լարը և նույնքան ակնթարթային որքան թիթեռի կյանքը»:
Նրա ստեղծագործությունները չեն վրիպել նաև անգլիական առաջադեմ գրականության ներկայացուցիչների ուշադրությունից, և այս կապակցությամբ հիշատակման արժանի Դ. Լինդսեյի հոդվածը (1937): Այս հոդվածում նա սխալ է համարում Վուլֆի և Ջոյսի ստեղծագործական մեթոդները իրար հետ համեմատելու փորձերը: «Նրան հաճախ են համեմատում Ջոյսի հետ, բայց դա մակերեսային ընդհանրացումն է,-գրում է Լինդսեյը,- քանի որ թեև Վուլֆը օգտագործում է Ջոյսին բնորոշ իմպրեսիոնիստական գրելաձևը, բայց երբեք չի չարաշահում գեղարվեստական ձևը ի վնաս գեղարվեստական բովանդակության»: Ինչպես և Ջոյսը, նա նույնպես ընկալում է մարդկային աշխարհը որպես Բարու և Չարի, Կյանքի ու Մահվան ողբերգական պայքար: Ի հակադրություն Ջոյսի, Վուլֆն իր ստեղծագործություններով հաստատում է կյանքը, հավատում, որ այն կհաղթի մահին: Խոշոր տաղանդի տեր լինելով, նա անկասկած իր մեծ ավանդն է ներմուծել անգլիական նոր գրականության զարգացման գործում: Նա համարձակ նորարար էր պատմողական արվեստում:Արտեմ Հարությունյան
ԳԻՇԵՐԱԹԻԹԵՌԻ ՄԱՀԸ / ՎԻՐՋԻՆԻԱ ՎՈՒԼՖ
Ցերեկով թռչող գիշերաթիթեռներին գիշերաթիթեռ կոչելը ճիշտ չէ. նրանք չեն առաջացնում աշնանային խավար գիշերների և բաղեղի ծաղիկների այն հաճելի զգացողությունը, որ մեր մեջ միշտ առաջացնում է քողի ստվերում քնած հասարակ դեղին թիթեռը: Գիշերաթիթեռները հիբրիդ են. նրանք այնքան երփներանգ չեն, որքան թիթեռները, ոչ էլ այնքան մռայլ, որքան իրենց սեփական ցեղատեսակը: Այնուամենայնիվ, այս տարատեսակը իր` չոր խոտի գույնի նեղ թևերով, որոնք եզերված են նույն գույնի ծոպերով, թվում էր` գոհ է կյանքից: Սեպտեմբերյան հաճելի, մեղմ առավոտ էր, բայց օդն ավելի զով էր, քան ամառային ամիսներին: Գութանն արդեն վարում էր պատուհանի դիմաց գտնվող դաշտը, և խոփի անցած տեղերում հողը հարթ էր ու փայլում էր խոնավությունից: Դաշտերից և զառիվայրից այնպիսի եռանդ էր հորդում, որ դժվար էր կենտրոնանալ գրքի վրա: Սերմնագռավները ևս կատարում էին իրենց ամենամյա տոնակատարություններից մեկը. նրանք ճախրում էին ծառերի կատարների շուրջ այնպես, որ տպավորություն էր ստեղծվում, թե երկինք է նետվում հազարավոր սև հանգույցներից հյուսված մի ընդարձակ ցանց, որը մի քանի ակնթարթից դանդաղորեն իջնում էր ծառերի վրա, և թվում էր, որ ամեն մի ոստ իր ծայրին մի հանգույց ունի: Հետո հանկարծ ցանցը նորից էր նետվում դեպի երկինք, այս անգամ ավելի մեծ տրամագծով, ծայրահեղ բարձր աղմուկով և ճչոցով, կարծես երկինք նետվելն ու դանդաղորեն ծառի կատարին նստելը չափազանց հուզիչ զբաղմունք է:
Այն նույն էներգիան, որից ոգեշնչվում էին սերմնագռավները, վար անողները, ձիերն ու նույնիսկ կռացած, բաց զառիթափերը, ստիպում էր գիշերաթիթեռին պատուհանի ապակեպատ շրջանակի ներսում մի կողմից մյուսը թռչել: Նրան չնայելն անհնար էր: Նա խղճահարության տարօրինակ զգացում էր առաջացնում: Հաճույքի հնարավորություններն այդ առավոտ այնքան մեծ ու բազմազան էին, որ այս կյանքում գիշերաթիթեռ լինելը, գիշերաթիթեռի օրով ապրելը դաժան ճակատագիր էր թվում, և իր խղճուկ հնարավորությունները մինչև վերջ օգտագործելու նրա եռանդը սրտաճմլիկ էր: Նա խանդավառությամբ շրջանակի մի կողմից մյուսն էր թռչում, և այնտեղ մի պահ կանգ առնելուց հետո ուղղվում դեպի հաջորդը: Նրան ոչինչ չէր մնում, եթե ոչ թռչել դեպի երրորդ, ապա նաև չորորդ անկյունը: Նա միայն դա կարող էր անել, չնայած զառիթափերի չափերին, երկնքի լայնությանը, հեռավոր տներից դուրս եկող ծխին և մերթընդմերթ ծովից լսվող շոգենավի ձայնին: Նա անում էր այն ամենը, ինչ կարողանում էր: Նրան նայելիս թվում էր` աշխարհի հսկայածավալ էներգիայից մի մանրաթել` շատ բարակ, բայց մաքուր, խցկվել էր նրա թույլ և նվազ մարմնի մեջ: Հենց որ նա կտրում-անցնում էր շրջանակը, ես պատկերացնում էի, որ կենսական լույսի մի թել է ի հայտ գալիս: Նա փոքր էր կամ ոչ այլինչ էր, եթե ոչ կյանքը:
Սակայն քանի որ նա այդքան փոքր էր և էներգիայի այնպիսի պարզ ձև էր, որ պտտվում էր բաց պատուհանի մեջ և անցնում իմ սեփական ուղեղի և այլ մարդկային էակների ուղեղների բազմաթիվ նեղ ու խճճված միջանցքներով, նրա մեջ ինչ-որ սքանչելի, միևնույն ժամանակ սրտաճմլիկ բան կար: Կարծես ինչ-որ մեկը վերցրել էր անապական կյանքի մի մանր ուլունքահատիկ և որքան հնարավոր է զգուշորեն զարդարելով այն տարբեր փետուրներով` զիգզագաձև շարժման մեջ էր դրել` ցույց տալու մեզ կյանքի իրական բնույթը: Դա տեսնելով մարդ չէր կարող չմտածել կյանքի տարօրինակության մասին: Մարդիկ հակված են մոռանալու կյանքի մասին ամեն ինչ` տեսնելով, թե ինչպես է այն կորանում և իշխվում և զարդարվում և արգելքի հանդիպում, այնպես որ ստիպված ես առաջ շարժվել մեծագույն շրջահայացությամբ և արժանապատվությամբ: Նորից այն միտքը, թե ինչպիսին կարող էր լինել կյանքը, եթե նա գիշերաթիթեռ չծնվեր, այլ որևէ ուրիշ արարած, ստիպում էր նրա պարզունակ շարժումները դիտել մի տեսակ խղճահարությամբ:
Որոշ ժամանակ անց, պարելուց ակնհայտորեն հոգնած, նա նստեց պատուհանի փայտե շրջանակին` արևի տակ, և քանի որ տարօրինակ ներկայացումն ավարտվեց, ես մոռացա նրա մասին: Հետո, երբ վերև նայեցի, նորից հայացքս հանդիպեց նրան: Նա փորձում էր վերսկսել պարը, բայց թվում էր կամ այնքան քարացած կամ էլ այնքան անշնորհք, որ միայն կարողանում էր թևերը թափահարել շրջանակի հատակին, իսկ երբ փորձեց թռչել, չկարողացավ: Քանի որ ուրիշ մտքերով էի տարված, մի որոշ ժամանակ նրա ապարդյուն շարժումները դիտում էի առանց մտածելու, ենթագիտակցորեն և սպասում էի, որ նա նորից կթռչի, ինչպես մարդ սպասում է, որ մի պահ կանգ առած մեքենան նորից տեղից կշարժվի, առանց հաշվի առնելու խափանման պատճառը: Հավանաբար յոթերորդ փորձից հետո նա, թևերը թափահարելով, փայտե շրջանակից մեջքի վրա ընկավ պատուհանագոգին: Նրա անօգնական վիճակն ինձ հուզեց: Հանկարծ հասկացա, որ նա դժվարություններ ունի. այլևս չի կարողանում բարձրանալ, ոտքերն էլ իզուր են պայքարում: Բայց երբ մատիտը պարզեցի, որ օգնեմ նրան վեր կենալ, հասկացա, որ ձախողումն ու թուլությունը մոտալուտ մահվան մասին են վկայում: Մատիտը նորից ցած դրեցի:
Նա ոտքերը ևս մեկ անգամ թափահարեց: Ես կարծես թշնամի լինեի, որի դեմ նա պայքարում էր: Դուրս նայեցի: Ի՞նչ էր կատարվել այնտեղ: Հավանաբար կեսօր էր, և աշխատանքը դաշտերում դադարել էր: Առավոտյան տիրող աշխուժությանը փոխարինել էին անշարժությունն ու անդորրը: Թռչունները հեռացել էին դեպի վտակները` սնվելու: Ձիերն անշարժ կանգնած էին: Բայց միևնույն է, դրսում կուտակված ուժ կար` անտարբեր, անանձնական, որևէ կոնկրետ բանի չվերաբերող: Ինչ-որ կերպ դա հակադրվում էր չոր խոտի գույն ունեցող գիշերաթիթեռին: Անիմաստ էր փորձել որևէ բան անել: Մնում էր միայն դիտել փոքրիկ ոտքերի գործադրած արտասովոր ջանքերը` դիմադրելու մոտալուտ մահվանը, որը, եթե ցանկանար, կարող էր հեղեղել մի ամբողջ քաղաք, ու ոչ միայն քաղաք, այլև բազմաթիվ մարդկային էակների. մահվան դեմ բոլորն էլ անզոր են: Այնուամենայնիվ, սաստիկ հոգնածության դադարից հետո նա նորից ոտքերը թափահարեց: Այս վերջին ջանքը հիասքանչ էր և այնքան ուժգին, որ նա վերջապես կարողացավ ուղղվել: Ես իհարկե ամբողջությամբ կյանքի կողմից էի: Բացի այդ, երբ ոչ ոք չկա, որ իմանա կամ մտահոգվի, այն վիթխարի ջանքերը, որ գործադրում էր այս աննշան, փոքր գիշերաթիթեռը հսկայական մեծության ուժի դեմ` պահպանելու համար մի բան, որ ուրիշ ոչ ոք չի արժևորում կամ չի ցանկանում պահպանել, տարօրինակ կերպով հուզիչ են դառնում: Նորից իմ առջև տեսա կյանքը` մի մաքուր ուլունքահատիկ: Ես նորից բարձրացրի մատիտը` լավ իմանալով, որ դա անօգուտ է: Մահվան ակներև նշանները սկսեցին ի հայտ գալ: Մարմինը թուլացավ և մի ակնթարթում քարացավ: Պայքարն ավարտված էր: Փոքրիկ, աննշան արարած ճանաչեց մահը: Երբ նայեցի մահացած գիշերաթիթեռին, մեծ ուժի րոպեական հաղթանակը նման չնչին հակառակորդի հանդեպ ինձ զարմանքով լցրեց: Ճիշտ ինչպես կյանքն էր տարօրինակ մի քանի րոպե առաջ, այնպես էլ այժմ տարօրինակ էր մահը: Գիշերաթիթեռը, որի մարմինն ուղղվել էր, այժմ պառկած էր չափազանց մեծ վայելչությամբ, զուսպ ու առանց բողոքելու: Թվում էր, թե նա ասում է` օհ, այո՛, մահն ավելի ուժեղ է, քան ես:
Թարգմանությունը` Ռուզաննա Սուքիասյանի