ՀԱՅԿ ԲԼԲՈՒԼՅԱՆ
ռադիոհաղորդավար, ասմունքող, լրագրողՀայկ Բլբուլյանի ձայնը ՖՄ 103.5 ռադիոկայանով հնչում է արդեն 12 տարի: Չնայած ժամանակների ու կյանքի ռիթմի փոփոխությանը, նրան հաջողվում է հետաքրքրել ամենատարբեր տարիքի ունկնդիրների: Նրա ներկայացրած «Բարի կեսգիշեր» շարքում ներկայացվում են հայ և օտարազգի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները: Ասմունքը մատուցվում է նորովի` նրբաճաշակ երաժշտական ձևավորմամբ: Մարդկային զգացումների բոլոր նրբերանգները արտացոլվում են այն տողերի մեջ, որոնք Հայկ Բլբուլյանի ձայնի շնորհիվ ավելի են ներդաշնակվում գիշերվա հետ:
Ռադիոեթերի մասին
«Երբեք չեմ փորձել ինձնից հատուկ կերպար ստեղծել, անել այն, ինչ իմը չէ և ասել այն, ինչին չեմ հավատում: Ունկնդիրն իմ զրուցակիցն է, և բավարարված կլինեմ, եթե կարողանամ ծրագրիս օգնությամբ թեկուզ մի քանի ակնթարթ նրան հաղորդակից դարձնել արվեստի, գեղեցիկի հետ, օգնել կողմնորոշվել դժվար իրավիճակում:
Իմ հեղինակային հաղորդումներում ընդհանուր ոճավորումը գիշերայինն է, ռելաքսացիոնը: «Գիշերային կյանք» ծրագրի ընթացքում ունկնդիրը կարող է և ասմունք լսել, և հարստացնել իր ինտելեկտուալ պաշարը տարբեր հոգեբանական դիտարկումներով»:
Ասմունքի մասին
«Ասմունքել սկսեցի և՛ սրտի մղումով, և՛ ունկնդրի պահանջով: Քանի որ ծրագրերումս առաջնային է եղել գրական շեշտը, մշտապես տեղ եմ հատկացրել պոեզիային: Ինչը կարող է ավելի լավ լիցքաթափել, խոհի, աներկրային զգացողության մղել մարդուն, որքան բանաստեղծությունը` այն էլ գիշերային ժամին: Ասում են, որ իմ ընթերցմամբ բանաստեղծությունները յուրահատուկ հնչողություն են ստանում: Ճիշտն ասած` հատուկ նշումներ, շեշտային նախապատրաստումներ չեմ անում, ուղղակի այդ պահին պատկերացնում եմ, թե ես եմ բանաստեղծության հեղինակը և կարծես իմ սիրելիին եմ ուղղորդում հնչող խոսքերը: Առաջնային տեղ եմ տալիս բնականությանը: Ասմունք չի նշանակում միայն կեղծ հառաչանք ու պաթետիկ հնչերանգներ: Ասմունքը շատ ինտիմ բան է, ուստի ես իմ ասմունքը ունկդրին հասցնում եմ ռադիոեթերի ու ձայնասկավառակների միջոցով: Առիթներ եղել են և հիմա էլ կան, երբ հրավիրում են սրահներում ասմունքելու` հրաժարվում եմ: Բեմական ասմունքը մի տեսակ իմը չէ: Ասմունքն ինձ համար ինքնաարտահայտման միջոց է և ոչ մասնագիտություն կամ աշխատանք»:
Պոեզիայի մասին
«Ես միշտ չէ, որ պոեզիայի սիրահար եմ եղել, չնայած մեծացել եմ արվեստի, գրականության մթնոլորտում: Բանաստեղծությունն սկսեցի իսկապես հասկանալ ու գնահատել համեմատաբար ուշ, ու դրան օգնեց նաև բանասիրական կրթությունս: Ամեն մարդ մի մոլորակ է, և երբ հոգուդ եզերքներն այնքան ներդաշնակ ու բյուրեղյա են լինում, որ հարազատանում են նաև հազարավոր այլ մարդկանց համար աշխարհի տարբեր ծայրերում, սա կախարդական մի բան է:
Ես էլ ստեղծագործում եմ, թողարկվել է «Բացվիր իմ առաջ» հեղինակային ձայնասկավառակս, իմ տեքստերով երգեր են երգում տարբեր արտիստներ:
«Գիշերային մեղեդիներ» խորագրի գործերը արձակ բանաստեղծություններ են: Այստեղ հավաքված են տարբեր տարիների այն հեղինակային նախաբանները, որոնցով բացել եմ «Գիշերային կյանք» ռադիոծրագիրը: Եթե անկեղծ, այս գործերը ես գրել եմ լսվելու և ոչ կարդացվելու համար, բայց գրասեր ընկերներիս ու մի շարք ունկնդիրներիս խրախուսմամբ դրանցից մեկը ներկայացնում եմ նաև «Գրեթերթի» ընթերցողներին (եթե անկեղծ` առանց գրական հավակնություններ ունենալու)»:
Գիշերային մեղեդիներ
Գիշերներ շատ կան…
Մեր գիշերներ» կան վայելելու չափ քիչ:
Ընդունիր իմ գիշերը. սա իմ ընծան է, որ պիտի վաստակենք միասին մեր անկեղծությամբ, մեր անկրկնելիությամբ:
Զարկերակդ լսում եմ…
Չշտապե՛ս երբեք…
Ապրիր բացահայտելո՛վ:
Նոր է ամեն ինչ:
Կյանքը քո ներկայացու՞մն է… բայց դու մի՛ եղիր դերասան: Դերերդ քեզնից անկախ կդասավորվեն:
Ինչպե՞ս ես:
Չհամարձակվես ասել, որ անտարբեր ես, սովորական, հիասթափված կամ չվարձատրված:
Ամենն, ինչ կա, կա քո մտքերում…
Եղիր արժանի՛ նրան, ինչ մտածում և ուզում ես, ու ժպիտը, բավարարությունը կդառնա քո լուսապսակը:
Մի՛ կասկածիր: Մի՛ սպասիր: Մի՛ նախատեսիր: Մի՛ քննադատիր ու անպատվիր: Հավատա՛ միայն քո ներդաշնակության զորությանը: Իսկ ներդաշնակությունը քո հոգու, մտքի ու մարմնի զորությունն է, համահնչունությունը Աստծո ստեղծած իրականության հետ, այն ամենի հետ, ինչ գոյություն ունի:
Չկա աշխարհ, չկա տիեզերք, եթե այն չկա քո մտքում ու զգայություններում… Ինչպե՞ս ես դու տեսնու՛մ: Դա՛ է խնդիրը: Ես գիտեմ, որ ինչքան կայացել ես, այնքան էլ թաքնված ու նույնիսկ քո կողմից չգիտակցված պաշարներ ունես հասկանալու, ընդունելու, արարելու, ոգևորելու, նվիրելու, սիրելու, վերածնվելու…
Հավատա , որ դու գերմարդ ես, եթե չես ապրում պատրանքներով…
Մի՛ մրցիր: Մի՛ վազիր: Մի՛ ստրկացիր սարքովի մարդկանց սարքովի օրենքներին:
Դու քո Աստվածն ես, եթե մահացած չէ վերերկրայինի ոգին քո մեջ…
Խաղաղվիր:
Լսի՛ր իմ ամենամոտ ձայնը:
Լսի՛ր ու արի իմ ետևից որպես իմ լույս ու շարունակություն…
Հավատա՛ մեր միասին վայելքին… Վայելք, որ եթե քոնն է, ուրիշ ոչ ոքինը չէ… Մտի՛ր իմ մեղեդիների խորքը:
Եթե պետք է՝ վերադասավորի՛ր գույները. մի քիչ ավելացրու կամ պակասեցրու գիշերը, թափանցիկությունը կամ… վերախմբագրված սատանայությունը…
Նա ժամանակին Աստված էր, հետո դարձավ նրա բևեռը…
Առանց բևեռի չկա արժեք: Բայց ես չեմ ուզում զգալ քո այն բևեռը, որը ինձ կկործանի…
Արվեստը քո տարերքն է…
Հավատա՛ արարման ուժին ու իմացի՛ր, որ դու պիտի միայն ընտրես…
Տեսնու՞մ ես՝ ինչ թարմ է այս գիշերը, ինչ թանձր է նրա բազմիմաստությունը, իմ բազմիմա՛ստ ու բազմատեսք հայելի, ի՛մ գիշերակից…