Շրոդինգերի կատու

Քայլում եմ` կարդալով քաղաքը:
Փողոցային գրականություն…
Մի անկյունում բառեր են համբուրվում,
մյուսում արդեն ծնվել է բանաստեղծությունը:
Ես գողացա այդ բանաստեղծությունն
ու լռեցի քո մասին:
Քաղաքը նորից ինձ է ապտակում:
Ես չգիտեմ` մեռած եմ, թե ծնվել եմ քո մահում:
Իմ հերոսները բան առ բան քանդվում են այս քաղաքից,
իսկ գրելն ու սիրելը` գնալով դժվարանում:
Պարզաջրել է պետք կորցրածը:
Պարզաջրվել է պետք կյանքից:
Միևնույն ժամանակ լինել մեռած ու կենդանի
քաղաքի վրա:
Խեղդվելով մակերեսին` զգալ քո թողած արագության հետքերը:
Երևի չարժե պարտվել վաղվան` գրավ դնելով բոլոր երեկները:
Միևնույն ժամանակ լինել մեռած ու կենդանի:
Քաղաքից հոտն է փչում մարդու:
Հեռվում փնչում է Շրոդինգերի մի կատու:
Քաղաքին մոտ, այդքան էլ հեռու
մահը ծիծաղում է հերձված բառերի վրա:
Իմ Շրոդինգերի կատու…
Ես գիտեմ` դու ծախում ես բառերդ:
Դեռ չգիտես` մեռած ես, թե կես բաժակ կյանք ես խմել:
Իմ Շրոդինգերի կատու…
Ես գիտեմ բառերդ ես ծախում…
Ու դա հերիք է քեզ չկարդալու համար:
Միևնույն ժամանակ լինել մեռած ու կենդանի
քաղաքի վրա:
Խեղդվելով մակերեսին` զգալ քո թողած
լռության հետքերը,
տեսնել դեպի ոչ մի տեղ գլորվող պատասխանները:
Ինձնից հեռու, հեռու…
Կիսամեռ իմ Շրոդինգերի կատու…

մենք երբեք պետք չենք նրան ում երբեք պետք չենք լինի

օրացույցների մեջ սիրելը դժվար է
ավելի դժվար քան կարող էիր մոռանալ մոռացածդ
եվ իրոք քանի անգամ է պետք մոռանալ մի կարգին բանաստեղծություն գրելու համար
գրելը իմ և քո բացակայության միջև միակ անդունդն է
գրելը սպանում է հնարավոր ամենքին
եվ ինչու են պատերը թափառում տան մեջ իսկ ընդհատակվածները բողոքում մենությունից երբ ամեն օր նրանցից հանվում են ժամկետանց կյանքերը ինքնասպանի
օրացույցի մեջ մեռնելը իրոք դժվար է դարձել ավելի դժվար քան կարող էիր արդարացնել բացակայությունս քո բացակայությամբ
և իրոք քանի անգամ է պետք լքել մի կարգին մնալու համար
գրելը քո և իմ բացակայության միակ պատճառն էր

Հոտ

Իմ ուղեղի կոյուղիները դատարկվել են:
Դատարկվել գլխացավերից:
Իմ ուղեղի կոյուղիները փտել են,
փտել կարմիր բառերից:
Խցանում է խցանում:
Կիսատ-պռատ հիստերիան գալիս է հոտից ու հոտի հոտ բերում:
Ես ատում եմ հոտը և հոտը նրա:
ՔաղաՔՆԵՐԻՑ փախչել է պետք:
Հոտից քնի ու քնից հոտի հոտ է գալիս:
Անքնություն է պետք դոփող ուղեղին:
Արթուն քնի մեջ է ճմռթված հոգին:
Նիցշեն մեռած է: Ես սպանել եմ Նիցշեին կամ հակառակը:
Ես առակ եմ:
Հոտը` անԱՌԱկ:
Մենք բոլորս հակառակ ենք:
Հակառակ բոլորիս:
Իմ ուղեղի աղբամանները հոգնել են,
հոգնել ոչնչից:
Իմ ուղեղի աղբահանները մաքրել են,
մաքրել ձեզ էնտեղից:
Ես գրում եմ հանգերով:
Իմ ուղեղը տեսնում է հանգեր անգամ հոտի մեջ գեր ու ամենակե՛ր:
Մի անգամ էլ բարձրացե՛ք ոտքի:
Հոտն է գալիս:
Ես ատում եմ հանգը ու կառուցում անհանգ քաղաք անհատակագիծ երգերից:
ԲաբեԼենՈՆ:
Հոտը երկնքում ադամանդների հետ:
Հոտը ներսից հաշմված:
Հոտը պարզապես չի ուզում հիասթափեցնել:
Անարատ դեգեներատ:
Իմ ուղեղը մորմոքում է, մորմոքում է
հոտի մեջ:
Իմ ուղեղը սպանում է իմ ուղեղը անվերջ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն