Գիտեմ՝ կլինի, ստույգ չգիտեմ, թե՝ ե’րբ,

Քո ձեռքը բռնած՝ դեռ սարն ի վեր կտանեմ քեզ, 

Եվ միասին կհասնենք Արարատի գագաթը:

Եվ այնտեղ կհամբուրեմ քեզ՝ մինչ ինձ կնայես,  

Եվ դու կհամբուրես ինձ՝ մինչ քեզ կնայեմ:

Գիտեմ՝ կլինի, ստույգ չգիտեմ, թե՝ ե’րբ:

Կքայլենք միասին Արցախի լեռներում դեռ,   

Եվ սարն ի վեր կտանեմ քեզ,

Թե ե’րբ կլինի, մի’ հարցրու ինձնից,

Բայց կլինի, երբե’ք չկասկածես:

Ու կբարձրանանք մենք հորձանուտներն ի վեր

Ու դեռ կդիտենք արծիվներին բարձրում՝ ամպերի մեջ,

Եվ ես կզգամ, թե ինչպես է սիրտդ բաբախում՝ իմանալուն պես,

որ, ի վերջո, հասնելու ենք: Գիտեմ՝ կլինի այդպես:  

Եվ մ’ի լացիր, սիրելի’ս, երբ մտածես՝ անհնարին է,

քանզի պատմել են ինձ, որ այդպիսի բառ, կարծես,

Չկա հայերենում  ո՛չ պարտություն և ո՛չ էլ նման մի բան:

Ես ուզում եմ, որ համոզված լինես՝ լինելու է, 

Ստույգ չգիտեմ, թե՝ ե’րբ: Գիտեմ ՝ ճշմարիտն է վերջում հաղթելու,  

Եվ այդժամ այդ օրը ժպտալու ես: 

Ու թեև հիմա տխուր ու մենակ եմ այս խրամատում

Ու թե ասեն քեզ՝ չեմ վերադառնալու, սո’ւտ է, չլսե’ս: 

Քանզի ի’նչ էլ լինի, կվերադառնամ, կասկած չունենա’ս՝

Ձեռքիցդ բռնած՝ քեզ Արարատն ի վեր տանելու  

Եվ հայկական սրտիդ բախյունը լսելու համար: Չկասկածե’ս:

Գիտեմ՝ կլինի’, ստույգ չգիտեմ, թե՝ ե’րբ:

Գիտեմ, որ կլինի, սիրելի’ս:

                                                                                       Ագուադուլսե, 7 նոյեմբերի 2020

ՆԱՄԱԿՆԵՐ ԱՆԱՀԻՏԻՆ

Նվիրված Անահիտ Մարգարյանին՝ 2020 թ. հոկտեմբերի 11-ին, որպեսզի նա մի օր գրի հայ երիտասարդների մասին, որոնք այս օրերին զոհեցին իրենց կյանքը և հերոսացան հանուն նրանց, ովքեր հավատում են Հայաստանին, և թող բոլորը իմանան, որ նրանք իրենց կյանքն իզուր չեն նվիրաբերել  հայրենիքին:        

1.

Սիրելի’ Անահիտ Մարգարյան: Երիտասարդ հայուհու՝ իսպանացի ծեր գրողիս ուղղված թանկարժեք նամակն ինձ հուզեց: Դրանում ինքդ քեզ հարցեր ես տալիս, որոնք կարծես պատասխան չունեն՝ ինչո՞ւ մեզ՝ հայերիս, ողբերգական ճակատագիր բաժին հասավ, որը երբեմն անեծք է թվում: Ինչո՞ւ է երբեմն տպավորություն ստողծվում, թե արժանի էինք այս զարհուրելի տառապանքին: Ի՞նչ ունեն աստվածները մեր դեմ: Մի՞թե հույս չկա:

Եվ գրեթե հեկեկալով՝ շարունակում ես հարցեր տալ, որոնք կարծես պատասխան չունեն՝ ինչու՞ մի ազգ, որն այդքան զգայուն է զգացմունքների, գեղեցկության, երաժշտության, արվեստի, ընտանեկան արժեքների, անկեղծ սիրո հանդեպ, պետք է այսքան տառապի: Եվ նույնիսկ հիմա՝ արդի դարաշրջանում, երբ պետք է հավատացած լինեինք, թե եկել է մյուս ազգերի նման ապրելու ժամանակը, վայելելու կյանքն ու այն, ինչը նա մեր առջև բացում է, հայի որդիները շարունակում են նույն թշնամիների ձեռքով զոհաբերվել վայրագ պատերազմում. մի բան, որը պետք է անցյալում մնացած լիներ: Իսկ հայ ժողովրդի որդիների ընտանիքները, մերձավորները, ընկերներն ստիպված են թաքնվել գետնի տակ՝ ապաստարաններում, որպեսզի չսպանվեն: Ինչու՞ է ճակատագիրն այսքան ողբերգական Հայաստանի համար:                                 .

Քեզ կասեմ նվաստիս կարծիքը՝ պարզապես մարդ արարածի, որը չի ուզում ոչ կույր, ոչ խուլ, ոչ էլ համր լինել: Կասեմ քեզ իմ կարծիքը, քանի որ արժանի ես լսելու այն:

Այդքան ծանր ու դժվար է, քանի որ հա՛յ եք: Քանի որ ձեր նախնիները չհամաձայնեցին փոխանակել իրենց համոզմունքները հարաբերական և կեղծ անդորրով, որն իրենց առաջարկում էին, եթե նրանք համաձայնեին դադարել հայ լինել: Քանի որ ձեր երակներում հոսում էր և շարունակում է հոսել հայկական արյունը, ինչը նշանակում է հարգանք ձեր նախնիների և սեր ձեր հողի հանդեպ, երախտիք ձեր մշակույթի և արժանապատվություն ձեր ավանդույթների հանդեպ, հպարտություն՝ առ ձեր ինքնատիպությունը, որը ձեզ ստիպում է լինել և հասկանալ աշխարհը որոշակի կերպով և, հատկապես, միշտ կարողանալ նայել ուղիղ ճակատով՝ առանց երբևէ գլուխն իջեցնելու:

Սիրելի’ Անահիտ, սիրելի’ երիտասարդ գրող: Սա անեծք չէ, հետևաբար, այլ՝ հակառակը՝ օրհնություն, քանզի բռնակալները ցանկանում էին ջնջել ձեզ Երկրի երեսից, և ստացան հակառակը: Սփյուռքը ձեզ սփռեց երկրի բոլոր անկյուններով ՝ բայցև մնալով նույնը, ինչը կայիք՝ Հայ և հաջողեց տարածել ձեր մշակույթը երկրագնդի երկայնքով: Քանզի հայերը նրանք են, ովքեր գիտեն և սիրում են իրենց առանձնահատուկ գեղեցիկ լեզուն, նրանք են, ովքեր հարգում և սիրում են իրենց վաղնջական բնօրրանը, բայց և ամենից առաջ նրանք են, ովքեր չեն մոռանում իրենց արմատները, իրենց ավանդույթները, բանաստեղծությունները, օրորոցայինները, երգերը, նրանք են, ովքեր չեն մոռանում անձրևից և լեռներով արագահոս իջնող բյուրեղյա աղբյուրներով թրջված Հայաստանի հողի բույրը: Նրանք են, ովքեր չեն կարող մոռանալ Արարատ լեռան ուրվագիծը, որը շարունակում է և կշարունակի հավերժ պաշտպանել հայոց հողը, թեկուզև քաղաքականության թշվառությունն այն այսօր դնի մեկ այլ երկրում, որը  ոչ մի կապ չունի զարմանահրաշ լեգենդի՝ Նոյ նահապետի հետ, հենց Աստվածաշնչի, վաղնջական ժամանակների հետ, որտեղից սերում են առաջին հայերը:

— Սիրելի’ Անահիտ, հայերդ երբեք չեք կարողանա ազատվել այս ամենից՝ անկեղծ, համառ, բարի և հախուռն, ընկերասեր և սառը, աներեր ու սրտառուչ լինելուց, անկախ ամենից՝ ձեր գաղափարները, խորհրդանիշները, ձեր դավանանքը պահպանելուց, քանզի այնտեղ՝ այն անզուգական հոգևոր սրտում, որն Էջմիածինն է, որտեղ հարյուրաձայն երգչախմբերին՝ իրենց ցածր տենորով և անհնարին սրությամբ, հաջողվում է այնպես անել, որ նրանց լսող երջանիկ արտոնյալների մազերը բիզ-բիզ կանգնեն: Ահա այնտեղ է, որտեղ Երկրի հնագույն էթնիկ խմբերից մեկին պատկանելու խորհուրդը ձեզ պատում և հմայում է: Եվ երբեք չեք կարող ազատվել հնամյա քարերի հանդեպ ձեր հարգանքից, չեք կարող հրաժարվել մառախուղի և սառույցի, որոտի և կայծակի արանքում ընկղմված խոր հովիտներից, որտեղ, կարող է տպավորություն ստեղծվել, որ արարչագործությունը դեռևս ավարտին չի հասել, չեք կարող ազատվել հնամենի մատուռների հին պատերին դիպչելու կարիքից, խաչքարերի առաջ գլուխ խոնարհելու անհրաժեշտությունից, որոնք ճանապարհորդներին խաչելության խորհուրդն են ցույց տալիս միշտ: Ո’չ, չե’ք կարողանա երբեք ազատվել մի այնպիսի եզակի բանից, ինչը հայ լինելն է, թեև վերջինս կնշանակի, որ ստիպված եք լինելու ինքներդ ձեզ շատ հարցեր տալ, ինչպես այժմ անում ես դու, նախանշաններով և սիրելիների կորստի պատճառով ողբերգություններով լի այս մութ օրերում: Նրանցից շատերը չկարողացան վայելել կյանքը՝ նվիրվելով միայն մի հարցի՝ Հայկական հարցին, որը կարծես իմաստ կամ պատասխան չունի: Թեև  իսկապես ունի:       

Այնուամենայնիվ, սիրելի Անահիտ, արդեն իսկ անունդ է հավաստում, որ նույնքան հայ ես, ինչպես այն սարը, որի վրա գտնվում է Անահիտի գահը՝ ձեր Անահտա աթոռը, և պետք է որ հավատարիմ լինես հայկական ավանդույթներին և օգտագործես քո բառերի հզոր ուժը, երբ գրում ես՝ բուժելու անհամբերությամբ հիվանդներին, նրանց, ովքեր չեն հավատում ճշմարտությանը, նրանց, ովքեր կասկածում են ՝ արժե՞ արդյոք, նրանց, ովքեր կարծում են, որ ավելի լավ է հրաժարվել այս  ամենից մեկ անգամ և ընդմիշտ: 

Բայց ո’չ, սիրելի’ աղջնակ: Պետք է համոզված լինես, որ ամեն ինչ իմաստ է ունեցել, որ կգան հույսի օրեր և Հայաստանին պատկանելու հպարտությունը, ի վերջո, կդառնա լավագույն ընծան, որը գոյությունը կարող է արժանացնել որևէ մարդու: Ահա, թե ինչու՝ ուզում եմ փոխանցել քեզ իմ զգացմունքները, որովհետև քեզնից ավելի լավ չի հասկանա ոչ մեկը, և այն հզոր մոգությամբ, որն ի վերջո բառերն են, սփռել դրանք բոլոր տեղերով, որտեղ գոնե մեկ հայ կամ հայուհի իրենց նման հարցադրումներ անելիս լինեն:                                                                                         

11 հոկտեմբերի 2020  

ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՎԵՐ ԴՈՒՔ ՀԱՅ ԵՔ

Սիրելի’ Անահիտ, աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին մենք ենք պատկերացնում: Չկա երկրային Եդեմ, որտեղ կարողանանք ապաստան գտնել. մութ է, դաժան, բռնի, տարօրինակ: Սովորաբար իրերը չեն դասավորվում այնպես, ինչպես կարծում ենք: Ինքնին բարդանում են, դառնում ավելի դժվար լուծելի, քան կարծում ենք: Ի վերջո, Դարվինը ճիշտ էր: Մենք էվոլուցիայով անցած մատերիա ենք՝  դրան հետևող շարունակական պայքարում: Ատոմներ, մոլեկուլներ, սպիտակուցներ ենք, որ կազմում են կյանքը, որին մենք  չափազանց կարճ ժամանակով մասնակցում ենք:

Բայց քեզ մի բան կասեմ, քանզի արժե: Պետք է պայքարել, այո’, իդեալների համար: Պետք է գոյատևել, այո’, նրանց համար, ովքեր մեզ ուղեկցում են այս անհավատալի գոյաբանական պայքարում, պետք է ոտքի վրա կանգուն մնալ, այո’, հանուն նրա, որ շարունակենք լինել այն, ինչը կանք: Չպետք է երբեք հանձնվել, չպետք է անձնատուր լինել, չպետք է հուսահատվել:                                

Դուք՝ հայերդ, այս ամենի մասին շատ բան գիտեք: Կյանքը, պատմությունը, իրականությունը Հայաստանի զավակների համար բարի և ոչ էլ կարեկցող կամ դյուրին չեն եղել: Ասես ձեզ փորձության ենթարկելիս լինեն,  ինչը, կարծես, վերջ չունի միմիայն այն բանի համար, թե ովքեր եք և գոյության, մտածելու ձեր կերպը պահելու պատճառով: Իսկապես, պատմության ընթացքում շատ այլ ժողովուրդներ տեղի տվեցին, հանձնվեցին: Նրանք ձուլվեցին և անհետացան: Դուք՝ ոչ: Դուք շարունակում եք կանգուն մնալ, նայելով ապագային՝ պատրաստ ամեն ինչի, քանի որ դա հենց ձեզ հատուկ ինքնատիպությունն է: Նրանք ձեզ հետ չեն պահի` ո’չ թուրքերը, ո’չ ադրբեջանցիները, ո’չ էլ ուրիշ որևէ մեկը: Հայաստանը հավերժ կլինի Հայաստան: Դուք համարձակ ու առաձնահատուկ ժողովուրդ եք՝ ձեր ավանդույթների ու սովորույթների սիրահար, հպարտ ու արժանապատիվ: Եվ այդ ամենը հավերժական թշնամիները երբեք չեն ներում ձեզ:

Ես սրա մեջ լավը կտեսնեի: Դուք մարդիկ եք, որոք չեն վաճառվում ամենաբարձր գնով, դուք տղամարդիկ և կանայք եք, որոնք կարողացել են գոյատևել աշխարհասփյուռ Սփյուռքում՝ պահպանելով հայկական ինքնատիպությունը: Եվ դա, սիրելի’ Անահիտ, չի փոխվելու: Հայկի որդիները երբեք չեն հանձնվի Բելի ժառանգներին: Եվ չնայած դուք տարածվել եք աշխարհով մեկ, դեռ կշարունակեք  երազել Արարատ լեռ վերադառնալու մասին և դեռ կցանկանաք աղոթել Էջմիածնում: Քանի որ ամեն ինչից վեր դուք հայ եք: ᐧ

29 հոկտեմբերի 2020

ՄԵՆՔ ՀԱՅԵՐԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՊԱՐՏՔ

Ձեր գրական ստեղծագործությունների և վեպերի շնորհիվ Դուք հեղինակություն եք վայելում այս հակամարտության հարցերի շրջանակում, իսկ այստեղ՝ Իսպանիայում, մենք տեղեկություններ ստանում ենք միայն եվրոպական մեծ լրատվամիջոցների թղթակիցներից, բացի այդ՝ ամբողջ աշխարհում միլիոնավոր հայեր կան սփյուռքից՝ հիմնականում ԱՄՆ-ում, որտեղ նրանց թիվը գերազանցում է մեկ միլիոնը:

— Մենք նրանց բացատրություն ենք պարտք: Հարցն այն է, որ այժմ հայ երիտասարդները զոհվում են անհավասար պատերազմում և ջիհադիստ ահաբեկիչներին ուղարկում են տարածաշրջան՝ փորձելով ապակայունացնել Հայաստանը, նույն պահին մի ռազմական գերտերության վերջին սերնդի ինքնաթիռները ռմբակոծում են Արցախի Հանրապետության լեռնային փոքր գյուղերը՝ բնակեցված խաղաղ բնակիչներով՝ քրիստոնյաներով:

— Ո՞րն է դիվանագիտական ճշմարտությունը, պատմությունը:

— Այսօր հայերը պահանջում են, որ աշխարհը,  Եվրոպան, այդ թվում՝ Իսպանիան, իրենց մոռացության չմատնի, քանի դեռ նրանք բախվում են իրենց դեմ սանձազերծված, այլ երկրի հրահրած անարդար պատերազմին: Այո, Արևմուտքը չի ճանաչում Արցախի Հանրապետությունը, բայց պակաս ճշմարիտ չէ և այն, որ հայերը բնակվում են Լեռնային Ղարաբաղում առնվազն հինգ հազար տարի: Այս լեռներում յուրաքանչյուր հարյուր հայի դիմաց ապրում էր մեկ ադրբեջանցի: Սա իրականությունն է: Երբ ավարտվեց Մեծ պատերազմը՝ Առաջին աշխարհամարտը, Միացյալ Նահանգների նախագահ Ուիլսոնը, իմանալով հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին, որոշեց Սևրի պայմանագրով (1920թ.) իրականացնել Փոքր Ասիայի և Կովկասի արդար բաժանում, որին թուրքերը դեմ էին … Սա դիվանագիտական ճշմարտությունն է, որքան էլ ոմանց դուր չգա լսել այն:

— Հայոց արքաներից մեկը Մադրիդի ղեկավարն է եղել:

— Ասես լեգենդ լինի, բայց պատմական իրողություն է: Վտանգված էր Կիլիկիայի հայ արքա Լևոն V- ի ֆիզիկական գոյությունը, որին գերեվարել էին մամլուքները: Կաստիլիայի թագավոր Խուան I-ը գթաց արքային, ազատեց նրան Կահիրեի բանտից, քանի որ հայերն առաջին ազգն էին, որ դեռևս 301 թ. ճանաչել էին քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն:  Երախտիքով լեցուն հայոց թագավորը հասավ Մադրիդ, որտեղ Խուան թագավորը 1383 թ. նրան նշանակեց քաղաքագլուխ: Ահա հայկական իշխանությունն այստեղ տևեց մի քանի տարի: 

Դարձել եք մեծ վիպասաց գլոբալ աշխարհի հակամարտություններով  լեցուն պատմագրական  նկարագրություններով: Ձեր տասնյակ գործերից ո՞ր վեպով եք ամենից շատ հպարտանում:

— «Հայկական կտակը», որը բացեց դեպի Հայաստան և միլիոնավոր հայերի սրտեր տանող դուռը:

-Դուք այն ռահվիրաներից եք, որ անսասան նվիրվածություն են դրսևորել կանանց հարցերի ճշմարտության բարձրաձայնմանը: Բացի այդ՝ լրագրողական աշխարհը «Թղթակիցը Ռուսաստանում» վեպի սյուժեի հիմքն է:

«Երեք կնոջ պատություն»-ը Հարավսլավիայի պատերազմի ժամանակագրությունն է՝ չափազանց հուզիչ մի պատմություն: Իսպանիայում Բոսնիա և Հերցեգովինայի դեսպան Մուհամմադ Նեզիրովիչը ասաց, որ նախկինում կարդացածներից և ոչինչ իրեն այդքան չի հուզել՝ մինչ այս պահը: «Թղթակիցը Ռուսաստանում» պատմական գրավչության վեպ է:

11 հոկտեմբերի 2020, Ալմերիայի ձայնը պարբերական, Իսպանիա

ԴԺՎԱՐ ՈՐՈՇՈՒՄ

Հայաստանում գործում է Ռուսաստանի և մեծ տերությունների պարտադրած հրադադարի ռեժիմը, և այժմ զինված հակամարտությունը կանգ է առել:  Այնուամենայնիվ, խնդրի էությունը մնաց նույնը, ոչինչ չփոխվեց: Ադրբեջանի կառավարությունը շարունակում է բարձրաձայնել հայերի հանդեպ իր ատելությունը, ստվերում դրդված լինելով Էրդողանից, որը ցանկանում է Հայաստանը կործանված տեսնել՝ հետևելով տխրահռչակ երիտթուրքերի՝ Թալեաթի, Էնվերի և Ջեմալ Փաշայի նույն քայլերին, որոնք իրագործել են  ցեղասպանությունը: Էրդողանը կրակի հետ է խաղում՝ իր երկիրը ներքաշելով ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խնդրահարույց իրավիճակի մեջ, բախվելով Արևմուտքի, ԱՄՆ-ի, նույն Ռուսաստանի հետ, ինչը համբերության սահմաններ ունի:

Հայաստանի կառավարությունն արեց այն, ինչը և պետք է աներ. խոհեմ և իմաստուն որոշում կայացրեց` չնայած միառժամանակ կորսվեցին տարածքներ, որոնք միշտ՝ դեռևս անհիշելի ժամանակներից, հայկական են եղել:

Պակաս կարևոր ճշմարտություն չէ, որ հիմնախնդրի հիմքում պատմական Հայաստանի գոյության հարցն է, որտեղից էլ առաջ է եկել ուիլսոնյան Հայաստանի գաղափարը, որն արտացոլված է Սևրի պայմանագրում: Անկախ նրանից, թե ինչ են ասում Հայաստանի թշնամիները, այն դեռ իրավազոր փաստաթուղթ է, որը նախաստորագրվել է Վերսալի պայմանագրի հիման վրա: Հայաստանը չի ստորագրել Լոզանի պայմանագիրը, այն նրան պարտադրվել է զենքի ուժով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կանխեց Արցախի Հանրապետության կորուստը, քանի որ այդպես կլիներ, եթե նա չընդուներ Հայաստանի երկու իրական ընկերոջ և դաշնակիցի՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի սահմանած հրադադարը: Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան տնտեսապես շատ հզոր, ՆԱՏՕ-ի շնորհիվ մինչև ատամները զինված  երկիր է, իսկ Ադրբեջանը վերջին տասնամյակում զենք է ձեռք բերում բոլոր շուկաներում նավթի ու գազի շնորհիվ:  Բացի այդ՝ ժամանել են հազարավոր սիրիացի ջիհադիստներ, որոնք հայերի դեմ պատրաստ են կատարել ցանկացած սարսափելի հանցագործություն, և դեռ հազարավորները սպասում են պատերազմի դաշտ և թիկունք ուղարկվելուն, ինչը հայ ժողովրդի համար հսկայական և անընդունելի ռիսկ է:

Ահա թե ինչու՝ Նիկոլ Փաշինյանը գնաց ղեկավարի համար ամենադժվար քայլին. նա ընտրեց ոչ ժողովրդական լինելը, քան բախվել սարսափելի ողբերգության՝ Ստեփանակերտի և ապա՝ Արցախի Հանրապետության հավանական կորստին: Թող որևէ մեկը չկասկածի, որ Հայաստանի և նրա քաջարի զավակների համար ավելի լավ ժամանակներ են գալու, բայց կառավարությունը չպետք է պատասխանատվություն կրի ողջախոհության պակասի և անհավասար մարտում հայ երիտասարդների զոհաբերումը կանխելու համար:         

15 նոյեմբերի 2020

«HOMO» ՏԵՍԱԿԸ

Եթե մենք կարողանանք դրական մի բան քաղել այս ողբերգական իրավիճակից, որում մեզ ընկղմել է կորոնավիրուսը, ապա դա այն է, որ մարդը չպետք է երբեք կորցնի հույսը:  Մեկուսացումը մեզ ստիպեց անել մի բան, որից գրեթե հրաժարվել էինք՝ տարված, կուրացած այն կեղծ կուռքերից, որն անվանում ենք առաջընթաց: Խորհել: Մարդկության պատմությունը մեզ սովորեցրել է, որ չնայած հանգամանքներին՝ մենք միշտ պետք է առաջ նայենք, երբեք չպետք է հանձնվենք, քանի որ մարդն ունի մի արտառոց հնարավորություն, որը նրան թույլ է տալիս դիմակայել ցանկացած իրադարձության՝ հավատալով հաղթանակին: Մյուսները:

Հոմո սապիենսի՝ բանական մարդու հաջողությունը միլիոնավոր տարիների էվոլյուցիայի ընթացքում եղել է նրա մտածված սոցիալականացման կարողությունը ՝ գիտակցված հասկանալը, որ ընտանիքի, ՛՛ընկեր՛՛-ային  հանրույթի մի անդամն է, այն, որ պատկանում է ցեղին և ամեն ինչից վեր, ռասսայի մասն է: Չնայած դարվինյան և հոլիվուդյան պատմությունները մեզ կեղծաբար հավատացրել են, որ մարդկության պատմությունը կառուցվել է բռնության և մահաբեր կռիվների, արյամբ ու կրակով լեցուն անվերջ նվաճումների, լավագույն երկրների դավաճանությունների և սպանությունների հիման վրա՝ հանուն  պաշարների և սեքսի, ճշմարտությունն այն է, որ եթե Homo Sapiens- ը և անշուշտ մյուսները, որոնք գենետիկորեն նրան ձևավորեցին՝ habilis, afarensis, erectus, Neanderthalis՝ նախահայրերը և էվոլյուցիոն մյուս ազգականները, գոնե այն ճշգրիտ պահից, երբ խորհելու գիտակցությամբ խելացի կապկազգուց վերածվեց բանական մարդու, որը գիտակցում է իր էությունը, կարողացավ գոյատևել ծայրահեղ հանգամանքներում, անբարենպաստ կլիմայական փոփոխությունների, համաճարակների և հիվանդությունների պայմաններում՝ հսկա հրաբուխների անսպասելի հրդեհներից մինչև ամենաանհավանական երկրաշարժերը: Սա շնորհիվ այն բանի, որ միշտ կարողացել է հենվել ինչ-որ բանի վրա, որը օգնել է նրան ամենասարսափելի և սոսկալի պահերին, երբ գործնականում աշխարհը քանդվում էր նրա շուրջը: Սերը, կարեկցանքը, գթասրտությունը, որոնք տղամարդկանցից և կանանցից յուրաքանչյուրն ունի մյուս մարդ արարծների նկատմամբ և որոնք նրանք իրենց մեջ կրում են ծննդագործումից ի վեր, դրա գիտակցված արտացոլումն են:

Այդ պատճառով մարդկությունն ու հույսը հիմնական առաքինություններն են, որ ունենք՝ որպես գիտակից էակներ: Դրանք մեզ հավատ են հաղորդում՝ շարունակելու:

Թարգմանությունը՝ Անահիտ Մարգարյան-Անտոնյանի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն