— Ստեղծագրության ակադեմիայի ստեղծման գաղափարի հիմքերը, ինչո՞ւ ձեռնարկեցիք, ի՞նչ ակնկալիքներ կային, և արդյոք արդարացա՞ն ձեր սպասումները։
— Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը մի շարք մշակութային միջոցառումներ է իրականացրել, որոնց վերլուծության, մասնագիտական շրջանակների հետ քննարկումների արդյունքում վերհանված խնդիրները հուշեցին դրանց շրջանակի մասին: Առաջադրված միջամտությունը ակադեմիայի ստեղծումն էր: Դիցուք, անցյալ տարի հայտարարվել էր սցենարական մրցույթ. ստացանք մոտ իննսուն հայտ, որոնց գերակշիռ մեծամասնությունը գեղարվեստականության, տեքստային իրացվածության կամ տեխնիկական նվազագույն պահանջներին չէր համապատասխանում: Ոլորտի մասնագետները ևս փաստեցին, որ սցենարագրության խնդիրը ամենից արտահայտվածներից է: Բացի այս, տարատեսակ մրցույթներ են անցկացվել, օրինակ, արձակի և դրամատուրգիայի անվանակարգերում, և ստացել ենք նույն պատկերը. գրելը հմտություն է, որ պետք է սովորել և հղկել: Կարող ես ունենալ լավ մտահղացում, բայց չտիրապետելով անհրաժեշտ գործիքակազմի՝ անհաջող իրացնել: Ուստի, ներգրավելով հինգ անվանակարգերի հեղինակավոր մասնագետներին՝ հայտարարեցինք մրցույթ, որի ընթացքում ստացանք չորս հարյուր հայտ: Դասախոսների և ուսանողների ընտրության հարցում առաջնորդվել ենք ինչպես լավագույններին ներգրավելու, այնպես էլ բազմազան խմբեր ձևավորելու սկզբունքով: Դասախոսները, տարբեր սեռատարիքային խմբերից, մասնագիտական ոլորտներից, տարբեր ենթաճյուղերից լինելով, նյութերը մատուցում էին հակադիր դիտանկյուններից: Մի մասը ներկայացնում էր գործնական դասընթացներ, մյուս մասը՝ տեսական: Լիահույս ենք, որ ուսանողները շահեցին թե՛ նրանցից սովորելով և թե՛ ուղղակի դասախոսների հետ ծանոթանալով: Ծրագրի հաջող ընթացքի մասին վկայում են ուսանողների կողմից լրացված գնահատման թերթիկները: Անանուն տրամադրած տեղեկության համաձայն՝ դասերը բավական արդյունավետ են անցել:
— Ի՞նչ հետաքրքիր դրվագներ, իրադարձություններ զարմացնող կամ զավեշտալի դեպքեր եղան դասընթացների ընթացքում։
— Դասի ընթացքում ուսանողներից մեկն այնքան դժգոհ էր մնացել, որ դասախոսին դուրս հրավիրեց, ներկայացրեց իր խոր մտահոգությունը, այնուհետև էլ դասերին չեկավ: Հետո իմացանք, որ նա սխալմամբ էր հայտնվել լսարանում: Մեկ ուրիշ, բայց արդեն իրական ուսանող էլ X դասախոսի վերջին դասից դժգոհ մնալով՝ որոշեց մյուս երկու դասախոսների դասերին չներկայանալ: Այլ բողոքների մասին չեմ լսել:
— Շուտով Հայաստանյան գրքի հետ կապված՝ երևի ամենակարևոր իրադարձություններից՝ Գրքի երևանյան փառատոնն է սկսվում, գիտենք, որ այս իրադարձությանն էլ եք մասնակից, ինչպես նաև ժյուրիում եք, ի՞նչ սպասելիքներ ունեք, կլինե՞ն արդյոք նորություններ, ինչո՞վ կտարբերվի այս անգամվա փառատոնը մյուսներից։
— Սպասվելիք փառատոնը կարող է լինել ամենամասսայականը թե՛ իրականացման վայրի առանձնահատկության, թե՛ բովանդակության բազմազանության և թե՛ տարեցտարի մեծացող ֆինանսավորման շնորհիվ: Այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է: Ակնկալում ենք 15.000-20.000 այցելու: Նորություն է լինելու գրքի տոնավաճառի բացօթյա ձևաչափը: Բացի այդ, մի շարք նոր միջոցառումներ կիրականացվեն, օրինակ՝ սկսնակ ստեղծագրողները հնարավորություն կունենան կինոյի, թատրոնի և գրահրատարակչության ոլորտների ամենահայտնի մասնագետներին հանդիպելու և իրենց հղացքը ներկայացնելու՝ փիթչինգ անելու համար: Հույս ունեմ մասնակիցների թվում տեսնելու նաև ստեղծագրության ակադեմիայի ուսանողներին:
— Գիտենք, որ ընդգրկվել եք բրիտանական Study UK Alumni Awards-ի «Մշակույթ և ստեղծարարություն» անվանակարգի եզրափակչում։ Ուզում եմ՝ այս մրցանակաբաշխության մասին խոսենք, ի՞նչ ակնկալիքներ կան և ի՞նչ սպասումներ։
— Բրիտանական խորհուրդն ամեն տարի Միացյալ Թագավորության համալսարանների շրջանավարտների համար մրցույթ է իրականացնում: Մրցույթին կարող են դիմել վերջին տասնհինգ տարում ՄԹ ցանկացած համալսարանի շրջանավարտ, որ ներկայացված ոլորտներում հասել է տարբեր հաջողությունների: Այս տարի մրցույթի չորս տարբեր անվանակարգերին մասնակցել է 1400 դիմումատու: Դիմեցի, որ ուժերս փորձեմ Հայաստանում, բայց, ի զարմանս ինձ, նամակ ստացա, որ մշակույթ և ստեղծարարություն անվանակարգում դարձել եմ տարածաշրջանի թեկնածուն կամ հաղթողը: Հայաստանն ընդգրկված է «Ընդլայնված Եվրոպա» տարածաշրջանում, որտեղ կան տասնչորս երկիր: Մշակույթ և ստեղծարարություն բաժնում ընդհանուր անվանակարգորդները յոթն են, որոնց հաջողության պատմությունները ներկայացվում են Բրիտանական խորհուրդների կողմից: Ճանաչման և ծանոթությունների նոր հնարավորություն է ստեղծում: Հայտի մեջ ներկայացրել էի վերջին երկու տարում Երևանի քաղաքապետարանում իրականացրած գործունեության, ինչպես նաև հրատարակված երկու գրքերի մասին: