Երիտասարդ գրող Անրի Գրիգորյանը ծնվել է Թբիլիսիում: 2008-ին ավարտելով Թբիլիսիի Սևծովյան միջազգային համալսարանի բիզնեսի ֆակուլտետը՝ ընդունվել և 2010-ին ավարտել է Թբիլիսիի Տնտեսագիտության միջազգային դպրոցի մագիստրատուրան: Այժմ երիտասարդ գրողը սովորում է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայի առաջին կուրսում, տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետում, զուգահեռ նաև ստեղծագործում է:
2010-ին «Շեմ» մատենաշարով լույս է տեսել նրա անդրանիկ՝ «Վայրկյաններ» պատմվածքների ժողովածուն: Վերջերս «Արձակ 2013»-ի շրջանակներում գրողի՝ «Սիեստա» պատմվածքը ևս մրցանակակիրների շարքում էր: «Գրեթերթը» փորձեց զրուցել թբիլիսահայ գրողի հետ գրականության և նրա անցած գրական ճանապարհի մասին:
Ինչպիսի՞ն պետք է լինի գրականությունը, որ դու կարդաս:
Հետաքրքիր ու զգացմունքային: Պետք է զգամ կերպարներին և նրանց հոգեբանությունը:
Այսօրվա հայ ժամանակակիցներին կարդում ե՞ս, ստացվո՞ւմ է նրանց կերպարների զգացմունքայնությունը զգալ:
Այն ինչ հայտնվում է համացանցում, հնարավորին չափ կարդում եմ: Ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ՝ ոչ:
Երիտասարդ գրող լինելով հանդերձ՝ հետաքրքիր է, ի՞նչն է խանգարում այսօրվա գրողին սեփական գրականությունը տեղ հասցնել կամ կերտած կերպարը կարողանալ ճիշտ ներկայացնել: Քեզ ի՞նչ է պետք դրա համար:
Նախ պետք է շատ կարդալ, նորություն չի: Ինքս ունեմ այդ թերությունը, որովհետև մասնագիտությանս պատճառով ուղղակի ժամանակ կամ հավես չի մնում: Արդարացում գուցե չի, գիտեմ: Հետո էլ կան գրողներ, ովքեր շատ են կենտրոնացված սեփական ես-ի վրա, պետք է երբեմն դուրս գալ սեփական մաշկի տակից ու մտնել ուրիշի մաշկի տակ: Այդպես կհաջողվի ընթերցողին ստիպել, որ սիրի քո կերտած կերպարը: Իհարկե ես-դ էլ չես մոռանալու, շատ բան կյանքի փորձից էլ է գալիս:
Որքան էլ գրողը հեռանա սեփական եսից, մեկ է գրականությունը հետաքրքիր ներծծելու հատկություն ունի: Քեզանից որոշ բաներ ուզես, թե ոչ, կլանում է կերպարդ: Քեզ մոտ ստացվո՞ւմ է քո և ստեղծածդ կերպարի միջև հեռավորություն պահպանել:
Հաճախ չի ստացվում: Միևնույն է՝ նա ծնվում է քեզնից: Զարմանալի չէ, եթե նա ունենա քո ԴՆԹ-ն: Սակայն ես չեմ հավատում էն գրողին, ով չի ցանկանում լինել ուրիշը, ով չի ցանկանում բացահայտել ուրիշին: Գրողին տրված է երևակայություն ու եթե նա չի կարողանում այն օգտագործել, ապա հանգիստ կարող է օրագիր գրել, գուցե մի օր տպեն: Ինքս փորձում եմ այդ հեռավորությունը պահպանել, բայց երբեմն ինձ է նմանվում որոշ բաներով:
Ով գրականությանդ արդեն ծանոթ է, հավանաբար գիտի, որ հիմնական կերպարներդ կանայք են, ինչպե՞ս է ստացվում միայն կանանց վրա կենտրոնանալ, գուցե անձնական կյանքումդ էլ են նրանք շատ:
Կինը ավելի զգացմունքային է, քան տղամարդը, նաև՝ կինը կյանքային հարցերում տղամարդուց շատ ավելի առաջ է: Այս ամենով նա գրողին լայն հնարավորություններ է տալիս՝ երևակայելու, բացահայտելու և ոգեշնչելու: Եվ հետո իմ կյանքում այնպես է ստացվել, որ ես ավելի շատ ընկերուհի ունեմ, քան ընկեր: Նույնիսկ մի ժամանակ ես միայն ընկերուհիներ եմ ունեցել: Դա ինձ վրա հետք է թողել ոչ թե այն առումով, որ ինձ հիմա հաջողվում է աղջիկներին ավելի լավ հասկանալ, այլ այն առումով, որ նրանք միշտ ավելի բաց են եղել՝ կիսվել են, իրենց գաղտնիքներն են ինձ ասել և այլն: Գուցե ինձ թվում է, գլուխ չգովեմ, բայց կարծում եմ հաջողվում է ինձ՝ այս տարիքում արդեն լրիվ անծանոթ աղջկան այնպես մոտենալ, որ նա մի տեսակ անկեղծանում է մոտս: Սա ինձ օգնում է ստեղծել աղջկա կերպարը: Օրինակ, վերջերս ֆեյսբուքում հրապարակեցի «Աղջիկների հետ վերջին զրույցներիցս» պոստ, որտեղ մեջբերում եմ, թե ինչ են ասել տարբեր ազգության աղջիկներ ինձ հետ զրուցելիս: Ոմանք ինձ հարցնում էին՝ հորինե՞լ ես: Իրականում ոչ մի բառ այդտեղ չեմ հորինել, ուրեմն ստացվում է, որ ես հանգիստ կարող եմ դա օգտագործել գրականությանս մեջ: Հա: Էսպես աղջիկները ինձ օգնում եմ: Ինչո՞ւ, որովհետև հետաքրքիր են, ընթերցվում են:
Այս տարի «Արձակ 2013»-ին քո՝ Սիեստա պատմվածքը, ևս մրցանակակիրների շարքում էր: Ի՞նչպես էր գրվել այդ գործը, նախապես արդեն կա՞ր, թե հենց մրցույթի համար է գրված եղել: Կցանկանայի երկու խոսքով ներկայացնես պատմվածքդ:
Ուրեմն այսպես՝ «Սիեստան» գրել եմ Լոնդոնում: Իհարկե, մրցույթի համար չեմ գրել, եթե ի սկզբանե նման նպատակ ունենայի, ապա համարիր, եթե իմ մեջ իրոք կա գրող՝ էդ գրողը պիտի կամ ինքը ինքնասպան լիներ կամ ինձ էր սպանելու: Ձմեռ էր, երբ գրեցի, հիշում եմ: Սիրո ու ծերության մասին է: Կամ ծեր տարիներին սիրո մասին: Կամ ծերացած սիրո մասին: Վերջինս ավելի լավ է հնչում: Հիշում եմ, ուզում էի ինչ-որ յուրահատուկ իրավիճակ ստեղծել էս ծամված թեման ներկայացնելու համար, որովհետև ուզում էի պարզապես այդ թեմայից խոսել: Մի բան հաստատ հիշում եմ՝ ինձ վրա ազդել էր «Ոսկե լճի վրա» պիեսը, ավելի ճիշտ այդ պիեսի հիման վրա նկարահանած ֆիլմը: Քեթրին Հեփբերնի ու Հենրի Ֆոնդայի խաղը ինձ ուղղակի ցնցեց, նրանց կերպարների պատմությունը: Հնարավոր չէր՝ ուղղակի թաքցնել Հիլդայիս: Ի դեպ, սա այն դեպքն է, երբ իմ կերպարները ինձնից ահագին հեռու են:
Իհարկե, չեմ կարող չանդրադառնալ՝ տնտեսագետի մասնագիտությանդ, քանի որ այդ «պատճառով» ես գտնվում Լոնդոնում: Կբացատրե՞ս ինչ կապ ունի տնտեսագիտությունը գրականության հետ: Տնտեսագիտությունը օգնում, թե ավելի շատ խանգարում է գրականություն ստեղծելուն:
Քանի որ մեկ տարի սովորեցի Լոնդոնում ու հիմա նույն ծրագրով ուսումս շարունակում եմ Բուդապեշտում, համարձակ կարող եմ ասել, որ օգնում է: Մինչ այդ ես Եվրոպայում չէի եղել: Հիմա տրվեց ինձ այդ հնարավորությունը: Մասնագիտությունս այս դեպքում մի կողմ թողնենք: Հնարավորություն տրվեց ընկերոջս հետ ճանապարհորդել Եվրոպայում: Արդեն հասցրեցի տեսնել մի քանի քաղաքներ: Բացի այն, որ ճանապարհորդության ընթացքում կամ ուղղակի օտար քաղաքում ապրելով՝ անընդհատ բախվում ես տարբեր մշակույթներին, նաև լիքը արկածներ ես ունենում: Այս ամենը, հուսով եմ, հետք կթողնի գրականությանս վրա: Օրինակ, Պրահայում տեսա աղջիկ, որը փողոցում միզում էր, հետն էլ անվրդով նայում աչքերիս: Բայց մինչ այդ միզող աղջիկ չէի տեսել: Երևի բնական է: Մի խոսքով, դա ինձ ոգեշնչեց այնքան, որ հաջորդ պատմվածքիս վերնագիրը կլինի «Միզող աղջիկը» Հուսով եմ՝ չեն ասի՝ արհեստական բաներ ես գրում, իմ աչքերով եմ տեսել:
Միայն արձակ ես գրում: Ինչո՞ւ, գուցե պատճառն այն է, որ բանաստեղծության տարածքն է քեզ համար քիչ: Երբևէ բանաստեղծություններ փորձե՞լ ես գրել:
Փորձել եմ, բայց տողերը աններելի երկար են ստացվել, դարձել են ուղղակի էտյուդ: Առաջին անգամ հենց պատմվածք եմ գրել: Կարծեմ երկրորդ դասարանում էի (գիտեմ, գիտեմ, էս դեպքերում միշտ ասում են՝ փոքր էի, երբ առաջին անգամ… ու սկսում են): Հայրս մեծ տետր բերեց ու տվեց ինձ: Էդքան մեծ տետր կյանքումս առաջին անգամ էի տեսնում: Մտածեցի մեծ տետրում «մեծ» բան եմ գրելու: Էդպես նախ գրեցի վերնագիրը՝ «Վարդանը»: Թե ինչու ոչ՝ «Հակոբը», չհարցնես, չգիտեմ: Ի դեպ, առաջին կերպարս տղա էր: Ինչ-որ բնականաբար մանկական պատմվածք գրեցի, երկար ընդմիջումներով, բայց շարունակեցի: Չհարցնես, թե ինչի մասին էր առաջին պատմվածքս, դա հարցրու, երբ 97 տարեկան կլինեմ, էդ դեպքում տպավորիչ կլինի (ծիծաղում է):
Տպավորիչ՝ հատկապես ո՞ր մասով:
Ծեր լինելով մոտ կլինեմ մանկական կերպարիս
Պատմվածքներդ կարդալիս տողերիդ մեջ հարթություն է նկատվում, որը սահելով, առանց արգելք, անցնում ես, գոնե ինձ մոտ այպես է տպավորվել: Նախընտրում ես պարզ գրել, թե՞ այդպես ստացվում է:
Ստացվում է: Վերևում հարցրեցիր հայ ժամանակակից երիտասարդ գրողների մասին, այստեղ ասեմ, որ պարզությունը ոչ մեկիս չի խանգարի, երբեմն գործ ես կարդում՝ բանաստեղծություն կամ պատմվածք և ուղղակի մոլորվում ես գրողի նուրբ հոգու լաբիրինթոսում: (Ծիծաղում է ): Սկզբից, չխաբեմ, երբ ինձ դիտողություն էին անում, որ պետք է պարզ գրեմ, Անահիտ Բոստանջյանը հաճախ ասում էր, որ ընթերցողը չպիտի տանջվի գործը ընթերցելիս: Երևի մեջս մտել է նրա խոսքը: Չգիտեմ պարզ է, խրթին է, բայց քանի որ ասում ես, որ պարզություն կա, ուրախ եմ:
Քանի որ խոսք գնաց դիտողություններից, գործերդ առաջինը ո՞վ է կարդում և հաճա՞խ ես դիտողություններին ականջ դնում: Ի՞նչ ես կարծում, գրողի ամենաճիշտ խորհրդատուն ընթերցողն է, թե՞ գրաքննադատը կամ գրականագետը:
Երկուսն էլ կարևոր են՝ թե ընթերցողը, թե գրականագետը, թեկուզ գրողը: Ընթերցողը, որովհետև ի վերջո նրա համար է այն, ինչ ստեղծում ես: Գրականագետը կամ գրողը, որովհետև պրոֆեսիոնալ կարծիք ես լսում: Իմ կյանքում պրոֆեսիոնալ կարծիք ասողներ կան ու անչափ շնորհակալ եմ նրանցից, որովհետև նրանց դիտողությունները օգնում են: Ոչ բոլոր դիտողություններն եմ ընդունում, բայց սովորել նրանցից ուղղակի անհրաժեշտ է: Ով է կարդում առաջինը՝ կարևոր չի: Նույն Անահիտ Բոստանջյանի կարծիքը ինձ ուղղակի անհրաժեշտ է, որովհետև նա ինձ ավելի լավ է ճանաչում ու գիտի, թե ինչպես եմ ձևավորվել ու ձևավորվում: Թբիլիսիում նա ինձ ընդգրկեց մի շարք գրական նախագծերի մեջ, որոնք ուղղակի խրախուսում էին ինձ, որ լճացում մոտս չլիներ ու առաջ շարժվեի: Առաջին գրքիս խմբագիրը նա է: Առաջին գիրքս, թեկուզ գործերի որոշ թերություններով ու խմբագրիս խոսքերով՝ երբեմն «հում» պահերով, ինձ խրախուսեց ու զգացնել տվեց, որ ինչ-որ քայլ եմ կատարել ու որ հիմա հաջորդ քայլերի ժամանակն է: Բացի դրանից նա անընդհատ փորձում էր, որ Հայաստանի գրական շրջանակներում ինձ ճանաչեն և այլն, որովհետև ապրելով Թբիլիսիում՝ կտրված էի այսպես ասած հայաստանյան շփումներից:
Արդեն քիչ թե շատ շփվում ես նաև համացանցում, բավականին մեծ ինֆորմացիա կա հայ ժամանակակից գրողների մասին, ապրելով Թբիլիսիում, ի՞նչ զուգահեռներ կարող ես անցկացնել այնտեղի և այստեղի նոր գրականության միջև: Քո կարծիքով ինչպիսի՞ն է գրական կյանքը Թբիլիսիում և Հայաստանում:
Էս ի՛նչ հարց տվեցիր: Դժվար է ասել, թե ինչպիսի գրականություն է ստեղծվում Թբիլիսիում: Եթե չհաշվենք Հայաստանում վաղուց ճանաչված մեծահասակ գրողներին, ապա երիտասարդ գրողները գնալով քչանում են: Զուգահեռներ անցկացնել դժվար է: Մի բան միայն կարող եմ ասել, օրինակ, եթե համեմատենք Ջավախքում ստեղծված գրականությունը, ապա այնտեղ գերակշռում են գյուղի ու հայրենասիրության թեմաները:
Կխոսես մի փոքր էլ Լոնդոնի մասին: Վստահ եմ օրդ միայն դասերով չի անցնում, գրականության տեսանկյունից այդտեղ կա՞ մի բան, որ քեզ օգնում է: Որպես գրող փոփոխություններ զգացե՞լ ես ինքդ քո մեջ:
Ազատությունը, մարդկանց ազատությունը, երբ կարող ես, ասենք, ցանկացած աղջկան փողոցում խոսեցնել, որը այնքան բարեհամբույր կգտնվի, որ քեզ ժամանակ կտրամադրի, ցանկացած հարցիդ կպատասխանի, նույնիսկ ամենաանհարմար հարցերիդ՝ թեկուզ ժպտալով: Եվ եթե անգամ կյանքում երբեք չտեսնես նրան, նա միևնույն է, մնում է հետդ, եթե բախտդ բերի ու հետդ գա ակումբ՝ ավելի լավ: Հասկանո՞ւմ ես, այս ազատությունը՝ մարդկանց մտածելակերպի, հա՜, ամենակարևորը՝ ուղղակի մտածելակերպի, այն ինձ լիցքավորում է ու ես տեսնում եմ նոր տարածություններ և այլն: Հարցնում ես՝ որպես գրող փոփոխություններ զգացե՞լ եմ. իհարկե: Օրինակ, «Գրեթերթում» տպագրված «Սպին» պատմվածքի համար շնորհակալ եմ (շնորհակալ եմ, քանի որ ինձ թվում է՝ վատ չի ստացվել ) լոնդոնցի նկարչուհի Հեյլի Հոլիդեյին, որին պատահաբար հանդիպել եմ գնացքում: Նա նկարում էր ուղևորներին: Դե իհարկե իմ ուշադրությունը կգրավեր, մանավանդ գեղեցիկ աղջիկ էր: Հետը զրուցեցի: Մի խոսքով, այդպես գրեցի «Սպին»: Հեյլին, ավաղ, երկրորդական դերում է, բայց կարևորը, ես կատարեցի նրան տված խոստումս՝ ինքն էլ կերպար դարձավ ու հայտնվեց պատմվածքիս մեջ:
Մեկ ժողովածու արդեն հասցրել ես տպագրել ես, երկրորդի մասին չես մտածո՞ւմ:
Հիմա թեզիս մասին եմ մտածում միայն, եթե դու հարցազրույց չվարեիր հետս, ես ոչ սիեստաներս կհիշեի, ոչ՝ միզող աղջկան ու ոչ էլ՝ Հեյլիին:
Լոնդոնյան արկածները մի կողմ, սիրահարված ե՞ս:
Սիրահարված չեմ, բայց սիրում եմ, ուղղակի սկզբում ներսումս կարիճներ ու մողեսներ էի զգում, հետո նրանք սատկեցին, թաղեցի, բայց հետո մեռելները ինձ հանգիստ չթողեցին և այդպես եզրակացրեցի, որ սիրում եմ: Վերջերս նա ինձ ասաց, որ ես նրա համար հարազատ մարդ եմ, դուրըս չեկավ, որովհետև վերջին բառերը կինը տղամարդուն ասում է 40 տարի միասնական կյանքից հետո, դրա համար դուրըս չեկավ: Այդպես՝ սպասում եմ նոր մողեսներին ու կարիճներին:
Հեղինակ՝ Օվսաննա Սիմոնյան