***
Քո բառերը մահաբեր հաբեր են,
Բայց դու բեր բերանդ երակներիս մոտ։
Ես քեզ մի անգամ արդեն մերկ տեսել եմ,
Ու հավատացել եմ հավերժ լինելուդ։

— Ամեն բան էլ վերջանում է։
— Մնայուն բաները երբեք չեն ավարտվում։
— Մնայուն բառից արյունն է մլավում։
Մի սիրիր բառը ու ոչ էլ ինձ.
մենք նույնն ենք` երկու դինջ ոչինչ։
— Քնիր։ Վաղը կխոսենք։
— Բարի գիշեր, զզվելի սեր։

Մեր քիմքերի քիմիան այլևս չկար։
Եվ առավոտ։ Եվ սուրճ։ Եվ մարդիկ։
Ու հոտ։ Քեզ մոտ մարմին, խոնավ անկողին։ Արևային ակնոց։ Թիկնոց։ Թևնոց` գետնին… Եվ օձ։
Ու դու փախչում ես բոլորի ծոց-օձից` դեպի ինձ մոտ, դեպի իմ օդ։

Իսկ ես ահա կախված եմ, բայց միայն ծառից,
իսկ ես ապա կապված եմ, բայց միայն պարանով։

Քո բառերը մահաբեր հաբեր են,
Բայց դու բեր բերանդ երակներիս մոտ։
Ես քեզ մի անգամ արդեն մերկ տեսել եմ,
Ու հավատացել եմ հավերժ լինելուդ։

Իսկ մնայուն բառից դեռ արյունն է մլավում…

***
Ում սիրեցի` սխալ էր,
Ոնց սիրեցի` քիչ։
Ես փոխում եմ խաղը,
Իմ վնաս, ի օգուտ ինձ։
Ում սիրեցի` աղ էր,
Ոնց ցանեցի` քիչ։

Ես գրող եմ,
ով ոչինչ չգիտի բանաստեղծության մասին
Բայց ես նաև մարդ եմ,
ով շատ բան գիտի քո բերանում ապրող երամի մասին։

Ես գրող եմ Երևանի,
Բայց երանի`
ինձ գրողը տուն տանի,
իսկ գրողը ոչ տուն ունի, ոչ քուն,
այն էլ Երևանի երազ երկնքում։

Ես գրոհ եմ,
ով ոչինչ չգիտի պատերազմի մասին,
Բայց ես նաև մարդ եմ,
ով մարտնչել է քո իրանի սահմանում։

Ես գրողի գրոհն եմ
ու երբ հարյուր եմ
կամ երբ զրո եմ
ու երբ համբույր եմ
կամ երբ տկլոր եմ
իմ լեզվին մի անուն է մեռնում ու մնում։

Բայց ես ում սիրեցի` սխալ էր,
Ոնց սիրեցի` քիչ,
Ես փսխում եմ էս խաղը,
Ես ընտրում եմ ինձ։

****
Ես զգում եմ քո կարիքը.
Եվ ես մրսում եմ ցրտին
Եվ ես քաղցում եմ անհագ
Դե բեր,
մի լավ փլվեմ քո տաք ուսերին,
Մինչև ուշքի գամ
Կամ էլ գա ամառ։

Ես զգում եմ քո կարիքը.
Ոնց մահը մեռնողը,
Ոնց պահը ծնողը,
Երբ երեխային պատում է վտանգ։
Ես զգում եմ քո կարիքը
Եվ սա մեռնելիք է,
Եվ սա մեռնելիք է
Արդեն քանի՞ դար …

Ես զգում եմ քո կարիքը,
Եվ սա արհավիրք է,
Կամ կիրք,
որից ահա ջահեր են վառված,
Ես զգում եմ քո կարիքը,
Ինչպես ներարկիչի
ծակոցն ու հոսքը բարակ մաշկիս տակ։

Ես զգում եմ քո կարիքը
Եվ սա գուցե հերիք է.
Անասելիք է զգացմունքն իմ
և հա,
Ես սգում եմ քո կարիքը,
Որ անհող ու աներկինք է,
Ես զգում եմ քո կարիքը,
Այն էլ քանի դար…

***
Ես վատն եմ.
Իմ արյան մեջ ապրում է անունս,
անունիս մեջ` անհունությունս,
որ չի տեղավորվի քո փոքր բաժակի մեջ, նախշունս,
որից ով հասավ` խմեց,
կպավ ու փորձեց։

Քեզ շոյել են այնքան,
որ տաշել են վերնաշերտդ,
հետո` տշել են դեմքիդ իրենց թքոտ սերը,
դու` լայն ժպիտով,
մի թիզ թաց աչքով
կերել ես դրանց հրամցրած կտերը,
որ հանկա՜րծ, ոչ մի րոպե
սիրտդ չաղմկի`
մենակության լացով։

Ես ահավորն եմ.
Միշտ ցույց եմ տալիս վատ կողմերս,
պարտադիր հարամում եմ լավ տեսարանները։
Կինոյի կեսից քացով ներս մտնող
անդուր գովազդ եմ,
սոված հովազ եմ.
էմոցիաներ ուտող։
Սպառվող ժամավազ եմ.
ուզում եմ ապրել,
Դեռ չխոսող լալիկի պես`
ձեռքս ամեն տեղ գցել,
սիրտս փռել ասֆալտին,
գոռալ` էստի՜ համեցեք,
արաներ ու աղջիներ։
Փոխվել է Աստվածը 21-րդ դարի,
բայց ես Եվայից հետո էն երկրորդը կլինեմ,
որ ըմբոստի պես կկծի արգելված միրգն ու … մեզ էլի կրակը կգցի։

Ես չափազանց եմ։
Չգիտեմ` ի՞նչ է սահմանն ու չափը,
մաթեմից կաղ եմ,
խաղ եմ` առանց կանոնների,
ատում եմ ոսկե միջինը,
ատում եմ ոսկու միջինը
ասու՜մ եմ `
սիրում եմ կյանքը,
անսպասելին,
արագ ընթացքը,
մեծն արկածը։
Սիրում եմ, երբ պառկած ես,
երբ պառկած եմ`
վրադ կամ կողքիդ,
սիրում եմ մտածել քո մասին
գրել քո մասին
հորինել քեզ,
և տեսարանի վերջում ամենակրածս`
սիրում եմ, երբ չկաս
ու չես էլ եղել։

Ես վատն եմ.
Իմ արյան մեջ ապրում է անհունությունս ու անհուն թույնս, որ չի տեղավորվի քո փոքր բաժակի մեջ, նույնս։

***
Իմ կողքին քո հոգին
կարող է ծռվել ու շուռ գալ,
խախտվել,
խարխլվել,
փռվել կամ փուլ գալ։

Իմ կողքին քո հոգին կարող է անհատակվել,
լցվել,
դատարկվել
ու նահատակվել,
հրաբխի միջից վեհորեն հառնել
կամ
օվկիանոսները ցամաք դարձնել։

Իմ կողքին քո հոգին,
և չկա մարմին,
քո հոգին իմ կողքին՝
ծափահարություններով։
«Ես սիրում եմ քեզ»-ից զատ,
նախ ես-ից ազատվել,
ազատագրել սերն
ու քեզ-ը՝
ոսկետառերով։

Իմ կողքին քո հոգին
կարող է ծռվել ու շուռ գալ,
խախտվել,
խարխլվել,
փռվել՝ փլվելով։

Իմ կողքին քո հոգին՝
բարձր ու հաստատ,
քո հոգին իմ կողքին՝
ծափահարություններով։
***
հատակը ոտքերիս տակ փլատակ է
իսկ դու ասում ես՝ կանցնի
հերթական անգամ ներսս դատարկ է,
իսկ դու նորից կիսում ես կեսերիս։

ինչ-որ ձևով ճանկում եմ ես
բանտում փակված
երազները իմ,
բայց առանց քեզ անձրևը շատ տաք է,
իսկ դու ասում ես՝ դեռ կձմեռի։

իմ գարունները վազում են մոտդ
նման՝ բակիդ հավատարիմ շներին,
կողքիդ լինելը հարստություն էր,
իսկ դու նախանձում էիր չունևորներին։

ես ծանր ծունր կգայի
քո առաջ,
քեզնից առաջ,
և հետո՝ քեզնից
ես ողջ աշխարհը փուլ կտայի
ես շուռ կտայի
ներսիս դևերին։

հատակը ոտքերիս տակ փլատակ է
իսկ դու ասում ես՝ կանցնի
հերթական անգամ ներսս դատարկ է,
իսկ դու նորից կիսում ես կեսերիս։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն