«Գրեթերթ-ամառ 2017»-ը հանդես եկավ «ԳրԵքննադատություն» նախագծի հերթական համարով: Այսինքն՝ երիտասարդական գրականության փոխարեն ողջ համարը զբաղեցրել էին երիտասարդ գրականագետները, ինչպես նաև «Երիտասարդ գրողների համաժողով»-ի մասին Շաքե Երիցյանի պատրաստած զեկույցը: «Երիտասարադ» գրող կամ գրականագետ սորունբնութագրումից ինքներս կխուսափեինք, սակայն այդ բառը չափազանց ամուր է ձևակերպում գրական երիտասարդական թերթի համայնքն ու բնակիչներին՝ դառնալով «մանդատ», որը ստացողը վերցնում է հաճույքով և ցած դնում մեծ դժվարությամբ: Այսպիսով, «Գրեթերթ»-ի Հուլիս 14, 2017 համարում ներկայացված երիտասարդ գրականագետներն են՝
Թագուհի Ղազարյան «Էդուար Հարենցի «Խազագրումներ ըստ Ծնեբեկի» գիրքը»,
Անի Հովնան «Հմայիլների փորձ կամ փարձարարության հմայքը»,
Ալա Խառատյան «Վերջ չունեցող ճանապարհը Արամ Պաչյանի Օվկիանոսում»,
Ռոզա Նալթակյան «Զգայուն մեծերի ու հասուն փոքրերի աշխարհում»,
Արամ Խաչատրյան «Բազմաձայնությունը «Լուր չկա» վեպում»,
Լիլիթ Անտոնյան «Ստեղծագործելու եռանդը»,
Արմեն Ավանեսյան «Դեպի սկիզբը վերադարձի ճամփան»,
Գոհարիկ Աքելյան «Մոդեռնիստական ուղղությունները XX դարի հայ գրականության մեջ (խնդրադրության պրոբլեմներ)»,
Սիրանուշ Նազլուխանյան «Թիֆլիսյան նկարագրեր»,
Գարսու «Արք Թերապիա կամ Արքմենիկ Նիկողոսյանի «Խոսքի տարածություն» դեղատունը»:
Համարը բազմազանության տեսանկյունից հետաքրքրական է. ժանրային առումով՝ գրախոսական, հոդված, էսսե, գրական խճանկար, ընդգրկման շրջանակըձգվում է մեկ առանձին պատմվածքի նվիրված ուսումնասիրությունից մինչ հեղինակի անցած գրական ճանապարհի ուրվագծում, անդրադարձներ են արվել թե՛ փոքր, թե՛ մեծ արձակի գործերի և թե՛ բանաստեղծական ժողովածուների, առկա է նաև գրականության պատմության ուսումնասիրություն:
Առաջին երկու հոդվածների հեղինակները՝ Թագուհի Ղազարյանը և Անի Հովնանը իրենց տեքստերում աչքի են ընկնում աշխատասիրությամբ և նվիրումով՝ գրականությանը: Այս հատկանիշների շնորհիվ է, որ հոդվածից հոդված երիտասարդ գրականագետների խոսքը հնչում է էլ ավելի համոզիչ և խորքային: Նշենք, որ վերջիններիս՝ «ԳրԵքննադատության» շրջանակներում տպագրված հոդվածները բավականին ուշագրավ են՝ կարևոր դիտարկումներով և ինքնատիպ մոտեցումներով:
Էդուարդ Հարենցի «Խազագրումներ ըստ Ծնեբեկի» գրքին անդրադարձը տիպիկ բանասիրական ուսումնասիրություն է՝ լեզվական (անգամ լեզվաբանական), պատկերային, տաղաչափական այլևայլ հարցերի և իրացումների վերհանմամբ և մեկնաբանմամբ: Երբեմն Թագուհի Ղազարյանը, ազդվելով իր ուսումնասիրության «օբյեկտի»՝ հեղինակի ոճից, թույլ է տալիս գիտական տեքստին ոչ հարիր լեզվական «սրամտություն»՝ ճշգրիտ ձևակերպումը փոխարինելով խաղարկային բազմաձայնությամբ. «… տեքստը հա(ր)մա(դ)րվում էպատկերի, ձայնի, տարածության հետ» (էջ 2): Եվ այնուամենայնիվ, հոդվածը կառուցիկ է, ունի հստակ ասելիք, լեզուն սահուն է, ոճը՝ անմիջական:
Ինքնատիպ լեզու և ոճ գործածելու ջանքերն անվրեպ չեն մնում Անի Հովնանի տեքստից, ով իր դիտարկումները երբեմն համեմում է անսովոր բառաձևերով (օրինակ՝ «մասնավորաբար», «առավելաբար»), խոսքին «գործնական» երանգ է տալիս պարբերությունները համարակալելու միջոցով, զերծ չի մնում անհարկի օտարաբանություններից (լեգիտիմացվում է, լիրիզմ, սլենգային և այլն), ինչպես նաև մինչ բուն նյութին անցնելը ձգձգված ներածականի միջոցով, կարծես թե, քաջություն հավաքելու խնդիր լուծի: Ավարտելով լեզվի և ոճի վերաբերյալ դիտարկումները՝ նշենք, որ թե՛ Թ. Ղազարյանը և թե՛ Ա. Հովնանը ակադեմիզիմից խուսափելու նպատակով հոդվածում առաջին դեմքով ձևակերպումները եզակի թվով են շարադրում (նկատի ունեմ, իմ ուսումնասիրությունը և այլն), ինչը գրեթերթյան ձևաչափի պարագայում ընդունելի է: Սակայն ընդունելի չէ այն, որ երկուհոդվածներում էլ խնդրո առարկա գրքերը դիտարկվում են հեղինակների (Էդ. Հարենց, Կ. Անտաշյան)գրական ընթացքից կտրված՝ կանգ չառնելով նախորդող գրքերի հետ եղած աղերսների, գրական փոխակերպման և ներքին հղումների այլևայլ հարցերի վրա: Ա. Հովնանի «Հմայիլների փորձ կամ փարձարարության հմայքը» գրախոսականի բովանդակային կողմը բավականին հագեցած է, գրականագետը փորձել է ընդհանուր գծերով, բայց համակողմանի մեկնաբանություններով ներկայացնել ընթերցողին «Ծիլի-Ծով» բանաստեղծական ժողովածուն՝ իր գնահատումներում մնալով զուսպ և չափավոր:
Գրիգի «Հիսուսի կատուն» գրքին նվիրված «Զգայուն մեծերի ու հասուն փոքրերի աշխարհում» գրախոսականում Ռոզա Նալթակյանն ավելի շատ տեղ է տվել զգացական վերաբերմունքին և գրքից ստացած տպավորություններին (Ռ. Նալթակյանիվերնագրային ձևակերպումն ինքնին խոսուն է), իսկ բուն գրականագիտական խոսքը մի փոքր կաղում է: Հեղինակը նյութը վերլուծելու փոխարեն պատմում է, թե ինչ մեթոդով է պատրաստվում այն ուսումնասիրել, անհարկի հղումներով և պատմություններով փորձում է կշիռ հաղորդել իր խոսքին (օրինակ՝ Հեմինգուեյի մասին հատվածը): Ընդհանուր առմամբ, ուսանողական էսսեի տպավորություն ստեղծող այս հրապարակումը այնուամենայնիվ կարող է հետաքրքրել գրքից անտեղյակ ընթերցողին և մղել ընթերցանության:
Միանգամայն խոստումնալից է Արամ Խաչատրյանի «Բազմաձայնությունը «Լուր չկա» վեպում» հոդվածը, որն աչքի է ընկնում չափավոր, առարկայական և ռիթմիկ խոսքով, ոճը պարզ է՝ զերծ փքուն արտահայտչաձևերից: Գիտանյութը ներկայացվում է խնամքով՝ Սուրենի կրկնակ ես-ի տրոհումները, դրանց գեղարվեստական իրացումները, և այս ամենի՝ տեքստում ունեցած նշանակության, դերի և փոխառնչությունների հարցերը մեկնվում են աստիճանաբար՝ պատճառահետևանքային կապի մեջ: Հեղինակը թեթևակի ակնարկում է իր՝ Խանջյանի մյուս գործերին ևս ծանոթ լինելու հանգամանքը, սակայն զուգահեռների վրա շեշտադրում չիանում, մինչդեռ ցանկալի կլիներ, օրինակ՝ Իվան Կարամազովի մասին դասագրքային ճշմարտություններ մեջբերելու փոխարեն նյութը համեմել Խանջյանի այլ վեպերից մեկ-երկու օրինակով: Առհասարակ, անհարկի մեջբերումներ անելու կամ հեղինակություններին անպատեհ հղում տալու(Մ. Բախտին, Կ. Յունգ)սովորությունը, հուսանք, փորձառություն ձեռք բերելուն զուգահեռկհղկվի:
Լիլիթ Անտոնյանի հեղինակած «Ստեղծագործելու եռանդը» հոդվածը Անրի Գրիգորյանի «Բուն» պատմվածքին է անդրադառնում՝ վերլուծելով արքետիպերի և սիմվոլների «խաղը» գեղարվեստական տեքստի համակարգում: Ընդհանուր առմամբ հետաքրքրական այս ուսումնասիրությանը խանգարող միակ հանգամանքը գրականագետի՝ պատմվածքի և Ա. Գրիգորյանի հանդեպ ունեցած անթաքույց հիացմունքն է, որի արդյունքում որոշ դեպքերում տրամաբանական վերլուծության փոխարեն տեղ են գտնում ոգևորության պոռթկումներ (օրինակ՝ հոդվածի քնարական նախաբանը, կամ՝ «Այս իմաստով Ա. Գրիգորյանը, պետք է ընդունել, Բուի կերպարը հիանալի է երևակայել», «Այս է Ա. Գրիգորյանի՝ տեսաբանի և գրողի լուծումը»): «Տեսաբանի» տիտղոսը Անրի Գրիգորյանին, կարծես թե, Լիլիթ Անտոնյանի կողմից է շնորհվել:
Սիրանուշ Նազլուխանյանի «Թիֆլիսյան նկարագրեր» խճանկարը հրապարակվել էդեռևս 2015թ.-ին «Գրանիշ» գրական կայքում, և այժմ առանց փոփոխությունների և որևէ ծանուցում-նախաբանի վերատպելը չենք կարող մեկնաբանել այլ կերպ, քան անգամ նոր ասելիք չունենալու պարագայում պարզապես տպված լինելու անհաղթահարելի ցանկություն: Նույն կերպ անորոշ է հոդվածի նպատակն ու ասելիքը: Աղասի Այվազյանի ստեղծագործությունների «թիֆլիսյան միջավայրում ապրող հայ մարդկանց» մեկտեղելու և ընդհանուր գծերով ներկայացնելու հոդվածագրի փորձն ավելի շատ ավագ դասարանների համար նախատեսված դպրոցական նյութ է հիշեցնում, որում գերակա է վերապատմումը, իսկ նյութի հեղինակի ձայնը լսելի չէ:
«Գրեթերթ-ամառ 2017»-ի ամենաինքնատիպ նյութը Գարսուի «Արք Թերապիա կամ Արքմենիկ Նիկողոսյանի «Խոսքի տարածություն» դեղատունը» գեղարվեստական էսսեն է, որին կից ներկայացված լուսանկարի համար կառաջարկեինք «Գրեթերթի» ամենամյա մրցանակաբաշխությունում «Տարվա լուսանկար» անվանակարգ ստեղծել և անմիջապես հաղթող ճանաչել: Արքմենիկ Նիկողոսյանի հետ ոչ այնքան երկխոսելով, որքան (ակնածանքով) կռիվ տալով` Գարսուն «երիտասարդ գրող» լինելու բարդույթից ձերբազատվելու «թերապիա» է անցնում: Թե՛ էսսեի և թե՛ լուսանկարի կոմպոզիցիոն շրջանակով Գարսուն գրող-դեռահասի պես ինքն իրեն և՛ կաշկանդում է սկսնակության շղթաներով, և՛ փորձում դրանք թոթափել («… էստեղ հեչ կապ չունի իմ այսպես կոչված, գրողական սկսնակության գործոնը», «…նոր զգացի, որ «Գրեթերթն» էլ ինձ էր գրկել էդ ժամանակ»)՝ «Գրականության Վեր»-ում գտնվողի դեմ հանելով հենց վերջինիս առաջարկած դեղամիջոց-գիրքը: Գարսու-Արքմենիկ խիստ անձնական երկխոսություն թվացող այս էսսեն կամ բաց նամակը, փորձարարության տեսանկյունից ուշագրավ է: Սակայն մասնագիտական հոդվածների ժողովածուի առնչությամբ զգացական և անձնավորված վերաբերմունքն, ըստ ամենայնի, ոչ թե Գարսուի գրական հայացքի, այլ հենց Ա. Նիկողոսյանի տեքստի ինքնատիպությամբ է պայմանավորված: Պատահական չէ, որ քննարկվող գրքի առնչությամբ Թագուհի Ղազարյանի հոդվածը (հրապարակված 2016 թ.-ին «Գրանիշ» գրական կայքում) կրում է ոչ պակաս զգացմունքային «Արքմենիկի տարածությունը…» վերնագիրը և ավարտվում է հետևյալ կերպ. «Խոսքի այս տարածությունը Դիմանկարի ու գրախոսության, տարեկան տեսության ու բանավեճի, դասական ու խառնիխուռն տարածություն լինելուց առաջ և հետո Արքմենիկ Նիկողոսյանի գրական սերնդի և Արքմենիկի տարածությունն է…»:
Փորձառության և մասնագիտական ինքնավստահության տեսանկյունց առանձնանում են Ալա Խառատյանի և Արմեն Ավանեսյանի հոդվածները: Երկուսի պարագայում էլ հոդվածը կառուցված է վարպետորեն՝ հստակ է նպատակը, ասելիքը, նյութի դասավորվածությունը:
Արմեն Ավանեսյանի խոսքի շարադրանքը բնականոն է և առանց ավելորդ ջանքի, զերծ է օտարաբանությունների չարաշահումից: Հակիրճ և անսեթևեթ մուտքի խոսքով գրականագետը միանգամից մի քանի հարց է լուծում. ամփոփ ակնարկ է նետում ժամանակակից հայ պոեզիային առհասարակ, սեռի արդի հիմնախնդիրների վերաբերյալ տեսական դիտարկում է անում և սահուն կերպով ներկայացնում իր ուսումնասիրության խնդրո առարկան՝ Գագիկ Դավթյանի պոեզիան: Ոչ այնքան ծավալուն հոդվածի շրջանակում ներկայացնելով Գագիկ Դավթյանի անցած ուղին՝ 1980թ.-ից մինչ օրս, Արմ. Ավանեսյանը հաջողացնում է կարևոր ընդգծումներ անել բանաստեղծի տպագրած յուրաքանչյուր գրքի վերաբերյալ առանձին-առանձին: Այնուամենայնիվ, հոդվածի վերջաբանը կիսատության տպավորություն է թողնում: Տեքստն ավարտելով լույս ընծայված նոր գրքի՝ «Որպես լույս ու խիղճ»-ի մասին լուրով՝ Ավանեսյանը կարծես զլանում է ևս մեկ պարբերություն գրել՝ ընթերցողին չտալով որոշակի առարկայական պատկերացում նոր տպագրված գրքի մասին:
Ալա Խառատյանի «Վերջ չունեցող ճանապարհը Արամ Պաչյանի Օվկիանոսում» հոդվածում խոսքը երկարաբան է, երբեմն՝ խճողված, ասես, տեքստը գրվել է շտապելով և ձևակերպումները հղկելու ժամանակ չի եղել: Բերենք մեկ օրինակ. «Դա թողնված է հասցեատիրոջ փորձառությանն ու անգամ ենթադրելի է, որ կամ միտումնավոր է խաղ ստեղծվում ընթերցողի ինտելեկտուալ մակարդակի հետ և նրան շփոթության մատնում որոշ տեքստերի ընթերցման մակարդակում, կամ՝ գուցե նաև անտեսվում է ժանրի քայքայման հարթությունում որևէ ժանրի հստակեցման անհրաժեշտությունը, որը կլինի իր հերթին հեղինակի՝ տվյալ ժանրին տված բանաձևումն ու վերաբերմունքը»:Իսկ ընդհանուր առմամբ հոդվածը հետաքրքրական է, բովանդակային առումով՝ հագեցած, ուղղված է մասնագետ-լսարանի:
Եվ վերջապես «Գրեթերթի» այս համարում տեղ է գտել «Մոդեռնիստական ուղղությունները XX դարի հայ գրականության մեջ (խնդրադրության պրոբլեմներ)» գրականության պատմության հարցերին նվիրված ուսումնասիրությունը, որը գրվել է տողերիս հեղինակի կողմից: Նշենք, որ վերնագրում խիստ էական վրիպում կա. գրված է՝ «XX դարի հայ գրականության մեջ», այնինչ պետք է լիներ «XX դարասկզբի հայ գրականության մեջ»: Հոդվածը նեղ մասնագիտական բնույթի է: Վեր հանվող խնդիրների, տեսական հարցադրումների վերաբերյալ լրացումներ, դիտարկումներ կամ դիտողություններ անելու ենք հրավիրում հետաքրքրված ընթերցողներին:
Քանի որ գրականագիտական հրապարակումները հաճախ ավելի քիչ ուշադրության են արժանանում, քան գեղարվեստական ստեղծագործությունները և գրականագետների կամ հետաքրքրվող ընթերցողների միջև հանրային քննարկումներ գործնականում գրեթե տեղի չեն ունենում, այս անդրադարձի նպատակն էր հայ ժամանակակից գրականագիտության նոր սերնդի վերաբերյալ երկխոսության առիթ դառնալ: