***
Քո մասին շա՞տ բան գիտեն
ծառերն այս,
Որ ամեն օր փշոտ ճյուղերով
բռնում են մազերս ու սվսվում`
— Տաք է, մի´ գնա:
Քո մասին շա՞տ բան գիտեն պառաված գրքերն այս,
Որ իրենց հարազատ գերեզմանում`
Մարմնում իմ թեթև,
Զօրուգիշեր բամբասում են քո անունով,
Քո մասին շա՞տ բան գիտեն աստվածներն այս,
Որ հարազատ երկինք են գտել իմ առաստաղում,
Եվ հարություն են տալիս մեռած հիշողություններին իմ բոլոր:
Քո մասին շա՞տ բան գիտեմ ես,
Որ երբ քեզ սպանում են,
Ես եմ մեռնում….
***
Ննջել է բացակայությունդ թափթփված իրերի մեջ այս տան,
Ականջակալներիս ամենախորքում,
Դիզածս գրքերի բառանոթներում,
Ֆեյսբուքի հորդահոս ստատուսներում…
Եվ խռմփալիս մաղում է կարմիր մելամաղձիկներ`
Որպես եղանակ եսիմորերորդ…
Անձնական դժոխք
Անուն,
Որ շռայլորեն հեղվում է բանաստեղծություն-անկողնում,
Եվ սահում անընդհատ գրամեքենայից,
Որ խցանվում է քաղաքի աղմկոտ երակներում,
Եվ աչքիդ առաջ խցանվում է քաղաքն ինքը այդ անունից…
Ամեն մեկն իր անձնական դժոխքն (անունն) ունի,
Խաղաղությո՜ւն Բուկովսկու ոսկորներին…
Եվ եթե իսկապես վստահ եք,
Որ ամեն ինչ կորած չէ,
Եվ եթե իսկապես վստահ եք, որ ամեն ինչ ձեր ձեռքում է,
Կանխե՛ք համաճարակն այդ անունի…
***
Քո անունը`
Բառի իշխանություն օրերիս,
Քո անունը` հետընթաց ժամանակ,
Կեսգիշերը կրծող թռչուն քնահարամ,
Քաղցր` առավոտյան սուրճի,
Ու դեղ՝ քնից առաջ…
Քո անունը` սողացող հատակ,
Միշտ թարմ անկողին,
Հարազատ դագաղ,
Քո անունը`
Օրվա միակ հեկեկոց,
Բնագիր` բոլոր-բոլոր բառերի…
Սիրտս` ամառվա կեսին հասած կարմիր դեղձ,
Անցնող-դարձողը կծեց հենց ծառից,
Անցնող-դարձողի բերանով հոսեցի քաղցր շիրայով, ասացին՝
Դառը կուտ ես,
Թքում ենք, գնա՛…
Ցամաքած, անմիս սիրտս տո՛ւն տար`
Ճանապարհի կեսին կծաղկի անմշակ ափերիդ…
***
Լուսաբացների հերթափոխի մեջ ես անընդհատ կորցնում էի պատկերը քո`
Ո՞վ էիր,
Ինչո՞ւ էիր,
Մինչև ե՞րբ էիր…
Ես շշնջացի քո անունը, և լքեցին մարմինն իմ բառերը բոլոր,
Եվ հիշողությունները ցամաքեցին կրծքի պես կնոջ,
Եվ քաղաքները աննկատ չվեցին:
Երակներիդ փշերի տակ նորածին սիրո բարուր կար ընկած`
Հիվանդ աստվածներն էին թողել-գնացել,
Եվ ես փրկում էի սերն այդ մահվան փշերից,
Եվ ափերս այրվում էին դողով տենդային…
Իմ ու քո միջև սա էր`
Փշոտ երակներ և աստվածներ հիվանդ,
Որ սնվում էին հիշողությունների ցամաքած կրծքից…
Ո՞վ էիր,
Ինչո՞ւ էիր,
Մինչև ե՞րբ էիր…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն