Երեկոյան ժամը յոթ անց կես էր, երբ աﬔնօրյա պարտականություններից հոգնած կատարածու Լորենց Շնիբախը տուն վերադարձավ: Իր սովորության համաձայն դուռը թակեց Մոցարտի ‘Eine Kleine Nacht Musik‘ ﬔղեդուն ներդաշնակելով, և երբ կինը` Ֆլորա Շնիբախը, դուռը բացելուն պես հոգատարությամբ հարցրեց, թե ինչպես է ամուսնու ինքնազգացողությունը, վերջինս, կրկին իր սովորությանը հավատարիմ ﬓալով, պատասխանեց.
— Սոված գայլի պես:
Ընթրիքին տիկին Շնիբախը խաշած տավարի ﬕս ու բրնձով փլավ էր պատրաստել: Հենց խոհանոցում էլ նստեցին: Տավարի մսի թարմ ու առատ գոլորշին, իրար հետ ընթրելու անկեղծ ախորժակը, խարխուլ ճաշասեղանի հարևանությամբ պստլիկ պատուհանը (որին թխկոցով անձրևի կաթիլներ էին դիպչում) ու տիկին Շնիբախի չխնամված եղունգները զույգին ﬕ խորհրդավոր մտերմություն ու պարզություն էին հաղորդում: Սովորականից դանդաղ տատանվող պատի ժամացույցը պահից պահ կանգ էր առնում, սակայն հետո նորից վերսկսում աշխատանքը` աﬔն անգամ ասես վերագտնելով ապրելու իմաստը: Մերթ ընդ ﬔրթ պատուհանի զույգ փեղկերի արանքից սուլում էր գարնանային կիսասառը քաﬕն:
Ընթրեցին լուռ. ﬕ անգամ միայն կատարածուն ընդհատեց լռությունը` եղանակի անկանխատեսելի ելևէջները արձանագրելու.
— Պառվի Ուլերն են:
Տիկին Շնիբախն էլ ﬔղմ ժպտալով պատասխանեց.
-Պառվի Ուլերը Ապրիլի կեսերին են, դեռ Մարտի երեսունﬔկն է:
Վերջացնելով ափսեի պարունակությունը` կատարածուն փոքրիկ հացի կտորով հիﬓովին մաքրեց ափսեի հատակն ու տիկին Շնիբախին, առիթը չկորցնելով, ակնարկեց.
— Ա՛յ սա ﬕս էր… Հիմա կրկին գունավոր եմ տեսնում:
Այդ երեկո Շնիբախ ամուսինները սովորականից շուտ պառկեցին: Ննջասենյակի կիսաբաց պատուհանից լսելի էին Խաղաղության հրապարակում հավաքվածների անկանոն, բայց ոգեղեն գոչյունները` ուղղված Նորին Գերազանցության վարած անﬗիթար արտաքին քաղաքականության, պետբյուջեի բարձիթողի վիճակի, թոշակների անվերջ ձգձգման, ինչպես նաև տեղեկատվության ու լրատվական ﬕջոցների վրա սահմանված ﬔնաշնորհի դեմ: Մինչդեռ սա կատարածու Շնիբախը ﬕայն ենթադրեց, քանզի բոլոր ցույցերն էլ վերջին ժամանակներում այդ էին վկայում:
Գիշերը կատարածու Շնիբախը յուր­օրինակ երազ տեսավ:
Տուն էր գնում, երբ շենքի մուտքի դռան մոտ, գետնի վրա ջրով լի դույլ հայտնաբերեց: Դույլի եզրից սպիտակ սրբիչ էր կախ ընկած, իսկ ջրում ալյուﬕնե բաժակ էր լողում: Հետևելով շենքի մուտքից եկող ժխորաձայնին` կատարածուն աստիճաններով բարձրացավ: Որքան մոտենում էր իր բնակարանին, այնքան աղմուկն ավելի էր ահագնանում… Դուռը լայն բաց էր: Դռան ձախ կողմում` խոհանոցային աթոռակի վրա, դրված էր կատարածուի լուսանկարը` եզերված սև փայտե շրջանակով: Կողքին երկու մոմ էր դրված, ﬔկը` վառած, մյուսն էլ` առանց պատրույգի: Մտավ ﬕջանցք… հոգեհանգիստն էր:
Բնակարանի ճերմակ սավաններով ու սփռոցներով ծածկված հայելիների վրա` պրոյեկցիոն լապտերների ﬕջոցով, ցուցադրվում էին կատարածուի կյանքի տարբեր կինոդրվագներ: Միջանցքի հայելին պատկերում էր այն անցած-գնացած օրը, երբ Շնիբախների ընտանիքը փոքրիկ Շնիբախին անակնկալ էր պատրաստել դպրոցի առաջին զանգի կապակցությամբ` ճապոնական այգիներ բալ հավաքելու տանելով: Դրության անելանելիությամբ պայմանավորված կսկիծ-ժպիտի արանքից կատարածուն խոր հոգոց հանեց ու լուռ շարժվեց դեպի բնակարանի խորքերը: Առանձնասենյակի հայելին պատկերում էր այն երանելի օրը, երբ երիտասարդ Շնիբախին ուսխորհրդի հատուկ որոշմամբ համալսարանային իրավաբանական մրցույթի երկրորդ կարգի պատվոգրի արժանացրին: Հազիվ զսպելով խոնարհ հպարտության արցունքները` կատարածուն առաջ շարժվեց: Խոհանոցում` ուր սովորականից դանդաղ տատանվող պատի ժամացույցը կանգ էր առել, ոչինչ չէր ցուցադրվում. խոհանոցում հայելի չկար: Բաղնիքի լվացարանի վերնամասում` պատից կախված սպիտակ պահարանի հայելու վրա, վարից վեր բարձրանում էին տիտրերը: Կատարածուն կարոտից դրդված հետաքրքրասիրությամբ սկսեց տող առ տող ընթերցել դրանք, ու ﬕ քանի վաղեﬕ ծանոթություններ հայտնաբերելով` հայրական բարի ու ներող ժպիտ արձակեց: Ծանոթների ցուցակում էին համայնքային կադաստրի պետի տեղակալը, շենքի լիազորը, տրամվայի պարկի վարիչը, Ֆլորան, քիթ-կոկորդ-ականջի բժիշկը, հարկայինի տեսուչը, աղբի ﬔքենայի վարորդը, երկու շաբաթը ﬔկ ներերակային սրսկուﬓեր կատարող բուժքույրը և այլոք: Տիտրեր ու տողեր. տողը տողի տակից, իրար հետևից շարքերով մագլցող ոջիլների նման, խիտ ու փոքրատառ: Կատարածուն սպասում էր ռեժիսորի անվանը, սակայն փոխարենը հայելու վրայով բարձրանում էին անուններ, որոնցից շատերը կատարածուն արդեն չէր էլ հիշում … Քունը տարավ: Հորանջեց:
— Մի տասնհինգ րոպե աչքս չկպցնե՞մ,- հարցրեց ինքն իրեն ու ոտքերը քստքստացնելով` ուղևորվեց դեպի ննջարան:
Դատարկ ճաշասենյակի պատից կախված պարսկական նախշազարդ գորգի կողքից բացվում էր ննջարանի դուռը: Աչքերը գրեթե փակ` կատարածուն ձեռքով հրեց դուռը սակայն ննջարան մտնելով` ակամա ուշքի եկավ սենյակում տիրող տոթից: Աչքերը բացելով նկատեց, որ ննջարանը լեփ լեցուն էր հանդիսականներով: Վերջիններս ննջարանի դռանը ﬔջքով կանգնած (կատարածուն դեմքները չէր տեսնում), խիտ շարքերով դասավորված, սև ֆրակները հագներին ամուսնական անկողնու հարևանությամբ դրված հաղթանդամ հայելու վրա ուշի ուշով ինչ-որ բան էին դիտում: Ոտքերի մատների վրա վեր ձգվելով` կատարածուն հանդիսականների գլխավերևից ﬕ կերպ ինքն իր համար տեսադաշտ ստեղծեց: Ցուցադրվում էր թաղման արարողությունը: Ճռճռան արևի տակ սևափայտ դագաղը բարձած տանում էին երկու նիհար ու տարեց տղամարդ: Նրանցից ետինը, ով դիմացինի պես սև կոստյումով ու քրտնաթոր դեմքով էր, թշին ﬔծ կլոր խալ ուներ: Շոգ էր: Դագաղի ետևից ցաքուցրիվ, ոտքերները հազիվ քարշ տալով քայլում էին թափորի անդաﬓերը` բոլորն էլ սաստիկ հոգնած, կոստյումով ու տարեց: Արևի պիրկ ճառագայթներն անապատային տեղանքներով քայլողների գործն է‘լ ավելի էին բարդեցնում: Կատարածուին այս մարդիկ բոլորովին անծանոթ էին. — Ա՜յ քեզ քելեխ ուտողներ. — քթի տակ մրթմրթաց նա ու իսկույն զգաց, որ խեղդում է կոկորդով դանդաղ բարձրացող սառն արցունքը: Մերթ ընդ ﬔրթ հանդիպող դար ու փոսերի ﬔջ ընկնելով` թվում էր, թե դագաղը տանող ետին տղամարդը` կլոր խալովը, պարտականության բեռի տակ կքած ուր որ է շունչը կփչի: Նույնիսկ եղավ ﬕ պահ, երբ թափորից մի նիհար կին վրա հասավ ու թաշկինակով հանգամանորեն սրբեց խալովի դեմքը: Հետո բոլորը էլի լուռ քայլեցին: Ճանապարհը տեղից տեղ ավազուտ էր դառնում և դա հավելյալ խոչընդոտներ էր ստեղծում ոտքերը քարշ տալու գործում: Մասնավորապես, քայլը արագացնելու դեպքում ոտքերը սայթաքում էին, իսկ դանդաղեցնելիս` խրվում ավազի ﬔջ: Մեկ էլ հասան ինչ-որ փոսի, որի կողքին ոչ տապանաքար կար, ոչ գերեզման: Հասան թե չէ, երկնքում իսկույն գորշ ամպեր կուտակվեցին ու ծածկեցին արևը: Էկրանին` հայելու երկայնքով ձգվող սպիտակ սեղան երևաց, որի կենտրոնական մասում` ննջարանում հավաքված հանդիսականներին ﬔջքով` ﬕնչդեռ դեմքով դեպի փոսը, կանգնած էր սև փարաջայով, գլխածածկ վանահայրը: Փոսի շուրջը ցրված էր թաղման նվագախումբը` կազմված երկու դուդուկչիներից, ջութակահարից և թավջութակահարից: Կատարածուն տարակուսեց: Երաժիշտները քար կտրած կանգնած էին (դուդուկչիները` դուդուկները բերաններին)` աﬔն վայրկյան պատրաստ սկսելու: Վանահոր ձեռքի հապճեպ նշանով դագաղը սկսեցին օդում պտտել` դեռևս առանց որևէ երաժշտության: Պտտողներից նա, ով ճանապարհին դագաղն առջևից էր տանում, երեք անգամ պտտվելուց հետո փորձեց դեպի սեղանը ճողոպրել, ﬕնչդեռ ետին տղամարդը` խալովը, շարունակում էր դագաղը պտտելը: Հո՜ չէր պտտում, հո՜ չէր պտտում… Թափորի ﬕջից երկուսը վրա հասան ու խալովի ձեռքից ﬕ կերպ խլեցին դագաղը: Չհամակերպվելով բաժանման մտքին` վերջինս գլուխը կախեց ու սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել: Դագաղը սեղանին դնելուն պես նրան` թևերը մտնելով, ﬕ կողմ տարան ու հանգստացրին: Կատարածուն, ով ﬕնչ այդ առավելապես թափորին ու արարողակարգին էր հետևում, հանկարծ նկատեց, որ սեղանին դրած դագաղը դատարկ է: — Փոսն են գցել երևի… — սրտնեղվելով հազիվ կմկմաց կատարածուն ու նկատեց, որ շունչը կտրվում էր: Հիրավի կատարածուի վարկածը չէր հակասում տրամաբանության կանոններին` հաշվի առնելով այն, որ դագաղը հենց փոսի կողքին էին պտտեցնում և հետո էլ իրար ձեռքից խլում:
Կատարածուն ավելի վեր ձգվեց ոտքերի մատների վրա, սակայն փոսի պարունակությունը տեսնել նա ուղղակի չէր կարող, քանզի թաղումը բացառապես հորիզոնական ուղղությամբ էր հեռարձակվում: Հանկարծ ﬕ շնչով թաղման մասնակիցները կուչ եկան և ուսերը վեր ու վար թափահարելով ու իրենց կոտորելով` անձայն լաց եղան անշարժ նվագախմբի քար լռության ներքո: Շնչահեղձ կատարածուն նկատեց, թե ինչպես այդ պահին բավականին անսպասելի կերպով ﬕ ճերմակ կենդանի դուրս թռավ փոսից, ցատկոտելով վազեց դեպի թափորն ու հայացքը սևեռեց ննջարանում հավաքված հանդիսականների ուղղությամբ: Դուրս թռչողը փոքր ուլիկ էր ու կատարածուն հասկացավ, որ ոչ թե հանդիսականներին, այլ հենց իրեն էր նայում: Այդ ﬕջոցին թափորում մասնակիցներն իրար ինչ-որ բան փսփսացին ու գաղտագողի քմծիծաղներ փոխանակեցին, սակայն հանդիպելով կատարածուի հայացքին` վերադարձան ողբին: Անշարժացած ուլիկը շարունակում էր ուղիղ կատարածուի աչքերի ﬔջ նայել, ասես հույժ կարևոր հաղորդագրությամբ ուղարկված լիներ: Կատարածուն ակամայից մտաբերեց, որ ուլերի մասին վերջերս էր խոսել կնոջ հետ. նախորդ օրը չէ՞ր ախր, որ եղանակի մասին հենց ինքը կարծիք հայտնեց, իսկ կինը հակասեց, որ Պառվի Ուլերը Ապրիլի կեսերին են: — Որ երեկ դեռ Մարտի երեսունﬔկն էր, հետևաբար այսօր արդեն…
Բայց ﬕ՞թե հենց այդպես, ինքն իրեն…
Վանահայրը, ով ﬕնչ այդ ﬔջքով էր կանգնած ննջասենյակի հանդիսատեսին, կտրուկ շրջվելով ու ցած նետելով սև գլխաթիկնոցը` բոլորին պարզ դարձրեց, որ նա Ռենէ Դեկարտի կեղծամը հագին հենց ինքը` կատարածու Լորենց Շնիբախն է, որ կա, և ապա կատարածուի աչքերի մեջ նայելով` առանց հավասարակշռությունը կորցնելու, խրոխտ ձայնով արտասանեց. — ‘Cogito Ergo Sum, Ես Մտածում եմ, Հետևաբար Ես Կա՛մ: Ետ շրջվելով` նա զույգ ձեռքերի նրբագույն շարժումով նվագախմբին ուշադրության հրավիրեց, անﬕջապես ինչից հետո վերջիններս անցան Բրամսի ջութակի հաﬔրգի կրքաբորբոք կատարմանը` դիրիժորի հմուտ ղեկավարությամբ: Բազմատանջ թափորը պարկեշտորեն խոնարհվեց ննջարանում հավաքված հանդիսատեսի բուռն ծափողջույնների ներքո: Արեգակը պսպղալով դուրս լողաց իրեն պարուրած մոխրագույն ամպերի ետևից և արշալույսի իր զիլ շողերով լուսավորեց աﬔն անկյուն, հայտնի ու անհայտ աﬔն ﬕ բան, հայելի ու պատուհան… — Վարագու՛յր…
Հաջորդող առավոտյան, նախաճաշին, կատարածու Շնիբախը մտազբաղ տեսք ուներ: Հոնքերը կիտել, խոժոռ դեմքով խոհանոցի խարխուլ սեղանի մոտ նստել ու պատուհանից դուրս էր նայում, և երբ տիկին Շնիբախը մատուցեց հանապազօրյա կարագն ու հացը, կատարածուն ափսեն ուղղակի ﬕ կողմ հրեց: Կատարածուին անհանգստացնում էր այն հարցը, թե ինչու՞ նա վերջին շրջանում ընդհանրապես երազ չէր տեսնում: Հետևաբար, ձեռնունայն անօգուտ պրպտուﬓերից, նա տիկնոջը գանգատվեց, որ արդեն քանի աﬕս է, ինչ ﬔկ երազ անգամ չի տեսել: Տիկին Շնիբախը, ով երբեք հոգատարության պակաս չէր ցուցաբերում, շոյեց ամուսնու ձեռքն ու ձայնին առավել կարևորություն հաղորդելով` փարատեց. – Տեսնելը` տեսնում ես, պարզապես չես հիշում:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն