«Բարի է հուսալ Տիրոջը, քան իշխաններին»
(Սաղմ. ՃԺԷ 6-9)
***
Բառաշարժությունից հոգնած գրիչ,
սպառվեց կապույտ արյունը քո…
Խոստովանիր, թե ում էր պետք
անկախության ժամացույցի
շղթայից կախ պատկերազարդ
կենտ ամորձին,
որ չձգեց սլաքը վեր…
ու դեռ ժանգոտ մեխանիզմը ատամնավոր
ծամծմում է մկանները ապրողներիս…
Ո՞վ թաքցրեց մանկությունս ախրոմատիկ`
ինքնակոչերի գունեղ պիջակների
կարաբաժիններում…
Փտած թելերը մնացին նույնը,
մաշվեց աստառի ծիրանագույնը:
Թմրել են լեզուները քարոզիչների,
ինչպես Աստծուց պատսպարվող
Ծիսամոլի երերացող ոտքը երրորդ,
պոռնկուհու անհագ մենության մեջ
անկանգ ցնցումներից հետո…
Ճակատդ տրորեմ,
մատս տանեմ բերանդ,
փսխի՛ր, փսխի՛ր, հոգիս,
քո փուշն ու իմ գերանը,
խուտուտ է ինձ տալիս կրակը մարելի,
ասում են` թունելում գոռալ չի՛ կարելի:
Պապիս սիրտը ճաքեց
կարմիր վարագույրը լիզող,
նույն վարագույրին միզող
փրչոտ շների մենահաչից,
հորս սիրտը ճաքեց պղծված լռությունից,
անցած տարի ճաքեց` կեսգիշերին:
Հինգ տարեկան էի,
Լուսաբացին կարմիր գլխարկը,
գայլին կուլ տալուց հետո,
ինքնաձիգի փողը ծոծրակիս հպած,
ուղեկցում էր ինձ դեպի ինքնաթիռը
«Աէրոֆլոտի»…
մուրճիկդ խփի՛ր ծնկիս, բժիշկ…
Նախապապիս գլխին մուրճով խփեցին,
մանգաղով հնձեցին մորուքը ոսկե,
խփի՛ր ծնկին բագինների առաջ չծնկողի,
որ տամ քացի
ռեֆլեքսներիս ամբողջությունը վկայող…
մեռած աստվածների ֆալոսներից շինած
իշխանատան փակ դարպասին…
Նրա ստվերը
զեղչված գնապիտակ դարձավ
ինքնաթիռի տոմսից փոքրիկ
իմ երկատվող երկրի վրա,
որը չի մաշվում հեռացողների ծոցագրպանում…
ես լիզում եմ ոտնահարված ճամփեքը քո,
ինչպես խխունջ, որպես կանխավճար կարոտներիս…

***
Ես տիրակալն եմ քամելիոնների,
Կաշվիս տակ գույներ հորձանահոս,
Չապրած տարիներիս խառնարանից
Ժայթքող:
Անհարթ կեղևների կեղեքումից չկարծրացած,
Անպտուղ սիրո դավանողների ծիածանից վառ,
Ավելի գունեղ, քան խոստումները թագավորների,
Ես ձեզ եմ գալիս անվերջ սառնարյուն,
Արևին կարոտ կաշվիս մենությամբ…
Ազատվեցի աղքատի գերեզմանից փոքրիկ`
Իմ ննջասենյակից,
Ծալվող մահճակալում մահս թողեցի,
Ոտնատակ տված կիսատությանս աստիճաններին
Անցյալ կառչող բազրիքներ չկան,
Հետ ընկածները մեջքս կծեծեն
Իրենց իմ պոչին տեսնելու համար:
Հեռարձակ լեզվիս կրակահերթից
Կպայթեն հերթով լուսատուները
դեղնախտից հյուծված:
ու սեռահասուն լուսատտիկի
կանաչ տենչանքով կշողարձակենք…
էգը կջնջի իր քրտնած մեջքով
Ֆրեյդի բազմոցի ծալքերի ծովում
խորտակվողների մրմունջը աղի
թերություններիս ամբողջությունը
ոչ ոք չի թաղի
ընդերքից անդին
նրբերանգների անձանձիր խաղում…

***
Գլխուղեղիս խրամատներից
Ռմբակոծում են մտքերս իրար,
Զինադադարին
Ձանձրույթի ժանգոտ անվասայլակով
Ես հեռանում եմ ինքս ինձանից
Մինչև մայրամուտ…
Գիշերն իջնում է
Ու օնանիզմի Աստվածուհու պես
Փորձում է մեղմել մաղձը մենության,
Մի կարճահասակ գիրուկ դեռահաս
Ուզում է հագնել ատլանտի մարմին,
Ու մի ծերունի դանդաղ դոփում է անձրևափոսում,
Իբր քայլում է ջրերի վրա…

***
Ես ինձ չսիրեցի ու ստեցի, Հա՛յր իմ,
Իբր սիրում եմ Քեզ,
Չցանկացա հիշել,
Որ Քո նմանությամբ հորինեցիր Դու ինձ…
Կասկածելի էր, Հա՛յր, տարբերությունը մեր
Անհերքելի
Դու՛ մեղավոր,
Դու՛ չսիրված,
Դու՛ մահամերձ,
Եղե՞լ ես, Հա՛յր…
Անպատասխան սիրո ծանրությունից
Ես պոկեցի պայուսակիս մաշված ուսագոտին,
Ու կապեցի պարանոցիս որպես միակ վկա,
Հոգնած հոգուց ավելի ծանր բեռ չկա:
Ոտքերս աթոռին հրաժեշտ չտված
Հայրս ապտակեց Քո փոխարեն, Հա՛յր…
Ցնծություն տուր ինձ
Մեղքերիս մեղա,
Մեծ եղբորս պես անթերի չեղա…

Ռուզաննա Ոսկանյան
Պոեմ աղբանոցի մասին
Երբ քեզ լքեցի
ամենասառը ծովի ամենաթաց
ավազի վրա,
ճանկռեցիր թևիդ տակ,
որ հիշես այդ օրը ընդմիշտ,
գոնե ցավը` անհասկանալի, թմրեցնող,
իսկ ես հայացքդ կհիշեմ.
ժպտում էիր ճանապարհին
ինձնից սկսվող:

Երբ ինձ մոռացան
ամենաբարձր ծառի
ամենաբարձր ճյուղին,
նայեցի ներքևում անվերջ
փոքրացող մարդկանց
ու հավատացի, որ թևեր ունեմ,
և աշնանը տերևների հետ
սահուն հասա գետնին:
Իսկ ճյուղը ամենաբարձր ծառի
նայեց ինձ հարազատի պես,
ում հետ հորինել էր հարյուր երկինք,
հարյուր երգ չվող ամպերի մասին,
ու ժպտաց ճանապարհին
մեր մեջ ձգվող
ու մարդկանց անվերջ փոքրացող:

Երբ թողեցինք նրան
նոր ներկված մոլորակի վրա,
որ հոտով, բնազդով գտնի մեզ
կամ էլ կորչի,
նա չնայեց անգամ իմ ու քո ետևից
և գլխիկոր դուրս սահեց կտավից:
Նա դրեց կտավը՝ երկուսիս թևի տակ
ու հանդարտ,
ոչինչ չկորցնողի քայլվածքով,
հանդարտ,
ոչինչ չգտնողի հուսահատությամբ
մերկ փողոցներով,
մերկ ծառերի արանքով
համրաձայն
գնաց աղբանոց:

* * *
Դուռը փակել եմ վրադ ու հեռացել,
այսօր առավոտյան հիշեցի:
Դու երևի կերել ես արդեն
պատի բոլոր նկարները,
իրար վրա շարված գրքերի
կազմերն ես կերել
(ամենահամեղ մասը վերջին տվյալներով)
ու դռներն ես կերել բոլոր.
ո՞նց պիտի հիմա դուրս գաս:
Ես դուռը կողպել եմ վրադ,
բանալին տվել եմ քեզ
ու հեռացել եմ քեզ շատ լավ
հայտնի ուղղությամբ:
Չեմ սպասել, որ կգաս,
չեմ ուզել, որ գաս,
ու չես եկել:
Կոստյումներս ես հերթով փորձել,
առաստաղը բարձր էր շատ
փողկապով կախվելու համար:
Գոնե պատերը մի կրծիր.
ոչինչ, որ տանիքը կընկնի վրադ,
ուղղակի լիքը դռներ կբացվեն,
ու չես իմանա՝ որով դուրս գալ:

* * *
Աշխարհն, այնուամենայնիվ,
մի տախտակ է
ծուլորեն քայլող կրիայի
վրա տարուբերվող,
ու պատերազմներ հաղթած,
ավարով վերադարձած ոտքերս
անդունդի վրա կախվել
ու չեն զարմանում:
Տախտակը կորացել,
իր հետ ապրող կրիայի ձևն է ընդունել
ու մոռացել է իր տախտակ լինելը:
Բայց ես հո գիտեմ,
որ վերջանում ես դու մի տեղ, աշխա՜րհ,
ու հետո միայն … կրիան է:

* * *
— Հուդան դո՞ւ ես,-
խոստովանություն սպասող անհամեստությամբ
շշնջաց տղան,
ու դու ուսերդ թոթվեցիր
քո ու Հուդայի
հերթական անպատշաճ նմանությունից:
— Հուդան դո՞ւ ես,-
հարցնելով պնդեց տղան՝
կոշիկներիդ մեջ անգամ
խոսքերի հաստատումը փնտրելով:

Տասներեքի մասին խոսելուց հետո
դու սովորաբար հիշում էիր նրան՝
ու թաց էին շորերը ջրերի միջով անցնելուց հետո,
ու տաք էր մարմինը նոր թխած
հացի պես:
Տասներեքի մասին լռելուց հետո
սովորաբար կրկին գտնում էիր նրան՝
կրակի միջով անցավ՝ չայրվեց,
պատռեցի՝ դեռ կա,
խմեցի՝ չվերջացավ:
Ճանապարհը փշերով ծածկեցի,
որ չգտնի ինձ,
երկնքից արևը ջնջեցի՝ չարթնանա,
բայց հայտնվեց դիմացս՝
Հուդան դո՞ւ ես:

— Նա էր,- նետեց տղան
ձեռքերն առաջ պարզած ամբոխին,
ու սիրեցին իրար քսանինն արծաթ
իմ խորը, անհատակ գրպանում:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն