Անկախության շրջանի պոեզիան մինչ 2000 թվականները զարգացման որոշակի հստակ ընթացք էր անցել. մի կողմից՝ զուտ գեղագիտական չափանիշների կիրառման առումով նախընթաց նորարարական ձգտումներով ստեղծագործող բանաստեղծական հոսանքներին շնորհել էր փաստական, իրավական կարգավիճակ՝ նրանց գրական գործընթացի լիարժեք մասը դարձնելով, մյուս կողմից՝ գաղափարական ընդգծված փոփոխությունների մի ամբողջ շրջափուլ հաղթահարել: Արդեն լիարժեք կայացած իրողություն էին՝ միֆական ջրհեղեղի հորձանուտում հայտնված «ժամանակային անժամանակության», անտիպոեզիայի երևույթները: Դարավերջ-դարասկիզբ անցումն էլ բովանդակավորվեց Խոսքի ու բառի միջոցով ժամանակային քաոսի հաղթահարմամբ. ժամանակը, ի վերջո, բովանդակավորման, տարածական հարթություն՝ երկիր կառուցելու փորձ էր ձեռնարկում:
Դարասկիզբը բեկումնային եղավ անկախության բանաստեղծության գաղափարական ընթացքի համար: Այսպես ասած՝ բուն անկախության սերնդի բանաստեղծները, ովքեր ծնվել ու որպես ստեղծագործող կայացման են հասել հենց անկախության տարիներին, գաղափարական իմաստով սկզբունքորեն նոր պոեզիայի ընթացք են նախանշում:
Հատկապես «Գրեթերթի» էջերում հրապարակվող բանաստեղծների այս սերունդը գեղագիտական իրողությունների վերարտադրման հարթությունում (ազատ բանաստեղծական տող, հեգնանք, խաղ, ֆարս) շարունակում է ժառանգորդային ընթացքը: Սակայն գաղափարական աշխարհակառուցման մոդելի ընտրության հարցում երևանվում են սկզբունքորեն նոր իրողություններ: Բոլորովին ուրիշ սերունդ, որն աշխարհընկալման, ժամանակազգացողության բոլորովին այլ դիտանկյուն ու տպավորություններ է հաստատագրում: Եվ նույնիսկ այն պարագայում, երբ նույնն է ժամանակը, այնուհանդերձ, իրականության գնահատման չափանիշները տարբեր հարթություններից են կատարվում: Անկախության այս նոր սերնդի աշխարհընկալման մեջ էական դերակատարություն ունի՝ հեղափոխությունից ու պատերազմից հեռու, հարաբերական կայուն ժամանակների մեջ ապրելու փաստը: Չունենալով պատմական ժամանակի կտրուկ մարտահրավերներ, ակնհայտ թիրախներ, պայքարն այստեղ տեղափոխվում է առավել մասնավոր, տարաբնույթ թիրախներով ներքին պայքարի դաշտ (ազատության, տաբուների հաղթահարման, քաղաքացիական տարաբնույթ պայքարների և այլն): Մեծ հաշվով, կարելի է ասել, որ անկախության այս սերունդը, հեղափոխություններ իրականացնող սերունդ չէ: «Հեղափոխությունը շարունակվո՞ւմ է»,- հենց այս հարցադրմամբ ու կասկածով է երիտասարդական գրականության վերաբերյալ իր վերլուծությունը սկսում գրականագետ Սուրեն Աբրահամյանը և հանգում այն եզրակացությանը, որ «Երիտասարդների շքերթն, իհարկե, պառնասական չէ, թեև, չէի ասի, թե հեղափոխական է: Ավելի ճիշտ` չիրականացած հեղափոխություն է (ասել է` «պսևդո-հեղափոխություն է»)»:
Թիրախ չկա // ես ձգում // և բաց եմ թողնում լարը // առանց նետի…
Գևորգ Թումանյանի պոետական այս ձևակերպումը, կարելի է ասել, ընդհանրական է այս սերնդի համար՝ անկախ ընթացիկ տարբեր մեծ ու փոքր դիրքավորումներից, որոնք երբեմն-երբեմն հանդիպում են:
Փաստացի նոր բանաստեղծության ընթացքը տարուբերվում է անթիրախ իրողությունների միջակայքում: Կամ, եթե փորձենք այլ կերպ մոտենալ հարցին՝ թիրախն ինքը կյանքն է, կյանքի տևումը և այդ ընթացքում ստեղծված տեքստը: Այդ առումով՝ Կարեն Անտաշյանը նկատում է. «Բանաստեղծի հաղթահարման նյութը լեզուն է, որն անընդհատ կարծրանում ու փոքրանում է հագովդ՝ ինչպես մաշկն օձի կամ պատյանը՝ կակղամորթների: Կենդանի մնալու և քո վրա աճելու համար ստիպված ես ժամանակ առ ժամանակ փոխել մաշկդ, այսինքն փոխել լեզվամտածողությունդ՝ վերաիմաստավորելով և վերաձայնագրելով այն՝ ստանալով նոր տեքստ: Ես նույնիսկ կարծում եմ, որ ավելի լուրջ խնդիր պոեզիան չունի ընդհանրապես, քան խոսքի վերաձևակերպումը կենդանի լեզվով»: Իհարկե, դա չի խանգարում, որ նույն Անտաշյանը իր ասած վերաձևակերպումներից զատ մղվի նաև պոետական լուրջ նյութի կառուցմանը (մասնավորապես հետաքրքիր են ջրի միջոցով նախասկզբին հասնելու և ներքին նոր տարածություն բացահայտելու, այդ տարածությունը սիրով ու ընտանիքով «բնավորելու» նրա փորձերը):
Ես Քո նշաններին հետևելով գնացի // ու գտա Պորտ լեռան կաթնաղբյուրը, // խմեցի իմ տարողության չափ Քո խորքը՝ // ստինք-երկրի ծուծքով օծուն, // ու ծիլս բար եկավ:
Նման մասնավոր կառուցումներ, որոնք թիրախներ են մատնում, առկա են մյուս բանաստեղծների գործերում ևս (Աշոտ Գաբրիելյանի՝ պատմության ընթացքի մեջ սերնդային շարունակականություն ապահովելու ձգտումը, Վահե Արսենի՝ սոցիալական տարերային իրականության մեջ մարդկային մենության արժևորելը, Անահիտ Հայրապետյանի «տեղային» պատերազմները գրեթե ամեն ինչի դեմ, Տաթև Չախչախյանի, Մանե Գրիգորյանի՝ տաբուներ հաղթահարելու փորձերը, Հայգի՝ տեքստի միտվածությունը դեպի քաղաքացիական դիրքորոշում ու պայքար և այլն), այնուամենայնիվ, առանցքային նպատակակետի բացակայությունը ակնհայտ է, ըստ էության՝ տեքստը ծնվում է հանուն ծնվելու հաճույքի: Դա առավել ակնհայտ է Աննա Դավթյանի բանաստեղծություններում, որտեղ տեքստը ինքը կյանքի տևումն է, և էականը դառնում է այդ տևումի գնահատումը, որն անցնում է «դարդեր պատմելով», ճաշ եփելով, սուրճ խմելով, «արդի հայ և ընդհանրապես պոեզիայի» հարցերը քննարկելու ընթացքով: Սկիզբն ու վերջը նույն արժեքն ունեն կամ նույնիսկ կարելի է ասել՝ անկարևոր են.
Ինձ մենակ քո չմնալն էր պակաս…// …Ինձ մենակ քո մնալն էր պակաս…
Մյուս կողմից՝ բանաստեղծության հերոսը չափազանց ներամփոփ է, քաղաքի մեջ ստվերի պես շրջող, ինքն իր մեջ ամփոփված. ու թեպետ բանաստեղծությունը կարող է դուրս գալ, շրջել փողոցներով, հասարակական երևույթներ դիտարկել, սակայն էականն այստեղ դառնում է պատերի ներսում թաքստոց փնտրելու փաստը.
Թաքնվելն անհնար է // Samsung-ի հրավառ գովազդից, // հատկապես՝ երբ ձյունն է իջնում, // իսկ դու մենակ ես, //ներսում…
Նույն վախի, ներփակվածության երևույթը Անահիտ Հայրապետյանի «Առանց վախերի ձմեռ» բանաստեղծության մեջ է երևում:
մի օր երբ դուրսը մնալուց չեմ վախենա // օտար լինելուց չեմ վախենա // երբ ընդհանրապես մեջս վախեր չեն լինի // բայց նյարդերս կտրտած չեն լինի // ու ես ցավից էլ չեմ վախենա // մի օր դու կունենաս ինձ երևի մի օր կտրվեմ վերջապես…
Եթե 90-ականների պոեզիայում սիրերգության գրեթե բացակայությունը բացատրելի էր հասարակական-քաղաքական, սոցիալական, բարոյահոգեբանական մթնոլորտի նախադրյալներով, ապա անկախության սերնդի պոեզիայի պարագայում նույն երևույթը, առաջին հայացքից, կարող է տարակուսելի թվալ: Անգամ այլ գործոններ բացառելու դեպքում այդ բանաստեղծների տարիքը կարծես թե սիրերգություն ստեղծելու լավագույն նախադրյալը պետք է լինի: Սակայն մենության, տագնապների, ներամփոփվածության, իրենից դուրս ուրիշին չզգալու ընդհանուր մտայնությունը իր կնիքն է թողել նաև թեմատիկ այս մասնավորության վրա: Մյուս կողմից՝ սա դիտարկելի է նաև պոեզիայի՝ նոր ժամանակներում նոր բանաստեղծների ընկալած առաքելության պարագծում, ինչպես նաև մատնում է այն խնդիրները, որ առկա են գրական ընթացքի ներքին զարգացումներում: «…պոեզիան,- այս առումով նկատում է Սուրեն Աբրահամյանը,- կորցնելով իր սակրալ ֆունկցիան, հակասում է պատրիարքալ ընտանիքի շահերին, սպառնում է զգացական և ֆինանսական գերածախս տալու, ուստի պրագմատիկ, ռացիոնալ, խնայողական այս աշխարհում անհնար է կամ ավելորդ ճոխություն է սիրահարությունը, պոեզիան: Սիրո ճգնաժամը և պոեզիայի ճգնաժամը համընկնում են…»:
Իդեալի կորուստը, Աստծուն չգտնելու, չտեսնելու հնարավորությունը լրիվ մենության են դատապարտում մարդուն, մղում նրան ինքնամփոփության: Նոր սերնդի բանաստեղծության գերխնդիրը, թերևս, այդ մենության հաղթահարումն է:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն