Կանաչ խնձորներ
Ու եթե հարցնես՝ որտեղից եմ գալիս, պիտի ստիպված խոսեմ ջարդված բաներից:
Պաբլո Ներուդա
— 1 —
Դատարկվելու համար, դատարկվելու համար, դատարկվելու համար
քեզնից
և անցածի համար, և ապրածի համար
քեզ շնորհակալություն
թեթևության համար սորուն
չունեցածս կրկնապատկելու
և թևերի համար` ջրերի վրայով հանդուգն սահելու

— 2 —
մենք ունեինք սև ձեռնոցներ, սիրելիս,
մենք ունեինք ձյուն՝ իմ՝ գլխարկով և քո բաց գլխի համար
մենք ունեինք ոտքեր, որ մխրճվում էին ձյան մեջ,
հաղթահարում բլրակներ սառցե, բարձրանում և իջնում ծիծաղով
դու ամուր բռնել էիր իմ ձեռքը, որ ես ձեռք ունենամ
և համբուրում էիր այտս, որ ես ունենամ այտեր
և լեզվով տաքացնում էիր շուրթերս, որ ես կարողանամ խոսել
և շփում էիր ոտքերս, որ ես լինեմ քո կողքին ու վազվզեմ քո շուրջը՝ ձիուկ

երբեմն ես պառկում էի ջրերի վրա, երբեմն՝ խոտի,
ես քո առավոտն էի ու առավոտն էի ոչ մի բաների՝
խոտի ու ջրի, սատկած լեշի, վերքից ծորացող արյան,
քարի,
ստվերների բոլոր,
երբ նրանք հավասար չեն իրերին ու մարդկանց

ես աչքեր ունեի
ես ունեի աչքեր
աչքեր ունեի ես

թափանցիկ,
ինչպես հիսուն գրամ օղին մարմնիս թերակղզում,
ես քայլում եմ հատակին փռված քարտեզի վրայով
և տեսնում տարօրինակ բաներ —
ջրեր ու կղզիներ, գետեր,
որոնց վրայով հավանաբար
հենց հիմա նավարկում են աղջիկներ ու տղաներ
և հավանաբար համբուրվում են անթույլատրելի լավ
և հավանաբար նրանք տեղյակ չեն նախագահների ելույթներից,
ֆեմինիզմից ու հետգաղութային երկրներից
և հավանաբար այն ամենը,
ինչ բաժանելու է նրանց հետո,
առայժմ միացնում է ու սիրուն

ահա մեզ միացնող ճանապարհները՝ այս քաղաքից այն քաղաք
և դու էլ ինձ համոզում ես վերջապես սովորել վարել մեքենա,
ահա ես ղեկի առաջ հայտնվում եմ անսթափ ու քշում վայրենու պես
մտահոգ նայում ես աչքերիս մեջ ու փորձում ինձ սովորեցնել նետվել
լողավազանի քլորոտ անհոգության մեջ
ես խեղդվում եմ զարմանալի արագությամբ և դու նորից նայում ես աչքերիս մեջ՝
կասկածանքով, թե այդ ե՞ս էի լողում այնպես հրաշալի
բառերի մեջ և այլ թանձրիկ տիրույթներում

դու հուսահատվում էիր, շփոթված նայում մատներիդ
ես պարզապես սիրում էի քեզ ու ինձ թվում էր անընդհատ,
թե սիրտս այնքան շատ է,
բազմապատկված ու մեծ
որ ես կարող էի լարել հազարավոր անխնամ դաշնամուրներ
կենդանացնել միլիոնավոր մեռած թիթեռների
ես հավանաբար կարող էի գնալ մենակ
բառերի սարսափազդու անտառն ու
լավագույն արմատը քեզ համար բերել

և ահա նորից ճանապարհը-կետ-գիծ
համառորեն ոտնակը սեղմելով՝ ես չեմ ուզում այն վերջանա երբևէ
ես հրաբուխ եմ՝ լացում եմ ժպտալով
գնանք, սիրելիս, ես սիրում եմ քեզ: Դու կուտես իմ սիրտը՝ ամենապարզ բանը, որ ունեմ:
Քայլենք գինու բաժակի եզրով:
Մերկանանք արագ: Ես նետվում եմ բաժակի մեջ, ու դու ձեռքս չես բռնում:

Դու մնում ես անհնարին մեծ սրտով — անհնարին մեծ կոտրած տաշտակ
և քո աչքը՝ քարին թեք հենված նավ
ականջախեցուդ համրության մեջ նստած
կանաչ լուռ ջուր և մատները քարով ջարդող հուսահատ ջրահարս՝
միակ տառաճանաչը ջրահարսների մեջ,
որ ո՛չ լողալ սովորեց, ո՛չ էլ ավտոմեքենա վարել:

— 3 —
քարերի ու լռության միջև
ստվերի ու տարածության
ձայնի ու ավազի արանքում
բարձրացող վերելակների, գնացքների ու սպիտակ շան թափահարվող պոչի
շուրթերի վրայով սահող լեզվի, ատամների կարմիր հետքի
հանկարծակի բացված սրունքի, գրքի ու ժպիտի,
տարեդարձի ու մարմինների հպման
կարճ բառերի ու ցուրտ հեռավորության
պատերազմի ու փաթիլի արանքում
անտառի ու ձյան
կնոջ ու կնոջ միջև
պատահեցին բաներ, որ ամաչում եմ հիշել

— 4 —
Ես կին ու դու
կին
հոգիս

Խարխափելով մթության մեջ ծնկներդ
և շոյելով զգուշորեն ինչպես չսրբված գրադարակին նստած փոշի
համբույրե մունետիկներ կուղարկեմ իմ Աստծուն՝
սև խոռոչը քո թաց

կթակեմ դուռը լեզվով
կբացվես իմ առաջ — հոսող ջուր
սպիտակ ճահիճ
ուր ցայլքիդ եղեգները նրբակեծ
կպահմտեն
տնքոցներիդ շրշյունները ինձ համար

— 5 —
Դու բացում ես սիրտդ, ես զգուշորեն տեղավորվում եմ նրա մեջ որդուդ ու աղջկադ կողքին
դու ծածկում ես մեզ
համբուրում նրանց ճակատը, մատի թմբիկով շոյում ես թարթիչներս
ու ժպտում

ուզում եմ հեկեկալ տոնածառի մոտ կանգնած այն աղջկա համար
որ պարզել է ձեռքը առաջ և ժպտում է՝ վերքի շոյանք
և հղի է նա ուրիշից
դուք դեռ հիշո՞ւմ եք իրար
դուք դեռ հիշում եք իրար

ուզում եմ հանել աչքերդ, սիրելիս
օրորել ձեռքերիս մեջ, երազ քսել, դնել ետ տեղը,
ափով փակել աչքերդ, համբուրել ու գնալ

իմ շուրջը մոխրամաններ են լցվում` կծկված ծխուկներով լիքը,
իմ շուրջը կանայք են ավելանում` փորերում կծկված մանուկներ,
բոլոր այդ ծխուկները ես եմ
բոլոր չծնված, ծնված ու ծնվելիք երեխաները ես եմ
քո տունը ես եմ
այս քաղաքի հիվանդ ու աչքը քոռ կատուն ես եմ
կանաչ այգին, որ քթիդ տակ ջարդեցին ու
սարքեցին բետոնից խանութ, ես եմ
վիրավոր ճնճղուկը, որին բռնեցի խաղատանը և հետո բաց թողեցի փողոց,
ճնճղուկը, որ թռավ ու նստեց փողոցի մեջտեղում և մի մեքենա էլ խելահեղ արագությամբ վրաերթի ենթարկեց նրան,

այդ ճնճղուկը ես եմ
այդ մեքենան ես եմ
այդ փողոցը ես եմ
թեյատան ճանապարհի ձյութած ասֆալտն եմ և սիրահար իժերն եմ ես,
որ կպել էին ձյութին ու էլ չէին կարողացել հեռանալ

(և ընդհանրապես ինչ բարդ է հեռանալը, աստված իմ,
շնորհակալ եմ սիրո համար, հիմա երբ կպել եմ ձյութին,
և արցունքներս շրխկոցով պոկվում են ու հեռանում ինձնից,
ուսուցանիր ուժ գտնել հեռանալու, երբ այլևս սիրելի չենք իրար)

իմ մեջ են բոլոր մատուցարանները
միջանցքները
կարմիր պատերն ու գոդարի գիրքը
ես եմ այս սրբիչները, որոնցով ձեր ոտքերն եք մաքրում
ես եմ փոշին ու կեղտը, ես եմ նստում ձեր ձեռքերին,
ես եմ առաջացնում հիվանդություններ
ներեցեք ինձ, բայց ես եմ ձեր քաղցկեղը,
ես եմ վերջին նամակը,
ես եմ ատրճանակը, որ մոտենում է իմ քունքին ու ցրիվ տալիս ձեզ

ես դուք եմ
դուք ես եմ
այլևս սահմաններ չկան
հողագունդը եղունգի տակ է մտել
ես եմ հողագունդը
ես եմ քամին
ես ես եմ, ով կանգնել է շվարած ու լսում է հիմա` ինչ եմ գրում
և չգիտի թե ինչու
բայց փաստն անհերքելի է
այդ ամենը ես եմ
և միայն պատին թեք հենված Կոռնելի Ագրիպան կհուշի`
եթե բոլորը դու ես, ուրեմն դու չկաս

չկամ, սեր իմ, չկամ… իմ ցամաքած մատներով,
աննյութ բերանով, որ դեռ տենչում է քեզ,
անիսկական մարմնով,
ոտքերով, որ գնալու ու մնալու տեղ չունեն ոչ այս հողագնդի վրա
ոչ էլ օդում ու ջրերի մեջ,
պսպղ աչքերս, որ հանեցին ու տարան գրավատուն
ու հիմա անթարթ նայում են դռանը-նշան դատարկության
ես դեռ գիտեմ տառերը,
ու անունդ կգրեմ հեռու աստղին ու ոչ մի հրթիռ չեմ թողնի քեզ մոտ,
դու կլինես աստված, իսկ ես կասեմ` մեռել ես
ու սիրտս կկծկվի ցավից, անասելի կփոքրանա բլոճի նման
ու վազեվազ կմտնի կրծոսկրերիս արանքը վախեցած
ու այլևս երբեք կրծոսկրերիս քարանձավից դուրս չի գա
մինչև վերջին կեղծ ընտրված նախագահի հրաժարականը
մինչև աշխատավարձերի բարձրացումը
մինչև մասուրի չափ ցորենի զատիկին ծլեցելն ու հարևանի հարսի գեշանալը,
մինչև սիրածիս կնոջ վերադարձը:

իմ խեղճ սիրտ,
իմ խեղճ սիրտ,
իմ խեղճ սիրտ,
որ հանգում ես քիչ-քիչ հեռվում վառվող քաղաքի լույսերի պես
ոչ ոք չգիտի` եթե լույսերը հանգում են, մարդիկ քնեցին, թե ինքնասպան եղան:
երաշխիք չկա:
աստիճաններով լացակումած իջնող իմ խեղճ սիրտ,
թուքումուր կերած,
վերնաշապիկ գողացած,
խակ ծիրան գնած,
լոգարանից անկողին մտած,
չգրկված ու մենակ իմ սիրտ,
ուր ես գնում այդպես արագ փողոցներով,
որ լիքն են կերակրի նեխած մնացորդով ամանի պես
փողոցներով, ուր այլևս հիրիկներ չեն ծաղկում կամ այլևս չնկատեցիր նրանց
և քամին
և գրադարանը քո
և գրքերի գիրքը քո` Ջորջ Օրուել. 1984,
քեզ համար այլևս տարիներդ կիսվում են երկու մասի`
մինչև Օրուելի գիրքը և Օրուելի գրքից հետո

Սա սեր է, սիրտ իմ,
այս կնոջ երգը, որ լսում ես, սեր է ցավագին,
անիմանալի ցավոտ,
և ծափահարություններ կլինեն վերջում, անգամ հիացքի սուլոցներ ու ճիչեր:
հողագնդի գերեզմանում փտող սիրտ իմ`
խեղճ և միակ և գնահատված խնձորների կողմից,
որ աճեցին ծառին` սնված քո պարարտ հումուսանյութից:
Գնահատված կանաչ խնձորների կողմից: Շլացուցիչ կանաչ:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն