Սիրտս քո մոր, սիրտս քո մոր հեկեկանքով է լեցուն…
Վ. Տերյան
90-ականներն էին, մենք փոքր էինք, տաք ջրի ու հոսանքի կարոտ, լողանում էինք մի դույլ ջրով, ցուրտ լոգասենյակում: Ու հիշում եմ՝ ոնց էր մայրս մեզ արագ-արագ քիսայում ու պնդում, որ նույն արագությամբ կրկնենք, որ շոգ ա, շատ շոգ ա, շոգում ենք: Հիմա լավ չեմ հիշում՝ էդ բառերից տաքանո՞ւմ էինք արդյոք, թե խնայում էինք իրար կամ աչք փակում: Մայրս պնդում է, որ տաքանում էինք: Մայրս հավատում էր բառին: Ես հավատում եմ մորս: Ու մենք ստեղծում ենք մեր անձնական ապահով միֆը, տեղավորվում իր ներսում ու ապրում աշխարհից կտրված, ինչպես երեխան արգանդում՝ սոցիումի չգրանցված մասնիկ: Պատերազմը թույլ տվեց, որ դուրս գանք արգանդից: Հիմա մենք անասելի փխրուն ենք, որբացած մեզ սնող միֆերից և նաև ուժեղ, որ միֆերի փոխարեն ստիպված ենք կառուցել իրական հայրենիք:
«50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի հերոսներից մեկը՝ խաղաղության նոբելյան մրցանակակիր Ջոդի Վիլյամսը, ասում էր՝ խաղաղությունը կապույտ երկինքն ու սպիտակ աղավնին չեն: Խաղաղությունը գործողություն է: Հարցազրույցներից մեկում Ջոդին պատմում է, թե ինչպես է մի կոնֆերանսի ժամանակ հանդիպել ծեր մի վանականի: Վանականը խոստովանում է Ջոդիին, թե վերջերս կասկածամիտ է դարձել: Ասում է. «Գիտե՞ս, Ջոդի, մարդիկ գալիս են, աղոթում, գնում, ու նրանց թվում է, թե իրենց խնդիրները իրենք իրենց պետք է լուծվեն, այնինչ ես հասկացել եմ, որ աղոթքը կարճաժամկետ հանգստություն է բերում միայն, իսկ խնդիրների լուծման համար մարդիկ պիտի իրենք քայլ անեն ու շարժվեն առաջ, չընկրկեն»:
Իհարկե, ավելի հեշտ է աղոթող ձեռքեր թողնել մեկնաբանության դաշտում, գրել ցավակցական բառեր, ընդ որում՝ ամենայն անկեղծությամբ, և նույնքան անկեղծությամբ ուրախանալ լուրերից, թե ադրբեջանական զորքերը լքում են Շուշին, մինչդեռ ընդամենը սովորական հերթափոխ է ռուսների աջակցությամբ։ Մենք դեռ ուրախանալու բաներ ենք փնտրում: Որովհետև դա թույլ կտա գրկել փափուկ բարձը, շրջվել կողքի ու քնել: Մինչդեռ համակերպվելու ժամանակներ են, ողբերգությունը գիտակցելու և ընդունելու և զրոյական կետից առաջ շարժվելու:
Ես ինքս իմ առաջ լուծելիք խնդիրներ եմ դրել. պատերազմը նաև ցուցիչ էր մեր անհատական թերացումների՝ լեզվի իմացության, կապերի օգտագործման:
Գրականությունը քաղաքականության լուծման ամենամեծ գործիքներից է: Ի՞նչ ենք մենք արել այդ հրաշալի գործիքից օգտվելու համար: Ես քաղաքագետ չեմ: Ես չեմ պատրաստվում ուրիշների մատից հոտ քաշելով քաղաքական ճառեր ու դիֆերամբներ որոճալ: Ես չեմ պատրաստվում լացացնող տեքստեր գրել: Ես գրող եմ, խմբագիր, ու ես հիմա առավել քան երբեք գիտեմ, թե ինչ է պետք անել: Իմ զենքը գրականությունն է, գրականությունը միշտ կրակում է սրտին՝ անկախ ազգային ու սեռական պատկանելությունից, մաշկի գույնից, քաղաքական ճամբարներից, անկախ ամե՛ն, ամե՛ն ինչից: Չթաքնվենք հայրենական բարձի տակ, վերմակը չքաշենք գլխներիս ու քնենք: Դանդաղ շունչ քաշելու, մտածելու, բարձրաձայն լաց լինելու ու գործ անելու օրեր են:
Ի զեն: