գրել փոքրատառով նշանակում է բաց թողնել առաջին տառը, ոսկե մեդալը հանել վզից, կանգնել երկրորդ հարթակին, տեղ տալ նրան, ով առաջնորդ է: ես առաջնորդ չեմ: երբեք էլ չեմ եղել և ոչ էլ ցանկություն ունեմ, ես չունեմ կուռքեր, չունեմ հերոսներ ու աստվածներ, փոխարենը կարդում եմ գրքեր, սիրում եմ իմ սերը, որ նիհար է ջրիմուռի պես և բոլորովին ուրիշ կոկորդիլոս է անանուն իմ ընտանիքում, որ ես եմ ու վերջ: ես փոքրիկ թռչուն եմ, ով մաքրում է ծեր կոկորդիլոսի նեխած ատամներն ու կպցնում կրակայրիչով պատրույգը հանգած սրտի, որ մարմրում է դանդաղ: ես սիրում եմ: ես սերն եմ: ձեզ լինեն իմ սեռն ու հեշտոցը: ես մարդ եմ, և կրծքերը պատահականության արդյունք են: իմ երկար մազերը վաղուց չեմ խնամում, որովհետև ժամանակին հարցերս լուծել եմ նրանց հետ ու թողել աղբադույլի մեջ գեղեցկության մի սրահի, որն այլևս չի գործում: ես մերկ եմ և ուժեղ իմ լինելությամբ, իմ թուլություններով, իմ տգեղությամբ, որն այնքան է ինձ սազում: ես որոշումներ չեմ ընդունում` երկար-բարակ խոսելով դրանց մասին, քննարկելով ու բանավիճելով, կռվելով ու կծելով, լացելով տողատակերում և այլոց ուսերին մի բաժակ բանով փաբերում ու սրճարաններում, ստատուսներ գրելով ու ձեռնահարելով ցնցուղի տակ` հեշտանքից սատկելով ու դողահար և պարպված որևէ բան անելու ցանկությունից, քնամոլոր ու մեղկ, ես որոշումներ չեմ ընդունում, ես ուղղակի անում եմ այն, ինչ կարող եմ, այդ պահին, հիմա, արագորեն: քյոսայանի այն հարցին, թե ինչպես է իրեն հաջողվում այդքան «ազգային» ֆիլմեր նկարահանել, հենրիկ մալյանը պատասխանել էր. «ես պարզապես կինո եմ հանում, ինքն իրեն ազգային է ստացվում»:
ես չունեմ տերեր և երբեք էլ չեմ փնտրել նրանց. ես անտեր եմ, ես իմն եմ:
քաղաքն, ուր ապրում եմ ես, նման է երեխաների գեղեցկության մրցույթի մասնակցող աղջնակի, ում ժպիտը սիրունացնելու համար մեծական ատամնաշար են տեղադրել, անբնական թարթիչներ, կեղծամ և գուլպաներ` փոքրիկ կրծկալի մեջ: հին շենքերի ոչնչացումը ի տեղ նոր ու անհասկանալի բոյով շենքերի ոչինչ այլ չեն, քան անհասկանալի սպիտակ ու մեծ ատամներ մանկական փոքրիկ բերանում կաթնատամների փոխարեն:
տունն, ուր ապրում եմ, վարձով բնակարան է: արդյո՞ք իմ կյանքը, որն ապրում եմ, վարձու է: և որպես կենվոր ես պետք է վճարեմ այս կյանքի համար, բնական է, օրերով, ժամանակով, բայց, որ ամենակարևորն է, հասնելու տեղով և գտած տեղը մշակելով:
ես դուրս չեմ գալիս փողոց, իմ փողոցը տեքստն է: տեքստը իմ տեղն է: ես որդնած տեքստ եմ: բառերը, որ բոժոժներ են, չեմ ուզում դառնան թիթեռներ: ինձ դուր է գալիս որդի` ինքն իր մեջ կլորվող, ներսուզվող աշխատանքը: ես ողջունում եմ թիթեռներ որսացող նաբոկովին, ես ողջունում եմ ֆաուլզի ֆրեդերիկին: ես ճվճվացող գույնի փոխարեն ընտրում եմ ներհակ միտքը, և եթե գործողություն, ապա` միայն նյութով:
ամբիոնները պետք է նվիրել ծննդաբերած կանանց, նրանք փայտե տաշեղների մեջ հեշտությամբ կգտնեն բացերը` խոթելու այնտեղ նորածնի կտրած պորտալարը:
պետք է հայել` ինչպես են իրենցից ծնած բառերի արձագանքի մեջ շրջված ամբիոնները դառնում այն, ինչ են.
ազատություն,
ազատություն,
ազատություն
ծառերին:
ազատություն մետաղներին. նրանք չպետք է խրվեն բառերի մեջ` ազգային պրոթեզով ու ծամկալով
ազատություն ազատությանը`
մեր միջի ամենախեղճին, ամենատանջվածին, ամենաչհասկացվածին, ամենաբռնաբարվածին: մենք անընդհատ կանգնում ենք` ձեռքերը տարածած աջ ու ահյակ` խաչի պես, և ազատությունը հիսուսի նման բարձրանում է մեզ վրա: մինչդեռ կարելի էր սլանալ այդ մուստանգի հետ` վազքի պահին հեծնելով նրան:
մենք մեռնում ենք գետ, ծով, մեծ ջուր չունենալու կարոտից: չիլիի տեղահանված ու փրկված բնիկները պատմում էին, որ եկվորներն օվկիանոսն օգտագործեցին իբրև գերեզմանոց: մենք մահվան նոր տեղ ենք փնտրում ու գտել ենք ծովը` անհաստատ հաստատունը, որովհետև ունեցածներս հաստատուն հողն է` ապրելու տեղը, իսկ հողում թաղվելու համար նախ պետք է հողի վրա ապրել: հողը բաց տեքստ է, ուր անելիք կա, գետի խնդիրները լուծված են. անեզր փակ տեքստ, որ սկսվում է պոեմի պես ու վերջանում երազանքի նման: հնդկացիները վրեժ լուծելու փոխարեն նստում էին գետի ափին ու սպասում այնքան, մինչև գետն ի վար կլողար իրենց թշնամու դիակը: մենք այդպես երկար նստում ենք ու սպասում փրկիչ հերոսին, փրկության արև վահագնին կամ աստծուն կամ որևէ առաջնորդի: մենք տեղ ենք փնտրում` գետի ափ, բայց ոչ երբեք գետ, բայց ոչ երբեք մեզ` հողի մարդուն: որովհետև գրավել գետը նշանակում է գրավել երազելու քո իրավունքը և լինել ճանաչելի ինքդ քեզ:
բա մեր լացը, մեր կասկածելի պատմությունն ու ազնվատոհմ տատիկ-պապիկները: ուժ կունենա՞նք երբևէ նրանց վերջնականապես թաղելու, կապրե՞նք էսօրը, թե կշարունակենք օտար լեզու սովորելու փոխարեն ի ծնե գիտցած, խրիմյան հայրիկից ավանդված միջազգային լեզուն` լացը: և ինչպե՞ս կգրվի լացը, որպես բանաստեղծություն` ապրող քեզնից առաջ, թե իբրև արձակ` հիշողությունը քարկոծող բատուտ: ես բանաստեղծություն եմ գրում:
գրել նշանակում է շարունակել մի բան, որ սկսել են պատմագիրները: բանաստեղծություն գրել նշանակում է միջակետ դնել և ապրել, որովհետև բանաստեղծությունը չի հավատում պատմությանը, չի հավատում մովսես խորենացուն, բանաստեղծությանը հետաքրքիր չի, թե մենք ուր ենք գնում, որովհետև բանաստեղծությունը գնում է այնտեղ, ուր մենք չենք գնում:
ես փոքրատառով եմ գրում: նշանակում է` բաց եմ թողնում առաջին տառը, նշանակում է` ես ուզում եմ տեղ տալ կողքիս ապրող մարդուն, ընդունել նրան որպես բաց գրականություն` օրագրային թաքուն գրառում, որովհետև ես չեմ ուզում լինել մենակ փողոցում, որը տեքստ է և տեքստում, որը փողոց է: գրել փոքրատառով, նշանակում է ասել` դու մենակ չես: