Գրական երկը ոչ այլ ինչ է, եթե ոչ միմյանց հետ տարբեր առնչություններ ունեցող գեղարվեստական պատկերների կառուցվածքային ամբողջություն: Յուրաքանչյուր պատկեր իր ուրույն նշանակությունն ունի երկի շինվածքում: Գեղարվեստական պատկերները միմյանց նկատմամբ գտնվում են ամենատարբեր հարաբերությունների մեջ, բայց նրանք բոլորն էլ հավասարապես ծառայում են հեղինակային ասելիքի արտահայտմանը: «Ստեղծագործության բազմազան տարրերը իրենց տարբեր մակարդակներով, ներքին տարբեր կապերով և չափումներով միշտ ենթարկված են մի բարձրագույն միասնության: Նրանք ծառայում են միևնույն գաղափարական և գեղարվեստական նպատակին և, միասին վերցրած, ստեղծում են մեկ ամբողջական «օրգանիզմ», որի բոլոր մասերն ու տարրերը ապրում են միասնական շնչառությամբ»,-գրում է Էդվարդ Ջրբաշյանը: 1 Գրական երկի տարրերի ամբողջականության և միասնականության մասին է խոսում նաև Արամ Գրիգորյանը: 2 Ստեղծագործության այս ըմբռնումը մեզ թույլ է տալիս ուսումնասիրել պատկերավորման արվեստի և կառուցվածքի փիլիսոփայական հիմունքները: Փիլիսոփայական և կառուցվածքային մեթոդների օգնությամբ կփորձենք բացահայտել երկի շինվածքի մի քանի առանձնահատկություններ:
Գրական երկում ընդգրկված պատկեր-գործողությունները պատկանում են երկու հարթությունների: Ոչ բոլոր գործողություններն են, որ ներկայացվում են իբրև կատարված: Դրանցից շատերը ծնունդ են այս կամ այն կերպարի կամ հեղինակի ցանկության և ենթադրության: Արդյունքում ձևավորվում են երկու հարթություններին պատկանող պատկերներ, որոնք արդյունք են հավանականի և իրագործվածի փիլիսոփայական հայեցակերպերի: Բոլոր այն պատկեր-գործողությունները, որոնք ծնունդ են ցանկության և ենթադրության, համապատասխանում են կյանքի բնական օրինաչափություններին և չեն համընկնում իրագործված գործողությունների հետ, պատկանում են հավանականի հարթությանը: Հավանականի ոլորտը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրագործվածից որոշակիորեն տարբերվող, կյանքի բնական օրինաչափություններին համապատասխան, տվյալ երկում հիշատակվող, բայց չիրագործված գործողությունների հանրագումար: Այդ պատկերները կարևորագույն նշանակություն ունեն գրական ստեղծագործության կառուցվածքում: Դրանց տարբեր հարաբերությունները իրագործվածի հարթությանը պատկանող այս կամ այն պատկերի հետ ձևավորում են երկմիավոր կամ բազմամիավոր կառույցներ: Հաճախ հավանականի հարթությանը պատկանող պատկերը հիմնվում է իրագործվածի որևէ պատկերի վրա՝ առանց բացարձակ նույնացման: Հավանականի հարթության պատկերները դասակարգվում են տարբեր սկզբունքներով՝ ըստ հոգեբանական հիմքի, ըստ իրագործման հավանականության և ըստ իրագործվածի հարթությանը պատկանող պատկերների հետ ունեցած հարաբերությունների: Ըստ հոգեբանական հիմքի՝ կարելի է առանձնացնել ենթադրելի հավանականը և ցանկալի հավանականը: Ըստ իրագործման հավանականության՝ կարելի է առանձնացնել իրագործելի հավանականը և անիրագործելի հավանականը: Եթե հավանականի հարթության պատկերը ունի որոշակի հակադրության իրագործվածի հարթության վրա, ապա գործ ունենք անիրագործելի հավանականի հետ, իսկ եթե այդ հակադրությունը բացակայում է, ապա պատկերը պատկանում է իրագործելի հավանականի ենթաոլորտին: Եթե հավանականի հարթությանը պատկանող պատկերը իրագործվածին հարաբերվում է անցյալի մեջ, ապա գործ ունենք փոխարկելիական հարաբերությունների հետ, իսկ եթե այն հարաբերվում է ապագայի մեջ, ապա այդ հարաբերությունը շարունակելիական է: Շարունակելիական հարաբերությունների դեպքում հավանականի և իրագործվածի հարթությանը պատկանող պատկերները փոխլրացնում են միմյանց, իսկ փոխարկելիական հարաբերությունների դեպքում՝ փոխբացառում:
Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպը կարելի է քննել այս հարաբերությունների համապատկերում: Վերը նշված հարաբերությունները այս վեպում ձևավորում են բացակաների ներկայության յուրօրինակ երևույթ: Բացակաների ներկայության տեսանկյունից յուրօրինակ հետաքրքրություն են ներկայացնում Բալայան Սահակի և Տրյուֆոյի կերպարները: Դրանք իրադարձություններում ներկա են նաև հետկյանքային գործողություններով: Այս կերպարները պետք է դիտել Միկիի հետ ունեցած որոշակի հարաբերակցության մեջ: Միկիի ճակատագիրը իրագործվածի հարթությանն է պատկանում. այն բացակա կերպարների ենթադրելի ճակատագրերի մոդելն է:
Սահակ Բալայանի կերպարը վերարտադրելիս դրսևորվել է պաչյանական «անավարտ տխրությունը». «Սահակ, քեզնից մնացել է պլշած ու հեռացող հայացքիդ խոր քնքշությունը, մնացել է հավերժ քեզնից առաջ ու քեզնից հետո՝ Դյուրերի առաջին ինքնանկարում, ես վախենում եմ սենյակի պատուհանից դուրս նայել, որովհետև դու միշտ կանգնած ես փողոցի հեռավոր կետում, թիթեռնիկը օձիքիդ կապած, բակի երեխաներից մեկի ծննդյանդ նվեր ճագարիկը գրկումդ»: 3 Հիշողության պատառիկների միջոցով Պաչյանը փորձում է վերականգնել մահացած մարդու ուրվանկարը: Սահակի կերպարի գործունեությունն իրագործվածի հարթության վրա ավարտվում է մահվամբ. «Երեք ամիս հետո կիսավեր գործարանում խաղալիս Սահակն ընկավ մազութի ամբարն ու խեղդվեց…Սահակին պառկեցրել էին շագանակագույն, լաքապատ դագաղում՝ ծննդյան օրվա նույն կոստյումով: Թիթեռնիկը տխուր կպել էր օձիքին: Մսոտ մատները հանգչել էին կրծքին: Դագաղը նրան շատ էր սազում»: 4 Պաչյանը մեր առաջ է բացում նաև հավանականի հարթությունը, որ ծնունդ է ենթադրելիի: Այստեղ ներկայացված է կերպարի գործունեության ենթադրելի շարունակությունը. «….եթե չմեռնեիր ու բանակ գայիր, ինքնասպան էիր լինելու: Ամեն առավոտ լավ տղերքի կոշիկները փայլեցնող ստրուկը: Երկու տարի անընդմեջ ճաշարանում նրանց համար կարտոֆիլ կտապակեիր, անձնական քարտուղար, մատուցող, մոխրաման դատարկող. լուր տանող-բերող ու փափլիկ քամակիդ համար անկողնում զուգընկեր կլինեիր….»5: Հավանականի հարթության գործողությունների այս շղթան ձևված է արդեն իսկ իրագործված այլ ճակատագրի վրա և արդյունք է դեպքերի տրամաբանական շարունակության ըմբռնման. «Միկի Մաուս: Ամենահռչակավոր մուկ: Մուկ՝ մկների: Նա քայլում էր մարմնիդ միջով ճաշարանի ետնաբակից, գլուխը կախ՝ մի ձեռքով հրացանի փոխարեն ցախավել բռնած, մյուս ձեռքում՝ քառակուսի խոշոր դույլ»: 6 Միկիի ճակատագիրը իրագործվածի հարթության այն մոդելն է, որի վրա ձևվում է Բալայան Սահակի կերպարի հավանական ընթացքը: Իսկ գործողությունների տրամաբանական շարունակությունը բխում է կերպարի իրագործված գործողություններից. «Մեզ նկատելուն պես Սահակը մոտենում էր, կանգնում մեր կողքը ու ոչ մի բառ չէր խոսում: Ուր գնում էինք, Սահակը գալիս էր մեր ետևից, կանգնում մեր կողքը ու ոչ մի բառ չէր խոսում: Նյարդայնանալով մենք ծեծում էինք նրան, սպառնում, որ սրանից հետո, եթե հանդիպեց, գլուխը քարերով կջարդենք»: 7 Հենց այս ամենի տրամաբանական շարունակությունն է հավանականի հարթության գործողությունների շղթան: Հավանականի հարթության վրա պատկերվում է Սահակ Բալայանի ինքնասպանությունը: Սահակի թողած երեք հավանական նամակներից մեկում բացվում է հավանականի երկրորդ աստիճանը. «Ես, երազում էի ֆերմայի մասին: Կովեր, ոչխարներ, էծեր կպահեի. ձիեր, հավեր, կատուներ, մեղուներ: Մեղուներիս ամառը կտեղափոխեի սարեր: Փեթակները կշարեի աշխարհի ամենասիրուն ու հոտավետ ծաղիկների մեջ ու կապրեի նրանց հետ… Ասում եմ՝ բոլորդ մեղավոր եք, որ ես մեռնում եմ, եղավ, բայց ոչ թե որ ինքնասպանություն եմ գործում, այլ որ մեռնում եմ՝ առանց մեղուների պահելու, առանց տուզիկ ունենալու, առանց ծաղիկների գլխիկներին նայելով կոֆե խմելու…»: 8 Հավանականի առաջին աստիճանն արդյունք է ենթադրելիի, իսկ երկրորդը՝ ցանկալիի: Երկու դեպքում էլ գործ ունենք անիրագործելի հավանականի հետ: Երկու դեպքում էլ մահն է անիրագործելիություն պայմանավորող հակադրությունը: Հավանականի առաջին աստիճանի գործողությունների համար հակադրություն է իրագործվածի վրա պատկերված մահը: Հավանականի երկրորդ աստիճանի գործողությունների անիրագործելիությունը նույնպես պայմանավորված է մահով: Վերջինս պատկանում է հավանականի առաջին աստիճանին:

Գծապատկեր 1


Ինչպես ցույց է տալիս գծապատկերը, մենք գործ ունենք շարունակելիական հարաբերությունների հետ, քանի որ հավանականի առաջին և երկրորդ աստիճանները իրագործվածին հարաբերվում են ապագայի մեջ:
Տրյուֆոյի կերպարը նույնպես թույլ է տալիս խոսել այս հարթությունների մասին: Տրյուֆոյի կերպարի հավանական ընթացքը նույնպես արդյունք է գործողությունների տրամաբանական շարունակության ըմբռնման: Ի տարբերություն նախորդ օրինակի՝ այդ շարունակությունն այստեղ ենթադրում է լուրջ բեկում, բայց դա չի նշանակում, թե առկա է անտրամաբանականություն. դա բացատրվում է տվյալ միջավայրի ներքին օրենքներով: Հենց այդ օրենքներն են պայմանավորում Տրյուֆոյի կերպարի ենթադրելի բեկումը: Դարձյալ մահն է այն հանգամանքը, որ պատնեշ է դառնում իրագործվածի և հավանականի միջև, իսկ հավանականի պատկերումը բխում է միջավայրի դաժան օրենքներից. «Լաաաաաաաաաաաաավ, թեթև տար, սրանից հետո, զուգարանում ու մյուս տարածքներում լավ օրեր կանցկացնես էն ծծող Միկի Մաուսի հետ»: 9

Գծապատկեր 2


Տրյուֆոյի կերպարի հետ կապված՝ գծագրվում է նաև ցանկալի հավանականը. «Ախպերս, բան չմնաց, մի քիչ դիմացիր, մի տարին շուտ կանցնի, կգաս Փարիզ…»: 1

Գծապատկեր 3


Ցանկալի հավանականի և իրագործվածի հզոր հակադրությունը արտահայտված է այս հատվածում. «Դեհ, երազանքդ իրականացավ: Հա, իրոք լրիվ երազի մեջ եմ, հավատս չի գալիս, որ Փարիզում եմ, եղբորս խելագարի պես կարոտել եմ, պատկերացնում եմ ինչքան կուրախանա: Լյուք-Վաչոն տխուր նայում էր Սենայի մկնագույն ջրերին: Էլ չի ուրախանա: Ո՞նց, ինչի՞: Որովհետև ստիպված է լինելու վերադառնալ տուն: Բայց ես եմ եկել, ի՞նչ տուն: Դու չես եկել: Դու հրաժեշտ ես տվել: Ու՞մ եմ հրաժեշտ տվել. գժվե՞լ ես Լյուք-Վաչո. քեզ ի՞նչ եղավ, լավ չե՞ս. անձրևի տակ մնացինք, շուտ վազենք: Անձրև չի գալիս՝ դիահերձարանի սառը ցնցուղն են պահել մարմնիդ»: 1 Այս օրինակն առանձնահատուկ է նաև նրանով, որ հավանականի հարթության վրա ներկայացվում է նաև «անհավանական» իրողություն (խոսող սագ): Եվ հենց այդ անհավանականի միջոցով է բացահայտվում ցանկալի հավանականի և դաժան իրագործվածի հակադրությունը: Այսպիսով՝ և՛ Տրյուֆոյի, և՛ Բալայան Սահակի կերպարները չիրագործված միկիներ են: Միկիի կերպարը Սահակի և Տրյուֆոյի հավանական շարունակության մոդելն է իրագործվածի մեջ:

Գծապատկեր 4

Սրանով լավագույնս արտահայտված է մարդկային ճակատագրերի հավանական զուգա­հեռականությունը: Այդ զուգահե­ռա­կա­նությունը նույնպես նպաստում է ստեղ­ծա­գործության տարբեր տարրերի կոմ­­պոզիցիոն կապերի ըմբռնմանը:
Այսպիսով՝ Արամ Պաչյանի ստեղ­ծա­գոր­ծություններում դրսևորված ճակատա­գ­րե­րի զուգահեռները ստեղծում են բա­­վա­կանին հետաքրքիր կոմպոզիցիոն հնար­ներ: Ա. Պաչյանը առաջ է քաշում իր էսթե­տիկական ինքնատիպությունը, պատ­կերի, ստրուկտուրայի ամբողջացման իր եղանակները:

—————————
1. Գրական ստեղծագործության վերլուծության ուղիները և սկզբունքները, Երևան, 1983, էջ 20:
2. Տե՛ս նույն տեղը, էջ 49:
3. Ա. Պաչյան, Ցտեսություն, Ծիտ, Երևան, 2012, էջ 53:
4. Նույն տեղում, էջ 83:
5. Նույն տեղում, էջ 55:
6. Նույն տեղում, էջ 57:
7. Նույն տեղում, էջ 83:
8. Նույն տեղում, էջ 65, 67:
9. Նույն տեղում, էջ 131:
10. Նույն տեղում, էջ 147:
11. Նույն տեղում, էջ 191:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն