Երևան՝ «սովետական», Երևան՝ «հին-ցուցանակային», Երևան «կարուսելային», Երևան՝ «թանգարանային», Երևան՝ «միջանցքափողոցային», Երևան՝ «ողբերգական» և էլի շատ երևաններ, սակայն գրեթե միշտ՝ անցյալի քաղաք. անցյալ, որն անխուսափելիորեն բերում է համապատասխան մոտիվներ՝ կարոտախտ, հրաժեշտ, ավերակներ, մահվան տեսիլ, մեռյալներ, ողորմիներ…Այսպիսին է Երևանը ըստ «Գրեթերթի» այս համարում ընդգրկված նյութերի:
«Դառնամ զողորմի տի տամ». սա, իհարկե, ուրիշ բնագրից է, Երևանի հետ կապ չունեցող, սակայն Երևանի ու երևանցիների մասին մերօրյա «Էպոսը» նույնպես կարող է սկսվել ողորմիով: Էպոսի հետ իմաստային այս զուգորդման պատճառը գուցե նաև այն է, որ թերթում ընդգրկված գործերից երկուսը սկսվում են Եղիշե Չարենցի «Երևան» պոեմի հայտնի տողերով, որտեղ հերոսի սերը Երևանի նկատմամբ համեմատվում է «հին հեքիաթում» Դավթի նկատմամբ ձիու սիրո հետ: Այդ տողերը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, սակայն Ե. Չարենցի պոեմի առանցքում կրկին անցյալի քաղաքն է՝ կյանքից ձանձրացած ու խեղդամահ: Իսկ հերոսի՝ նոր քաղաք ստեղծելու ցանկությունն ու եղածը նկարագրելու անկարողության խոստովանությունը գրեթե նույնությամբ կրկնվում են ժամանակակից հեղինակների գործերում:
Ինչո՞ւ է Երևանը միշտ անցյալի ու մահվան հետ ասոցացվում. գուցե նրանից է, որ հայ գրականության «քաղաքագրությունը» առավելապես արդեն գոյություն չունեցող քաղաքների մասին է. Չարենցի Կարսը, Մահարու Վանը, Թոթովենցի Խարբերդը, այստեղից էլ ողբասացական երանգներն ու մոտիվները:
Գուցե նրանից է, որ հայ նոր գրականությունը սկզբնավորող գործը՝ «Վերք Հայաստանին», որի գործողությունները ծավալվում են Երևանում, սկսվում է ողբերգությամբ և ավարտվում հերոսների մահվան ողբով ու թաղումով:
Գուցե հնարավո՞ր չէ Երևանի մասին գրել առանց ողբալու և մեռելների մասին հիշելու: Գուցե Երևանը ներկա չունի, կամ գոնե գրով ներկայացվելու արժանի ներկա: Համենայնդեպս, Երևանի մասին անկախության շրջանում գրված ինձ ծանոթ բնագրերի մի զգալի մասն հենց այսպիսի հուշագրական-ողբասացական բնույթ ունի: Այս պատումներում Երևանը որպես ժամանակակից կենդանի քաղաք գոյություն չունի, չունի իր դեմքն ու գույնը, չկա երևանցին: Կան իհարկե երևանցիներ, հիմնականում կարծրատիպային, սակայն նրանք միայն ու միայն անցյալով են ապրում, հիշում ու կարոտում խորհրդային Երևանը՝ իր վատ ու լավ, սակայն միշտ քաղցր կյանքով:
Գուցե Երևանի գրական ժամանակը միայն անցյա՞լն է. ինչպես Գուրգեն Խանջյանի «Երևան հետահայաց» էսսեում է. անցյալից հեռախոսազանգ, անցյալի ստվերներ, սերեր, առարկաներ, մարդիկ: Մոռացված տպավորություններ, հարաբերություններ, ծանոթ-անծանոթ փողոցներ, թափառումներ, մեռելներ, մեռելներ… ու հրաժեշտ. «Վրա եմ բերում պատատուկների կանաչ վարագույրը` ետ քաշվում. հերիք է, արդեն ցավ է պատճառում… Սրճարանը հեռանում, փոքրանում, կորչում է ժամանակի մեջ, նրա ետևից` նաև քաղաքը: Մնաս բարով, Երևանս»: Գ. Խանջյանը ամենայն մանրամասներով վերստեղծում է իր մանկության, ապա պատանեկության ու երիտասարդության խորհրդային Երևանը, որտեղ հերոսն ապրում էր, որտեղ կյանքը եռում էր, կամ գուցե կյանքը հերոսի՞ մեջ էր եռում. և եթե չկա այդ եռքը, ուրեմն չկա՞ Երևանը: Ժամանակն է փակել վարագույրը:
Նույն կերպ Գրիգի «Քաղաքի վրա թանձր մառախուղ» էսսեում անցյալի հետ կապող սրճարանի պատատուկների վարագույրին փոխարինելու է գալիս մառախուղը: Երևանն այստեղ դատարկված տների ու հին ցուցանակների քաղաք է, և էլ ավելի սուր հնչում է հերոսուհու՝ անցյալի ստվերների մեջ թափառել սիրող երիտասարդին ուղղված հարցը. «-Չեմ հասկանում՝ ձեզ ինչ ա եղել, ամեն օր մեկը գալիս ա, նայում ես՝ սիրուն հագնված, տեսքը տեղը, բայց աչքերում կյանք չկա»:
Երևանի մասին պատումը, հուշը խեղճացնում է, մոլորեցնում հերոսներին, ինչպես Արմեն Սարգսյանի «Երևան կամ երեք ծանոթություն» գործում է, և ի վերջո ավարտվում Երևանի մասին ավելին ասելու անկարողության խոստովանությամբ: Ինչպեսև Եղիշե Չարենցի պոեմում է. «Երևա՛ն, ես էլ ի՞նչ ասեմ,/ Որ դու ավելին չցանկաս…»:
Երևանի մասին գրելու անկարողությունն հետապնդում է նաև Նորայր Սարգսյանի հերոսին. «…եթե Չարենցը արդեն գրել ա: Իրա գրածը քեզ շատ էլ ա. Չարենցը ինչի մասին գրել ա, արդեն շատ ա: Ռուբոն ու Ֆորշը քեզ երգել են բերնեբերան, բա 70-ականների ջազդ, բա Առնոն, եսիմ է: Երևա՛ն, ես քո երակը մտած պղտոր թմրանյութով լի ներարկիչ եմ՝ բենզոլինից, հազի դեղից սարքած, որ, լցվելով ընթացքիդ մեջ, նվիրում է քեզ մի քանի ժամ խախանդություն ու ցավերի բացակայություն՝ բթություն, ու վերցնում է արյունիցդ մի քանի գրամ և ընկնում քո աղբամանի կողքը՝ պատմությանդ ոչինչ չտալով ու չմնալով քո ընթացքում»:
Տիգրան Գրիգորյանի Երևանն ի սկզբանե «պատուհասային» է հայտարարվում և պատմվածքի վերջում արդեն պարոն Հակոբի կատվի խեղդած մանկահասակ երեխայի սարսափազդու պատկերը արդյո՞ք քաղաքի մահվան ևս մեկ տեսիլ չէ:
Նառա Վարդանյանի «Սատանի քաղաքում» Երևանը՝ «կարուսելային» է, կամ եթե կարուսելը փոխաբերություն համարեք՝ «մեռելային». սառը, ճնշող քաղաք, նախկին տներով ու մեռելներով լեցուն: Հերոսուհին կարծես բնակարանից բնակարան է տեղափոխվում մեռելներից փրկվելու համար կամ իրենից հետո մեռելներ թողնելով: Իսկ քաղաքն էլ մե՛կ որովայն է, որ կուլ է տալիս մարդկանց, մե՛կ հերոսի ցավն ու հևոցը իր վրա կրող գորգ և մե՛կ էլ Սատանի անիվ՝ հին, ճռճռան, սառը մետաղյա կարուսել:
Կարուսելի փոխաբերությունը գուցե այնքան էլ փոխաբերություն չէ, քանի որ մարզերից ավտոբուսով Երևան բերվող դպրոցականների համար Երևանը մեծ մասամբ սահմանափակվում էր պաշտոնական-ուսուցողական ու իրական-ժամանցային երկու նպատակով՝ այցելություն որևէ թանգարան, ապա Մոնումենտի այգի, երբեմն գումարվում էր նաև գազանանոցը, ինչպես հիշում է Արքմենիկ Նիկողոսյանը «Ու Թումանյանը, Չարենցը, Իսահակյանն ու մյուսները մնում են միայն որպես դասերի թեմաներ ու գրքերի հեղինակներ, ու Երևանը այդ տարիներին երբեք չասոցացվեց որպես քաղաք, ուր թանգարաններ էլ կան՝ Երևանը գազանանոցն էր, Երևանը՝ Մանումենտն էր…»: Հետո իհարկե գալիս է ուսանողական, ապա դասախոսական Երևանի հերթը, սակայն Արքմենիկ Նիկողոսյանի հուշ-պատմությունը՝ թանգարանային Երևանի մասին է: Այսինքն կրկին անցյալի: Քաղաք, որը խեղճացնում է մարդուն, նվաստացնում, ստիպում փոխվել, չի թողնում կեցվածք ընդունել, վայելել ձեռքբերումները:
Հովհաննես Հովակիմյանի «Ֆրագմենտների» Երևանը նույնպես ուսանողական է, սակայն ոչ թե «թանգարանային», այլ «միջանցքափողոցային». կարծես ավելի բազմադեմ է, սիրելի, կարոտելի, սակայն կրկին չունի գոնե միջանկյալ կայուն ձևակերպված կերպար: Երևանը կարծես տարուբերվում է հերոսի նախընտրած «լսարանի» աղջկա ու գայթակղիչ «միջանցքի» աղջիկների միջև. ընդ որում երկու դեպքում էլ աղջիկներն անհասանելի են՝ կա՛մ Երևանում չեն, կա՛մ «մեր փայը չեն», մնում է միայն աղջկան, թերևս Երևանին ուղղված խնդրանքը. «Չեմ թողնի՝ դառնաս ցուցափեղկի նմուշ, դու պետք ես ինձ, սերս քո հանդեպ փսլնքոտ չի: Մենք ազգով մեջքից թույլ ենք, դու իմ մեջքը պիտի լինես, պետք եղած ժամանակ՝ մեջքդ մեջքիս հենես, պետք եղած ժամանակ՝ գրկես մեջքից: Մենք մեջքից ենք թույլ, ոտքներս ձիգ ա, գլուխներումս էլ խելք կա: Մեջք եղի ինձ, սիրու՛նս, մեջք»:
Երևանը դառնում է հերոսների անհաջողությունների, վախերի,կորուստների, նվաստացումների խորհրդանիշը, իմաստավորվում միայն ինչ-որ դեպքի, անձի, իրի ու առարկայի, ժամանակի հետ միասին, բայց ոչ երբեք՝ ինքն իրենով: Երևանը բազմաթիվ դեմքեր է ստանում ու մնում է անդեմ:
Ո՞վ ես դու Երևան. սիրուն աղջիկ՝ հոբելյանական-տոնական պաստառներից ժպտացող, քանդվող հերթական շենքի միջանցքում մնացած, ներկը թափված ցուցանակ, հին, ճռճռան ու վտանգավոր կարուսել, խունացած լուսանկար, անպատասխան հեռախոսազանգ, չստացված սեր, մի նվաստացման պատմություն, լաբիրինթոս, խեղդամահ երեխա… շարքը կարելի է շարունակել, սակայն մի բան ակնհայտ է, որ ով էլ լինի Երևանը, այն դեռ գրականությանը չէ, քանի որ դեռ մերը չէ: Մենք Երևանից վախենում ենք ավելի, քան սիրում ենք, մենք նրան տալու բան չունենք, բացի մեր խեղճությունը, բողոքն ու պահանջները:
Երևանը դեռ մերը չէ. ուրարտական է, պարսկական-խանական, ռուսական-կայսրական, դաշնակցական, սովետական, հանրապետական, բայց դեռ մերը չէ… գրականությանը չէ:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն