***
Սա իմ կյանքն է։
Այս գիշերը, այս ցերեկը,
Այս հևոցը վազքից առաջ ու հետո,
Սանդուղքին մոտենալիս ու հետո,
Պարկը վերցնելիս ու հետո,
Մրգօղին խմելիս ու հետո։
Հենց սա է, որ կա։
Այս ուզելու և չանելու,
Չանելու և ուզելու,
Անելու և զղջալու,
Զղջալով կրկնելու
Սուրբ դաշնությունը։
Ես եմ՝ իմ կյանքն է՝
Կաթսան, ուր թշշում են
Աղջիկները՝ միշտ խոստացող,
Ընկերները՝ ներող-լռող,
Հարազատները՝ դարձած խոժոռ նվագախումբ,
Անծանոթները՝ վարքիս խոտոր պլշկած,
Եվ ես՝
Հայացքումս բարի քեն,
Որ պարզում եմ անցնող օրվան,
Եվ մի չգիտես թե ինչ անվերծանելի
Խճճանքի, որ կոչվում է կյանք,
Որից ունեմ և ես։
Սա իմ կյանքն է։
Այս կաթսան, ուր անզուսպ խինդով
Տապակվում ենք
Ես և հոգսը, ես և սերը,
Ես և ամենայն ինչ՝
Օր օրի ահագնացող
Լեղակի անտակ ջրերի հետ
Անդրդվելիորեն համերաշխ։
Սա իմ կյանքն է։
***
Մեզ բանաստեղծելու համար արդյոք ի՞նչ է պետք —
քթաբաց կոշիկ, մաշռտված շալվար,
«Վիլիս»-ի ճամփա քարքարոտ,
և մեկ էլ լուրթաչ մի սեր,
որին նախշուն մայթերից պոկելը,
խոստովանենք, անհնար կթվա։
Մեզ բանաստեղծելու համար
ծանր ու մեծ ոչինչ պետք չէ —
մի իշաբեռ հուր ու կարոտ,
անհոտ, անգույն տրտմություններ,
հեռացումներ, մոռացումներ և
տունդարձեր՝
քթաբաց կոշիկի մռութով պատվազուրկ։
Հոգսերից մինչև երգ երկու լոք է, քեզ ասեմ,
իսկ մեզ բանաստեղծելու համար մի՞թե
սազ է պետք կամ վայելքի ճոխ սեղան։
Ամենևին —
լուսնյակ գիշեր, լուսնոտ հուշեր,
հիվանդագին կարոտ առ չգիտես ինչը,
չգիտես ում,
և, բնականաբար, լուրթաչ մի սեր,
որը ո՛չ Դուլսինեա է, ո՛չ Բեատրիչե,
չնայած գոտկատեղից վեր
դո՛ւ ես հորինել,
ու որին այս գունեղ մայթերից պոկելը,
խոստովանենք, անհնար է թվում։
ՏԱՐԵՊՏՈՒՅՏ
Ի՞նչ իմանամ, թե ինչ էր ձմեռը։
Գուցե հազաբեր մի քամի
ու փետացնող պաղ արտաշունչ։
Ձյունը եկավ ձեռառնոցու պես,
դրեց մայթերին կիսատ-պռատ՝
ճաղատ գլխի տեսք տալով։
Ի՞նչ իմանամ, թե գարունն ինչ էր։
Մարտը «հո» էր կապտած ափերին,
ապրիլը՝ ճղճղան հարայհրոց
սնափառ անձրևների թափով։
Մայիսը քրջերի թոթափում էր
և ատլետիկ մի ձգում՝
դեպի ժպտուն տաքերը։
Ամառ —
նարնջագույն սփոփանք և
երկնային մի ավելորդ
շռայլություն։
Ցերեկը պրծնում է, երբ ուժ չկա ձգձգելու,
իսկ գիշերը… հրաշքին չռած մի աչքաթարթ։
Գարեջուր, երազ ու տոթ մակույկ,
տո դե հերն անիծած, մի կարգին գրկիր
գլուխը հեքիաթիդ հենած շեկ աղջկան։
Հետո աշուն։
Ձևավոր քաղաքում հաշվարկով տնկած
ծառերը խուզեցին։
Ու նայում եմ երկնքին, հետո նայում եմ ցած՝
բեմ ու կուլիս չի ջոկվում։
Բայց… Աստված իմ, անկյունում,
մարդկային հրմշտոցից անդին
կուչուրվել է մի թշվառական՝
ստերջացումի օղն ականջին…
Էհ, շուն-բարեկամ, սիրտդ լեն պահիր,
դեմը դեռ դողէրոց ձմեռ ունես
կամ, որ թողնեն, ևս մի անհեթեթ տարի…
Ի՞նչ իմանամ՝ ի՞նչ է տարին, որ գալիս է ու գնում,
կամ մենք ենք տանում ու բերում՝
անհարմար բռնած կապոցի նման…
***
Որքան էլ ծեփվես՝ թմբիր է լուսե։
Մի-մի լոք վար, մի-մի լոք վեր —
Միատոն կապույտ ու միատոն սև —
Աստված է միակ ողբերգակը մեծ։
Սիրել եմ ես խենթությունը վես,
Նռռացող սիրո քուղերը պիրկ,
Իմ խմած գինին հաճույք է ու ծես,
Կածանները իմ լեգենդ են ու ցիրկ։
Ապրել եմ որպես քնատ հրաբուխ,
Գժեգիժ թափել քուլա ու պեծիլ,
Իմ բաժին եղել ամենակարող,
Փականներին ասել «Սեզամ, բացիր»։
Բայց իմացիր, վաղուց եմ հոգնել
Երգից, վերքից, գրքից ու կրքից,
Իմ դեմ անզոր է Դելիի մոգն էլ,
Լաց ու ծիծաղ՝ միևնույն է ինձ։
Ես վաղուց եմ հոգնել, իմացիր,
Եվ ամենն այնքան թեթև է հիմա…
Ուղիները իմ լեգենդ են ու ցիրկ,
Կյանքը և՛ կյանք է, և՛ խափշիկ մահ։
…Օրերիս ճաքած մրուրում հիմա
Փոշի է, ցամաք ու թոշնություն,
Ողջը երազ է, սուտ է ու խումհար —
Քանի տարի գնում՝ չեմ հասնում տուն։
Քայլում եմ՝ որպես թլֆած մի Էդիպ,
Կտրում հասարակած, մետր ու յարդ։
Կեցությունը պատիժ է աննախադեպ,
Եթե ընթացքը դանդալոշ է ու հարթ։
Դրախտ չես ընկնի առանց մեռնելու —
Գինիները այս լերդ են ու թույն,
Արդյոք ե՞րբ եմ կապույտ դառնալու.
Աստված սիրում է ողբերգություն։
***
Հայաստան, քո անունը հնչում է որպես
պղնձե անզգույշ արձագանք,
որպես ուժը կորցրած դրամի
բախումը թաց ասֆալտին։
Եվ մի՞թե դու արժան էիր սոսկ
այն բախտավոր թաթերին,
որ գտան քեզ ջեբկիրի փութով
ու որ վատնեցին կոպեկին հասու
էժանագին առուծախում։
Հայաստան, քեզ որերորդ անգամ գտան
բոսյակներդ բամբակապորտ,
և մի՞թե դու արժան էիր սոսկ
լուցկու, ծամոնի կամ անֆիլտր
գլանակի պատվանդանին։
Հայաստան, սիրելի՜ս,
ահա, մեկն էլ տվեց քո անունը,
ու զնգաց թաց ասֆալտին մի գրոշ
պղնձե բախումով զիլ,
Եվ քեզ, անուշս, ցավոք, մեկն էլ կորցրեց։
***
Խառն են հիմա և՛ անեծք, և՛ օրհնանք,
Ամեն մի ժպիտ հիշոց է թունոտ.
Ասա ինձ, Տեր, էս հողից ո՞ւր գնանք,
Կամ ո՞ր բարձին փնտրենք հանգստություն։
Գիշերն ի բուն վրնջում է հուժկու
«Նոր պոլիտիկ» երիվարը ոսկե։
Հորիզոնում թեք, կծկված մուժում,
Սատանան իր սև դաստակն է կոծկել։
Եվ մենք էլ ինչպե՞ս, և մենք էլ ինչո՞վ,
Եվ մենք էլ ինչո՞վ ի վերջո ճղենք
Էս պոպուլիստական ընկերքը չոր,
Էս մածուցիկ խեժը ինչո՞վ ճղենք։
Էլ ի՞նչ են ուզում մեզանից սրանք՝
Էս քաղաքական քնթուկները կեղծ —
Մեր վիզը սեղմում է մի պիրկ պարան՝
Մեզ քաշելով ճահճուտներն ափամերձ։
Մի՞թե էս թուխպին մենք կոչել ենք կյանք,
Եվ է՞ս է արդյոք մեր փայ ապագան.
«Մեզ ի՞նչ, թե Մուհամեդը կելնի սար,
Կամ սարը նրան ընդառաջ կգա»։
… Խառն են հիմա և՛ անեծք, և՛ օրհնանք,
Ամեն մի ժպիտ հիշոց է թունոտ.
Ասա ինձ, Տեր, էս հողից ո՞ւր գնանք,
Կամ ո՞ր բարձին փնտրենք հանգստություն։
***
Կասկադն ի վար ձնել է, սեր իմ։
Ես այստեղ ի՞նչ, ես այստեղ ի՞նչ։
Մանումենտից չի հոսում էլ
մեր երազների Երասխը ջինջ,
և մի երկու ֆսֆսացող
գուրգուրվողներ կարմրաքիթ,
և քոռ գրոշի ուզվորը լալկան,
և մարդկային հոսքերը ցանցառ
դեպի ձմեռն են գնում, դեպի վերջը։
Ես այստեղ մենակ եմ ու օտար։
Այս աստիճանները՝
ցամաք առվի ծռած խոտեր,
այս դատարկությունը թափանցիկ,
այս սենտիմենտը թշվառ,
և այս քամին դամքյաշ,
դեպի ձմեռն են տանում, դեպի վերջը։
Կասկադն ի վար ձնել է, հոգիս,
և այս քաղաքը՝ հանգած փեթակ,
և այս օրը՝ կրտսեր հինգշաբթի,
և այս ցերեկը՝ դեղձի կտի պես դառ,
…և էլ դու չկաս… այս անիծյալ ներկայում,
իսկ քեզնից մնացել է մի գոլ կարոտ,
ու թոշնած վարդի պես մեղկալի
մի տրտմություն։
Եվ դու չկաս։ Իրոք չկաս։
Սպիտակ բուք է իջել ամենուր։
Ես այստեղ ի՞նչ, ես այստեղ ի՞նչ։
Այս մերկասառույցը՝
իմ սրտից հոսած ավիշ,
այս նոտաները ցաքուցրիվ,
այս դատարկությունը չափառած
դեպի ձմեռն են հրում, դեպի վերջը սաստիկ։
Կասկադն ի վար ձնել է արդեն։
Շուրջը ցուրտն է կտկտում։
Ես լքում եմ այս անտեր կտավը,
թեկուզ, ի սեր հոգու, տրորելով
մեզ ու մեր դեղին օրերը հին,
որ էլ չկան։ Իրոք չկան։ Վաղուց չկան։
Ա-ին
Դեղին փրփուրը հոգնած մոգերի ցող։
Քեզ այս աշխարհում կա մեկը սպասող։
Շոգ-շոգիացող արահետը այս
Ինձ տանում է, իսկ քեզ չի բերում, ավաղ։
Ինձ տանում է, իսկ քեզ չի բերում, ավաղ։
Հուլիսը թույն է ու հազ, արյուն ու աղ։
Վերևից մոգերը փրփուր են ցողում —
Լավ է, երբ աշխարհում կա մեկը սպասող։
Ամեն ինչ սինթեզ է ու շարժում է դախ,
Թե գնաս պիտի՝ ուղիդ անխափան…
Լավ է, երբ աշխարհում կա մեկը սպասող,
Լավ է, երբ ունես կորցնելու մի բան։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն