***
Շենքերի հայացքները պայծառացան, գույները միաձուլվեցին,
Ծնունդը հրաշալի էր,
շունչը` կենսածին,
Պատերը քայլեցին,
սկսեցին զրուցել, պարել
Կյանքն ամենուր էր,
աշխարհն` անբնական
Երազ` չկրկնվող, գունագեղ, պայծառ:
Նույնիսկ խավարն էր լույսեր ծնում,
Գիշեր` առանց մթի,
լուսինը մոռացված էր,
Ուզում էի որսալ բոլոր գույները, խառնվել նրանց,
Նույնանալ, դառնալ բազմագույն:
Ուզում էի ապրել, շնչել շենքերի նման,
Նրանցից կյանքն էր հոսում…
Շենքերն էին խոսում, մարդիկ լռել էին
Պատերն էին քայլում,
մարդիկ քարացել էին.
Փողոցները ժպտում էին բոլորին:
Աչքերս պակասում էին
որսալու համար ամենը…
Երբ քայլում էի Ռոնի երկայնքով,
Լուսագեղ ձկներն օդում լողում էին,
Ձկնորսները մեր աչքերն էին…
Կամուրջները գույներ էին հագել`
Կարմիր, կապույտ, ոսկեգույն,
Գետը խաղաղ էր չքնաղ
թագուհու պես:
Փողոցներում սրտեր էին`
ռույգ, կյանքով լի,
Ջերմություն ու լույս ճառագող,
սերն ամենուր էր…
Ուզեցի սիրտդ գտնել, փախցնել, տանել ինձ հետ`
Հավերժ
Անբաժան…
Ինչ որ մեկն արդեն տարել էր:
Մոռացա քեզ` հայտնվելով լուսապայծառ Բելկուղի
Գեղեցկությունից խելագարված մարդկանց շարքերում
Ու նրանց բազմության անմարդկային հոսանքի հետ
Սկսեցի հոսել…
Դու լրիվ ջնջվեցիր, երբ կատեդրալի վեհաշուք պատերից
Հրեշտակներ ծնվեցին:
Ամբողջ ընթացքում աստվածամոր տաճարը մեզ հետ էր,
Բարձունքում կանգնած Լիոնի անդորրն էր հսկում`
Հերթափոխելով գունագեղ զգեստները`
Ամեն անգամ նուրբ,
սրբագույն, քնքուշ…
Երբ նրա գրկում հայտնվեց,
աշխարհը վերափոխվեց,
Այստեղ մոմերն էին խոսում, ջերմացնում, լուսավորում,
Մարմարե արձաններն ու հրաշագեղ նկարները
Սրբություն էին շշնջում ականջներիս,
Խաղաղությունն էր ամենուր հպվում հոգուս,
Թակում բաբախող սիրտս…
Ես ապրում էի Նրա ներկայությունը:
Երբ տաճարի ձեռքերին հենված նայեցի ներքև,
Լուսավոր Լիոնը ողջունեց ինձ…
Քաղաքը շնչում էր, զգացի նրա բաբախող սիրտը,
Սեր ու ջերմություն էր տարածում…
Եվ ցուրտն էր ջերմացնում ձեռքերը
Մարդկանց ջերմորեն գրկելու համար.
Բոլոր ձմեռները եկել էին այստեղ ջերմանալու…
Շնորհակալությո՜ւն Մարիամ,
Լիոնում աշխարհն էր ապրում: