1
Ձագուկն օրորոցում քայլում էր այս ու այն կողմ, ինչպես նախագահը իր աշխատասենյակում: Ծանր էր վիճակը, շատ ծանր. արջուկը հացադուլ էր հայտարարել, շիկահեր տիկնիկը նստացույցից անցել էր պառկելուն, լարովի կենգուրուն չէր ցանկանում, որ իր որդին ծառայի ազգային բանակում, ու սպառնում էր ինքնահրկիզմամբ խայտառակել հանրապետությունը, դեղին գետաձին փակել էր բերանը չբացելու համառությամբ` հավերժ մթության դատապարտելով կրիային, որը սխալմամբ նրա կոկորդն էր մտել` կլինիկական մահվան ժամանակ: Իսկապես ծանր է` առանց կատակի ու այլաբանության: Խորանարդներով կառուցված տնտեսությունը ամեն վայրկյան կարող է փլուզվել, քանի որ միակ տնտեսագետը կլինիկական մահի հետ դեռ շախմատ է խաղում:
— Ես ասում էի, որ անհնար է, ասում էի,- քունքոսկրերն էր տրորում նախագահը,- ամենահեշտ լուծումը մահն է, բոլորը գիտեն, բայց մի՞թե դա անպատասխանատու քայլ չէ, մի՞թե դա փախուստի բանաստեղծական ձև չէ: Դավաճան կրիա:
Իսկ պատկերացնելու համար, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ծիածանագույն օղակներով կառուցված ֆինանսական բուրգի տապալումը, առնվազն աննյարդ պիտի լինես: Եվ ձագուկը նայեց արջուկին, որը համաշխարհային բանկի հիմնադիրն էր. նրանից մնացել էր միայն արժեզրկված մորթին ու անապագա հայացքը:
— Աստծուն հացադուլով չես վախեցնի,- հիշեց նախագահն իր վերջին խոսքը` ուղղված արջուկին, երբ նրան զեկուցեցին վերջինիս մահվան մասին:
Դեղին գետաձին մեծ ներդրումներ ունեցավ արդարադատության բնագավառում, բայց երբ նրան սկսեցին հետաքրքրել մահվան հարցերը, ու նա Ազգային Ժողով ներկայացրեց մի փաստաթուղթ, Ձագուկը միանգամից հասկացավ, որ սա ավարտվելու է հզոր պատիժով:
— Գուցե հարկավոր է ստեղծել բռնատիրական ժողովրդավարություն,- հայելու դիմաց անկեղծանում էր նախագահը, որի մազերն այս ընթացքում թափանցիկության չափ ճերմակել էին:
— Գուցե,- պատասխանեց հայելին,- այդ դեպքում պատերազմներն ինքնանպատակ չեն լինի, չէ՞:
Հայելին փշրելուց հետո նախագահը ստորագրեց հրաժարականն ու ինքնասպան եղավ: Ձագուկը ներվայնացած բերանը խոթեց ռետինե պտուկն ու քնեց` առավոտյան ողջ սենյակը քարուքանդ անելու հաստատակամությամբ:
Հաջորդ նախագահը կքայլի իր օրորոցում, ինչպես Ձագուկն իր աշխատասենյակում:
05.10.2012թ. Երևան
2
ԹԻԹԵՌՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ
Մայրը բացեց տուփը` թիթեռները չթռան, չփախան, քանի որ մահացած ու չոր թիթեռները ժամանակ ու ցանկություն չունեն թռչելու և փախչելու:
— Մա, ես ուտի՞:
— Ի՞նչ ուտես բալես:
— Թիթեյն: Ես ուտի՞ թիթեյնեին, խնտում եմ:
— Չէ բալես, նման խնդրանքներ, խնդրում եմ, մի ունեցի, հա՞: Թիթեռ ուտելը լավ բան չի:
Մայրը փակեց չորացած թիթեռների տուփը և ամեն թիթեռի թևի մեջ տեսավ ամեն օրը, որն ապրել էր այս տուփն իրեն նվիրողի հետ: Ոչ ոք չգիտեր, չէր կարող իմանալ` մայրն այդ պահին տխուր էր, թե թախծոտ. դա նույնիսկ մայրը չգիտեր: Ամեն դեպքում, կարևորը, տուփը փակելն է. մայրը դա կարողանում էր անել այն օրվանից, երբ նա՝ թիթեռակերը, սկսեց ներսից քորել իր արգանդի պատը:
— Բարի գիշեր, ձագուկ:
— Բաի գիշ:
— Սիրում եմ քեզ:
— Սիում եմ քեզ:
— Դե քնի:
Ձագուկը երազում տեսավ հսկա, հողագույն թիթեռներ, որոնք ձգտում էին երկինք, բայց ծանրության պատճառով փլվում դեպի երկիր: Ձագուկը լացում էր երազում, արցունքով շաղախում հողը, թիթեռները նորից կենդանանում էին, բայց ձգտումը դեպի երկինք ավարտվում էր փլուզմամբ: Մայրը երկնքից թափվող ալյուրից խմոր էր հունցում, լցնում թիթեռների տուփն ու դնում ջեռոցը…
Առավոտյան, Ձագուկը հազիվ լսելի հարցրեց մորը.
— Մա՞մ…
— Հա, բալես:
— Պապային ուզում եմ ես:
— Կարկանդակ կուզե՞ս, ձագուկ,- փղձկոցը մարսելով հարցրեց մայրը:
— Հա… ու պապային:
Մայրը ողջ գիշեր չքնած աչքերով համբուրեց Ձագուկին, նայեց նոր բարձունքներ նվաճող ջերմաչափի արնագույնին, և գնաց, որ բացի ջեռոցը, կարկանդակ բերի ձագուկին: Ու մինչ ձագուկը կարկանդակ էր ուտում, մայրն ատում էր պատերազմն ու պատերազմ հորինողին…
3
Զգույշ ապրելուց հոգնած խխունջները բարձրանում էին աղբամանի պատերով: Աղբամանը երեսուներեք տարեկան ծառի ստվերի կենտրոնում էր` մեջը լիքը խխունջներ, որոնք ապրում էին զգույշ: Ծառը հարյուրերեսուներկու տարեկան տան դիմաց էր, տունը` վաթսունվեց տարեկան փողոցում, որի մայթով` արագ ու վստահ, քայլում էր տասնվեց ու կես տարեկան մաթեմատիկոսը: Այս մաթեմատիկոսը գնում էր կարևոր հանդիպման. հանդիպումից էր կախված՝ նա կդառնա՞ երեսուներեք տարեկան, իր թոռները կտեսնե՞ն վաթսունվեց տարեկան պապ, իր հանճարեղ հորը կհիշե՞ն իր ծոռները` հարյուրերեսուներկու տարի անց: Խխունջները, մի պահ զգուշացան, լսելով մաթեմատիկական ճշգրտությամբ մաքառման ձայնը, բայց քանի որ որոշել էին հոգնել զգույշ ապրելուց, շարունակեցին բարձրանալ աղբամանի պատերով` ցած: Մաթեմատիկոսը կանգնեց, որ աղբամանը նետի սահմանադրությունը. նա ողջ գիշեր կարդացել էր, այսինքն՝ հետազոտել էր այն, ու դարակում հարմար տեղ չգտնելով, որոշել էր նետել, բայց տեսնելով խխունջներին, որոնք այնուամենայնիվ բարձրանում էին, խղճաց, չնետեց: Նայեց ծառին, սահմանադրությունը վերածեց մի տարեկան ճյուղի, ամրացրեց բնին, ու շարունակեց կրճատել իր ու կարևոր հանդիպման հետագիծը: Խխունջները ի վերջո հասկացան, որ բարձրանալ արժե միայն վեր, ու դաստիարակվելով պատմական սխալներով, հասան մի տարեկան ծառի ճյուղին ու սկսեցին ապրել: Հեղափոխությունը երկար սպասեց մաթեմատիկոսին, հոգնեց ու գնաց տուն:
4
Ժանգոտ քամին, ու անձրևի տակ պարող ճոճանակը սիրում են իրար: Երբեք մեկը մյուսին չէր ասել, երբեք մեկը մյուսից չէր լսել սիրելու մասին. դրա ժամանակը կար, բայց նրանք այդ ժամանակն էլ էին օգտագործում սիրելու համար: Երբեք մեկը կամ մյուսը չէին ներթափանցել սիրո և սիրելու նախնական իմաստի մեջ, գենամբարի պահպանման ու փոխանցման իմաստով կամ որևէ այլ իմաստով կամ ուղղակի` անիմաստ: Դրա ժամանակն էլ կար, սակայն, նրանք այդ ժամանակն էլ էին օգտագործում սիրելու համար: Նրանց հանդիպումներն աննկարելի էին. ժանգոտ քամին գալիս էր, երբ ամպերը, որպես թխահեր նշանառուհիներ, դիրքավորված էին հին սարերի ֆոնին կառուցված նոր բարձրահարկ շենքերի տանիքներին: Եկած ու ժանգոտ քամին նստում էր ճոճանակին, ճոճանակը սրսփում էր ներքին ալեկոծմամբ, արյան ողջ ծավալը` պահուստայինն էլ հետը, դառնում էր գրոհային: Ու սկսվում էր ճոճը. խելագար, աշխարհակենտրոն, տիեզերական սիրով ճոճը: Նշանառուհիները մի տեսակ ցանկասեր շուրթերով նայում էին նրանց միաձուլմանը, թռիչքին, վերաիմաստավորմանն ու կյանքի պարզությանը: Բայց նրանք երկար չէին կարող պարապ մնալ. նախ հատընդկենտ, ապա զուգավորված, քիչ անց` խաչաձևումներով սկսում էին կրակել: Ժանգոտ քամին ու անձրևի տակ պարող ճոճանակը չդադարելով իրար սիրելը, այնուամենայնիվ, բաժանվում էին` պահպանելու համար լեգենդի խորհրդավորությունը: Քամին գնում էր` տանելով ճոճանակի ժանգը, ճոճանակը մնում` պահելով քամու` անձրևի տակ պարը:
5
Երկրի, մեղմ ասած, նախագահը նստել էր պապենական տան բակում, որտեղ կար ոչնչի պետք չեկող բետոնե զանգված: Սա, հասկանալի է, պապն էր արարել` չարձանագրելով` ինչու: Սա, հասկանալի է, չէր քանդվում, քանի որ պապն էր արարել` անգամ անհայտ պատճառով: Ի վերջո, սա, հասկանալի է, այս պահին, Երկրի, մեղմ ասած նախագահի ամենահուսալի աթոռն էր: Նստած էր, ծխում էր անվանական ծխախոտը ու հիշում, որ փոքր ժամանակ, երբ խաղում էին, հետո հոգնած նստոտում բետոնե զանգվածներին, ուժեղները միշտ գալիս ասում էին. «Վեր կաց, էս իմ տեղն ա»: Ինքը փորձում էր պայքարել, ասելով` «Անունդ վրեն գրած ա՞…», բայց պատասխանը չէր լսում, քանի որ կիսափոշոտ ու արնոտ ափերով թափ էր տալիս հագուստի փոշին ու երազում դառնալ չգիտես թե ինչ, բայց ամենաբարձրում, ամենակարևորը, ամենան:
Երևի դա էր խորքային, ենթագիտակցական պատճառը, երբ կարգադրեց անվանական, այսինքն՝ իր անունը կրող ծխախոտի արտադրությունը… Ծխում էր, բայց ներշնչելուց առաջ ծխի մոտ յոթանասուն տոկոսը բաց էր թողնում, որ շուտ չմեռնի:
6
Հաճախ հիվանդ, երբեք չմեռնող հող էր: Երբ լսում էր այս երգը, տքտքալով վեր էր կենում:
Պատերազմում ծնված, իմ մոռացված նախնի,
Պատերազմում մեռած իմ հայր:
Պատերազմից հոգնած, մամռակալած երկիր,
Պատերազմում մեռած իմ…
Վեր էր կենում տքտքալով, ոչ կարողանում էր լսել երգը, ոչ արգելել երգողին, ոչ ունկերը ցեխով ծեփել կամ ծածկել մամուռով. կարճ ասած` սիրտ մրմռացնող սրտով, տքտքալով վեր էր կենում: Վեր կենալիս ընդերքը սկսում էր աշխատել` արգանդի սրբազան կծկացավի պես: Դիմացը Լեռն էր, հին, աստվածօրրան, երբեք չժպտացող ու չչարացող լեռը: Սրբազան կծկումներից աստիճանաբար դղրդում էր Լեռը: Աստված ժամանակավոր գնում էր տիեզերքի մյուս հատվածը և Լեռան դղիրդը սնում էր կատարելությանը: Հողն այդ պահին, երբեք չուշանալով ու չշտապելով, մեկնում էր ձեռքերն ու իր քամուց փախած գլխաշորը վար բերում ու ծածկում Լեռան գլուխը. ծածկելն ու ժայթքելը կատարվում էր միաժամանակ և մահկանացուները դրան կոչում էին Վերածննդի դարաշրջանի սկիզբ: Երբ պարպվում էր Լեռն ու լիանում գլխաշորը սերմով, Հողը չմոռանալով տքտքալը` վերցնում էր այն ու տանում դատարկում քաղցրահամ Ծովը, որը կողքին էր հենց`մշտուրախ, չխոկող, ինքնազտմամբ վեհ ու մեղեդային: Քիչ անց, ծովից դուրս էին գալիս Նախնիք, գնում էին պատերազմ, հաղթում էին պատերազմին, մեռնում էին պատերազմի հետ, որովհետև հոգնել էին մի քիչ, հետո` ներծծվում էին Հողի մեջ ու հանգստանալով, աստիճանաբար կուտակվում Լեռան միջուկում և սպասում:
Այդ պահին, Հողը նորից տալիս էր քամուն երկինքը, ինքը պառկում իր տեղն ու Աստծուն կանչում` ընդհատված զրույցը շարունակելու: