Հանդիպում
Դու մոռացել ես բոլորովին,
Որ կար ժամանակ, երբ քո ձեռքը ափերում էր իմ,
Եվ երանությունն անսահման
Իմ ձեռքից քո ձեռքը,
Քո բերանին էր անցնում բերանից իմ,
Եվ որ մազերը քո խարտյաշ`
Գարնան պես հպանցիկ,
Իմ սիրո երանելի պատյանն էին,
Ու աշխարհը բուրում էր և հնչում այնժամ,
Իսկ հիմա վրդովված է մռայլորեն այսպես.
Սիրո ոչ մի փոթորիկ, ոչ մի խենթություն այլևս:
Ինչո՞ւ ենք միմյանց ցավ պատճառում,
Ժամանակը հոսում է, սիրտը` մոռանում.
Երանելի ժամերը սակայն հանդարտվում են
Փայլով, որ վերջ չունի:
Քանի որ քեզ սիրում եմ
Քեզ սիրում եմ ու գիշերը ես էի
Այդպես մոլեգնած ու շշնջալով քեզ մոտ եկել,
Եվ որ դու երբեք չկարողանաս մոռանալ ինձ,
Քո հոգին ես ինձ հետ էի վերցրել:
Այն հիմա ինձ մոտ է և ինձ է պատկանում լիովին`
Բարությամբ ու նաև չարությամբ հանդերձ.
Իմ կատաղի ու բոցավառ սիրուց
Ոչ մի հրեշտակ չի կարող փրկել քեզ:
Սիրո հրաշքը
Հաճախ կյանքն այլևս չի ուզում շարունակվել`
Դառնալով գորշ ու համրաքայլ.
Օ՜, սարսափելի՛ խճճված օրեր,
Մեր մեջ ապրող յուրաքանչյուրը ատում է ինքն իրեն`
Ձայնով իր զզվելի
Մեղադրելով սեփական անձին ու
Աստծուն հարցերում հանցավոր:
Հրաշալի է, երբ սերը մեզ է մոտենում,
Եվ մեր մթին ուղիներում
Շողում է նրա խաղաղ ցոլքը:
Եթե չլիներ այս շնորհը, մենք հիմնովին
Մոլորված կլինեինք փակուղիներում դիվային,
Ոչնչացած կլինեին մեր մեջ և՛ Աստված, և՛ լույսը:
Անձրեւոտ օր
Մի ամոթխած հայացք բոլոր ծայրերից
Մոտենում է գորշ պատերին,
Իսկ արևը պարզապես մի դատարկ բառ է:
Կանգնած մրսում են ծառերը` մերկ ու թաց,
Կանայք քայլում են վերարկուներում քողարկված,
Եվ անձրևը շարունակ թափվում է:
Մի ժամանակ, երբ երեխա էի դեռ,
Երկինքը անվերջ պարզ էր ու լուրթ,
Ոսկեգույն էին բոլոր ամպերը:
Հիմա, երբ արդեն տարիքս առել եմ, ողջ փայլը չքացել է,
Անձրևը թափվում է կրկին. փոխվել է աշխարհը:
Սիրո երգ
Այծյամ ես դու, ես` եղջերու,
Թռչուն ես դու, ծառը` ես,
Ձյունն եմ ես, արև ես դու,
Օրն ես դու, երազը` ես:
Բերանից իմ քնատ գիշերներով
Մի ոսկե թռչուն է թռչում դեպ քեզ,
Լուսավոր է նրա ձայնը, գունավոր` թևերը,
Քեզ համար նա մի սիրառատ երգ է երգում,
Նա իմ երգն է բերում քեզ:
Գիշեր
Ես մարել եմ բոլոր մոմերը.
Բաց պատուհանից ներս է հոսում գիշերը,
Մեղմ գրկում ինձ ու թույլ տալիս իր ընկերն
Ու եղբայրը լինել:
Մենք երկուսս էլ հիվանդ ենք հայրենատենչությամբ,
Հղում ենք երազներ երևակայական
Ու շշնջալով խոսում հին ժամանակների մասին
Մեր հայրական տան:
Թարգմանությունը` Սիրանուշ Փարսադանյանի