Երբ քեզ ապրում են
Կան քաղաքներ, որտեղ դառնալ դու անկարող ես:
Սպասման երգեր են քո մասին էնտեղ երգում:
Եվ մեկը, ով քեզ
Կամ դու իրեն
Արդեն ապրել ես,
Ամենաշուտն է արթնանում այդ քաղաքում.
Իսկ կեսօրին քաղաքը ժեռ ու տոթ է,
Եվ գեշ կանայք՝ քիչ ավելի անտանելի:
Դեռ ծխահոտ եռում է այն նույն օդը,
Որ սկիզբ տվեց անփորձ պատրանքների:
Վերադառնալ այնտեղ, որտեղ արդեն սիրել ես
7 խաչ վրադ գցած և մենության ոսկին,
Ասես դողերը դիվային քո մեջ սանձել ես
Եվ քաղաքները «չդարձի» բացել կրկին:
Բայց կրկնության ասպետը միշտ էլ առանց ձի է`
Անշուք ու պահը բաց թողած,
Քեզ էստեղ չմոռանաս, արդեն ապրել են`
Խի՛ստ մանրակրկիտ,
Ասես ձավար համրած:
Եվ օվկիանոսը, և քարեքոս ցամաքը,
Եվ սև-քյոմուր՝ վառած դաշտերը մասրենու.
Ուր էլ դու փախչես, դա նույն քաղաքն է`
Անհնարին վերապրելու:
Իսկ քաղաքի գժերը,
Որոնք արդեն վաղուց էին գիժ,
Քո գնալուց հետո մոգեր են ձևանում,
Եվ հազարոտ կոխած տները շտապելով՝
Շեմից խելագարված կրկնում.
«Ախր մենք ասում էինք,
Ախր մենք տեսնում էինք,
Որ նա գնացող է, չի ձգի էստեղ.
Որ նա քիչ պակաս է, ու հույզերն անտաշ են
Բայց դուք անտեսում էիք` իր երգով տարված:
Իսկ մենք զգուշացնում էինք,
Որ նա սարեցի է, իսկ սարերը Ծուռ են
Ու միշտ ետ կանչող»:
Ասպետանոց
Սա փոքր երկիր է, կիպլիկ մի երկիր — ով գիտի բանտախուց,
Այստեղ դևերին հաղթում են միայն դևերը՝ արդեն շատ վաղուց
Եվ ձիերը սպասում՝ իրենց հագով մի ասպետ,
Դե իսկ արքայադստերը — օրը մեկի հետ:
Եվ ասպետները երկաթե ձվերով լուսացնում են
Օրն ու իրենց երկաթները՝ մի տեղ խմելով. և կան, որ
Իրենց էպիքական մենությունը բաճկոնով ծածկած
Կարշավեն փաբերով:
Չարված բաժին հերոսությունը՝
Հարմար դեմքի արտահայտությամբ թաքցրած.
Իրենց բաժին հերոսությունը՝ մեկին կուտ-կտակած.
Իրենց բաժին բաժինը՝ բաժին-բաժին արած,
Շրջում են ասպետները — Հայաստանով արբած:
Սա Հայաստանն է ու վե՛րջ, էն կողմ աշխարհ չկա.
Սա Հայաստանն է ու վե՛րջ, իմ ու քո Արև, տարբերակ չկա
Սա Հայաստանն է, որ կա՛, հագի՛ր պալտոտ գնանք:
Այստեղ ասպետներ ձևում են ու միանգամից պատին,
Տալուց էլ, ի՞նչ թագավորության կեսը,
Միանգամից քթին:
100-ամյա պատերազմ
100-ամյա պատերազմից հետո
Բացվել են դեմքիդ 1.000-ավոր ճաքեր,
Եվ քաղաքներդ ավերակ-գետտո.
Հիմա անտեր:
Եվ իմ ռումբերը չպայթած քո հիմքերում
Եվ բարձրահարկ շենքերդ այժմ թոզ
Եվ մեկը կավիճով պատին քերում
Սպասումը — SOS:
Որքա՜ն սիրուն էին մեր պատերազմները
Հայտարարված և Չ՛.
Եվ փայլեցված սապոգների զարկոցը
Որ կար — ամեն ինչի վերջը,
Որքա՜ն էր քեզ սազում իմ պաշարումը, Սերս
Եվ մատույցներիդ ընկածը՝ աչքերիդ գույնին
Քեզ սիրելու միակ թաքուն հնարս
Խնամելն էր քո գերիներին:
Եվ ինքնաթիռներիս բվվոցը քաղաքներիդ վրա
Եվ տանկերով շարված փողոցներիդ երկարը.
Ես հատկապես կհավանեի այդքան սիրուն
Քո պարտության տոտալը:
Նորմալ մարդիկ անում էին ամուսնության առաջարկներ,
Իսկ ես՝ միայն հանձնվելու,
Բայց փոխարենը համբուրում էի վերջնագիրը
Առանց հանձնելու:
Եվ հրապարակներովդ անցնող իմ հաղթական երթերը
Ու քո սպիտակը պարտության հագիդ
Դա իմ հատուցումն է տարօրինակ
Այդպես էլ չստացած հարսանիքիդ:
Ամենաքաղաք
Փոքր քաղաքներում անծանոթին բարևում ես ամեն դեպքում՝
Դուրս չգա ծանոթ է,
Եվ մեկին, ում հետ խմել ես 1.000 տարի առաջ
Չգրկելն ամոթ է:
Սիրուն աղջիկների ետևից նայելը էստեղ էլ օրենք է, բայց
Ձևանում ես, թե նայեցիր
Զուտ ետահայաց:
Ու բոլորը գիտեն հասցեները նրանց, ով երբեք չի մերժի՝ կտա,
Հանրա-կացարանի ծերացող ծտերը
մի ողջ սերնդի վկա:
Եվ ծերանում են բոլորը, համարձակները անգամ մեռնում,
Էստեղ անբանությունից նույնիսկ
Ճայերն են սատկում:
Խանութում պարտքերի ցուցակը գլխավորում ես դու՝ կողքը — նիս.
Դա արդեն միակ տեղն է, ուր քեզ հիշում են
Ամեն ամիս:
Եվ գնալով հաշտվում ես, որ գոնե մի տեղ առաջինն ես — Partqman,
Օլիմպիական խաղերում հաղթողները
Քեզանից լավը չեն:
Հիմա հեռվում բաց թողածդ շանսերը հագել են կոստյում ու քեզ չգիտեն,
Քաղաքներում մեծ անունդ ու քեզ
Չեն սպասում արդեն:
Փոքր քաղաքների Ամենը, ում ոնց չգիտեմ, բայց ինձ
Խմացնում ու պահում է 3 ձեռքով
6-8 ոտքից:
Օվկիանադա — ձկադարձի օրեր
Բարև. կամ ինչպես ուզես:
Անցել է արդեն 5.000 կամ մի քիչ ավել տարի
Եվ մեր միջև մղոններ բացարձակ ոչինչ,
Կապույտ ու աղի:
Եվ թե ճիշտ են ասում, որ մարդկությունը դուրս է եկել ջրից
Ուրեմը էղել է հիմնավոր պատճառ.
Ես էլ ունեմ դրանից
Եվ սկսում եմ երթը վերադարձի ինձնից:
Եվ արդեն վարժված աննման լռելուն,
Ձկադարձի կես ճամփին կամ հենց ձուկ
Մի փոքր էլ ջանամ կաճեն
Պոչ ու թեփուկ:
Իսկ մնացած ամեն ինչ նույն է՝ փոփոխություն չկա,
Դարձյալ քթիս տակ երգում ու ծխում եմ վրա-վրա,
Եվ միայն վերջերս դրանց գումարվել է՝
Արդեն երկու մակընթացություն,
Անհասցե նամակներ գրելու հիմար սովորություն,
Տարօրինակ հատկապես էստեղ,
Ուր մարդկանց հազվադեպ կտեսնես
Ու տունդ չեն գա,
Հավատա, դուռդ չի ծեծի ոչ ոք,
Անգամ Եհովայի վկա,
Ուր մնաց փոստատար,
Որ մի բան բերի կամ տանի,
Այստեղ ամեն ինչ նույնն է
Արդեն հազար տարի:
Լսել եմ ձեզ մոտ իմ մասին,
Կամ լավ կամ ոչինչ
Եվ մեռելները ողջ աշխարհի
Նախանձում են ինձ:
Փախստական Աստվածները
Մենք կորած ենք, Սե՛րս. բայց հեչ չմտածես,
Փոխարենը մերն է Կորուսյալների Արքայությունը. տե՛ս,
Եվ հաստատ շահած ենք ավելին անգամ, և քան
Կարող էր առաջարկել քաղաքը
Հազարաղմուկ պատրանքներում անբան:
Եվ հին ու մերժված Աստվածների նման կհեռանանք, և մեզ
Փոխարինելու կգան նորերը, ու վանքերում մեր կկապվի նոր ծես,
Մեր իսկ խոսքերով կմրմնջան սերեր ուրիշ- այսինքն նույն,
Քաղաքը մեր իրենցով արած. ջահել Աստվածություն:
Եվ թե ջրերը ունենան դեռ դառնալիք, ապա ինչու՞ գինի,
Նրանք կդարձնեն այն գարեջուր ամեն հարմար պահի:
Իսկ մենք՝ կմնանք կտավների և պատերի վրա. անհաս ու ջինջ,
Ասես լեգենդ՝ խիստ դուրեկան ու մորեմերկ՝ վրաներս ոչինչ,
Դու հազարակուրծք, իսկ ես՝ տեղ-տեղ հաղթանդամ,
Ինչպես երբեք կյանքում և առաջին անգամ:
Կապրենք վերևից քաղաքների վրա. Սևանը իսկն է,
Մեծ ջրերի կողքին ներսիդ ջրերն հանգիստն են.
3000 տարի, կամ 5, և կամ անգամ երբեք,
Այլևս չեն ձգի ոտքերը
Վերադարձի ճամփեք:
Միայն թե անպայման՝ քաշի՛ր, հագի՛ր, կապի՛ր
և մի բան գցիր ուսիտ,
Այստեղ ցուրտ է անգամ ամռանը.
Սա Սևանն է Ծիտ:
Սևանը ծով է
Հա ի՞նչ, որ Սևանը ծով չէ և քիչ մ զով,
Հավատա ինձ, սա էլ է լրիվ վզով.
Կարևորը թաց է՝ նամանավանդ խորքերը,
Ու կարգին ջրում է աղմկոտ մտքերը:
Ամառը 7-ից հետո ցուրտ է անտեր
Էս կողմերում լավ է թե հագնել սվիտեր
Ու ափին մի տեղ շշին հագած
Մենակությունից ձևանալ թե Աստված ես — Սվիտերով Աստված:
Հա. ջուրը պաղ է և ցուրտ ամառ,
Բայց ես ափ գնում եմ շշելու համար:
Էնպես որ ինձ մեկ է և լողազգեստ չունեմ,
Սևանը Ծով է, իսկ ես superman
Բայց էստեղ երբեք չեն մտնի մեծ նավերը
Լսու՞մ ես, երբե՛ք, ու չի լսվի սուլոց,
Նավաստիներին տեսնելու հույսով աղջկերքը
Չեն թափվի փողոց,
Չի լինի նավապետը, ոչ էլ նրա բեղ-մորուսը,
Ծովագյուղում կծնվի ով ասես, բայց ոչ Կոլումբոսը,
Եվ ձկնահոտ պանդոկում նավաստիների կռիվը
Չի լինի երբեք.
Սա Սևանն է, ոչ թե Port-Breiveck:
Հավայի
Սիրուն կանանց հետ քնելը ամենևին էլ հեշտ չէ,
Մտքում հաշվել մինչև 1000-ը կամ հեչ չէ,
Հիշել մեկի թաղումը, կամ Արտեմիսի այրված տաճարը,
Ինչեր որ չես անի, երբ չի հերիքում հանճարը:
Սիրուն կանանց նկատմամբ կայուն թուլությունը
Միշտ առիթ է վերհիշելու հունական պատմությունը,
Երբ նրա մարմինը մերժում է գրքերիդ դափոնը,
Եվ կոնքերը պատմում են բաներ, որ չէր հիշի անգամ Ստրաբոնը:
Աչքերը փնտրում են հեռանալու ամենակարճ ճանապարհը,
Անգամ դադարներում ծխելը չի արդարացնում լռության պատճառը:
Շենքերը նույնն են՝ մուտքերը առավել ևս,
Ու մտքով հեռանում եմ նախքան հագնվելս:
Տարիքից է, գուցե, կամ թե պարզապես վարժվել եմ
100 մետրից մոտիկ ոչ մեկին չթողնելը,
Ու լարած է ինչ կա՝ բիբը, մկանը, ձգանը.
Ասես մենակս պահում եմ հայ-թուրքական սահմանը:
Քաղաքը սկսվում և չի վերջանում այլևս,
Բոլոր պատուհաններից քաղաքը նույնն է, թերևս,
Կայսերական քաղաքների տանիքները, չգիտես ինչու, զարդարում են ձիերը,
Եվ սիրուն կանայք նախընտրում են բարձրահարկերը:
Ինքդ քեզ հետ խոսելը, իհարկե, վատ չէ,
Վիճելու հավանականությունը համարյա 0, մի բան չէ,
Բայց դե, ում է պետք մոռանալ սեփական ձայնը ու
Չտրվել ոչ մի սադրանքի` անկանոն խոսելու:
Բայց մի տեղ, ով գիտե, սպասում է նա, ում ամում են «Ինքը»
Ում հետ կարելի է պեղել անգամ Պարթենոնի հիմքը,
Հաշվել մինչև 1000-ը` եթե ձգես իհարկե,
Ու նրա տուն հասնելը ընդհամենը 5 հարկ է:
Ակվարիում
Ձկների Արքայությունում, նույն է թե ասել է՝ Մեծ Լռության մեջ
Բոլորը սուս են և ոչ մեկի խռիկներին չէ Խոսքը.
Նման Հայաստանին, ուր
Ամեն բան պարզ է առանց խոսքի
Ու կարող ես խելքիդ դնել դուռ
Կամ թե պատուհան:
Իմ Նժդեհյան Ձկներ:
Հուլիսված
Հուլիսի մեջ օրերը շատ են՝ 30-ից ավել.
Դրանցից մի քանիսը վաղուց քեզ համար եմ պահել.
Այսինքն՝
Երկրորդ գալստյանդ առանց ավելորդ հարցի
Մտի՛ր, հուլիսը սպասում
քո Արև-ա-դարձի:
Ասում են վաղուց չկածները
Ամոթից արդեն չեն գալիս
Եվ որ չասված խոսքերից անդին
Կյանք կա
Պարզապես ուրիշ.
Ուրեմը՝
Մեզ մոտ՝ ողջերի աշխարհում, ամեն ինչ նույն է,
Բան էլ չի փոխվում
Ու գնացքները ուշացմամբ,
Բայց տեղ են հասնում:
Եվ հիմա էլ 5 սար այն կողմ ու մի քանի օվկիանոս էլ անցած
Միևնույն է
Հուլիսը զրույց՝ կեսբերան թողած:
Եվ երբ նորեն սկսվի…
Թող այդժամ պատռվեն, թեկուզ ո՛չ վանքի
Գոնե
Ու եթե ո՛չ վարագույրները,
Ապա
Թող մի տեղ
Մի բան
Ճա՛քի
Կամ սպիանա:
Սինոպտիկ
Հիմա մի տեղ Արև է, հաստատ
Ու ճաքում են տակերը տաքացած երկրի
Ու մեկը երգում է այնպես հստակ
Երգեր ուշացած՝ հազար չեկողի:
Իսկ էստեղ անձրև է, ջուր է
Էլ դու սուս
Վերևից-ներքև անելիք չկա
Բոլոր խոսքերը միայն զատ ու դուրս
Ներսում պահելու ոչինչ էլ չկա: