1․
Քաղաքը բացում է պատուհանս
ու ներս մտնում,
ես նստելու տեղ եմ փնտրում նրա համար,
որովհետև ամեն տեղ
մտքերս են թափված, ցաքուցրիվ…
Քաղաքը տեղավորվում է սրտիս մեջ.
այնտեղ միշտ տեղ կա…
Սրտումս մութ է,
քաղաքը գրկում է ինձ
ու մենք լաց չենք լինում,
որովհետև լացելու համար չենք հանդիպել…
Մենք մեր կարոտները
կախում ենք աստղերից և լռում ենք,
զգում ենք, որ նույն սիրահարն ենք մնացել,
որ ոչ մի մերժումի չի հավատում…
Մենք գիշերը կետադրում ենք հուշերով
ու նորից գրում ենք մեր պատմությունը,
որ գուցե մեզանից բացի պետք չէ ոչ մեկին…
Մենք իրար խոստանում ենք ապրել
և բացում ենք բոլոր պատուհանները,
շնչում ենք նորածին մանկան պես,
որին հենց նոր փրկեցին,
որին թթվածին է պետք
և մայրական ջերմություն…
2.
Մորս
Աչքերդ ծաղկամաններ են,
որտեղ ծաղիկները երբեք չեն թառամում,
որովհետև նրանց արմատները միշտ թաց են,
որովհետև նրանց միշտ ջրում է հիշողությունը:
Հիշողությունը եղանակներ չունի,
նա գալիս է տարվա բոլոր եղանակներին,
անգամ, երբ օրը արևային է,
նա էլի գալիս է,
ծաղկամաններդ չի թողնում դատարկ:
Հիշողությունը չսպասված անձրևի պես է,
պիտի գա, որ հասկանանք,
թե ինչպես է հողը ծիլ տալիս ոտքի տակ,
ինչպես է համոզում, որ ջրափոսերը
կբողբոջեն, ծաղիկ կտան մի օր…
Ես եկել եմ քեզ մոտ,
ձեռքերս դատարկ են,
լռություններ եմ բերել ինձ հետ,
որ աշխարհի ոչ մի ուրիշ ծաղկամանում
չեն տեղավորվի…
Բացիր աչքերս, Մա՛մ,
շոյիր անծաղիկ այս օրը,
որ վաղը շատ չուշանա,
չէ՞ որ այս աշխարհում
բոլոր եղանակները հորինված են,
որպեսզի խաբեն մեզ
սպասումի անվերջ լավատեսությամբ…
3.
Երբ խաղաղությունը բեմ բարձրացավ,
բոլորը ծափ տվեցին,
նույնիսկ սուլոցներ եղան,
դահլիճը պարեց, երգեց,
ու հետո մեկը դահլիճի խորքից
հանեց ատրճանակը ու կրակեց,
որովհետև կրակելու համար էր եկել
ու չէր թաքցրել ատրճանակը։
Բոլորը լաց եղան
մեռած խաղաղության համար,
մի քանիսը արհեստական շնչառություն տվեցին,
ու նրանց թվաց, թե վերջինս շնչում է …
Եվ ոչ մեկը չեղավ, որ բռներ կրակող ձեռքը…
Ու խաղաղությունը մահացավ լուռ,
հենց բեմի վրա, մարդկանց աչքի առաջ…
Հետո նոր բեմադրություն գրվեց,
նոր սցենար, նոր հերոսներ։
Նոր սցենարում շատերը ցանկացան
մարմնավորել մեռած խաղաղության դերը,
բայց դա աշխարհի
ամենաանհաջող ներկայացումն էր,
որովհետև համոզիչ չէր,
որովհետև բոլորը ուզում էին լավ խաղալ
ու դրա համար շատ վատ խաղացին։
Հանդիսատեսը մնաց նստած,
այդպես էլ ծափ չտվեց,
ոտքի չկանգնեց,
որովհետև նրան խաբել էին,
իսկ նա գնել էր բոլոր տոմսերը…
Ստեփանակերտ