20-րդ դարի արձակը հայ գրականության մեջ նշանավորվում է բովանդակային և կառուցվածքային յուրօրինակ լուծումներով և բացահայտումներով: Եթե դասական կառույցը հատկանշվում է իր կանոնիկությամբ և ստեղծագործական ընթացքը տրամաբանականին ենթարկելու ձգտումով, ապա այս շրջանի արձակում համընդհանուր քաոս է, բայց միայն արտաքին ձևով, քանզի ներքին կանոնավորությունը և ներդաշնակությունը կա, պարզապես դա թողնվում է ընթերցողի երևակայությանն ու տրամաբանությանը:
Կանադացի գիտնական Նորթրոփ Ֆրայը իր «Զարգացած երևակայություն» (վերնագրի և գրքից արված մեջբերումների թարգմանություններն իմն են) ուսումնասիրության մեջ, խոսելով այնպիսի գործերի մասին, ինչպիսիք են «Հեքլբերի Ֆիննի արկածները», «Մոբի Դիկը», «Քեռի Թոմի խրճիթը» և այլն, ընդգծում է, որ այս կարգի ստեղծագործություններին սխալ է մոտենալ դրսից, այսինքն` ուսումնասիրել է պետք նրանց ներքին ենթաշերտերն ու ենթատեքստը1: Նորթրոփ Ֆրայի թված գրքերի շարքին կարող ենք ավելացնել նաև Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպը: Ինչպես նշել են գրականագետներից շատերը, սա և՛ ժամանակակից վեպ է, և՛ պատմավեպ: Ժամանակակից վեպ, թերևս իր ենթատեքստային հարցադրումներով, իսկ պատմավեպ` յուրօրինակ ոճավորմամբ նկարագրվող պատմական եղելությունների շնորհիվ: Լևոն Խեչոյանը լավագույնս տիրապետում է ոճաստեղծման արվեստի գաղտնիքներին: Այդ գաղտնիքներից մեկը հղումների տեղին և նպատակային կիրառությունն է վեպում: Հղումները, որոնք կատարվում են հիմնականում Բուզանդի պատմությունից, ստեղծում են պատմական որոշակի միջավայր` կոլորիտ, թեպետ Խեչոյանն իր խոսքով էլ կարողանում է որոշակի պատմական միջավայր ապահովել: Համեմատությունն ակնհայտ է դարձնում ասվածը: Խեչոյանը գրում է. « … Արքայից արքա Շապուհը, պատերազմական արշավի դուրս գալուց առաջ, մեծ ճաշկերույթ է կազմակերպել իր ավագանու և բազում ճակատամարտերում խիզախությունների համար շքանշաններով ու պատվո նշաններով պարգևատրված հերոս զորավարների համար ու սեղանի շուրջը Անդովկին նրանցից առանձնացած նստելու մի ստորադաս տեղ է նշանակել»2 (էջ 100): Խեչոյանը մեջբերում է Բուզանդի «Պատմություն»-ից մի հատված. «Երանելի Ներսեսի բերանից ելած այս խոսքերից հետո հազիվ էր անցել երեք օր, որ Աստված Արշակավան քաղաքին հարվածեց: Մարդկանց և անասունների վրա դուրս եկան վատորակ պալարներ, որ ժանտախտ էր կոչվում: Այս հարվածը երեք օրից ավելի չտևեց, ու քաղաքն անմարդացավ, մոտ քսան հազար ընտանիք կոտորվեց, և մարդկանցից մեկը կենդանի չմնաց… » (էջ 135): Բերված երկու հատվածները պատմական ոճավորման առումով իրար չեն զիջում: Հետևաբար, Բուզանդի «Պատմություն»-ից արված հղումը և, առհասարակ, պատմական շատ հղումներ Խեչոյանի վեպում ավելի շատ կանգառների դեր են կատարում, որոնցով հեղինակը փորձում է կարգավորել, ի մի բերել պատումի խառնաշփոթությունը:
Խեչոյանի վեպում առանձնահատուկ ուշադրության են արժանի Աստվածաշնչից արված հղումները: Վեպի համար իբրև բնաբան է ընտրված Առակաց գրքի հետևյալ հատվածը. «Երեք են, որ գեղեցիկ են գնում, և չորս են, որ գեղեցիկ ընթացք ունին.
Առյուծը, որ գազաններից զորաւորն է, և ոչ մի բանի երեսից ետ չի դառնալ:
Եղնիկը, և նոխազը, և թագաւորը, որի զօրքն իր հետն է» (էջ 3):
Հետաքրքրականն այն է, որ Աստվածաշնչի այս հատվածը Սուրբ Գրքի տարբեր հրատարակություններում տարբեր կերպ է շարադրված: Օրինակ` 1985 թվականին Բեյրութում հրատարակված Աստվածաշնչում վերը նշված հատվածն այսպիսին է. «Մեջքը կապած ձին (Որսկան շունը) ու նոխազը եւ թագավորը, որուն ժողովուրդը իրեն հետ է»3: Թե Խեչոյանը Աստվածաշնչի որ հրատարակությունից է օգտվել, դա մեզ համար անհայտ է մնում: Այն, որ թագավորի զորքը հենց իր ժողովուրդն է, հասկանալի է, բայց թե ինչու է «Որսկան շունը» մի հրատարակության մեջ փոխարինված «եղնիկով» մնում է չբացահայտված և տեղիք տալիս զանազան մեկնաբանությունների: Սակայն սա արդեն ուսումնասիրության այլ ոլորտ է ենթադրում: Այդուհանդերձ այս բնաբան հղումը յուրօրինակ բանալի է, որն օգնում է բացահայտել վեպի գլխավոր գաղափարներից մեկը. այն հետո վեպում արտահայտվում է Արշակի խոսքերով. «Թագը ժողովուրդ է, ժողովուրդը` հող, հողը` թագավոր: Իսկ լավ թագավորը` ժողովրդի արժանապատվություն» (էջ 152): Թագավորը հզոր է, «գեղեցիկ ընթացք ունի», երբ նրա հետ է ժողովուրդը:
Երբեմն Խեչոյանի հղումները, ինչպես նկատում է Սեյրան Գրիգորյանը, ավերող ոճավորման արդյունք են ունենում4: Արքունի պարտիզպան գեղջուկ Սահակի կողմից պատմված Պապ-Օլիմպիա սիրավեպին միահյուսվում է աստվածաշնչյան «Երգ երգոցը». Թագաժառանգը սիրուհուն դիմում է Սողոմոն արքայի խոսքերով. «Ահա դու Գեղեցիկ ես, ով իմ սիրուհիս, դու գեղեցիկ ես, քո աչքերը աղավնիների աչքերի նման են: Ասա՜ ինձ, ով հոգուս սիրածը, քո հոտը որտեղ ես արածեցնում: Քո պորտդ ըմպելիքով լեցուն բոլորակ գավի է նման: Քո փորը շուշանով պատած ցորենի շեղջի պես է: Քո երկու ստինքները նման են երկու ուլերի» (էջ 243-244): Հղումի նպատակը պարզ է և մեկնաբանելի. Օլիմպիա-Պապ սիրային կապը մարմնականից բացի այլ բնույթ չէր կարող ունենալ, և «Երգ երգոցի» վերը նշված հատվածը` որպես մարմնականի գովերգում և ձգտում, համապատասխանում է նյութին մի կողմից: Մյուս կողմից էլ հղումը կարելի է դիտել որպես հակադրում` մարդկային պիղծ հարաբերությունների և աստվածային վեհ, մաքուր սիրո:
Խեչոյանի հղումները լիովին համահունչ են բնագրին: Վեպն ինքնին դիպաշարային առումով խառնաշփոթություն է ներկայացնում, որին հատուկ արված հղումները նույնիսկ ոչ այնքան նպատակահարմար կարող են դիտվել: Կարևորն այն է, որ դրանք թե՛ գեղարվեստական, թե՛ գեղագիտական առումով ծառայում են իրենց նպատակին: Խեչոյանական հղումները հուշում-բանալիներ են բովանդակությունը հասկանալու համար, սակայն մեծ է նաև դրանց ոճավորման դերը:
Ոճավորման դեպքերից առանձնահատուկ է «Էֆիմերտեի»` նշանավոր Եփրեմվերդու կիրառությունը վեպում: Հերոսներից Դրաստամատի խոսքում նկատում ենք բառացի մեջբերումներ «Էֆիմերտեից». «Երբ լուսինը մեկ օրական է, կրկնապատկիր այն` կլինի երկու, երկուսը չորեքպատկիր` կլինի ութ, նրանից մեկ ժամի համար հանիր հինգ մաս` կմնա երեք, կրկնապատկիր այն` կլինի վեց, նրանից մեկ ժամի համար հանիր հինգ` կմնա մեկը, այն էլ կիսաժամի մաս է» (էջ 16):
Լևոն-Զավեն Սյուրմելյանը գրում է. «Եթե արձակը պետք է ավելի մոտ լինի իրական կյանքին, ուրեմն ստիպված ենք ընդունել որոշ անկարգության գեղարվեստական անհրաժեշտությունը կարգ ու կանոնի մեջ: Գործողությունը կարող է մի քիչ խենթ լինել, ժամանակ առ ժամանակ` խառնաշփոթ, թվացյալ անտրամաբանական, թելադրված այնպիսի հույզով, որը գրողն անկարող է վերլուծել կամ բացատրել: Եթե գրողը կարող է որոշ զարմանքի հասնել փոքր անկարգության միջոցով, էլ ինչո՞ւ պետք է տատանվի և այդ կերպ չվարվի:
Սյուժեի մեջ զգուշորեն ներդրված քաոսի փոքրիկ պատկերները կստիպեն, որ գործողությունն ավելի բնական, ինքնաբուխ և դեպի ներս միտված թվա»5:
Սյուրմելյանի նշած «քաոսի փոքրիկ պատկերների» դեր գեղարվեստական երկի մեջ կարող են կատարել հենց հղումները: Հեղինակը մի պահ, թվում է` շեղվում է նյութից, բնականը խախտվում է, ստեղծվում է քաոս, սակայն, ինչպես նշում է Սյուրմելյանը, «կյանքը դուրս է կարգ ու կանոնից», կյանքն ինքնին քաոս է: Հետևաբար, «քաոսի փոքրիկ պատկերներով» երկը դառնում է ավելի բնական ու կյանքին մոտ:
Հղումների ոճական դրսևորման մի յուրօրինակ տեսակ կարելի է համարել ալյուզիան: Ալյուզիան լատիներեն բառ է, որ նշանակում է «կատակ, ակնարկ»: Սա ոճական հնարք է, որը ենթադրում է ակնհայտ ակնարկ որոշակի գրական, պատմական, միֆոլոգիական կամ քաղաքական փաստի նկատմամբ` ամրակայված գրավոր մշակույթում կամ բանավոր խոսքում:
Ալյուզիան առավել հաճախ օգտագործվում է պատմական վեպերի ու պատմվածքների հեղինակների կողմից: Դրա միջոցով հեղինակը հասնում է այն բանին, որ հեռավոր անցյալի հետ կապված սյուժեները ընթերցողին ներկայանան որպես ժամանակակից:
Նորթրոփ Ֆրայը կարևորելով ալյուզիվ գրականության դերը` ընդգծում է, որ այսպիսի գրականությունը հասկանալու համար անհրաժեշտ է Աստվածաշնչի, հունա-հռոմեական գրականության լավ իմացությունը, հակառակ դեպքում, գրում է նա. «մենք կկարդանք գրքերը և կդիտենք պիեսները, բայց գրականության մեր իմացությունը չի աճի, ինչպես մաթեմատիկայի մեր գիտելիքները չեն զարգանա, եթե մենք չսովորենք բազմապատկման աղյուսակը»6:
Ալյուզիան` իբրև ոճական հնարք, հմտորեն կիրառվել է Լևոն Խեչոյանի կողմից: Հիշենք, օրինակ, Հայկի և Վահագնի առասպելների յուրօրինակ վիպականացումը: Ներսեսի մասին ասվում է. «Ներսես Կաթողիկոսի վրա Սուրբ հոգին հանգչեց սպիտակ աղավնու տեսքով: Նրա խոսքն ու գործը այսուհետ Աստծուց է լինելու: Ում օրհնեց` նա օրհնվելու է, ում անիծեց` նա անիծվելու է» (էջ 27): Օրհնվածը Ներսեսն էր, իսկ անիծվածը` Արշակ արքան:
Չորրորդ դարի դեպքերը վիպասանը բերում, շաղկապում է 20-րդ դարավերջին, երբ գերխնդիրը պետականության կայացումն էր, և հենց չորրորդ դարի մարդու շուրթերից ակնարկ է հղվում իր ժամանակակիցներին. «Դու նոր ուղի գտիր… Հաշվի առ իմ սխալները ու քաղաքականություն վարիր, պտտեցրու քաղաքականությունդ, քաղաքականության մեջ ո՛չ ժամանակ, ո՛չ էլ դադար կա» (Տիրանի խրատները որդուն` Արշակին) (էջ 64):
«Բոլորին պիտի հաղորդենք, որ ժողովուրդ-պետություն դառնալու համար հույսներս չպիտի դնենք դավանակից կամ որևէ ուժի վրա, մենք պիտի կարողանանք մեր պատերազմը ինքներս մղել» (Արշակ արքա) (էջ 91):
Որպես ակնարկ են հնչում Արշակի խոսքերը. «Թագը ժողովուրդ է, ժողովուրդը` հող, հողը` թագավոր: Իսկ լավ թագավորը` ժողովրդի արժանապատվություն» (էջ 152): Բոլոր այս ակնարկ-խոսքերը մտածելու տեղիք են տալիս` վերանայելու և կարևորելու պատմական եղելությունները և ձեռքբերումները հենց այսօրվա` անկախ Հայաստանի դիտակետից:
Ալյուզիվ կերպով է ներկայացվում Մերուժանի` հողի մեջ խրվելու պատկերը. «Տեսավ, ձին խրվում է հողի մեջ… եկավ տուն, պառկեց թախտին, ու գինի մատուցող տղան սարսափով նկատեց, որ թախտի ոտքերը խրվում, իջնում են սալածածկ հատակի մեջ» (էջ 85-86): Ինչ է սա, եթե ոչ Մերուժանի օտարումը «տնից», թագավորական իշխանությունից:
Խոսելով դրվագային սյուժեի մասին Լևոն-Զավեն Սյուրմելյանը գրում է. «Այս ավելի ընդարձակ, անկաշկանդ ձևի մեջ իրադարձությունների հաջորդականությունը միայն մասամբ է պատճառային, և քանի որ իրադարձությունը միշտ չէ, որ պետք է բխի մեկ այլ իրադարձությունից և նախապատրաստի այն, ինչը հաջորդելու է, գրողը տեսարանների ընտրության ավելի լայն հնարավորություն ունի և պատճառային բանտարկվածությունից դուրս է»7: Ալյուզիայի կիրառությունը ևս գրողին երևակայական սլացքի լայն հնարավորություն է տալիս: Այն միևնույն ժամանակ յուրօրինակ ոճավորման դեր է կատարում` ստեղծագործությանը հաղորդելով խորհրդավոր, միֆական շերտեր: Բայց հարկ է նշել նաև, որ ալյուզիայի կիրառությունը պահանջում է գրողից պատմական, քաղաքական, առասպելական, աստվածաշնչյան նյութերի փայլուն իմացություն:
Այսպիսով, հղումների կիրառությունը Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպում գեղարվեստական և գեղագիտական առումով արդարացված է և տեղին: Գեղարվեստական առումով դրանք ծառայում են գաղափարի առավել հստակ ու դիպուկ արտահայտմանը, ներքին կապ ստեղծում տեքստի ու ենթատեքստի միջև: Գեղագիտական առումով հղումները դիտվում են իբրև ոճավորման հաջող միջոցներ` ժամանակի շունչը վեպին հաղորդելու, պատմական միջավայրը վերականգնելու և երբեմն էլ խոսքին հավաստիություն հաղորդելու համար:
Փորձենք պատկերացնել վեպը առանց հղումների. նյութը կթվա որպես պարզ պատմական վավերագրություն խեչոյանական մեկնաբանությամբ (որքան էլ անհերքելի է Խեչոյանի խոսքի ներազդունությունը): Հենց հղումներն են, որ ներազդող ուժ ու գրավչություն են հաղորդում վեպին` շարունակ մտածելու և բացահայտման ուղիների մղելով ընթերցողին:

Օգտագործված գրականության ցանկ

1.Northrop Frye, The educated imagination, Bloomington 1964, p. 124.
2.Լևոն Խեչոյան, Արշակ արքա, Դրաստամատ ներքինի, Ե., 2013, էջ 100:
3.Աստուածաշունչ, Պէյրութ, 1985, էջ 841:
4.Նորք, թիվ 1, Ե., 1996, Սեյրան Գրիգորյան, «Ո՞ւր է թագավորը… », էջ 152:
5.Լևոն-Զավեն Սյուրմելյան, Արձակի տեխնիկա. չափ և խենթություն, Ե., 2008, էջ 185:
6.Northrop Frye, The educated imagination, Bloomington 1964, p. 70.
7.Լևոն-Զավեն Սյուրմելյան, Արձակի տեխնիկա. չափ և խենթություն, Ե., 2008,, էջ 177:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն