* * *
Երազներից հետո ոչինչ չեմ հիշում:
Կորցրել եմ վարդերը երազներից հետո:
Կտրել եմ հիշողության մազանոթները,
տխրում եմ, որ վաղվա օրվան
նայելու եմ պատուհանից
ու լռելու եմ
ու թերթելու եմ ևս մի երազ,
իսկ նախորդը փաթաթելու եմ
անձեռոցիկով
և պահելու դարակիս մեջ,
դրանցից հետո չեմ հիշելու ոչինչ:
Դրանից հետո անիծելու եմ վարդերից կախված հիշողությունս:
ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐ
Իմ երկրում տխրությունը ոտաբոբիկ է շրջում,
քնում է աղբարկղերի կողքին,
արտասվում շների հետ,
ապաշխարում լուսնին, իսկ երգերը
բանտարկված են տուփերի մեջ
ու ծննդյան անակնկալ նվերներ են հիշեցնում:
Իմ ձեռքերում գիշերները լիալուսնից են ծնվում,
բանաստեղծներ են ծնվում իմ ձեռքերում գիշերները,
իսկ աստղերը բանտարկված են տուփերի մեջ
ու չաշխատող երազանքներ են հիշեցնում:
Ոչ ոք չգիտի այս համատարած երջանկության պատճառը:
Ոչ ոք չգիտի`
ինչու է ամբոխը լռում:
Լսվում են միայն սրտի անհանգիստ թակոցներ,
և դռնակը փակ խրճիթի նման
հայրենիք է անվերջ հիշեցնում:
Տպագրվել է «Գրեթերթ», 2010, թիվ 1