«Այս գիրքը նվիրվում է բոլոր նրանց, որոնք երբևէ սիրահարվել են մշակույթի, որը խժռել է իր զավակներին: Ինչպես նաև Գրիգոր Պահլավունուն և Պետրոս Գետադարձին՝ դարերի խորքից»:
Եթե ասեմ, որ այսպես է սկսվում ժամանակակից գիտական ֆանտաստիկայի ամենահայտնի ու սիրված ստեղծագործություններից մեկը, շատերը գուցե չեն էլ հավատա: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:
«Հիշողություն, որը կոչվում է կայսրություն» գիտաֆանտաստիկ վեպը պատմում է Տեյսկալաան միջմոլորակային կայսրության մասին, որտեղ ժամանում է անկախ ու ինքնիշխան Լլսել կայանի դեսպան Մահիտ Զմարեն՝ փոխարինելու իր նախորդին, որին սպանել էին շատ կասկածելի պայմաններում: Հայտնվելով կայսրության ամենասրտում՝ երիտասարդ աղջիկ Մահիտը անմիջապես բախվում է պալատական ինտրիգների, իշխանափոխության ճգնաժամի և խարդավանքների հետ՝ փորձելով ամեն գնով պաշտպանել իր անկախ կայանը կայսրության զավթողական արշավանքից: Միևնույն ժամանակ, սակայն, կայանում հայտնաբերել են այլ՝ ոչ մարդկային արարածների, որոնք ահագնացող վտանգ են ներկայացնում ոչ միայն փոքր կայանի, այլև ամբողջ մարդկային աշխարհի համար ընդհանրապես:
Ու էստեղ եկեք դադար վերցնենք ու վերադառնանք սկզբին: Ի՞նչ: Գրիգոր Պահլավունի և Պետրոս Գետադա՞րձ: Գիտական ֆանտաստիկայո՞ւմ:
Այո, սիրելիներս: Բանն այն է, որ այս չքնաղ ստեղծագործության հեղինակը՝ ամերիկացի ֆանտաստ Աննա Լինդեն Ուելլերը՝ նույն ինքը Արկադի Մարտինը, մասնագիտությամբ հայագետ է և որպես իր ստեղծագործության հիմք ընտրել է Բյուզանդական կայսրության և Հայոց թագավորության հարաբերությունները՝ արևելքից քոչվոր ցեղերի արշավանքների նախօրեին:
Հայկական շունչն այս ստեղծագործությունում զգացվում է հպանցիկ, տեղանունների և անձնանունների շողքերով, սակայն, հավատացեք, դա չէ այս գրքի հմայքը:
Սա իսկական, հոյակապ, եթե կուզեք՝ «գյոզալական» ֆանտաստիկ վեպ է իր բոլոր ատրիբուտներով: Լարվածությունն առկա է ստեղծագործության բոլոր էջերում, բոլոր դրվագներում, նույնիսկ բոլոր նկարագրություններում: Տեյսկալաանի աշխարհը, ինքնին, առավել քան շշմեցուցիչ է՝ գերզարգացած քաղաքակրթություն, որի մշակույթի կենտրոնում պոեզիան է: Էլ չեմ խոսում Լլսել կայանի գաղտնի տեխնոլոգիաների՝ իմագո սարքավորումների մասին, որոնք կարողանում են պահպանել կարևոր գիտելիքները սերնդե-սերունդ:
Իհարկե, էլ չեմ պատմի «Հիշողություն, որը կոչվում էր կայսրություն» գրքի մասին, գնացեք ու կարդացեք ինքներդ, հաստատ չեք փոշմանի: Իսկ ես կշտապեմ կարդալու շարունակությունը՝ «Ամայություն, որը կոչվում է կայսրություն» գիրքը: Ի դեպ, հեղինակը երկուսի համար էլ ստացել է «Հյուգո» մրցանակ: Սա, եթե ինչ, օսկարների օսկարն է գիտական ֆանտաստիկայի ժանրում: