«Լավագույն միտքը առաջին միտքն է»:
Ալեն Գինսբերգ
«Փորձարարական պոեզիան» առավելապես ամերիկյան դպրոցի տերմինն է, այս պոեզիան հիսունականներին ամերիկացի մի խումբ գրողների հակադրությունն էր ժամանակի բարքերին և ակադեմիզմին: Այն աչքի է ընկնում ինքնատիպությամբ և շոկային ցնցումներով: Փորձարարական պոեզիայի առաջին ժողովածուներից մեկը Դոնալդ Ալլենի «Նոր ամերիկյան պոեզիա» (1960 թ.) անթոլոգիան էր, որ միավորում է քննադատների և ակադեմիական շրջանակներից դուրս մնացած գրողներին:1 «Փորձարարական պոեզիան» աչքի է ընկնում տարատեսակ հնարներով. «Հաճախ այդպիսի պոեզիան համակեցվում է գրաֆիկայի, մաթեմատիկայի և այլնի հետ: Փորձարարական պոեզիայում իմաստը 90%-ով ստորադասվում է բարդ բանաստեղծության տեխնիկական ձևերին, այնպես որ սովորաբար լավ է որակվում ըստ հնարների, և կարող է բարձր համարվել, օրինակ, ըստ բառապաշարի ու բառերով խաղալու ունակության»:2 Թերևս «մեր ժամանակը» հենց նրանով է հետաքրքիր, որ վիրտուալ և, այսպես ասած, գրողական միջավայրում առավելապես լեգիտիմացվում է «փորձարարությամբ» աչքի ընկնող պոեզիան: Ուրեմն այն արդեն ոչ թե հակադրություն է, այլ ժամանակի ընդհանուր միտում և օրինաչափություն: Ժամանակակից պոեզիան (ժամանակակից ասվածն էլ պայմանական է, քանի որ միտումները եղել են անգամ նախորդ դարասկզբին` դադաիստներից և սյուրռեալիստներից սկսած) նախկին լիրիզմի փոխարեն նախընտրում է պատկերների և բառերի «անսովոր համադրություններ»-ը: Դոնալդ Ալլենի՝ վերոնշյալ գրքի մասին կարդում ենք. «Նոր արժեհամակարգի կողմնորոշումը որոնելիս «փորձարար-պոետները» առավելապես ուղղվում են դեպի նախնական միֆերը, լեգենդներն ու ավանդական հասարակությունները, մասնավորապես ամերիկացի հնդիկները»:3 Այս փորձարարների գրական հիմնական ասելիքը հոդվածագիրը ճշգրտորեն բնութագրում է բիթնիկ-փորձարար Ալեն Գինսբերգի խոսքերով՝ «Լավագույն միտքը առաջին միտքն է»: Հոդվածում որպես բնաբան դրված այս խոսքը հայ ժամանակակից մեկ այլ պոետի՝ Կարեն Անտաշյանի խոսքն է հիշեցնում՝ «Թիթեռ նկարելը թող՝ լեզվի բնազդին հետևիր»: Այս հոդվածի խոսակցության նյութը հենց Կարեն Անտաշյանի պոեզիան պիտի լինի, մասնավորապես նրա «Ծիլի-Ծով» ժողովածուն (Երևան, 2013):
Մինչ այդ երկու խոսքով ավանդական տեքստ «Ծիլի-Ծովի» և նրա հեղինակի մասին. Կարեն Անտաշյանը բանաստեղծ է, բլոգեր, բանաստեղծական շարքերի և պատմվածքների համար արժանացել է տարբեր մրցանակների: Հեղինակել է «Այլերեն» բառարանը, որ ըստ էության ժողովրդական խոսքի և տարբեր լեզվական շերտերի ուսումնասիրման և, այսպես ասած, ինտերակտիվ ընթերցողի հետ միաժամանակ ստեղծագործելու արդյունքում է ծնվել: Սրա վրա ընթերցողը պետք է ուշադրություն դարձնի, քանի որ «այլերեն» նախագիծը, Կարենի նախորդ գործերը, գործունեությունը և հարցազրույցները պարզորոշ են դարձնում հեղինակի աշխարհայացքի և հետաքրքրությունների մի քանի կարևոր կետեր, որ կարող են նաև այս գրքի ընթերցման բանալին դառնալ:
Նախ` հակումը դեպի փորձարարության, որն արտահայտվում է «լեզվական տարբեր շերտերի հետ աշխատանքով», սա ենթադրում է նաև լեզվական տարբեր շրջափուլերում եղած ոճերի խաղարկում, օրինակ՝ հրովարտակների ոճի խաղարկումը «Ես, Արեկի ծոռ և Արամի որդի Առյուծս» բանաստեղծության մեջ (էջ 41) կամ ժամանակակից ֆեյսբուքյան գրության ձևը «Նունիկ թողիքում» (էջ 62) կամ առանձին բառախաղերն ու փորձարարական պոեզիային բնորոշ անագրամաները և այլն:
Այս հոդվածում իմ ուսումնասիրությունը առավելապես միտված է պարզելու, թե ինչպես է Անտաշյանը ժողովրդական խոսքը, բանահյուսական տարբեր ժանրաձևերը խաղարկում: Այս առումով Անտաշյանի պոեզիան առավելապես հիշեցնում է Սան Ֆրանցիսկոյի փորձարարական դպրոցի պոեզիան, որի առանձնահատկությունը փորձարարական մյուս դպրոցներից՝ հակվածությունն է դեպի բնությունն ու կրոնը: Սպենկերենը այս դպրոցի պոետների՝ դեպի բնություն ունեցած սերը բացատրում է Սան Ֆրանցիսկոյի լանդշաֆտով:4 Իսկ Անտաշյանի պոեզիայի հիմքը հայերենի «լեզվական հնարավորությունները» և հայրենի բնության հավատալիքներն են: Անգամ գրքի անվանումը՝ «Ծիլի — Ծովը», Անտաշյանը վերցրել է հայկական փոքր լճակի անվանումից:
Կարեն Անտաշյանը հարցազրույցներում բազմիցս նշում է, որ «Ծիլի-Ծովը» ստեղծելուց առաջ ինքն ուսումնասիրել է ժողովրդական խաղիկները, հմայիլները, աղոթք-բանաձևերը: Եվ այս պարագային հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ուսումնասիրված բանահյուսական նյութը դառնում բանաստեղծություն: Անտաշյանի համար բանագիտական նյութը նույն նշանակությունն է ձեռք բերում, ինչ պատմությունը պատմավիպասանի համար: Ուրեմն եթե պատմությունը վիպականացվում է (history-ն դառնում է story), այս դեպքում ժողովրդական ժանրաձևերը և ժողովրդական խոսքը բանաստեղծականացվում են:
Բանահյուսական և բանագիտական նյութով աշխատանքը ճանաչողական և գեղագիտական հաճույք պատճառելուց զատ ուսումնասիրման լայն հնարավորություններ էլ է տալիս: Եթե առավել ընդհանուր դիտարկում անելու լինեմ, կարելի է ասել, որ բանահյուսական գործերը առհասարակ, հմայական աղոթքներն ու խաղիկները մասնավորաբար և առավելաբար ներառում են երեք շերտ`
Ա)Լեզու, որ կազմում են
1) ժողովրդական բառամթերքը — այն ներառում է ինչպես ավանդական ժողովրդախոսակցական բառապաշար, այնպես էլ համացանցային լեզու ու մոտիվներ` ֆեյսբուք, շեյր, լայք և այլն: Այս առումով ևս, չգիտեմ գիտակցված, թե հեռազգացողությամբ, հատվում են ժամանակակից բանագետների և ժամանակակից բանաստեղծի հայացքները. երկուսն էլ ուղղվում են դեպի համացանցային ֆոլկլորը:5 Ի դեպ, արդի ֆոլկլորային լեզուն մեծ չափով սլենգային է, որի տարրերը ևս լիովին օգտագործում է Անտաշյանը: Ամենավառ օրինակը թերևս «Ձվադրման շրջան» երկիմաստ վերնագրով բանաստեղծությունն է՝
Գավառական դիքենսահոտով ներծծված
գրադարանավարուհի ծյոծյաներ,
տնտեսության յուղոտ կլաստերները սպասարկող
այլընտրանքային նանարներ,
ծխախոտի փողոցային փրոմո-ակցիաներում
զբաղված մարիշոկներ,
ֆեյսբուքներում ծերացող,
տղու քրտնքահոտի կարոտ, սմքած ֆեմինիստներ,
կորած-մոլորած վանքերում
մոմ, աչքաուլունքներ ու գաթա ծախող
քոքված տատիներ…
պետական շենքերի քսերոքսախցերում
անկապ ծերացող ժամկետանց օրիորդիկներ,
ընդդիմության ցույցերում տարիքի կռիվը գոռացող
բանից բեխաբար քաջ աչիկոներ,
գիտե՛մ,
որ երբեք ինձ չեք ներելու… (էջ 58)
2) ժողովրդական «ավանդական» խոսքին բնորոշ պատկերավորման միջոցները` նվազաբերություն (օրինակ` հայերեն փոքրացուցիչ մասնիկների` «իկ»-ի և «ուկ»-ի գործածումը, որ անգամ ամենագրքային բառին ժողովրդական խոսքի «համ ու հոտ» է տալիս), չափազանցություն, մեծ չափով օգտագործված բառախաղ, համեմատություն, բնաձայնությունների միջոցով ստեղծված ձայնային ասոցիացիաներ, օրինակ՝ «Այա» շարքի «Իծան կեծան»-ն ու «Խխունջիկը» կամ «Հմայիլներ» շարքի «Վախչափի»-ն, որ մեծամասամբ զաումներով՝ իմաստակներով են կառուցվում, որ բանաստեղծություններում երբեմն կան նաև արձագանք ստեղծելու փորձ են, օրինակ՝
-Չոփ-չոփ, չոփիկ արա, չոփ-չոփ-չոփ,
Անուշ նանիկ արա, աը-աը-աը-ա..(42):
Ձայնային ասոցիացիաները հայ հմայական աղոթքներում Սարգիս Հարությունյանը մեկնաբանում է այս կերպ՝ «Հմայական կինեստետիկական պատկերացումները վերարտադրելիս առաջ եկող լեզվի, շրթունքների և ձայնալարերի շարժումները ընդունված է նախապես համարել ձեռքերի կամ մարմնի աֆեկտիվ շարժումներին ուղեկցող զանազան անիմաստ շշունջներն ու բացականչությունները, կամ էլ թովողի ցանկությունն արտահայտող իմաստալից խոսքերն ու բանաձևերը [Աբեղյան 1966, 32, 1959, 74]: Դրանք հմայական խոսքի այն սկզբնական տեսակներն են, որոնց վերապրուկները գոյատևում են ուշ ժամանակների ժողովրդական բանահյուսության մեջ»:6
Պատկերավորման միջոցներն ու բառաստեղծման ժողովրդական ավանդույթը այս դեպքում առավելաբար խաղարկվում են, քանի որ ի տարբերություն բուն խաղիկի կամ ժողովրդական որևէ այլ ժանրաձևի՝ հեղինակն այլևս չի հավատում դրանց մոգական ուժին և արտահայտում է իր վերաբերմունքը, շատ դեպքերում՝ հեգնական, ինչպես Անտաշյանի ամենահայտնի գործում՝ «Սիրածիկ»-ում՝
Անձրևում են
խանդոտ,
թմփլիկ աստվածուհիներս,
անմարդ հարևանուհիներս,
հավանական հարսներս,
մամաներս բոլոր…
Տիզ-տիզ՝ ակլատիզ,
դու նախշուն ես ու թիթիզ… (էջ 107 )
Երբեմն էլ Անտաշյանը «նոր բառեր» է ստեղծում և մտնում լեզվի հերմենևտիկ դաշտ, ուր միևնույն նշանը մի քանի շերտեր է պարունակում, օրինակ՝ «խաչ-մեռ-նու-կին»- ը, որ մի քանի նշանակություն ունի և ինքնին նոր բառ է. բառաստեղծման այս և Անտաշյանի օգտագործած նմանատիպ այլ ձևերը հայ արդի գրականություն թերևս օտար ավանդույթից են գալիս: Ընթերցողին, կարծեմ, առավել ծանոթ պիտի լինի Պաուլ Ցելանի և Քամինգսի փորձառությունը: Բայց եթե վերջիններիս դեպքում այս շերտերը մթամածության, խորհդավորության, երբեմն էլ ինտելեկտուալացման նշան են, ապա շնորհիվ նրա, որ «Ծիլի-Ծովում» նոր բառը ստեղծում է ժողովրդախոսակցական որևէ բառի համաբանությամբ կամ առնվազն դրա միջոցով, ընթերցողը առավելապես զվարթության և խաղի տպավորություն է ստանում: Սա երևի թե նաև Կարենի համար աշխարհայացքային ու գաղափարական նշանակություն ունի. չծանրացնել, հումորից ու կենսական ազդակներից չզրկել տեքստը: Տամ հենց հեղինակի բանաձևումը.
«Ո՞նց չի հասնում խելքիդ. տխրության մասին խոսքն այնպես զվարճալի կարող է լինել» (էջ 31)
Բ)Բանահյուսական նյութի կարևորագույն մյուս շերտը կազմում է ազգագրական նյութը: Եթե ամերիկյան փորձարարական պոեզիան օգտվում էր ամերիկացի հնդիկների լեգենդներից ու միֆերից, Անտաշյանը հայացքն ուղղում է դեպի հին և նոր հայկական բարքերը: Ժողովրդի կենցաղավարման, սոցիալ-քաղաքական կյանքի մնացուկները և այդ շրջանի մասին պատկերացում տվող մոտիվները բնորոշ են բանահյուսական բոլոր ժանրերին գրեթե, բայց եթե ավանդական ժողովրդական խաղում կամ աղոթքում մարդը իր կենցաղի, բնության ու ապրելակերպի հետ իդիլիկ ներդաշնակության մեջ է, ապա բանաստեղծական տարածության մեջ հենց նախնական, բնական վիճակից խզումն է դառնում հիմնական «կոնֆլիկտը»: Սա ակնառու է առավելապես «Այր-Ցամաքում»: Ժամանակակից «քաղաքակրթության» տարատեսակ կողմերը` քաղաքականությունը, առօրյա կենցաղը, սեքսիզմը, մինչև իսկ զոոֆիլիան կարծես միևնույն գործառույթն ունեն, ցույց տալ, թե ո՞րն է գրողի` դեպի նախնականություն, ասել է թե` բնություն վերադառնալու ցանկության պատճառը: Իսկ տեքստի դեպի նախնականություն գնալու միտումը տեսանելի է դառնում առավելապես սիմվոլների, մասնավորապես դեպի նախնական խոսքը և դեպի ջուրը գնալու միջոցով:
Գ) Բանահյուսական նյութը ժամանակակից աշխարհ է մտնում բնականորեն, առավելապես սիմվոլների միջոցով: Եվս մեկ անգամ հիշենք գրքի ենթավերնագիրը՝ «Գիրք հմայության»: Անտաշյանը լիուլի օգտագործել է հմայիլների հիմնական սիմվոլները, այստեղ հատկապես անհրաժեշտ է շեշտել չորս տարրերի հետ կապված սիմվոլները՝ օդ, կրակ-օջախ-արև, որ սիրո և ընտանիքի պաշտպանության հետ կապված հմայիլներում էր հատկապես օգտագործվում, սրանցից նշեմ թերևս միայն «Հնոցի» հմայիլի սկիզբը՝
Ասեցի՝ արև իմ աստված, իմ արև-աստված…
Ասեցի՝ հնչեց՝ լսեցի,
կանչեցի՝ տրվեց՝ հիշեցի,
գրեցի՝ մնաց:
Անտաշյանի տեքստում սիմվոլներից ամենակենսունակը ջուրն է, որ ունի նաև իր հոմանիշ սիմվոլները` նավը, անձրևը, կղզին, ձուկը, ջրհոսի համաստեղությունը, ինչը հեղինակի համար նաև կենսագրական նշանակություն ունի (ծնվել է փետրվարին, ջրհոսի համաստեղության տակ): Իսկ ի՞նչ նշանակություն ուներ ջուրը հմայական աղոթքներում, սա բավական տարածված սիմվոլ էր հայկական հմայիլներում. քանի որ չորային ու լեռնոտ Հայաստանում անպակաս են եղել երաշտները և հայ ծիսական ավանդույթը մշտապես անձրևաբեր աղոթքներ ու ջուր ցանկացող բանաձևեր է կիրառել: Այսպես ասած՝ «հակաերաշտային» ծեսի մնացուկ է նաև հայկական անձրևաբեր տիկնիկը` Նուրին: Ազգագրագետ Լուսինե Իսրայելանը հմայիլների բուժիչ հատկությունների մասին խոսելիս նշում է՝ «Շատ նյութեր կան, որ համարվում են չար վանող: Օրինակ` ջուրը: Ջուրը դնում էին սենյակում եւ մտածում էին, որ երբ մեկը չար մտադրությամբ գալիս է տուն, ջուրը կլանում է այդ չարությունը, հետո օրվա վերջում այդ ջուրը թափում էին ու նորը լցնում»:7
Իսկ ի՞նչ է երաշտը բանաստեղծական տեքստում, եթե ոչ ամլություն: Ջրի ներկայությունը և առատությունը ոչ այլ ինչ են, քան այն, ինչ գրքի անոտացիայում ճշգրտորեն բնորոշվում է «կենսական բնազդ»: Սա գրքի կարևոր մոտիվներից է և ևս մեկ անգամ ցուցադրում է քնարական հերոսի` դեպի նախնական խոսքը, բառը և մինչև իսկ նախնական սերմը վերադառնալու ցանկությունը: Ի տարբերություն ավանդական աղոթքների, բանաձևերի ու կապերի, սիմվոլիկացումը գրական և ուշ բանահյուսական շրջաններում արդեն բոլորովին այլ նշանակություն է ձեռք բերում: Բանաստեղծական հմայությունը սկսում է գործել ծեսից առկախ, ապասրբացվում է, իսկ միակ ծեսը դառնում է հենց ինքը`բանաստեղծությունը, որի տեսական հիմնավորումը ևս տրվում է գրքում: Նկատեմ, որ գրքի` իմ կարծիքով լավագույն բանաստեղծություններից մեկում` «Բույն»-ում, ի թիվս հյուսվելու, սարքվելու, բույնը, որ ընտանեկան երջանիկ ապաստանն է, նաև «գրվում է»` «Ես բույն կգրեմ մեզ համար, նանիկս..»: Իսկ արդեն «Բանաստեղծություն», «Հետգրություն» գործերը, որ երազահանների հետ փակում են համապատասխանաբար «Ծիլի-Ծով» և «Այր-Ցամաք» շարքերը, թեև ընկալելի են գրքի ընդհանուր կոնտեքստում, գեղարվեստի առումով բավական զիջում են գրքի և առավել ևս այդ շարքերի մյուս գործերին, քանի որ ի տարբերություն դրանց` ոչ թե ցուցադրում են «լավ» կամ «իսկակական» բանաստեղծությունը, այլ միայն տալիս են բանաստեղծության «ինչպիսին լինելու» ծրագիրը:
Սիմվոլիկացման մեկ այլ կերպ է սիմվոլի վիզուալացումը «Լինել ճամփորդող ջրի կաթիլ» հմայիլում՝
Դու եկար և ինձ սովորեցրիր
չհատել նուրբ ալիքները,
քայլել հասնելու պես,
վայելել ընթացքը,
ճանաչել ուղին,
ուտել զգույշ,
շնչել խորը,
լինել մաս,
չվնասել,
լինել,
լռել…
Այս բանաստեղծության ձևը ակնհայտորեն եռանկյուն է, որ հայկական հմայիլներում առանձին խորհուրդ ուներ: «Հարք գավառում, Վասպուրականում կանայք կրել են եռանկյունաձև կամ կիսալուսնաձև կախիկներով վզնոցներ: Եռանկյունին և կիսալուսինը հանդես են եկել որպես կանացի սկզբի խորհրդանիշներ»:8 Եռանկյունաձև իրերը նաև պտղաբերությանը նպաստող ծեսի տարր են եղել: Իսկ պտղաբերությունն ու հենց Կարեն Անտաշյանի ձևակերպմամբ «Ծինը» այս ժողովածուի հիմնային մոտիվներից են: Նոր պտուղն է կապում հեղինակին բնությանը և տիեզերքին: Բանաստեղծի ու բնության հարաբերումն էլ հենց դառնում է հիմնական ասելիքը, որ եթե սկզբում շարունակություն, ճանապարհ էր ենթադրում «Արդ ճանաչեցի ջրի ճամփան», ապա արդեն վերջին շարքում սկսում է գաղափարական հակադրությամբ գրվել: Եթե առաջին շարքում բանաձևվում է, թե «կենդանի լինելուց զատ/ լինելու ուրիշ կերպ չկա», ապա վերջինում ասվում է գրեթե նույնի հակառակը «Մի քիչ մեռնելը/ միշտ լավ է առողջության համար», և եթե առաջին շարքում մարդու և բնության հարաբերությունն է, որ ձգտում է նույնականացման, քանի որ նրանց երկուսի և առհասարակ բոլոր իրերի նախահիմքը նույնն է` ջուրը, իսկ բանաստեղծական տարածքում արդեն ջրի մասին խոսքը կամ բառն առհասարակ, ապա «շվշվիկներում» արդեն բնությունից բաժանվելու, տարբերվելու հարաբերությունն է. «Քեզ անուշ քուն/ [առանց ինձ]/ մերկ ու ցանցառ/ իմ ծառ»:
Գրքի ամբողջականությունն ու կոնցեպցիան բացատրելի են դարձնում նաև հին սեպագրերի և հմայիլների արտատպումները և ըստ շարքի հիմնական սիմվոլների գրված անհատական երազահանները, որ պատրաստի, բանաձևված, նույնիսկ աֆորիզմատիկ բնույթ ունեցող խոսք են հիշեցնում: Սրանք գրվել են առավել բանաստեղծական ու գրական լեզվով, հիշեցնելու, որ այս գիրքը ոչ թե բանահյուսական ժանրաձևեր` խաղիկներ, հմայիլներ, պահապաններ և այլն ստեղծելու փորձ է, այլ բանահյուսական նյութի բանաստեղծացում: Այն իր ընդհանուր բնույթով՝ բառախաղ, անսովոր համադրություններ, տեխնիկական ձևեր և այլն, տեղավորվում է փորձարարական պոեզիայի համատեքստում: Բայց ակունքներում «Ծիլի-Ծովը» հայկական հմայական աղոթքի, հմայիլների ու հայերեն ժողովրդական խոսքի ազդակներն ու ժամանակակից մարդու սիրային, տագնապած, տեղ-տեղ հեգնական ու «քաղաքականացված» ապրումներն է կրում: Հետևաբար այս գրքի ընթերցողն էլ պիտի մոտենա գրքին ժամանակակից բանաստեղծության ընթերցանության համար նախատեսված պատրաստվածությամբ, քանի որ գիրքն իր տարատեսակ շերտերով ուղղված է լայն հանրությանը ընդհանրապես, ժամանակակից գրականությամբ հետաքրքրվող, դրա միտումներին հետևող ու լեզվական ու տարատեսակ այլ փորձարարություններ սիրող ընթերցողին մասնավորապես:
———————————————————
1. Кэтрин ван Спэнкерен,Краткая история американской литературы .http://www.uspoetry.ru/books/2/chapter7
2. Ավելի մանրամասն տես Экспериментальная поэзия — обзор наших достижений հոդվածում: http://www.stihi.ru/2008/07/13/3704
3. Տե՛ս՝ Кэтрин ван Спэнкерен, նշված հոդվածը:
4. Նույն տեղում:
5. Համացանցային բանահյուսության մասին տես՝ Интернет и фольклор. Сборник научных статей. – М.: Государственный республиканский центр русского фольклора, 2009
6. Սարգիս Հարությունյան, Հայ հմայական և ժողովրդական աղոթքները, Երևան, 2006, էջ 24:
7. Ինչպես խուսափել հիվանդություններից և գրավել սրտերը. հայկական հմայիլների մասին. https://news.am/arm/news/137618.html
Հայկական ավանդական զարդերի խորհուրդը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
http://www.aravot.am/2016/06/30/710023/