Արվեստում ստեղծագործելուց առավել կարևոր է հեռանալը: Մի նախադասություն ու վերջ: Իմ մտքի փոխված էս գործընթացը տևեց շուրջ քսան տարի: Բայց երբ ետ եմ նայում, տեսնում եմ, որ առաջին օրից ես իմ հեռացմանն եմ պատրաստվել: Իսկ հիմա՞… Խաղում եմ տնային թատրոնում, հատվածաբար, մտքում, չգրված դերեր եմ փորձում, ներկայացման ժամերն ինքս եմ ընտրում և ամենակարևորը՝ չունեմ հանդիսատես:
Ամեն դեպքում թատրոնն իր բնույթով հին արվեստ է: Որքան էլ նորարարությունը թատերական երկաթե վարագույրից ներս սողոսկի, միևնույն է, բեմ-դահլիճ-կուլիս կոչվածը էությամբ մնում են նույնը: Անհնար է վերը նշվածի հետ հաշվի չնստել: Բայց ամենասարսափելին էն է, որ արվեստներից ամենաուշը թատրոնն է հասկանում, որ իր ժամկետը վաղուց սպառվել է…
…Մի խոսքով, խաղացանկում մի լեգենդար ներկայացում ունեինք: Բեմադրության առաջին կազմը շուրջ քսան տարի խաղալուց ու անընդմեջ կրկնողությունից մի լավ շնչահեղձ լինելուց հետո, որոշեց ներկայացումը մեզ՝ երիտասարդներիս հանձնել: Ինքներդ էլ հասկանում եք, որ լեգենդի փայլից օգտվելը մեծ երջանկություն էր, բայց… Մի բոսխ-բրեգելյան օր կատարվեց անկանխատեսելին…
Վերևներից սև թղթի նման մի լուր եկավ, ըստ որի թատրոնը, որպես պետական հիմնարկ, պարտավորված է մի քանի ներկայացում խաղալ դպրոցականների համար, նրանց կրթելու նպատակով իհարկե: Ավելին՝ էդ պետական մատը, որքան էլ տարօրինակ թվա, կանգ էր առել լեգենդի վրա: Սկզբում ոգևորվեցինք (ներկայացումը լեգենդար լինելով՝ հանդիսատես գրեթե չուներ), բայց հերթական, վերականգնողական փորձի ժամանակ մեր իսկ արտասանած տեքստերից զարհուրած՝ հասկացանք, որ այն ինչ խաղում ենք՝ դպրոցականների համար նախատեսված չէ: Ահ ու լեղի կտրած Գլխ. բեմադրիչը մի երկնագույն ուղերձ հղեց վերև, խնդրելով՝ փոխել մատի ուղվածությունը: Բայց սև թուղթը անջնջելի էր. ներկայացման օրը նշանակվեց…
Բեմն առաջին անգամ էր իր լեգենդին անդամահատված տեսնում: Փորձի ժամանակ հնարավորինս կրճատել էինք դպրոցականների կրթման ծրագրին հակասող արտահայտությունները: Բայց կատարվեց ավելի վատ մի բան: Ներկայացումը սկսվեց և ընթացքում մեր իսկ ձեռքով խմբագրվեց, ավելին՝ ինկվիզիտորական գրաքննության ենթարկվեց: Էն, ինչը չէինք հասցրել փոփոխել կամ կրճատել փորձի ընթացքում, քրքրվեց, ձևափոխվեց, այլանդակվեց ներկայացման ժամանակ: Պիեսի հեղինակը, չնայած օտարերկրացի էր, սակայն մեր մաքրամաքուր հայերենը լսելով՝ միանգամից գետինը մտավ: Էդ հերիք չէր՝ գերեզմանի մեջ էլ՝ մի տասն անգամ շուռ եկավ: Բեմադրութան ողնաշարը էնպես ճկվեց, որ ժանրային շփոթ սկսվեց: Կերպարներն էլ՝ բոլորովին այլ վարքագծեր ձեռք բերեցին: Թեթևակի ֆլիրտով զբաղվող կինը դարձավ բոշա, գեյը՝ խելագար, թեթևսոլիկը՝ մուրացկան, երաժիշտը՝ Կարաբալա: Բա հանդիսատե՞սը… Նման հռհռացող բերաններ կյանքում չէի տեսել: Ամբողջ ներկայացման ժամանակ ստիպված էի առաջին երեք շարքում նստած պատանիների բրդոտ լեզուներն ուսումնասիրել: Մի խոսքով հանդիսատեսը բեմում չկողմնորոշված միմոսներ տեսնելով ցնծաց, սուլելով ծափ տվեց, ծամոնները աթոռներին լղոզեց, փոփ-քորնը, մանանայի նման, շաղ տվեց, թատրոնից դուրս եկավ ու ամեն ինչ մոռացավ: Բա մե՞նք…
Բորբոքված, չբավարարված, մեր հացն արդեն կերածի պես՝ իրար ուտելով ու միաժամանակ Գլխ. բեմադրիչի փակ դռանը բախվելով՝ ցրվեցինք գրիմանոցներով, զգեստափոխվեցինք, բեմական հագուստը աթոռ-սեղանների վրա շպրտեցինք, հեռացանք: Էդ պահին չգիտեինք, որ լեգենդար ներկայացման զգեստները, ցավոք, երբեք էլ չենք հագնելու…
Բայց էս դեպքն իմ հեռանալուց մի քանի տարի առաջ էր…
Թատրոնը հոգեվելուծության կարիք ունի: Ինչո՞ւ հենց հոգեվերլուծության: Որովհետև բեմադրություններով ու անդադար փորձեր անելով՝ չես կարող թատերական հիվանդությունը բուժել, նույնիսկ՝ պատճառը գտնել: Այլ կերպ ասած՝ թատրոնի խնդիրները երբեք ուղղակի չեն լինում: Իսկ ավելի ստույգ՝ թատերական պրոբլեմը հաճախ թաքնված է այնտեղ, որտեղ մտքովդ էլ չի անցնի փնտրել:
Լեգենդար ներկայացման ձախողումից հետո, որպես դերասան, երկար ժամանակ փորձում էի իմ կանգառը տեսնել: Որտե՞ղ եմ STOP տվել: Իհարկե, իմ STOP-ի պատճառը միանգամից եռակի ճյուղավորում ստացավ. հանդիսատես (որն այս օրերին կատարյալ ֆիասկո է ապրում), թատերական ոչ բարենպաստ ժամանակ և, իհարկե, անբարյացկամ բեմադրիչ: Այո, ոչ թե ես, այլ՝ հենց հանդիսատեսն էր ձախողվել, քննադատների մասին չասեմ, նրանք վաղուց կույր են, ժամանակն էլ… Մի օր կլավանա: Բայց ո՜նց էի ուզում ազատվել՝ հատկապես բեմադրիչից, ով ինձ շտամպի դագաղի մեջ դրել ու բեմում տեղաշարժվելու հնարավորություն չէր տալիս: Իսկ ինձ արտահայտվելու շանս էր պետք: Ու ես էդ շանսը գտա…
…Հիմա, երբ Տնային թատրոնում եմ խաղում, ամեն ինչ զարմանալիորեն հստակվում է: Ինչո՞ւ դերասանի մասնագիտությունն ընտրեցի: Փա՞ռք էի ուզում, ճանաչո՞ւմ, հարստությո՞ւն, թե՞ ուզում էի արդարացնել իմ գոյությունը, շեղված լինելս: Մի բան հաստատ է. դերասանի մասնագիտությունը կորցնում է իր ես-ի հիմնական ասելիքը հանդիսատեսի առկայության դեպքում: Էդ վերահսկիչ աչքը միաժամանակ զգաստացնելով՝ դերասանին գրեթե միշտ զրկում է իր իրական Խոսքը ասելու հնարավորությունից: Դառը պարադոքս…
…Եվ ես որոշեցի պիես գրել: Ավելին՝ ներկայացման մեջ խաղալ իմ իսկ դերը, էն կերպարը, որն ապրել էի իրական կյանքում: Գլխ. բեմադրիչը, որքան էլ տարօրինակ թվա, լսեց ինձ ու զարմանալիորեն համաձայնվեց: Բայց փորձնական ժամանակաշրջանով՝ թատրոնի ընթացիկ ծրագրից դուրս, էնտուզիազմի հաշվին: Պիեսը բեմադրության համար, իմ ուղեղում ծրագրավորած գումարը, էդ գլխառադի թեթև ձեռքով, Յուրի Գագարինի տիեզերանավով միանգամից դեպի լուսին չվեց, մյուս դերասաններին համոզելու դամբանականն էլ՝ մնաց իմ ուսերին: Հա, մոռացա ասել, ընթացքում էդ գրեթե կոչումնավոր գլուխը մեռավ շեշտելով, որ իմ պիեսը չի բեմադրի, որ իր անունը ազդագրի վրա չի գրվի, որ իր վաստակը հողին չի հավասարեցվի, որ էդ ներկայացումով լեգենդ չի ստեղծվի ու որ ինքը շատ է սիրում ձկան գլուխ ուտել…
Իհարկե, առաջին բանը, որ ես արեցի, մերժվածներին դիմելն էր: Երիտասարդներ, ովքեր դերեր չունեին, այլ կերպ ասած՝ բեմադրիչի աչքի հպմանը չէին արժանացել: Մի Բան անելու ցանկությունից դրդված՝ նրանք սիրով համաձայնվեցին: Երկար-բարակ աշխատանքային օրից հետո, երբ բարեհաճում էին մեզ փորձասենյակ տրամադրել, հավաքվում և սկսում էինք պիեսը կարդալ: Շուտով մեզ միացավ լեգենդար ոչինչ չբեմադրած մի երիտասարդ բեմադրիչ ու փորձերն առավել գունագեղ դարձան: Բայց բոսխ-բրեգելյան օրը չուշացավ: Ուշ ժամերին փորձասենյակներից հոսող էներգիան սկսեց անհանգստացնել մեր լեգենդածին ղեկավարին: Ինչպե՞ս կարող էր առանց իր մասնակցության էդ թատրոնում արվեստի գործ ստեղծվել: Ու սկսվեց: Պիեսի գլխավոր դերակատարը, ով նաև իմ մտերիմ ընկերն էր, զուգահեռ բեմադրվող՝ ապուշ կատակերգությունում միանգամից երկու դեր ստացավ: Երիտասարդ բեմադրիչը, քառասուներորդ անգամ կարդալուց հետո, հայտնաբերեց, որ պիեսը բեմական չէ: Իսկ շենքի հրշեջը փորձի ժամանակ լույսն անջատում ու հայտարարում էր, որ մենք մեր գժական ձայներով խանգարում ենք թատրոնի դիմացի պուրակում երեկոյան ժամը տասնմեկին խաղացող երեխաներին: Մի խոսքով, եկավ պիեսը Գլխ. բեմադրիչին հանձնելու իվանահեղյան օրը…
Թատրոնը, իր բնույթով, ամաչկոտ կապերի կծիկ է: Դերասանը մշտապես փորձում է իր ամաչկոտությունը կոծկելու նպատակով կրկնակի պատյանի տակ թաքնվել: Հենց այստեղ է ի հայտ գալիս թատրոնի, որպես տեսակի, երկրորդ ամենամեծ պարադոքսը, քանի որ արտիստը, որպես կանոն, իր զգացածը կոչված է ցուցադրել հանդիսատեսին, բայց էդ զգացածի իրական ամբողջացումը տեղի է ունենում հանդիսատեսին արհամարհելու դեպքում: Այլ կերպ ասած՝ դերասանին փչացնող ցեցը հենց հանդիսատեսն է կամ եթե ասելիքս մեղմելու լինեմ՝ վերջիններիս բարյացկամ վերաբերմունքը…
…Պիեսի հանձման իվանահեղյան օրը մաշկս դարձավ թատերական ինկվիզիցիայի լաբորատորիա: Փորձը դեռ չէր սկսվել, երբ Գլխավոր լեգենդածինի գլուխ ուտելու ախորժակը բացվեց: Հանկարծ պարզվեց, որ գլխավոր դերակատար իմ ընկերը նույն ժամին երկու այլ փորձ և մեկ ներկայացում ունի, որ դերասանուհու ձայնային տվյալները ձկնային են, որ ես ահռելի վնասներ եմ հասցրել թատրոնին օրական մի երկու ժամ փորձասենյակի հոսանքը վառ պահելով, և որ երիտասարդ բեմադրիչը տաղանդի նշույլներ ունի, բայց լավ կլինի էդ նշույլները այլ ուղղությամբ դրսևորի: Բա իմ պիե՞սը…
-Դե,- էդ լեգենդածինը լրիվ …գլուխ էր,- դու պոտենցիալ ունես, մի տասը օրում հինգ-վեց պիես գրի, որը հավանեմ՝ էն էլ կբեմադրվի…
Թատրոնում ապրելու տարիները երկակի կյանքի տարիներ են: Բայց էդ երկակիությունը էնքան էլ կապ չունի դերասան-կերպար փոխհարաբերության հետ: Ասածս առավել կապվում է դերասան-ժամանակ հասկացողությանը: Սարսափելի է, երբ դերասանն ու ժամանակը բոլորովին տարբեր ուղղություններով են շարժվում: Ավելին, երբ դերասանը կարոտում, ապրում է հնի լեգենդի մեջ, իսկ ժամանակը քայլում է առանց լեգենդի, կենդանի ճանապարհով: Իսկ ամենազարհուրելին էն է, երբ ժամանակը թատրոն չի մտնում, քանի որ բեմում դեռ խաղացվում են քսան-երեսուն տարի առաջ, անցյալ ժամանակի հետ քայլած արվեստագետի ստեղծած «դարակազմիկ բեմադրությունները»:
…Գլխավորի ինկվիզիցիան ինձ ստիպեց հիշել տատմորս տրուսիկի մեջ պահված բոլոր անեծքները: Թատրոնից դուրս չթռնելու համար ստիպված էի ժպտալ, նույնիսկ գովերգել դրա ստեղծարար քաղաքականությունը, իսկ նրա ստվերի անհետանալուն պես՝ հայհոյել ու պատերը ճանկռել: Ի վերջո պիեսի հինգերոդ տարբերակը (առաջին տարբերակից ոչինչ չէր մնացել) գրաքննելուց, կիսով կրճատելուց ու իմաստորեն այլասերելուց հետո՝ Գլուխը բեմական փորձերի մեկնարկի հրամանը կախեց: Դերասանուհուն և ինձ առաջին իսկ օրից, անընդունակ համարելով, դերերից ազատեցին: Մեզ փոխարինեցին՝ Գլխավորի հետ ազգակցական կապեր ունեցող «հանճարները», իսկ աստղայինի ճանապարհը բռնած ընկերս, այլ՝ լեգենդար կոմեդիաներում իր գերծանրաբեռնվածությունը աչքս խոթելով՝ դերից հրաժարվեց…
Բայց էդ վերջը չէր…
Նոր դերաբաշխումն անելուց հետո Գլուխը ստեղծագործական խմբին (հանճարներին) իր սենյակ հրավիրեց: Ես ո՞վ էի, որ ինձ կանչեին: Երիտասարդ բեմադրիչին էլ մուղամով վռնդեցին: Բայց ի՞նչ էին խոսելու: Թատրոնում նույնիսկ պատերն ականջներ ունեն: Իսկ մեր թատրոնի ամենամեծ ականջները զուգարանում էին, վայր, որի բարակ պատը գլխավորի կաբինետին էր հարում: Մի խոսքով մոտ տասնհինգ րոպե երիտասարդ բեմադրիչի հետ արտաքնոցում փակված՝ էդ գլխակերի ճառն էինք լսում իմ վատ պիեսի հիման վրա գրված իր նոր, հրաշալի պիեսի, սկսնակ ու միաժամանակ անտաղանդ բեմադրիչի ու (բռնվեք՝ չընկնեք) բեմադրության համար վերևից հատկացված կլորիկ գումարի մասին: Այլ կերպ ասած՝ էդ արդեն ինձ հետ կապ չունեցող պիեսը ուզած-չուզած պիտի բեմադրվեր:
Հետո՞… Հետո ես մնացի երկու բեմադրիչների արանքում: Մնացի ինքս ինձ հետ, իմ անզոր ստրկությունից ամաչելով, մերժված ու վերջին շանսը կորցրած դերասանուհու դեմքին չնայելով, գլուխս պատին տալով: Անիծում էի ու քծնում, խոնարհվում ու ինձ կողոպտածին ատելով՝ ավելի էի նվիրվում…
Ով թատրոնում չի ապրել, ասածներս չի հասկանա…
…Իսկ իրականում դժվար, շատ դժվար է, երբ փորձի ժամանակ կամացուկ, էնպես, որ ոչ ոք, նույնիսկ դու քեզ չտեսնես՝ դուռը բացում ու բեմում ճչացող բերաններով դերասաններին տեսնելով՝ անձայն, անձա՜յն, անաղմուկ, լուռ ու անհաղորդ դահլիճ ես մտնում: Դժվար է, երբ դերասանուհին քո իսկ գրած տեքստն է բոռում, բայց բառերը, անգամ տառերն՝ այլ են, քոնը չեն, կյանք չունեն: Իսկ դահլիճի մի անկյունում, հեռվում, վերջին շարքում նստած լեգենդար ոչինչ չբեմադրած բեմադրիչը սառցե աչքերով դիմացն է նայում: Ո՞ւմ… Լիովին անշարժ է, քարացած, ինչ-որ բան անելու հույսը կորցրած: Դեմքը զուրկ է որևէ արտահայտությունից, բերանն էլ՝ կարծես ներսից կարված լինի: Ձեռքերը կտրված-մեխված են դիմացի նստաթոռի թիկնակներին, մարմինը չշարժվելու աստիճան ձիգ է, ստատիկ, ստատիկ, ստատիկ: Բեմից անարյուն ձայները շարունակում են հնչել… Վե՜րջ, վե՛րջ… Ուզում եմ իջնող վարագույրի տակ մնալ… Վերջ…
Այս էսսեն ես վերնագրեցի «Հանդիսատեսի ձախողումը»: Կարդալիս երևի մտածեցիք, բա հանդիսատեսն ո՞ւր է, սկզբում կար, հետո ոչ մի խոսք, ոչ մի զարգացում կամ վերլուծություն: Թատրոնի ներքին կյանք, խոհանոց, մարդակեր բեմադրիչ, անհասկանալի կրքեր, թույն ու թարախ ու էլ ոչինչ:
Թատրոնը, իրոք, հոգեվելուծության կարիք ունի: Իրոք, իրար հաջորդող բեմադրություններով ու անդադար փորձերով՝ չես կարող թատերական հիվանդությունը բուժել, նույնիսկ՝ պատճառը գտնել: Իրոք թատրոնի խնդիրները երբեք ուղղակի չեն լինում: Իրոք թատերական պրոբլեմը հաճախ թաքնված է այնտեղ, որտեղ մտքովդ էլ չի անցնի փնտրել:
Իսկ Մեռած թատրոնի համար թերևս ոչ ոք մեղավոր չէ: Ոչ իր տեսիլքով ապրող ու ժամանակի ընթացքի մեջ էդ տեսիլքը կորցրած բեմադրիչը, ոչ ամբիցիոզ, հաճախ՝ խամաճիկ դերասանները, ոչ՝ էժանագին թամաշա փնտրող հանդիսատեսը, ոչ էլ՝ թատրոնի սև թղթի տակ ստորագրող պաշտոնյաները: Թատերական հիվանդությունը բոլորովին այլ տեղ է թաքնված:
Իսկ թատերարվեստի STOP-ը իրականում Լեգենդ կոչվածն է, որը կենդանի արվեստին մեռցնելով՝ վերջինիս համար հավերժ տենչալի ու շքեղ դամաբարան է դառնում…
Հունվար 2015 թ.