Նվիրվում է Այծեղջյուրին, որ ատեց իր ժամանակների հերոսին:
***
Արդեն մի քանի ամիս է՝
Խումհարաթող չեմ լինում
Օղու նման խփել ես գլխիս,
Թեկուզ մտածում եմ,
որ դու ավելի քաղցր ես:
***
Մի օր,
երբ սպառվեն բոլոր բառերը և, եթե չկարողանամ գովերգել քեզ,
Մարմինդ կմնա էն լեզուն,
որ կխոսի իմ տեղը անձայն:
***
Ների՛ր, ուրիշ կերպ չեմ կարող.
Իմ մեջ ապստամբող հոգին
Նոր նվաճումներ է ուզում…
Հարցը քո մեջ չէ,
ոչ էլ նրա՝
տալիս ես ինձ, թե չէ:
Ես քեզնից գոհ եմ,
երբեք սոված չես թողել,
հոգիս միշտ կուշտ էր:
Ների՛ր ինձ բոլոր անձրևների համար,
Որ հորդեցին քո աչքերից,
Սակայն իմ հոգին պանդուխտ է
Ու երկրում չգտավ մի բարձ,
Որ հարմար կլիներ իր գլխին:
***
Ծեր սիրուհին սեր էր ուզում անել՝
Մոռանալով իր մարմնի ճաքերը,
Որոնք հեռու էին պահում սիրեկանին:
***
Հրաձիգ էի,
Որ իր փամփուշտը արձակեց
Քո խրամատում…
***
Խեցգետնի դիրքը մեր համար են ստեղծել,
որ առանց խոսելու հասկանանք իրար:
***
Սիրում եմ հոգոցներդ լսել,
Դրանցով ես շռայլում ինձ…
Ներքնակն էր ճռռում անդադրում քո ծլվլոցից:
***
Չկա բավական սեր,
Չկա բավական զգացմունք,
Որ կհալեցնի էս աշխարհի ատելության ճարպը:
***
Սիրտս բռնաբարված աղջկա նման մղկտում էր…
Էսքան ցավը, որ կուտակվել է մարդկանց գլխին,
Ոչ մի աղբամանում չի տեղավորվի:
***
Տխրությունը իմ հավերժական դեմքն է…
Չկա ուրիշ մի հանգ ու ռիթմ,
Որ նման լիներ ինձ:
***
Երբ համբուրեցի քեզ,
բալի համ զգացի:
Ման ածեցի հետս մինչև տուն և հասկացա,
որ քաղաքի բոլոր գրպաններից հարուստ եմ:
***
Շուրթերս համբուրեցին մարմնիդ էն մասը,
Ինչ մտքումդ երազում էիր,
որ անեմ:
***
Քո կրծքերից այնպես էի կախվել,
Կարծես ծառից խաղող էի քաղում,
որ հասունացել էր:
***
Երբ պառկել էիր,
Միջանցքդ բաց էր մնացել…
Ես փակեցի իմ դռնով:
***
Քեզ տեսնելուց հետո
Երակներումս ջազն էր հոսում…
Ինձ անձրև պետք չէր,
Առանց դրա էլ իմ սիրտը արդեն թաց էր քեզնով:
Ամենուր ավերակներ են,
Կործանված քաղաքներ՝
Անմիտների սրտից բխող,
Ովքեր երեխայի լացը փոխեցին կանաչ թղթի հետ:
Ամենուր ավերակներ են,
Քարերն են որբացել,
Տերերը լքել են իրենց անդաստանները
Ապրելու կամքին հակառակ:
***
Սիրելի՛ս արդեն տարին կլորացել է, ինչ կապ չունեմ քո հետ…
Գիտեմ,
որ քո կյանքում ես էնքան տեղ ունեի,
ինչքան մրջյունը հողի մակերևույթին:
Տքնաջան աշխատում էի նրա պես
երկուսիս համար,
Կռվում երկուսիս տեղը,
Իսկ դու վայելում էիր հեռվից իմ պարտությունը,
Քրքջում քո ընկերոջ հետ իմ անկեղծ մղումների վրա:
Մեղավոր չես,
ինչ խոսք,
Իմ աչքերը չափում էր երկրագունդը քեզնով,
Բայց նա ավելի մեծ էր, քան իմ աչքերը:
***
Կրպակի կինը
Հենվել էր սեղանի վրա,
Հետնամասը ցցել կտավի նման:
Թաղի տղաներին դուր էր գալիս
Գեղանկարչությունը.
Ունկնդրում էին դանդաղ, արվեստագետին պատշաճ ձևով,
Հիանում ու միաժամանակ քորում իրենց արժանիքը:
***
Հոգիս ծառ ուզեց՝ հասած պտուղներով լի…
Այն ծառից,
որին դեռ ոչ ոք չի դիպչել,
մաքուր ինչպես կապույտ երկինքը,
ում չեն հասցրել սևացնել գորշ ամպերը,
ես կուզեմ,
որ իմ ձեռքը առաջինը լինի քո պտղին կպնելուց,
ես կուզեմ,
որ քո դարպասը իմ բանալիով բացվի:
***
Մտքովս երբեք չէր անցնի,
որ իմ համր սիրո մեջ ամենաձայնեղ հնչյունը կդառնա քո դեմքը՝
աշնան նման դալուկ,
տխրության պես փառավոր,
եթե ժպտում եմ իմացի՛ր,
որ իմ դեմքի շպարը դու ես քսել:
***
Չարախնդում եմ մարդկանց իմաստության վրա…
Ձայնը,
որ մի սկիզբ է,
աստվածություն՝ տրված մեզ ի վերուստ,
լսում ենք ամեն օր,
սրտի տակ,
քաղաքում,
հարևանի տանը,
դարաշրջանների բախման մեջ,
կնոջ քայլվածքում:
Մենք լսում ենք այն,
հետո զարմանում,
որ աշխարհը չի խոսում,
հետո հարցեր ենք տալիս ինքներս մեզ,
գտնում պատասխաններ՝
մեկը մյուսին հարմար,
մեկը մյուսին ծանոթ,
կորցնում մեր հանգիստը,
վազում աշխարհի հետևից,
փորձում բռնել նրան որսորդի նման,
բռնել նշանակետը և արձակել ճանաչողության փամփուշտը,
բայց ձայնը փախչող եղնիկ է,
որ կորավ անտառում:
***
Անցյալը մի տապակված կարտոֆիլ է մեր գլխում,
չմարսված ուտելիք:
Մեր մարսողությունը չի ընդունում այն…
Ծամում ենք, ծամում…
Նա քորում է մեր հիշողությունը արյունոտվելու աստիճան,
Պլոկում սրտի մաշկը և հետո,
երբ պրծնում է հուշերի արյունահոսությունը,
Դատարկ անոթը սոված նստում է՝
սպասելով նոր սննդի:
***
Ես հորինվածք եմ ձեր գլխում,
դուք միշտ կխառնեք գույների համադրությունը,
ձեր գունապնակը ոչ այլ ինչ է,
քան ձեր մտքերի լպիրշ ցանկությունը:
Չեմ նեղանում,
երազե՛ք,
ես էլ ունեմ այդ բարդույթը,
ես դատարկ ափսե եմ,
իսկ դուք միշտ լցնում եք ձեր սիրած պղպեղը,
որ հարազատ չէ իմ քիմքին,
ես հուշանվեր եմ ուրիշ գլխում՝
ճյուղի նման կախված,
ես կտոր եմ ձեր գործվածքից,
միգուցե,
տիեզերք ուրիշ հեռավորություններում,
ես ողջ եմ այնքան,
որքան դեռ ձեր միտքը կսնվի ինձնով,
ես կլինեմ այնքան մինչև չդադարեք վրձնահարել ինձ:
***
Մեր թաղի ծերունիները սիրում են ժպտալ արևի մայրամուտին,
ասես երկվորյակներ են տիեզերքի ոլորաններում:
Նրանք արդեն կտրել են ժամանակը բազմաթիվ կտորների՝
ջահել,
հասուն,
ծեր պատառների:
***
Ես կցնցեմ քո հիմքը
(այս անգամ հետևի շքամուտքից)…
Քո անդունդը կլցվի սպիտակ ջրով, և դու կլռես մի պահ,
կգնաս անծանոթ տարածություններ,
կզգաս հետևից եկող ընթացքը՝
արագ ու լպրծուն,
աչքերդ կվայելեն բերկրանքի զգացումը,
դու կհամբուրես ինձ՝
մարմինդ դողէրոցք բռնած:
***
Պողպատե լռության մեջ հատվում էին անցյալի փշուրները,
նրանք նստում էին սրտիս մեջ փաթիլի նման:
***
Ես փորձեցի հողին հանձնել այն ինչ կապել էր ինձ քեզ հետ
հիշողության կտորներ,
գրիչ,
թղթե կապոց,
գրքեր:
Ես հանձնեցի հողին քեզ, ծաղիկ բուսնեց:
***
Իմ մտքերի տան ամենասիրելի սենյակը դու ես…
Լինի մութ,
լինի լույս,
ես միշտ քո մեջ եմ փակված: