width=

Հավանաբար բոլոր մարդիկ են մահվանից առաջ տխրում:
Երևի դա ոչ թե մարդկանցից է, այլ մահն ինքն է տխուր:

***
Ես միշտ էլ կարիք ունեցել եմ պատմելու քեզ այդ մասին, բայց փոշմանում էի հենց այն պահին, երբ հասկանում էի, որ դեռ միասին ապրելու ժամանակ ունենք: Չգիտեմ ինչու՝ ինձ միշտ թվացել է, թե դու երջանիկ ես իմ կողքին, թեև երբեմն քնի մեջ հայհոյում էիր մեր հանդիպման օրն ու հաճախ աչքերումդ թախիծ էի տեսնում:
Հավանաբար դու էլ չհասցրիր մինչև վերջ պատմել քո կյանքի, քո երազանքի մասին:
Հիմա ես ուրիշի հետ եմ. քեզ կորցրել եմ, կորցրել այս աշխարհ գալուց անմիջապես հետո: Գիտեմ. դու էլ ես եկել, եկել ես իմ ետևից, մեր երդմանը համաձայն. բայց այս աշխարհ տեղափոխվելուց հետո ինձ գտավ Մանեն: Նա գեղեցիկ է, համեստ, համբերատար ու երբեք չի տալիս այն հարցերը, որոնց մի անգամ արդեն չեմ պատասխանել: Նա ոչինչ չգիտի մեր մասին:

Կարոտել եմ քեզ, թեև ընդամենը մի կյանք է անցել:
Ես դեռ հիշում եմ քեզ:
Այս աշխարհը մի քիչ տարօրինակ է, գիտես. այստեղ մարդիկ չեն հիշում ու չեն կարոտում: Այստեղ մարդիկ մենակ են. Նրանցից ոչ-ոք ինձ չպատմեց իր Անիի մասին, թեև պնդում են, որ սիրում են:
Մանե՞ն, նա մի քիչ տարօրինակ է` թախծում է ճիշտ հեքիաթի արքայադստեր նման. այն ժամանակ, երբ ուրախությունն անցնում է սահմաններից: Նա մի անգամ իմ գրկում արտասվեց ու ասաց, որ կորցնում է ինձ իր մեջ, որ իր կրծքի տակ ես դեռ տեղ ունեմ, ու որ իրեն թվում է, թե ունեցել է նախկին կյանք, որտեղ իրեն լքել են:
Իմ Մանե: Իմ փոքրիկ, դու այնքան փխրուն ես, այնպես հաճելի է քո հոգուն գրկել ու ջերմանալ: Ու մի պահ անգամ իմ մեջ բարձրանում է մարդկային ամենաանտանելի հատկությունն ու մինչև քեզ հիշելն ընկած ժամանակահատվածը ես տրվում եմ դավաճանության մտքին:
Իսկ գուցե քեզ հետ լինելով ես արդեն դավաճանե՞լ եմ ինչ-որ մեկին:
Գուցե հենց նրան…

***
Ես հավատում եմ, որ մենք էլ երբեք իրար չենք գտնի:
Թեև քո համբույրն ինձ կայրի մնացած բոլոր կյանքերում ու երբեմն կամ, ավելի շուտ հաճախ, երբ մեր մտապատկերներում գրկախառնվենք, նրանք, ում երբեք չենք ցանկացել ճանաչել, մեզ համար կդառնան հարազատ: Աստիճանական համակարգով ավելի շատ մենք իրար կստիպենք միմյանց մոռանալ` ավելի շատ կարոտելու ակնկալիքով: Հետո մերհոգիներն ինչ-որ խաչմերուկում կհանդիպեն ու կմարեն մեր չվառած հազարավոր մոմերի փոխարեն:

***
Հավանաբար չես մոռացել, երբ մի օր այցելեցինք իմ գերեզմանին ու դու այնտեղ ծաղիկներ տեսար:
Ես զարմացա քո զարմանքի վրա ու դու խանդ զգացիր: Արդյոք մեզնից հետո մեր գերեզմաններին ծաղիկներ կբերե՞ն:
Երևի…

***
Սկզբում ես էլ չէի հավատում բոլորի նման, բայց այդ մահ կոչեցյալը, գիտես, նա սիրո նման է. գալիս ու չի գնում մինչև չես տալիս իր ուզածը: Ինձնից նա քեզ էր ուզում, ու ես չտվեցի. նա խլեց, բայց ավելի շուտ ոչ թե քեզ ինձնից, այլ ինձ քեզնից: Ինչո՞ւ:
Ես, իհարկե, չհամակերպվեցի, բայց չհաշտվելն անիմաստ էր: Ու հետո` քեզ ավելի լավ ճանաչելու համար պետք էր հենց նրա օգնությունը:
Այդպես ես կարողացա սիրել քեզ:
Բայց մի բան, այնուամենայնիվ, ինձ տանջեց անմնացորդ. ինչո՞ւ տեղի չունեցավ մեր վերջին հանդիպումը:

***
Հավանաբար բոլոր մարդիկ են մահվանից առաջ տխրում:
Երևի դա ոչ թե մարդկանցից է, այլ մահն ինքն է տխուր:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն