Ինքնության աստղը,
որ փնտրում էի երկնքի պորտին,
երկրի կոնքի մեջ գտա —
Աստված ինքն էր.
լույսը սահող կողին գրված էր մարդ,
հողին ընկած մութ կողմում մեղք էր խզբզած:
Օրերի սարդը քամեց մարդ ու Աստված,
մեղքը ինքնիշխան մնաց` ներկա ու եկող ժամանակ,
իմ կիսաճամփին:
Երկրի ու երկնքի բարակ արանքով
գնում էի` մութ ժամանակ ու տարտամ,
մերթ մահվան խոռոչն էի սայթաքում
եզրագծից թեք,
մերթ համառում էի դեպի կյանք`
ճիգով մազապուրծ.
առանց քեզ էր, Տեր, գալարումն այդ բիրտ,
ու մենակ էի ես:
Գիշերն ի լույս բվվում էր բուն այգու
խոնավ կատարին.
այն աշխարհի ձայնը ի՞նչ էր ասում
այս աշխարհում,
լեզուն չհասկացա:
Կատուն` սրսփուն մուր,
կծկվել բաց լյարդիս
ու հայացքիս մեջ է կտրատվելով շատանում:
Սթափ ու բանական եզրը
ճկվում է լանջը խելագարության`
ինչպես անկում զառիթափ.
անցնում եմ հանց մազե կամուրջ:
Ցուրտ շնչառության ակնթարթ է ոսկորը բռնող,
ո՞ր աշխարհում եմ,
լո՞ւյս եմ, թե՞ մութի մեջ եմ ինքնահոսում.
հարցը տալիս բանական ու խելագարի
արդեն չեղած արանքում
ու չեմ հասկանում:
Բուն բվվո՞ւմ էր, թե՞ ծվվում պատուհանիս
բաց կեսգիշերում:
Կորստյան դևը` ձեռքի ամեն
շարժը ածուխով գծած
ու հետագիծն էր մոխիր,
քերեց լույսը շերտ առ շերտ ինչպես ածելի,
և մորթազերծ կիրքը վերջին ճիգով թեժ
օգոստոսին թպրտաց։
Մեղավոր սերն էր` կպչուն ցանցը փռեց
մերժված օրերիս կռինչին ու դառը բվվում է,
և չգիտեմ` մեղքը սիրուց ինչպե՞ս բաժանեմ:
Բու աղջկա տեսքով էր ու երկնքից եկավ սերը,
երկրից կանչողը մեղքն էր` ընկնավոր վհուկ.
հիմա միևնույն դեմքի վրա երկու հայացք`
Աստված ու սատանա,
ես, որ շփոթում եմ,
ինչպե՞ս մեկը մյուսից տարբերեմ:
Ու գալիս են` մութի մեջ սև կրակներ,
ստվերները էն աշխարհից` մարմին հագած.
մի-մի դիմակ ձեռքերի մեջ`
իմ հայացքն են բերում քրքրված։
Դիմակը դնում,
նույնն է տեսքը իմ ու նրանց,
ու պարում են տարշեղ, կորաքամակ,
սև կրակե կլոր սյուն` լիալուսին կեսգիշերին։
Բվի բվվոցն է մութ` մեղքի լեզուն էս աշխարհի.
մութը շնչում է ահաթոք հող,
խորքն է քաշում ստվերը, որ մնացել է ինձնից։
Ինձ աշխարհի անմաքուր տեղում դրեցիր, Տեր,
սլաքները պտտվեցին թարս, ժամանակի հակառակ երեսը եղա,
հիմա այդպես անարգ` Աստծու երկնքից եմ ընկել ու մարդու երկրից.
եկար մեղավորներին փրկելու, ինձ վրիպեցիր:
Բուն բվվում էր, սև գիշեր էր ու դառը կապար.
օրեր շարունակ թավալվում էի
մարմնիս թունավոր մոխրաշեղջում,
քեզ ուտում էի, Տեր, որպես հաց ու խմում գինի.
կերածս ինձ սպանում,
խմածս ոչնչացնում էր ավելի:
Մարմին. այս բառն է ինձ վախեցրել
դեռ բառարանից, ինչպես
իրականում է ու շոշափելի.
եղա զոհն ու հպատակը, անկումը,
որ իմ մարմինը տվեց ինձ:
Բուն բվվում է, գիշեր ու մեղք է։
Շնչառությունն եմ չափել իմ թոքերի մեջ
ու սրտի աշխատանքը մեղքի,
շոյել եմ ազդրերը տենդով սրսփուն
և հաճույքը զգացել, թե ինչպես են մեռնում.
համբուրել եմ մատները խռպոտ ու
երբեմն էլ կանացի:
Աչքերի մեջ եմ նայել, սարսռել եմ
պաղարյուն հայացքից`
փախչելու շրջվել.
ձիգ բռնել է ամորձիներս` ինչպես կատաղած էգ
ու տակովն արել:
Օրվա լռությունը խոստանում էր սեր,
հաշտություն ու անդորր`
առավոտների հետ խաղաղ…
Դժվար աշխարհի դեմ ինձ պարզած
ձեռքը ուրացա,
ու մաքուր հոգու մեջ թքեցի,
որ բաց էր ցեխոտ կոշիկներիս առաջ անգամ.
ցիր ու ցնցխեցի շնորհը վստահված,
լույսը, որ հասցնելով իմ վերջին`
տվողին պիտի տայի.
հայացքը սպանեցի իմ մեջ ու իմ դուրսը:
Ցավեցրեցի մերձավոր ու բարեկամ`
ովքեր սիրել էին ինձ
և իմ նմանին օգնեցի աչքերիս մեջ միայն,
թեպետ սահում էր հայացքս գթասիրտ
այրի նմանությամբ:
Մեղքիս հատուցում` պատժվում եմ
մեղք գործելով,
ու բվվում է բուն մարմնիս ստերջ,
նանիր պարունակում:
Մեղքն օրագրել է ինձ մանրամասն`
կուզ դպիր անդինի,
չի թերացել պահ ու վայրկյան.
թևերի վրա է տարել ու ցած չի գցել ոչ մի տեղ:
Ոտնաձայներն եմ ճանաչում տարտամ մոտեցող.
հոտոտելով հետքերը`
վազել եմ հետևից ինչպես որսաշուն,
քամել հեշտանքը ու երկատվելով
հատակում եմ ճապաղվել:
Հոգիս չորացավ մարմնիս ցամաք ավազներում,
բայց մարմինս արել է այն,
ինչ հոգիս է ցանկացել:
Սոսկ բառն է արդար շուրջս`
սպիտակ հագած դրսից` մի վերնաշապիկ.
մաքուր սահմանն իմ մեջ աղոտվել է վաղուց,
խոսքից ներս իրականը չկա, ոչ էլ կյանք:
Շնագայլի կլանչով օտարեցի այգը,
և դարձավ ամեն վայրկյանն աղաղակ:
Երազները` փորձաճագար,
հերձադանակի տակ հատիկ-հատիկ պառկեցին.
հեռու եմ մենության չափ և օտար:
Ո՞ւր պիտի կանգնեմ,
որ հողը գթությամբ ինձ ընդունի.
աշխարհի մեղքը վերցրեցիր քեզ վրա,
իմը մոռացար:
Մեղքի ճորտն էլ ի զորու է խոսք ասել քեզ.
գթությամբ հայիր, Տեր,
ինձ հետնախորշեր հետապնդող
իմ մեջ բնակվող դևին.
իմ միս ու արյունն է ու օտարածին:
Խիղճ տուր նրան ինձ սիրելու չափ.
ես հպատակն եմ այդ բճի`
ինձնից ծնված ու վերջին կաթիլս հոշոտած:
Ձեռքս բռնել` մեղմօրոր տանում է խոռոչ ու փոս,
հրում խանդակն ու հետցատկով կանգնում եզրին,
ատամները`հաստ ու ցից, հռհռում է բաց.
երկար պոչը` ողորկ ու սև,
թմբկահարում է հողը` ուր երերում եմ ես:
Մեղքը ինձ խմեց որպես գինի
և կերավ ինչպես հացը.
ես որ հաց էի ու գինի,
հիմա թերմացք եմ,
մեղքի ծամածն ու թքածը:
Բվվում է բուն` կես կյանք ու կես մահ,
առանց դարձ ու հրաժեշտի գոնե սփոփող բառի:
Փրկվելու հնարն եմ կորցրել`
խուլ ու համր տեսնելով.
թևերիդ մեջ գրկիր ավերակը`
ինչ մնացել է իմ մարմնից:
Երկրում ոտքերիս տակ հող չկա իրական.
մեղքի արտացոլանքն եմ ջրերի վրա
ինչպես Նարցիս:
Անսանձ, վայրի կատու` ուսերիս ցատկող,
իմ մեղք` ցինիկ ու զազրալեզու,
միակ ազատություն.
քո հաճույքն եմ ընտրել մահվան կերպ`
ապրելու համար,
որ տեղ հասնեմ այս աշխարհում:
Մեղք` թունավոր սփոփանք, մարմնիս լեզու`
իմ շարունակություն.
բուն բվվալու է դեռ հարամութ օրերին մեր:
Մեծ խռովք ու հաշտություն,
Տեր և իմ մեղք.
միայն քեզ ունեմ
հույժ անհայտ երկնքում
և այս շատ իրական երկրի վրա:
Դու այդքան կատարյալ,
ինչպե՞ս ստացվեց, որ ինձ արարեցիր թերի
ու մեղքի մեջ հրեցիր.
դժվար բեռ է լինել կիսատ ու բանական:
Ինձ փրկում եմ` մատնելով մեղքի կորստյան.
այլընտրանք չես թողել`
արարելով աշխարհն ու ինձ այդքան սակավ:
Մի տար իզուր իմ սկզբին,
որ մաքուր էի համարյա քո չափ
ու չէի կերել դեռ ոչ մի պտուղ արգելված:
Մեղքի թրթուրների տակ տրորվելով`
գալարվող կյանքը տեսա լույսից ներքև,
որ դժոխքի չափ արգելվածն էր,
և անընդունելի դարձա դրախտների համար:
Մինչև վերջ կորցրեցիր, որ գտնես.
մտքից անդին, աշխարհից դուրս եմ դրված,
սնամեջ ու միգամածն է երևակում
այլընտրանք իմ լույսը,
որ ավելի է մութ, քան խավարն է այս կողմի:
Անփույթ շպրտեցիր,
և ինձ հավաքող ոչ մի ձեռք եղավ։
Դու որ կորցրել ես ինձ, ո՞ւմ հայացքն է գտնելու.
այնտեղ` ուր ես եմ հիմա, լաց է և
ատամների կրճտոց։
Ո՞վ է կանչելու ինձ,
երբ մոլորության սանդուղքով իջնում եմ
ընդերք ու անկումով ցած,
ո՞ւմ ձեռքն է պարզվելու հատակում
հոգնածիս համար,
և ի՞նչ գթություն է իր երազից մի պատառ
դնելու կոպերիս տակ.
ո՞վ իմանա, հրաշք է, գուցե շողամ հանկարծ`
ինչպես հարության տոնին սպասված:
Ես որ մոռացված եմ, ցմահ բանտարկված`
առանց ներման, հիշիր ինձ:
Բուն բվում է, բվում է, բվում է…