***
Ինչ-որ մեկի երազն էի,
Ով պատմեց ինձ ջրին,
Ու ես այդպես էլ չիրականացա:

Ինչ-որ մեկի թափած աղն էի.
խաչ քաշեցին, բայց մեկ է`
Դարձա կռվ-աղ-խնձոր:

Ինչ-որ մեկի կարմիր թելն էի.
Չկտրվող,
Երազանքը մոտս պահած:

Կոտրած բաժակն էի
Ինչ-որ մեկի
Ու ինչ-որ մեկի
Մարած չարն էի.

Սինն էի
Միֆն էի

Ինչ-որ մեկի վառած մոմն էի,
Ու կրակե գոյությունս
Հրդեհել էր ուզում անգամ:

Ես, 40 օրականը չլրացած,
ինքնասպանն էի,
Ու որպեսզի էլի ապրեմ,
Ինչ-որ մեկն ինձ աչքով տվեց:

* * *
Մեկ-մեկ խեղճանում եմ մթ(տ)ավախում,
Ու լռությունը քրքջում է վրաս,
Մեկ-մեկ լույսի անիվը չի պտտվում,
Ու մեկ-մեկ մեղավորը ես եմ:

Մեկ-մեկ հաշվվում եմ
Մեկերի բազմությունում
ու մեկնվում մեկին
ում համար մեկ է
մեկ չափ արագ չխչխկալը:

Ես կոտրվում եմ
Սխալիս երակում
Ու հետո կտրում
Երակը սխալի:
Դու կաթկթում ես
Ես փաթաթվում եմ
Գունատ երազիդ,
Բազմապատկվում
Չգոյությանդ
Ու բաժանվում
հնարավոր բոլոր երազներումդ:
Ես դառնում եմ դատարկ բազմություն
ու ճառագայթվում
Ցավի բոլոր օրգաններում:

Մեկ-մեկ լույսի անիվը չի պտտվում.
ես ջարդել եմ
մազերիդ հոտը գրկած
սառած արևի շողերը…
Մեկ-մեկ այրվում եմ
արևապաղից
ու կնճռոտում
լուսնի ճակատը:

Մեկ մեկ հաշվվում եմ
Մեկերի բազմությունում
Ու մեկնվում մեկին
Ում համար մեկ է
Միակը լինելս:

* * *
Դու փշրվում ես
քնիս ծոցագրպանում,
քունս քերծում է մութն
ու երազներս խշշում են
արթունի սահմանագծին.
Էս ծանրությունից կոպերս ցավում են,
ու կարոտից
անհուսհոտություն է բուրում…

Քայլերս տրորում են
քամու ձրիությունն
ու խփում
հեռավորության սկզբնակետին:

Ես ձգվում եմ կարոտաչափ,
ու վերջնակետը կարոտախնդում է,
ես վազում եմ
կարոտաժամ արագությամբ
ու էլի բախվում կարոտին…

Գոյությունդ թղթոտվում է,
ու հայտնվում
չապրած ժամանակի մեջ:

* * *
Լուսնի փեշերից կախված կմնա
Իմ սառնությունից դողացող քամին,
Գիշերն էլ կփշրվի
ցերեկվա ժպիտի վրա,
Կկտրի ժամանակի երակներն,
Ու անխնա դուրս հորդացող
Վայրկյանների մեջ կգտնեմ քեզ,
Կգտնեմ նրա էրիթրոցիտներում,
Կվիրահատեմ ժամանակը,
Դոնորը կլինեմ,
Բայց քեզ էլ երբեք նրան չեմ տա:

Քեզ գտնելու չափ
Սառն եմ ախպերս,
Գտել եմ,
Բայց հեռավորության առողջ ոտքերը
Կտրել անհնար է,
Կամ էլ հնարավոր է,
Բայց այդ պահին
Ժամանակն իր
վերքերը բուժած կլինի,
Իսկ մենք դեռ հիվանդ ենք
Երակներ կտրելու պատճառով…

* * *
Պատերը դատարկություն են բլբլում,
Վերմակը հերքում է ինձ
տաքացնելու իր ցանկությունը.
Ես վատատես չեմ,
Բայց տես,
Նկարը քացի է տալիս պատին
Իրեն գաջոտելու ու
փոշոտելու համար,
Սեղանը հոգնեց ոտքի վրա մնալուց
Ու թավալգլոր եկավ գորգին,
Լամպը պայթեց,
ու մթության մեջ չեմ հիշում`
Առաստաղն ինչպես
երկու հատ դարձավ:

Բարձերը ճչում են,
Որ խառնաշփոթին իրենք են պակաս
Ու ուր որ է պիտի պատռվեն,
Թթվածինը շատ է,
Վարագույրն էլ ըստ կանոնի այրվեց:

Ես չմեռա,
Բայց ինձնից վերջին խոսք ուզեցին.

Իսկ պատերը
դատարկություն են բլբլում…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն