Եվ դիմեց
Միջնամատը
Խղճին` իբրև Աստծո,
Եվ ի վեր խոյացրեց գլուխը:
Եվ ձգվեց ծնոտը դեպի արևը ելնող,
Արևը դուրս չելավ։
Դուրս ընկավ ծնոտը և պառկեց
Արևի մուտքի մոտ:
Եվ խոնարհվեց իրանը աշխարհի առջև`
Իբրև հանդիսատեսի, և սապատեց իրանը,
Իրանը` որպես հարավ, հյուսիս-հարավ,
Հյուսիս-հարավը` որպես գաղափար,
Գաղափարը` որպես քավարան,
Քավարանը` պատսպարան:
Եվ կանգնեց քթոսկրը շնչառության միջև,
Եվ արտաշունչ սողաց դեպի լեզու.
Եզան լեզու` սպեղանի,
Մարդու լեզու` հատուցում,
Բաբելոնյան լեզու` ապոկալիպսիս:
Եվ ջուր ցայտեց մազերի արմատներին`
Իբրև անձրև, և ոսկեցան հասկերով
Հղացավ դաշտը ճաղատ,
Դաշտն անպտուղ,
Պտուղը դաղված:
Եվ սրեց ատամն իր սուրը
Եվ խրվեց դեպի լնդերը տիեզերքի,
Եվ դաջվեցին կայծակի ծիլերը երկնամաշկին`
որպես համաստեղություն:
Երկինքն իբրև գլուխ՝
Թրջեց պարանոցն իր ծանրությամբ:
Պարանոցն իբրև Երկիր՝
Փոքր, փոքրոքր, փոքրոգր երկիր
Լեռյայն
Եռյան
Բլուրյան
Հունանյան
Նաիրյան
Զարյան
Երազ:
Երազի փշուրները թափվեցին իբրև կարկուտ,
Եվ բերքը չհասավ ձեռքերին:
Ձեռքերը` մոմակիր զանգեր
Մարմնի ավետարանին,
Ընկան,
Ընկան ծնկների վրա:
Ծնկները` խորան,
Ծնկները կորան մարմնեմասերում:
Եվ գանգը հագավ մարդու կաշի,
որ պաշտպանվի քամուց,
Քամոտ մտքերից,
Քամին՝ որպես շեփոր,
Մտքերը՝ որպես հոսանք
Մարդու և երաժշտության միջև:
Դ.Ռ.Մ.Ֆ.Ս.Լ.Ս.Դ.
Լուսնի Սոնատը արևոտ դահլիճներից,
Աստղամոլորակային բախում:
Եվ լուսնի հետևորդները դարձան լուսնորդ,
Եվ փակվեց մատուռը հավատքի առաջ:
Եվ կանգնեցին ոտնափերը սրտին,
ինչպես պատերազմը հողին,
և մահը մոռացավ ապրելու մասին:
Եվ երկարեց ճանապարհը եղունգի նման
և խարտեց խորդուբորդը լեզվով՝
Փշոտ երկխոսություն,
Եվ հեռացավ վերջակետը վերջից:
Խաղաղություն Ամենեցուն…
Եվ լուսացավ բացը՝ իբրև արթնացում,
Արթնացումը՝ որպես վճիռ,
Վճիռը` շարունակություն,
Շարունակությունը` կրկներգ,
Լույսի համաճարակ:
Եվ ակնափեղկը սավանեց հորիզոնը թարթիչների,
Եվ հայացքը շրջվեց դեպի ներս,
Կենսագիշեր
Մարմնի խավարում,
Խավարասեր խավարասերների խավարում
Դեպի խավարը` սիրո մեջ:
Եվ հոգնեց մարմինը բանավեճերից,
Եվ հեգնեց մարմնական մորականը,
Եվ ճկեց մոր ծնապարկը` հասարակության ուրվագծով:
Բարակ գծով
Կարմիր գծով սահմանային
Սահմանային
Երաշտալուտ
Ավարտածին
Ու անանձրև ծիածանի յոթնագծով:
Օ, գունաբաշխ հայելային բերքահավաք`
Տերյանի աշունը քսանմեկում
Քսանմեկը` որպես դար,
Դարը՝ որպես հոմանիշը հարյուրի,
Հարյուրավոր քաղաքակիրթ դամբարաններ:
ԻՆՉՈւ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ: ԻՆՉՈ՞ւ: ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ:
Սիրել աշխարհը ճկույթիս եռագծի չափ: Ու չնկարել իմ դիմագիծը ստեղծածիս վրա: Ու ստեղծել գեղեցիկը` իմ չափանիշներից դուրս: Դրսից տեսնել ներսս: Եվ չսիրել: Սիրելով շարունակությունս` չկրկնել ինձ: Կրկնել ինձ ու հոգնել։ Չհոգնել խնամելուց նրանց, ում սիրում եմ։ Չխնամել մահկանացու մարմինս։ Մերժել մահից հետոն ու շարունակել կրթությունը։ Չնախանձել մի տարի շուտ ծնվածներին, երջանիկներին, հիմարներին, զինվածներին ու նրանց, ովքեր չգիտեն, թե ինչ է զենքը։ Չքննադատել արյունոտ վաշխառուներին ու չնախանձել։ Նախանձել ինքս ինձ ու վնասել։ Վնասը տեսնել, բողոքել ու պատժել ինքս ինձ։ Տեսնել ու չնայել տեսածին չտեսի պես։ Ու չզարմանալ չտեսնվածի, չտեսնողի, չտեսի վրա։ Որովհետև այդ ես եմ, ես եմ, ես, չե՞ք ճանաչում, գլխատե՛լ, վերջ, իմ գլխում դուք արդեն անգլուխ եք։ Այդ ես եմ, որին պետք է սիրել։ Որովհետև ես ծնվել եմ սիրո պակասից, և ինձ դա հաջողվել է, ուրեմն՝ մնացածն էլ կհաջողվի։ Մնացածը չգիտեմ որն է, ու ոչ ոք չգիտի, բայց մի բան հստակ է՝ մարմինս։ Մարմինս կա, շոշափում եմ, ապրում եմ, ու անմարմինների պատմածներին հաղթել է մարմինս։ Բայց չեմ կարողանում ինձ համոզել, թեև գուցե ձեզ համոզեմ չսիրել ինձ՝ սիրվելու մղումով։ Եվ այդ գնով սիրվելուց հետո պահել ձեզ մտքում, չմոռանալ, այսինքն՝ անմահացնե՞լ։ Եվ չսիրել։ Սիրելով հիշողությունը՝ չնայել ու չհիշել։ Նայել լուսատտիկներին այն կարոտով, որով նայում եմ ինձ հայելում: Չշարունակել տեսնել ինձ՝ փոխվող պատկերում։ Չնմանեցնել ինձ փոխվող պատկերը ու շարունակել սիրել։ Ու հղիանալուց չնմանվել բոլոր մայրերին ու կրծքի տակ չկրել բոլոր զավակներին։ Խոսել մորս հետ ինչպես մտքում: Մտքում չլինել մարդասպան, դավաճան, խելագար ու գող ու մնալ սիրելի միայն տեխնոլոգիական թերհասության պատճառով։ Կամ շնորհիվ։ Ում ինչպես հարմար է։ Ու «տեխնիկական թերություններ» եզրույթը չօգտագործել անձնական թերություններն առավելությամբ քողարկելու համար։ Ու չօգտագործվել ես-ի կողմից՝ ես-ը բավարարելու համար։ Եվ չսիրել։ Սիրելով՝ օգտագործել ուրիշին՝ բացել դրամապանակը՝ օգտագործվելու վախից։  Բացել սուիցիդի պատուհանը աչքերիս պես արագ: Ու չթարթել այն, ինչ կոչվում է աչք, ու արցունք չունենալ: Ունենալ այն, ինչ ոչ ոք չունի, ու չվախենալ կորցնելուց: Եվ չսիրել: Սիրելով կորսվածը՝ չմտածել գտնելու մասին: Գտնողին չատելու ցանկությունից խմել, որովհետև լյարդը ցանց չի ու չի դառնալու։ Դառնալ հողագործ ու մաշել ձեռքերը, որովհետև ստեղծածն ընդամենը սնունդ է։ Չմաշել հոգևորը արարելով ու անունը դնել՝ ստեղծագործություն։ Ստեղծել իրականում այնպես, ինչպես երևակայության մեջ: Ու չերազել… Ու չերազել շփվել մեռածների հետ ողջերի պես, ինչպես երազում: Ու չերազել… Ու չերազել մեռած ընկերների ողջության մասին՝ մենակ մեռնելու կամ, ավելի վատ, մենակ ապրելու վախից, ու վախից կարոտել։ Հանդուրժել ընկերոջ դրականն ինչպես թերություններս: Սիրելի թերություններս, որոնց այնքան եմ սիրում, որ չեմ կարողանում ազատվել։ Սիրելի նախանձն ու չարությունը, որոնք վաղուց միակ շարժառիթն են արթնանալու։ Ուժ գործադրել այն ուժի վրա, որն ինձ արթնացնում է, և չարթնանալ։ Եվ չսիրել: Սիրելով ուժը՝ պայքարել ուժի կիրառման դեմ ու խիղճը փնտրել օրգանների միջև ու չվնասել օրգանները։ Հորինել օրգանների փոխադարձ պահպանման ռազմավարական դաշինք, կազմել քույր օրգաններ՝ կապերի հզորացման համար, կնքել միջօրգանական, եղբայրաներձագային, հայրորդիական պայմանագրեր՝ սուտը բացառելու համար, տեսնել սուտը ու գնալ քնելու։ Անպտուղ քրոջը նվիրել տասնիններորդ որդուն: Եվ չզղջալ։ Որդու հիվանդության ժամանակ չզգալ ինքնապահպանման բնազդը: Սիրել անմեղությունն իմ մեղքերի չափ: Եվ չսիրել։ Սիրելով՝ մեղավորին՝ չդատել։ Սիրել Նրան, ոչ թե Նրա` ինձանով հիացող կամ ինչ-որ բան ակնկալող կամ քծնող, մեկ է, ինձնով լղոզված հայացքը: Ընտրել Նրան ու Նրա հայացքը ու մոռանալ Մեզ, Ձեզ, Նրանց, Ձերոնց, Նրանցոնց ու ամաչել։ Չընտրել չընտրվողների միջև որպես ընտրողունակության ապացույց: Ու չապացուցվածը չկրել մտքում՝ իբրև վարկած, թե բա դուք չեք հասկանում։  Ու չհասկացվածը բացատրել չհասկացողներին այնպես, որ հասկացողները ցավեցնեն ինձ, ու Դուք, Մերոնք, Ձերոնք մնաք աննկատ, ու շարունակությունը լինի: Ու կռվել Ձեր շարունակության համար առանց իմ շարունակության մասին երազանքների: Մեռնել հայրենիքում, հանուն հայրենիքի, հայրենիքի պատճառով ու չնախանձել, չմեղադրել, չչարանալ դրսում փրկվածների վրա, Ձեզ վրա, Մերոնց վրա, Ձերոնց վրա ու չմշակել վերքերը: Ու չհասնել: Ու չհասնելով՝ սիրել: Սիրել հայրենիքը հորից առավել, իսկ մայրենին` մորից: Ու չհասնել: Ու հասնել այնտեղ, ուր ոչ ոք չի ուզում, ու մնալ: Նստել բարձր աթոռին և ուղիղ նայել ցածրին: Չլսել հրամանն ու կատարել խորհուրդը: Խորհուրդներ չունենալ, չտալ, չփաթաթել, որովհետև ես խելացի չեմ, իմաստուն չեմ, ավելին չգիտեմ, չեմ հասկանում, չկամ, չեմ: Որովհետև ես եսը չեմ, ներսինն եմ, չգիտեմ որտեղինն եմ, չեմ երևում, երևի չկամ, որովհետև չեմ տեսել, չեմ ճանաչում, վստահ չեմ, ինքնավստահ չեմ, ինձ մենակ թողեք մարմնիս հետ, մենակ, մենակ, մենակ, այնքան ժամանակ, որ կարողանամ լսել անունս և չարձագանքել: Եվ չսիրել: Սիրելով ներսիս փոքրին` մեծ սպասումներ, մեծական սպասումներ չունենալ: Ոչնչի չհասնել, մեծանալով մանկանալ, ու չամաչել, չարդարանալ, տունը չնորոգել, որ պատկերները չփոխվեն, մեծանալով մանկանալ ու զգալ գդալը բռնելու երջանկությունը: Հարազատ բակում չփնտրել մանկությունս: Չգտնել մանկությունս ու սիրել հարազատ բակը: Ու ջրափոսերում տեսնել թղթե նավակների հոսունությունը ու հիանալ` չտեսնելով իմ դեմքը ջրի շարժման մեջ: Հայելու իմ արտացոլանքում տեսնել ուրիշին: Ուրիշի մեջ չտեսնել ինձ: Չգտնել իմ ներկայությունը իմ մեջ: Իմ մեջը հանել իմ մեջից: Եվ չսիրել: Սիրելով` չկարևորել: Սերունդների ջուրը կարևորել բերանից թափվող մի բաժակ ջրից: Ու փակել ծորակը, խողովակները, հանքերը, աչքերը, բերանը ու ծամողներին չգարշաբանել: Ու փակել ծորակը, գազը, նավթը, զինաղբը, լրահոս-լրբահոսը ու գաղթը, արևից թափվող ձմեռալույսը, առաջին վատ խոսքը, միտքը, գործը, վերջին էջը ու չգնալ ծխելու ու մնալ բաց դաշտում։ Ազատություն։  Ու փակել: Ու փակել: Ու փակել: Ու փակել: Ու փակել: Ու փակել: Ու փակել Ինձ: Ու փակել ինձ ատրճանակում ու չկրակել Ձեզ վրա: Ձերոնց վրա։ Մերոնց վրա։
ԻՆՉՈ՞ւ: ԻՆՉՈւ ԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ:
Քայլել արյան հետքերով ու զգալ հողի փափկությունը: Աճեցնել` կանաչը տեսնելու, կանաչ ներկելու համար: Օ՜, Արարիչս: Երկար, երկարակյաց, երկարավարս լինել՝ որպես խորհրդանիշը հավերժի: Օ՜, Հավերժս։ Հավերժավարսս, անցողիկս, անցյալս: Փթում թե փթթում: Սանրել մազերս՝ մտածելով ավարտի մասին: Նայել սեղմվող հորիզոնին ու լայնացնել մտահորիզոնը: Նեղել, նեղացնել զգայական գերիշխանությունից: Եվ ձեռքով բարևել իշխաններին և բաց թողնել Սևանում և սով զգալ։ Եվ սիրել: Չսիրելով ձեռքը` համբուրել խաչը: Մի ձեռքով շոյել շներին, մյուսով մոտեցնել բերանին հավի միսը: Խոսել բնության պահպանման մասին` հազարավոր մանրէների վրա կանգնած: Չկանգնել կանգառներում, կեղտոտ երթուղայիններում, մաքրված երթուղայիններում և կանգնել սրտի կանգից, առաջ, հետո։ Եվ սիրել: Չսիրելով սիրտը` բացել հոգին` հոգևորի համար: Լսել ուրիշի հոգեցավը ու հասկանալ, որ գլուխս ցավում է: Պահել գլուխն ավելի բարձր, քան հայրական տան առաստաղը, որովհետև գլուխը չի նորոգվում: Որովհետև առաստաղն էլ, հայրն էլ, գլուխն էլ, բոլորը գլխում են ու պիտի երևան։ Հիանալի գլուխ։ Հիանալ հորս հայացքով, որովհետև այն նման է իմին: Իսկ իմ հայացքը նման է ինձ, հաստատ։ Ատել եղբորս, որովհետև նա նման չէ ինձ: Սպանել եղբորս, որովհետև նա կարող էր նմանվել ինձ և նույնիսկ ավելին: Եվ նույնիսկ ավելինը նույնիսկ ավելին։  Եվ սիրել: Չսիրելով մղձավանջները` երազել չմեռնելու մասին ու իրոք չմեռնել։ Մեռնելուց պրծնել ու քնել, հանգիստ քնել` շների ոռնոցը ականջներում` իբրև օրորոցային, թե բա «մարդ է մեռնելու»: Օրորել, դանդաղ օրորել օրերը ու չմտածել, որ գուցե 2024-ը Օրուելի 1984-ից խորն է լինելու: Խորանալ, սուզվել, բայց չթրջվել: Լվանալ մարմինս` կեղտոտելով ջուրը:  Եվ սիրել: Չսիրելով թացը` չորից նեղանալ: Չորացած տերևների մեջ չտեսնել գարունը: Չորացած տերևների մեջ տեսնել սեփական ծերությունը: Նոր ծնվող ծերացած աղվամազերը` հոնքերի ու տերևների գծերում: Եվ սիրել: Չսիրելով սևանալ` փնտրել իմ տեղն արևի տակ, տակը կանգնել ու սպասել: Սպասել մայրամուտին` լուսանկարվելու համար: Չսպասել արևածագին քնկոտության պատճառով: Ու շրջվել: Շրջվել դեպի լույսն ընդամենը տեսնելու համար: ՊայԾառատես: Տեսնել Ծառը Ծառայի Տեսքով: Եվ սիրել: Չսիրելով վախեցնել` խաղալ պահմտոցի: Ու պահել Պահքը` ի օգուտ ստամոքսի` Աստծո սիրո համար: Աստծու Սիրուն: Սիրուն, սուտ, բանսարկու, նախանձախնդիր, ճանճասպան, ցանկախեղդ, քաղցրակեր, քաղցած, ծույլ, գոռոզ Պահք: Պահպանել հարևանի տնկած ծառերը` միայն թթվածնի համար: Պահել թթուն ափսեի մեջ, բերանից հեռու, բայց լեզվին մոտ: Եվ սիրել: Չսիրելով  ցուրտը` մրսեցնել խոսքով: Խոսել ժամանակի կարևորության մասին` խոսելով: Լռել` մտքում հայհոյելով: Սաներին տալ կեսը, բայց ոչ ավելին: Դաստիարակել ուրիշի նորը` իմ հինը չգերազանցելու համար: Գիտենալ գիտության շրջանակներում` տգետ չերևալու մղումով: Առնետներին կերակրել փորձարկումից առաջ: Ճանճերին ու ուտիճներին՝ առանց խղճի խայթի, թիթեռներին` երբեք: Եվ սիրել: Չսիրելով գանգատվողին` արդարացնել ցավը: Հևալ ուղեբաժանին, դեպի լույսը` լույսով վազելու վախից: Շնչել` ամեն վայրկյան տեղի ունեցող հազարավոր վերջին շնչերից հետո: Ժպտալ, չկեղծել` քողարկելու համար իրական կեղծը: Ստել՝ փրկելու համար իմ սուտը, սպանելու համար ուրիշի ճիշտը: Եվ սիրել: Չսիրելով մորը` որդեգրել որդուն: Ու գրել մոր մասին՝ որդուն ցավեցնելու համար ու ատամի ցավ զգալ ու դեղը թափել ու գրել հորը։ Ու գրել որդիաբար, հայրաբար, մայրաբարո, առանց սիրելու։ Ու գրել։ Ու գրել։ Ու գրել։ Ու գրել։ Ու գրել։ Ու գրել։ Ու գրել։ Ու գրել։ Ու գրել։ Ու գրել։ Ու գրել։ Ու գրել։ Ու գրել` ընթերցողին վճարելու համար, բայց իրականում` գնելու: Գնելու կարծիքն իմ մասին: Սիրո համար: Իմ հանդեպ: Իմ սիրո համար:
Անիվները պտտվում են և ինձ մաշում իբրև արգելակ: Եվ ժամանակի մեջ իմ սերն իմ հանդեպ ավելի քիչ է, քան կես միկրովայրկյանը: Սերը մնացածի հանդեպ` շատ ավելի քիչ, բայց ես դեռ խոսում եմ սիրո մասին հասցեական: Եվ հասցեն փախչելու տեղ չունի իմ սիրուց: Եվ Սերը փախչելու տեղ չունի իմ սիրուց:
Ինքս Ինձ
Ինքնազննելով
Ինքնաքննելով
Ինքնանմանակելով
Ինքնասիրելով
Ինքս ինձանով
Ինքնուրույն
Ինքնաբավ
Ինքնակամ
Ինքնագիտակից
Ինքնորոշված
Ինքնակորցնում եմ
Ինքնությունս…
Որն իմ մեջ չէ երևի,
Ու չգիտեմ՝ ում մեջ է,
Ու ումը չգիտեմ ում մեջ է
Ու չեմ փնտրում ումերը
Ու մերը ու ձերը,
Որովհետև մեջը
Էլի Ինձ եմ գտնելու։
Ինձը, Եսը ու էլի նույնը,
Ու էլ ի՞նչ ինքնություն,
Ինքը՝ ությունը Ինձնից հեռացավ,
Ու Ինքը կորավ,
Ու Ինքը չապրեց,
Որ Ինձը մեռնի,
Ու Ինքը մեռավ,
Իսկ Ինձը լափում է մերը,
ձերը, նրանցը
Ու դժվար էլ մեռնի։
Ու մի ծխեք։
Վնաս է։
Օգուտ չէ։
Կարևոր չէ:
ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ,
եթե այսքանից հետո
ինձ հավատում եք…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն