Ոչ թե շնորհի,
այլ շնորհատուի կարոտով եմ ես այրվում շարունակ…
«Մատյան ողբերգության» Բան ԺԲ, Ա

Խոսքս «Արարատ Մկրտումյան» ամենամյա՝ 2022 թվականի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր Լիլիթի «Երազանքների ալգորիթմներ», «Միտքը սինթեզում է լռությունը», «Սերը մեդիտացիա է կարոտի աչքերում» երեք բաժիններով «Հիգիենիկ երազներ» գրքի մասին է լինելու, որն էլ սկսում եմ՝ մեջբերելով գրքի անոտացիան. «Բանաստեղծուհին իր առաջին գրքով ընթերցողին է ներկայանում ինքնատիպ պատկերային համակարգով և լեզվամտածողությամբ: Նրա կոնցեպտուալ պոեզիան հարուստ է նաև զգացմունքային նուրբ շերտերով, որոնք ընդգծում են ասելիքի տրամաբանական ամբողջականությունը»: Անշուշտ, անհրաժեշտ է անմիջապես նշել, որ Լիլիթն իր նուբար գիրքը նվիրել է մորը՝ Ջեմմա Հովհաննիսյանին, ու առաջին իսկ տողերով նրա հիշատակի առջև խոնարհված վկայում է. «Աստված իմ հոգին/ մարմնավորելու համար/ընտրեց քո հոգևոր մարմինը»։ Եվ բանաստեղծուհին լույս աշխարհ գալուց 29 տարի անց վստահ գրում է, որ ինքը չի ծնվել, այլ շարունակվել է. «Հոգիդ կրկնօրինակեց ինձ,/ որ մարմինների բաժանումից հետո/ ինձ չկորցնի», իսկ շարունակականությունը դեռ զարգացող կանաչ կենսագրություն է, ասել է թե՝ առաջ պարզած հայացքի ներսուդրսի գիտակցություն՝ յուր շրջանը դարձող. «Սպասում եմ/ մեր հանդիպմանը, Մայրի՛կ,/ Երկնային կենսատարածքում,/ որ կարողանամ նորից սիրել,/ կարոտել, երազել, հավատալ», քանի որ նա արդեն ստացել է ճակատագրի անողոք հարվածը՝ կորցնելով աշխարհում ամենակարևորին ու ամենահարազատին, որը նրան մտածել է տալիս կյանքը դիալեկտիկորեն ընկալելու համար. «Ցավի կենսափորձը / վերածվեց հասունության,/ իսկ սերը դարձավ/ իմ կեցության ու գիտակցության/ ավշային հանգույցը»։
Ժամանակը բանաստեղծուհուն, անկախ ամեն ինչից, առաջ է տանում, որովհետև այն, ինչպես նա է ասում. «կենտրոնացրեց գիտակցությունս/ հոգուս սրտում լուսարձակող/ երազանքների վրա»: Առաջն առաջ, սակայն, միևնույնն է, անցյալով է պայմանավորված Լիլիթի պոեզիայի ֆունկցիոնալ միջավայրը, որտեղ նրա ինտելեկտուալ շարժը բանաստեղծորեն աշխարհը դիտարկելու կերպն է. «ես վերակառուցում եմ/ իմ ԴՆԹ-ն ելակետային գենի/ դուպլիկացված պատճեններով:/ Վերականգնում եմ/ ԴՆԹ-իս ինքնաբուխ վնասվածքները/ յուրաքանչյուր բջջիս մեջ» («Սրբագործված գեն»): Յուրաքանչյուր բանաստեղծ իր միջավայրի անկեղծությունն է՝ որպես միտք ու խոսույթ, որպես խոստովանանքի շարան. «Դու արտասվում ես,/ և անիրական է թվում անձրևը»։ Եվ բանաստեղծուհին, ձգտելով հստակության, պարզաջրում է իրեն. «Հիմա ինձ նայում եմ/ մանկան աչքերով», և ժամանակի մեջ հասկանում. «Բարձրագույնն/ ինձ համար սիրո զգացմունքն էր»: Անցյալը, հուշը զուգորդվում են ներկայի կարոտ տագնապներից և հաղորդության պես գալիս են՝ իրենց հետ բերելով լիցքաուժեր. «Կենսաէներգիան ներթափանցում է/ աչքերիս միջով/ և արյան ինֆորմացիոն հոսքով/ շրջանառվում է իմ բջիջներում:/ Թույլ կենսադաշտի հետևանքով/ կենսաթաղանթս քայքայվում է,/ և էներգիայի մշտատև/ արտահոսք է լինում/ իմ էությունից» («Հաղորդություն»)։
Իր ժամանակի կեցության խորհուրդն առանց էյֆորիայի բանաստեղծորեն բացահայտելը Լիլիթի համար նշանակում է հարազատ մնալ նախ և առաջ այն ինտելեկտուալ գործածական տերմինատրամաբանական լեզվին, որի գոյությունից պեղվում է առօրյա հարաբերությունների իմաստությունը. «Նախագծում եմ երազներս այնպես,/ որ գտնվում եմ ցանկացած վայրում,/ սերն արտահայտեմ/ հոգու և մարմնի/ կապակցված գիտակցության միջոցով՝/ կարոտի տարբեր դրսևորումներով:/ Ախտազերծում և համակարգում եմ/ գիտակցությունս՝/ մտքերի, հույզերի և զգացմունքների/ լաբիրինթոսում:/ Այժմ տեսնում եմ/ հոգեթերապևտիկ և հիգիենիկ երազներ,/ որոնց վերաիմաստավորումն/ իրականանում է/ կյանքի սինթետիկ մտապատկերներում» («Հիգիենիկ երազներ»):
Հայոց լեզվին օտարահունչ բառերը Լիլիթի բանաստեղծական տեքստում դառնում են միջավայրային անհրաժեշտություն, քանի որ դրանց հայացումը նեղացնում է բառի իմաստային ընդգրկումն ու նշանակությունը. «Գրկեցիր իմ ձեռքերով Նրան՝/ սերը լուսավորեց էությունս:/ Սիրեցիր իմ սրտով,/ և հոգիս երկու մարմին ունի:/ Քայլեցիր իմ ոտքերով՝/ ճանապարհն անցավ ամպերի միջով:/ Ապրեցիր իմ մարմնում՝/ սիրո թերապիան դարձավ մեդիտացիա» («Սիրո թերապիա»): Հետևաբար կարելի է ասել, որ Լիլիթի՝ օտար բառատերմիններով հարստացած բառապաշարը բանաստեղծությունը դարձնում է ավելի այժմեական, համապատասխան միջավայրին ներհատուկ՝ հաղորդելով նրան ներքին մեծ էներգիա, դինամիզմ ու բովանդակություն, որն արգասիք է փոխմիարժեք համապատասխանության հեղինակի և միջավայրի. այն բանաստեղծուհու կյանքն է, ինչպես որ կա. «Ես ցանկանում էի/ երազներս դարձնել/ գիտակցված հոգեթերապիա:/ Մտավոր վերամիավորման/ գործընթացն օգնում էր/ ուղեղիս ինֆորմացիոն ցանցում/ ճկունություն դրսևորող/ օպտիմալ ինֆորմացիա պահպանելուն» («Հիգիենիկ երազներ»):
Կյանքն առանց մշուշաշղարշ եթերականության, նա ոչ թե ստեղծում է, այլ ներկայացնում է իրականությունը, որն ունի պոետիկ ակունք, ինչն էլ նրա պոեզիան դարձնում է անմիջական ու խոհական՝ միաժամանակ տրամաբանված ինքնատիպ ինտելեկտուալ աշխարհայացքով, որը համադրված է նրբաքնքուշ զգայականով. «Ես նախընտրում էի/ սիրո կախվածությունը՝/ հարգանքով և համակրանքով/ պարուրված:/ Այդ զգացմունքն/ արդարացնում էր/ իմ գոյության իմաստը:/ Գեղագիտական զգացմունքներս՝/ գեղեցկության, ողբերգության,/ հումորի և սքանչացման,/ զարգանում էին իմ կողմից/ լավագույնի ընկալմամբ/ և ստեղծմամբ» («Կյանքն առանց խմբագրման»): Նոր ժամանակների ինտելեկտուալ պրագմատիզմը Լիլիթին երբեմն-երբեմն նետում է ծայրահեղությունների շրջանակը, որտեղ նա տեսնում է իրեն հասկանալի ու զգայելի պոեզիան. «Իմ էությունը տեսնում եմ,/ երբ մերկացնում եմ/ քո էությունը:/ Ինքնագիտակցության/ ու բանականության/ սահմանագիծն անցնում եմ/ քո գիտակցության/ ու ենթագիտակցության/ բյուրեղյա ճանապարհով:/ Իմ ուղեղն ընդունում/ և ընկալում է/ միայն քո ուղեղաբնի/ ցանցանման գոյացությունը:/ Գլխուղեղս վերծանում է/ քո ուղեղի զգայական մեխանիզմը» («Գիտակցությունը ժառանգական ֆունկցիա չէ»):
Լիլիթն ամեն պարագայում վերադառնում է Հոգու հավերժական կացարանը, որտեղ աստվածերենն է սրբագործված սիրո լեզուն. «Սիրելիս, ես սիրում եմ Քեզ՝/ լուսաբացի ճառագայթներն/ աչքերիս և արևը՝ սրտումս:/ Ես կարոտում եմ Քեզ,/ աստղերը՝ թարթիչներիս/ և լուսինը՝ հոգումս» (Անվերագիր): Անկասկած, Լիլիթի մուտքը գրականություն խոստումնալից է. նրանից սպասում ենք նոր գրական անակնկալներ, որոնցով շարունակական կարող է լինել նրա սրտաբաց խոսքը. «Արյանս մեջ խայտում է/ երևակայության սիմֆոնիան՝/ Քո շնչահնչյուններով», որը սրտի բաբախ է՝ նրա մարմինը, հոգին և ամբողջ էությունը լիցքավորող, որը որոշակի անսովոր թարմություն է՝ գրական օդը բացուխուփ անող, որը հենց գրակա նության ինտրիգն է սիրո և խանդի առանցքում. «Սիրում եմ/ այն մայրամուտները, որոնցով հիանում ես:/ Խանդում եմ նրան,/ ով տեսնում է Քեզ/ արևի վերջին/ շողերի ներքո»:
Հուսանք՝ բանաստեղծուհի Լիլիթի նյարդերն ամուր կմնան՝ բեկբեկուն ժամանակը գիրկն առած, ու նա կհաստատի իր պոեզիայի լինելությունն ապրումի վայելքով. «Մեր հոգիները/ գրկում են իրար/ և մոռանում,/ որ մարմին ունեն:/ Նախընտրում եմ/ ապրել քո ներսում»:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն