ԱՅՍՔԱՆ ԱՆՁՐԵՎԵԼՈՎ ՀԱՆԴԵՐՁ
Այսքան անձրևելով հանդերձ
դեռ ոչինչ չի պատահել
ու այն կորած բույսը դեռ
ետևիցս չի եկել:
Այսքան անձրևելով հանդերձ
հուշերի ու երազների դաշտը դեռ
ծիածանի ոչ մի երանգ չի տեսել
ու տարիների կավե առաստաղից
այս կաթկթող ճրագից դեռ
ինձ լույս չի հասել:
Այսքան անձրևելով հանդերձ
այլիմաստ զարդարանքը
բառերի ուսերից չի թոթափվել
ու դեռ ոչ մի երգ
անկոշիկ ու անձրևանոց
փողոց չի իջել:
Այսքան անձրևելով հանդերձ
միջնակարգի դասագրքերին
աստղ ու խնձորի համ ու հոտից
բաժին չի հասել
ու երկնագույն երգեր ասող հայրերը
արևաշատ ցորենի արտ չեն մտել:
Այսքան անձրևելով հանդերձ
սիրո հանդիպումից
ու հայելուց
ու ցողից
դեռ ոչ մի լուր չի լսվել
թերթերի արճճե էջերում
դալար ծիլերին
քաջության ու պատասխանի առիթ
չի ընծայվել:
Այսքան անձրևելով հանդերձ
այս պատուհանը բաց է մնացել
ու մոլորված թռչունը տուն չի դարձել:
Այսքան անձրևելով հանդերձ
միայն դու գիտես
և այս պատուհանը
և այն կորած թռչունը
և հնամաշ կավե առաստաղը
այսքան անձրևելով հանդերձ:
Մոհամադռեզա Աբդոլմալեքյան
Ո՞Ր ԿԱՄՈՒՐՋԸ
Քաղաքի աղջիկները
գյուղի մասին են մտածում,
գյուղի աղջիկները
մեռնում են քաղաքի երազանքում:
Փոքր մարդիկ
մեծերի բարեկեցության մասին են մտածում,
մեծերը
մեռնում են փոքրերի անհոգության երազում:
Ո՞ր կամուրջը
աշխարհի ո՞ր մասում է կոտրվել,
որ ոչ ոք իր տուն չի հասնում:
***
Մեր ձեռքերը
մթության մեջ
միմյանց հետ
տասը լեզվով են խոսում:
Գարուս Աբդոլմալեքյան
ԱՐՏԱՍՎՈՒՄ ԷՐ
Արտասվող մարդը
եկավ գիշերակեսին.
երկրի բոլոր տղամարդիկ
աչքերում գլխահակ կանգնած
դողդողում էին…
Ձեռքս բռնել էր`
թույլ չտալով
միացնել լույսը…
Մարմնեղ հսկան
արտասվեց միայն
և ցայգալույսից առաջ
ամոթխած ու հապճեպ
հեռացավ:
Սառա Մոհամադի Առդեհալի
ԿՐԱԿՈՑ
Գիշերը
միշտ հետևից
փակում է աչքերս,
որ ձայնից ճանաչեմ:
Գիտես ինչ կգա աշխարհի գլխին
թե մոռանամ քեզ,
ինչ կլինի
եթե մեղուն մոռանա ծաղկին
կամ ճնճղուկը սերմին…
Ասես բոլոր թռչունները
դեպի ծառն էին չվում,
որ տերևներով շարժում էր քամուն…
Ծառը,
որի ստվերում նստում էիր տարիներ ի վեր
դարձել է գիրք սիրային:
Մտածիր
արկածի մասին նրա,
ով աշխարհի ժամացույցները գողացավ,
որ սիրեցիալը չծերանա:
Ես
ծերացել էի…
Երկընտրանքի առաջ կանգնած
պատկերացրու
ամեն ձեռքդ հրացան է
մեկը` ընկեր
մյուսը` թշնամի
ու չգիտես
որը վերցնես ու կրակես…
Մեհդի Աշրաֆի
***
Կուզեի չլինեիր
ու քեզնից առաջ
ես չլինեի,
որ ոչ մի հուշ
փողոց չհասներ…
Կուզեի
տարվա վերջին երեքշաբթին
մենության ու անէության քուրսու տակից
ինձ դուրս քաշեի,
հատակին գցեի,
վրան պոեզիա լցնեի,
ու վառեի…
Իմ
ու այն ամենի վրայով,
որ քեզ է հիշեցնում
ցատկեի:
Սեյեդմոհամադ Մոռաքաբյան
ԽԱՂ
Մենք հանդիսատես ենք,
որ մնաց փակ դռների հետևում:
Ուշացել ենք,
շա՜տ…
Եւ ճարահատյալ
գուշակում ենք,
գրազ գալիս,
կասկածում…
Եւ այն կողմում
բեմի վրա
խաղն այլ կերպ է ընթանում:
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Ես կյանքը սիրում եմ,
բայց կրկին ծնվելուց
վախենում եմ:
Կրոնը սիրում եմ,
բայց հոգևորականներից վախենում եմ:
Օրենքը սիրում եմ,
բայց ոստիկաններից վախենում եմ:
Սերը սիրում եմ,
բայց կանանցից վախենում եմ:
Երեխաներին սիրում եմ,
բայց հայելուց վախենում եմ:
Բարևը սիրում եմ,
բայց լեզվիցս վախենում եմ:
Վախենում եմ, ուրեմն կամ.
այսպես են անցնում օրս ու ժամանակս:
Ես օրը սիրում եմ,
բայց ժամանակից վախենում եմ:
ՇՐՋԱՊՏՈՒՅ
Չկանք…
Ծնվում ենք,
միայնակ նկարվում:
Մեծանում ենք,
երկուսով նկարվում:
Ծերանում ենք,
միայնակ նկարվում:
Ու հետո
կրկին
չկանք…
***
Մեկ բաժակ թեյով անգամ
կարելի է հարբել
եթե նա, ով պիտի լինի
կա…
Հոսեյն Փանահի
***
Ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել,
ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր —
արմատն ի՞նչ կանեք:
Ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին,
թռիչքն արգելում եք —
բնում նստած ճտերին ի՞նչ կանեք:
Ենթադրենք սպանում եք,
ենթադրենք կտրում եք,
ենթադրենք խփում եք —
անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք:
Խոսռո Գոլեսոռխի
***
Այս տարի նույնպես չկայիր
և մոմերը տորթի վրայի
քո նկարից փչող քամին
փչեց…
Մեհդի Աշռաֆի
***
Ես ազատ էի արձակվել
նա՝ դատապարտվել
հրաժեշտի պահին
այնպես էր գրկել ինձ,
որ գիտեի սա վերջինը չէ,
որ ևս մեկ անգամ կգրկեմ նրան
ու շապիկիս ծաղիկ կբացվի
անտերև,
թոշնած,
բայց խիստ բոսոր:
Ալի Աբդոլռեզայի
***
Մարդասպանները
սպանվածները
դատավորները
բոլորն այս փողոցով անցան:
Շամս Լանգեռուդի
ՍՊԱՍՈՒՄ
Այսօր
զուգվել եմ,
ասացիր կեսօրին կգաս
ու ես մոռացա հարցնեմ
ի՞մ ժամով, թե՞ քո
ու դու մոռացար ասել
վա՞ղը, թե՞ ուրիշ օր:
Ի՞նչ տարբերություն,
զուգվել եմ
օծվել ու սպասում եմ
այն հագուստով, որ դու ես հագցրել:
***
Ինչի մեջ էլ
որ մեղադրես ինձ,
սիրահարվելս
քո մեղքով է:
Աբբաս Մառուֆի
***
Վերադարձել եմ
եկել եմ խավարի վրայով թռած մարդու պես:
Նազանին Նեզամշահիդի
***
Հաց
ջուր
պատուհաններ արևկողմ
ու երբեմն հարսանիք.
աղքատիկ թաղերում
Աստված
ինչ պարզ է բացատրվում:
Ռասուլ Յունան
***
Երանի մեկը գա.
նա, ով գնալու պահին չի գնա:
Սեյեդ Ալի Սալեհի
***
Ինչիս է պետք,
ինչո՞ւ ճամփորդեմ…
Ես, որ մոլորված
կարող եմ լինել
տանս մերձակայքում,
տարիներ:
***
Այնպես կիպ կպած եք քնած,
որ երազի կեսը դու ես տեսնում, կեսը՝ նա
և հրեաները բոլոր
ձեր միջով անցնում են
առանց թրջվելու:
Բիժան Էլահի
Թարգմ.` Էդիկ Պօղոսեան
Խմբ.` Տաթև Չախչախյան