***
Հաղթահարելով ձայնային պատնեշը
ես ազատվում եմ ամենայն չափից
ձայնը կորցնում է խոսքը
***
Բանաստեղծը
մարդանալով
ինչը չէր կամենում լինել
զեղջով վաճառում է
պարականոն մի ճշմարտություն
***
Գոյություն ունեն բառեր
սրընթաց և նախահարձակ
հանց գիշանգղեր
Փոխանակ Երկինք համբառնալու
խոտի մեջ են նրանք նետվում
իրենց որսը բզկտելու համար
***
Երբ գրում եմ
էջն իմ վրա է փակվում
Ես ապրում եմ վատ դարաշրջանում
վատ տեղանքում
ես գրում եմ վատ լեզվով
Ես խենթանում եմ իմ թղթե վանդակում
***
Գրել հակառակ մահվան
անգամ երբ մարտը կանխավ տանուլ ես տվել
իմ բառերը պատրաստ են հարվածելու
փորձում են որսալ
բեկորները կյանքի
***
Անպատասխան է ամենայն բանաստեղծություն
Անվերջ օվկիանոս
այն սուզվում է
ինչ-որ խեցու մեջ
***
Իմ բանաստեղծությունները
մրջնանոցներ են
սև խոսքերի միջև
և աղմկոտ
բեղուն թագուհիներ
հազարավոր աշխատավորներ առանց թևերի
***
Վերընթերցելով բանաստեղծություններս
տեսնում եմ ջարդված ու խեղված բառեր
հանց պտղատու ծառերն այգու
փոթորկից վնասված
***
Մի քիչ ձյուն կա
իմ խոսքերի միջև
Բայց ծովը սևավուն է
որտեղից ես բառն եմ երբեմն կորզում
նմանվելով իրականությանը
***
Ես քեզ բանաստեղծություն եմ առաջարկում
հանց մի բաժակ ջուր
Այն չի հագեցնում –
Այն քեզ մի լիճ է ներկայացնում
ուր դու սուզվելու ես ուղղաձիգ
***
Երբեմն գետնից վերցնում եմ
վիրավոր մի բանաստեղծություն
որը մեռնում է
իմ ձեռքերի միջև
Ես նրան թաղում եմ
Եվ ընդլայնվում է մենությունն իմ
***
Շնչասպառվելով
էջից էջ
գիրքն ինձ խոսում է
մեղմ ձայնով
Իր շուրթերի թույնի հետ մեկտեղ
նա ինձ ներշնչում է իր մեռյալությամբ
***
Աշխարհն ինձ կտակում է
խոսքերի ինչ-որ շտեմարան
որը ցամաքում է փութանակի
Ինչ որ մնում է
սպասում եմ ով կամ ինչը
ինձ կսպանի
***
Ես չեմ հորինում բանաստեղծությունը
այն գոյություն ունի ինչ որ տեղ
տիեզերքում
կամ կախված է ինչ-որ երազից դուրս
հանց կոտրված ձայնափող
***
Այսօր
ոչինչ չի կատարվում իմ գրության մեջ
Հանց ձյունը որ սևանում է
մեր քայլերի ներքո
թուղթը ծածկվում է հետքերով
որոնք տանում են ոչուրեք
անգամ ոչ դեպի մահը
Թարգմանությունը ֆրանսերենից`
Թոնդրակի