Գևորգ Սահակյանի (Ջեսահ) առաջին վեպը՝ Անանկենդանը, հեղինակի Լոնդոնում ուսանելու տարիների արտացոլանքն է ժամանակակից հայ գրականության վրա:

Թողնելով ծնողներին, ընկերներին, հարազատ միջավայրը՝ հերոսը հայտնվում է Լոնդոնում, որն իր քաղաքը չէ և չի էլ կարող իրենը դառնալ: Լոնդոնյան մռայլ գույները, թվում է, համապատասխանում են հերոսի ապրումներին, բայց Նա այստեղ է հայտնվել ոչ միայն կրթվելու ցանկությունից դրդված, այլ հայտնի դառնալու, հիշվելու, ժամանակի մեջ մնալու համար:

Շատ հաճախ մենք կորցնում ենք իրականության զգացումը, կամ եթե ավելի պարզ ասենք, մոռանում ենք ապրել, չենք գնահատում մեզ տրված հնարավորություններն ու ժամանակը: Վեպի գլխավոր հերոսը չի էլ փորձում վայելել Լոնդոնը, չի հաճախում դասերին (ի տարբերություն վեպի հեղինակի, հուսով եմ), անտարբեր է բոլոր այն իրադարձությունների նկատմամբ, որոնք կատարվում են իր շուրջ: Նա միայն հայտնի դառնալու և ժամանակի մեջ հարատևելու մասին է երազում: Հերոսի լոնդոնյան ընկերը՝ Մաքսը, «դաժան կատակի» միջոցով փորձում է «դարձի» բերել ընկերոջը, ավաղ, պատահում է այն, ինչ պատահում է…

Վեպը երկրորդ դեմքով է շարադրված, ինչը բավականին լավ հնարք է: Գրողի ձեռագիրը հետաքրքիր է. ստիպում է թերթել էջերը: Թեման մի փոքր խնդրահարույց է, քանի որ դժվար է մարդկության ամենբարդ հիվանդություններից մեկի՝ արյան քաղցկեղի թեման տանել դեպի ֆենթզի ժանր, ամեն դեպքում փորձը փորձանք չէ:

Բարևներ 506.1 սենյակի բոլոր բնակիչներին:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն