Արևից ճաքած ճանապարհների փոշին կուլ տալով մեքենան սլանում էր դաշտ: Սովորաբար խոսքի իրավունքը զիջում էինք կանանց, ու լսում սերիալների շուրջ պտտվող նրանց ենթադրությունները:
– Երեկ կովերը սոված էին մնացել, երկու լիտր կաթ եմ հանձնել չորս կովից:
– Հա, մերն էլ նույնը, էլ սրանց չենք խառնելու, լավ չեն պահում:
– Սաղ օրը խմած` ընկած են,- մեքենայի պատուհանից նայելով նախիրը դաշտ տանող տղայի կողմը` կանայք այս անգամ մոռացել էին սերիալները:
Մեքենան կանգ առավ խաղողի դաշտում, իջանք: Բաժանվեցինք ըստ աշխատանքի, ջրվորները, բահներն ուսերին, քայլեցին առվի ուղղությամբ, կանայք մոտեցան վազերին` մաքրելու նրանց փաթաթված մոլախոտերը, մենք էլ` մի քանի տղաներով, գետնից բարձրացնելու և կապելու էինք վազերը, որպեսզի բերքը չքսվեր գետնին ու խոնավությունից չփչանար: Արևը քիչ-քիչ բարձրանում և ավելի այրող էր դառնում, մոծակներն ու քրտինքը խանգարում էին, գործը դանդաղում էր: Ժամանակ սպանելու համար ոմանք շուտ-շուտ գնում էին զուգարան, ոմանք` ջուր խմելու, ոմանք էլ վառում էին սիգարետն ու ծխում: Ճաշի ժամը մոտենում էր: Չդիմացանք, տասը րոպե շուտ թողեցինք գործն ու մոտենալով մեքենային` յուրաքանչյուրն իր տոպրակը վերցրեց, տեղավորվեցինք խոտի վրա: Թեև առանձին էինք նստած, սակայն էլի լսելի էր կանանց շաղակրատանքը, որը սկսվում էր դաշտ մտնելու առաջին վայրկյանից և վերջանում երեկոյան, երբ նրանք իջնում էին տուն դարձող մեքենայից:
Բացեցինք տոպրակները` հաց, պանիր, կանաչի, սոխ, ձու, կարտոֆիլ, սա էր մեր ճաշը, ամեն օրվա պես: Մ-ն ձուկ էր բերել, բոլորս մի-մի պատառ կերանք ու ամենից արագ վերջացավ նրա կերակուրը:
– Արա, հողս չգիտեմ ինչ անեմ, հաշվում եմ` ցանելն ու քաղելը ավելի թանկ ա նստում, հենա էդ փողը կտամ` անասնակեր կառնեմ,- լավաշի մեջ ձուն փաթաթելով` դժգոհեց Ս-ն:
– Ընենց են անում, որ բոլորս էլ մեր հողերը ջրի գնով տանք իրանց ու դառնանք իրանց աշխատողը: էս երեք տարի` ես էլ հողս չեմ մշակում,-շարունակեց Մ-ն:
– Հեչ չեն կշտանում, տեսնես էդքան փողը դրանք ի՞նչ են անում, ո՞նց են ծախսում, հնար լինի` տներս էլ կխլեն ձեռներիցս,- հացի պատառը կուլ տալով ասաց Ս-ն:
– Այ մարդ, հացներդ կերեք, վերջը լավ կլինի, մի հուսահատացրեք է տղին, կվախենա` էլ չի պսակվի,- ինձ մատնացույց արեց և ծխախոտը վառեց Շ-ն:
– Ի՞նչ եք որոշել, էս տարի ձմերուկ դնելու ենք, թե՞ չէ, բան չմնաց, արդեն ժամանակն ա, մտածեք:
– Ես կդնեմ, — Մ-ից հետո, բոլորս էլ տվեցինք մեր համաձայնությունը:
Ճաշի ժամը սպառվեց: Խոտի վրայից հավաքեցինք հացը, կանայք դեռ չէին ավարտել սուրճը, ոտքի վրա դատարկեցին կիսատ բաժակները: Նրանք մեզ մոտիկ էին աշխատում: Ալվարդն էլի դժգոհում էր գյուղացու ծանր կյանքից, պատմում, թե քաղաքում ինչպես է ապրում իր եղբայրը, նկարագրում եղբոր կնոջ գրասենյակային հանգիստ աշխատանքը: Ոմանք չէին համաձայնվում նրա հետ, պնդելով, որ հիմա քաղաքացու կյանքն էլ այն չէ, բայց ոգևորված Ալվարդը համառությամբ կարողանում էր բոլորին ապացուցել, որ ինքը ճիշտ է: Խոսքով տարված կանայք հաճախ մոռանում էին աշխատանքը£ Արդյունքը եղավ այն, որ Ալվարդին ազատեցին գործից, կանանց զբաղեցնելու համար:
Հաճելի է, երբ երեկոյան գործից գալիս ես տուն, լվացվում, նստում սեղանի մոտ ու գիտակցությանդ մեջ ծնվում է այն միտքը, որ կերածդ հացի յուրաքանչյուր պատառին կա սեփական քրտինքիդ գոնե մեկ կաթիլը: Սեղանն առատ էր` տապակած կարտոֆիլ, հավ, գառան խաշլամա, աղցան։ Լավ կերա, խմեցի թանն ու բարձրացա վերի հարկ` պառկելու:
Ինչպես և որոշել էինք` ձմերուկը ցանեցինք, նրանից ստացվելիք եկամուտի հետ յուրաքանչյուրն իր կարիքները հոգալու հույսն էր կապել, ես` ուսմանս վարձը վճարելու հույսը: Առավոտվա իննից մինչև երեկոյան վեցը աշխատելու էինք օրավարձով, իսկ վեցից հետո` յուրաքանչյուրս մեր սեփական դաշտում: Տոթը գնալով ավելի էր սաստկանում, և տարե
ցները ձմերուկի համար բարեբեր տարի էին կանխատեսում:
ցները ձմերուկի համար բարեբեր տարի էին կանխատեսում:
Ամառային արձակուրդներն էին, ոմանց հետ աշխատում էին նաև իրենց դպրոցական երեխաները: Ջրի հետ կլանելով նաև քրտինքի կաթիլներ` մեծանում էին ձմերուկի ծիլերը: Մինչև մութն ընկնելը արևը մնում էր մեզ հետ: Կեսօրին կանանցից մեկը չդիմացավ`ուշաթափվեց, նրան մեքենայով տուն տարան: Հաճախ պատահող նման դեպքերը դարձել էին սովորական` չխանգարելով մեր աշխատանքներին:
Օրերն անցնում էին: Դաշտում արդեն երևում էր ձմերուկը, խաղողը սկսել էր քաղցրանալ, դեղձը` դեղնել: Թռչունների երամները չէին հեռանում այգուց, թռչելով այս ու այն կողմ` նրանք գտնում և ուտում էին շուտահաս քաղցր խաղողը: Կանանց ձեռքերով լցված ու մառաններում շարված լիքը բանկաներն արդեն պատրաստ էին դիմավորելու ձմեռը: Ծիրանահավաքն ավարտվել էր, բերքն առատ էր, բոլորս` ոգևորված: Ծիրանից ստացած եկամուտով ոմանք կարողացել էին փակել վարկերը: Ճանապարհի երկու կողմում կանգնել` ժպտում էին ցորենի և գարու դեղնած հասկերը:
Առավոտյան գնացինք դաշտ: Ջրելու էինք վերջին անգամ, հետո ձմերուկը կարմրելու էր ու արդեն հավաքելու էինք: Նոր դուրս եկող արևը ժպտում էր: Ծարավից ճաքած հողը խմում ու հագենում էր առվակի ջրով, փոքրիկ բլրակին նստել` սպասում էինք ջրի տեղ հասնելուն, որ փոխենք նրա ուղղությունը: Հանկարծ, երկնակամարում սահելով, մի սև ամպ եկավ ու կանգնեց մեր գլխավերևում, փչեց սառը քամին, արևը թաքնվեց:
– Արա, կարկուտ ա, մի հատ գլխիս ընկավ,- ասաց ու գլուխը քորեց Ս-ն:
– Պտի փչացնի, գիտե՞ս,- Մ-ն չհասցրեց խոսքն ավարտել, երբ կարկուտը կատաղի արագությամբ ներքև նետվեց£ Վազեցինք դեպի մեքենան: Րոպեներ հետո ձմեռ հիշեցնող սպիտակը ծածկեց ամբողջ դաշտը: Կարկուտն այնպես էր հարվածում, որ թվում էր, թե կկոտրի մեքենայի ապակիները: Լուռ նայում էինք մեռնող այգուն, ոչ ոք խոսք ասել չէր կարողանում, հերթ չտալով միմյանց` մեկը մյուսի ետևից վառվում էին սիգարետները: Իր ուժը ցույց տալուց հետո ամպը հեռացավ, ժպտաց ուշացած արևը, կարկուտի խոշոր հատիկները հալվեցին ու ձուլվելով ջրին` հոսեցին, տրորելով ցեխակոլոլ ծիլերը: Ջուրն ու ցեխը ծածկեցին ծառերի տակ թափված դեղձի ժպիտը, ժամանակից շուտ բեռնաթափված ծառերն ուղղվեցին, իսկ մերկ վազերն ուզում էին համոզել, որ բերքահավաքն ավարտվել է: Այդպես էլ չկարմրեցին մեր ձմերուկները, մեռավ բոլորիս հույսը:
Վերադարձանք տուն: Փոխեցի ցեխից ու ջրից ծանրացած հագուստս: Կարկուտը տարել էր ուսմանս վարձը: Հաց չկերա, պառկեցի: Ցավալի է, բայց առանց փողի ոչինչ անել չես կարող, գրողի տարած փողը անհրաժեշտ է` ուտելու, խմելու, շփվելու, դուր գալու, ընտանիք կազմելու, ապրելու համար:
Սենյակում շրջող փոշին նստեց: Մարմինս հանձնեցի նիրհին:
Քաջ գիտակցելով, որ այլևս անելիք չկա` առավոտյան էլի գնացինք դաշտ:
– Էն կիսատ արաղը բեր,- ասաց Ս-ն: Գնացի, բերեցի քարի տակ պահած օղու կիսախում շիշը: Նստեցինք, լցրեցի բաժակները.
– Բա, տղերք ջան, էս էլ ձմերուկը, առա՞ք ձեր մեքենաները։ Մեր աշխատած փողն էլ կտանք ջրի վարձ ու մատներս բերաններս կնստենք£- Ս-ն խմեց, դրեց բաժակը, շարունակեց․- Գոնե խաղողին բան չլիներ, արաղ կքաշեինք էդ մի բանը տանից կլիներ:
Մինչ մենք վայելում էինք օղին, ու փորձում ծիծաղով հաղթահարել եղածը, մի եզդի հովիվ մոտեցավ ու յուրաքանչյուրիս առաջարկելով տասը հազարական դրամ, խնդրեց` թողնենք, որ իր ոչխարը մտցնի մեր դաշտերը: Շ-ն բաժակը դրեց, վեր կացավ.
– Քո մերը, սաղ քո նավսն էր, եղա՞վ ուզածդ, հա՞,- ապտակեց հովվին:
Մոտ վազեցինք, չթողեցինք, որ վեճը շարունակվի, վիրավորված հովիվը հեռացավ` քշելով իր հոտը:
– Արա, խեղճ մարդն ի՞նչ էր արել, որ խփեցիր, հո կարկուտը ինքը չի՞ ստեղծել: Հինգ հոգի ենք, ամեն մեկիս տասը հազար կտար, մի ամիս կխմեինք,-ասաց Ս-ն:
Բարկացած ու հիասթափված` երդվեցինք, որ այլևս ձմերուկի անուն չենք տալու, վերջ:
Սակայն հաջորդ տարի, երբ գարունը դեռ նոր էր բացել աչքը, մենք թափառում էինք դաշտում` որոշելու համար, թե ով որտեղ է ցանելու իր ձմերուկը…