***
թույլ տուր ճաշակել
երջանկությունը,
որից պակասում են աղը
և դու,
որից սոխի տհաճ համ է գալիս
և ավանդական բուրմունք
խորովածի։
ես կճաշակեմ երջանկությունը
ընթրիքի
ու քնի արանքում,
երբ արդեն բանջարեղենների
օգտակարությունը
վնասում է քունն
ու երազը։
թույլ տուր պակասել
երջանկությունից
ճիշտ այնպես,
ինչպես պակասում է աղը
տատիկի պատրաստած ապուրից
***
և փնտրելով հոմանիշդ
ամենատարբեր
բարբառներում՝
ես արտասանում եմ քեզ
անգիր արած
բանաստեղծության նման:
ես վախենում եմ
չկարողանալ բացատրել,
չկարողանալ հասկանալ,
չկարողանալ հակադրվել
ճիշտ:
ու ես մոռանում եմ քեզ
ու կուլ տալիս:
դու էդպես կապրես
ավելի երկար,
որովհետև եթե հնչես,
կմոռացվես
ինչ-որ մեկի ականջում
կամ կփտես
հիշողության մեջ
երեխայի:
ես էդպես էլ չեմ գտնի տունդ
ու ծագումդ,
ու ամեն երկրորդի բերանում
դու ավելի տգեղ կհնչես
մինչև դուրս գաս
գործածությունից:
քո փոխարեն կգտնեն
մի նոր բառ՝
ավելի հարմար եղանակին,
որը չի թրջվում անձրևի տակ
ու արևի տակ չի փշրվում,
բառ,
որ չունի
բացատրության կարիք,
բառարանի ամենավերջում
փնտրելով հոմանիշը՝
ես կգտնեմ քեզ՝
փոխաբերական իմաստով…
«ջրաներկ»
վերևում
ինչ-որ մեկն
ընտրում է
երկնքի գույնը
ու կարկինով
փորձում կատարյալ գծել շրջանը,
որ պիտի վառվի
ու փոխի գույնը
երկնքի:
որ երբ բացես աչքերդ,
վերևում լինի խառնաշփոթ
գույների:
ու քանոն է պետք՝
անկյունից կիսորդ գծելու
ու ճանապարհը որոշելու,
որով գլորվելու է շրջանը
դեպի վեր…
… ու վար:
պետք է աշխատել զգույշ,
որպեսզի չվնասվի թուղթը
կամ ամենաբարակ շերտերում
նկարել մտքերը
երկնքի,
այնպես,
որ դրանք չդառնան հոգս՝
հույսով,
որ այն կլցնի դատարկությունը
նրա:
վերևում
ինչ-որ մեկը
ընտրում է գույնը
երկնքի,
թրջում վրձինը
ու անզգուշությամբ
արդեն կեղտաջուրը
լցնում նկարի վրա…
«պախկվոցի»
3,
2,
1:
ես գալիս եմ փնտրելու քեզ,
քո ամենատարբեր մտքերից
գտնելու ամենահամապատասխանը
ինձ,
որ հագնեմ
ու առանց վախենալու
դուրս գամ տեղատարափ
անձրևին ու հասկանամ՝
գարնանայի՞ն,
թե՞ աշնանային անձրևներին է
հարմար ծնվելը
ու էդպես էլ չդառնալը
այն,
ինչի մասին երազել ես:
ու երբ հասնեմ քեզ,
ես ծիածանից ջնջելու եմ
քո չսիրելի գույները,
որ երկինքն ավելի
համապատասխանեցնեմ քեզ,
որ երկինք նայելիս
չփնտրեմ ոչինչ,
իմանամ,
որ ուղղակի նայում եմ քեզ
ու չեմ գտնում արտացոլանքս՝
մաշված իրականությունից:
ու գտնելուց հետո
ես դուրս եմ գալու
թաքցնեմ քեզ՝
իմ ամենատարբեր մտքերից
կամ քեզ կդարձնեմ միտքս
ու երբեք չեմ մտածի քո մասին:
ես կօգտագործեմ քեզ
ու կդարձնեմ ճանապարհ,
որով մոտեցնում եմ մեզ
ու փորձում քո մեջ
գտնել ճանապարհը,
որը ինքս ինձ
կմոտեցնի ավելի…