***
ի խորոց սրտի՝
խոսք,
ասես քավության նոխազ
մի սիրո խոստովանության,
ասես ապաշխարանք
երբևէ քեզ սիրելու։
խոսք,
որ դառնում է մեղք
ու չի գտնում տեղը իր
դժոխքում
Դանթեի։

ի խորոց սրտի
խոսք,
որ ծնվում է
միայն ու միայն բերանում
մեռածի
ու մեռնում
ամեն անկեղծ ասածում
մերձավորի։

ի խորոց սրտի
ծնունդ,
որ գալիս է խոսքի հետ
ու էդպես էլ
չի դառնում
պտուղը
սիրո

***
և կտակարանից կտակված այն նորը,
որի մասին գրելու համար
ես չտեսա երազը,
ու չպատկերվեց ոչինչ բացի մթից,
երբ փակեցի աչքերս քեզ տեսնելու.
ես վերցրի այն,
ինչի միջով ծորում է ծնունդը,
ու պատմեցի,
որ ամենից առաջ
եղել ես դու,
և քեզնից հետո
կլինի ոչինչ,
և քեզնից հետո
կլինեմ ես.

***
մարմինը քո՝
ասես անընթեռնելի ձեռագրով գրված
գրականություն,
ու մատներիդ արանքում թաքնված
տողատակեր
անհասանելի
ձեռքերիս
մեկնաբանությանը։
և այտիս զգալով
արգելված
սառնությունը
քո
ու ստիպված լինել սպասել
դարաշրջաններ,
մինչև կարելի լինի
ընթերցել
ու իսկապես հասկանալ՝
ինչի մասին ես
դու.

***
բազմադավան հոգին քո
ու մարմինդ՝ տաճար.
ես վազում եմ դեպի քեզ՝
ասես հոգևորականի,
հոգավորի,
որ պատրաստ է
կիսել հետս մեղքերս,
տանել դրանց կեսը
ու մոմ վառել դրանց համար։
ես վազում եմ դեպի քեզ՝
կիսաքանդ կառույց,
ու փորձում պատսպարվել
սեփական մտքերից,
հոսքից,
սկզբից,
վերջից…

***
դու ծանրանում ես ինչպես խիղճը՝ հոգուս ու ծուխը՝ թոքերիս վրա։ դու ծանրանում ես՝ ամեն կերպ չնստելով սրտիս։ այս խոստովանությանը հասնելու համար պետք էր քայլել ու ոչ մի դեպքում չմոտենալ քեզ։ ես ամեն օրում ստեղծում եմ քեզ, ու ծանրացնում օրս. իմ թեթև մարմնում՝ դու՝ գլխումս. ես ծանրացնում եմ միտքս ու առօրյայիս վրա ինչպես ձյուն դու նստում ես ծանր ու քեզնից հետո մնում է միայն ջուր ու ես՝ ջրի հատակին:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն